2011
Միշտ հիշեք Նրան
Ապրիլ 2011


Միշտ հիշեք Նրան

Բրիգամ Յանգ Համալսարանի Այդահո ճյուղում տրված ելույթից, 27 հունվարի, 2009թ.: Ելույթը անգլերեն լեզվով լսելու համար, այցելեք web.byui.edu/devotionalsandspeeches/default.aspx:

Երբ միշտ հիշում ենք Փրկչին, մենք կարող ենք «ուրախությամբ անել ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»՝ վստահ, որ Նրա զորությունը և մեր հանդեպ սերը կօգնի մեզ:

Նկար
Elder D. Todd Christofferson

Հաղորդության աղոթքները հաստատում են, որ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից հիմնված հաղորդության հիմնական նպատակներից մեկն է՝ «միշտ հիշել նրան» (ՎևՈւ 20.77, 79): Փրկչին հիշել նշանակում է հիշել Նրա Քավությունը, որը խորհրդանշաբար ներկայացվում է հացով և ջրով որպես Նրա տառապանքի և մահվան խորհրդանիշներ: Մենք պետք է երբեք չմոռանանք ինչ է արել Նա մեզ համար, քանզի առանց Նրա Քավության և Հարության կյանքը նշանակություն չէր ունենա: Ինչևէ, Նրա Քավությամբ և Հարությամբ մեր կյանքը ունի հավերժական, աստվածային հնարավորություներ:

Ես ցանկանում եմ կանգ առնել «միշտ հիշել նրան» արտահայտության երեք պարզաբանումների վրա. առաջինը՝ փնտրենք իմանալ Նրա կամքը և հետևենք դրան, երկրորդ՝ հասկանանք և ընդունենք ամեն մտքի, խոսքի և գործի համար Քրիստոսին հաշվետու լինելու մեր պարտականությունը, և երրորդ, ապրենք հավատքով և աներկյուղ, որ միշտ անհրաժեշտության դեպքում ակնկալենք Փրկչի օգնությունը:

1. Փնտրենք իմանալ Քրիստոսի կամքը և հետևենք դրան, ճիշտ ինչպես Նա էր փնտրում Հոր կամքը:

Հաղորդության մեջ հացի օրհնությունը պարտավորեցնում է մեզ պատրաստակամորեն վերցնել մեզ վրա Որդու անունը, «և միշտ հիշել նրան և (ՎևՈւ 20.77): Նաև ճիշտ կլինի այս ուխտը կարդալ որպես՝ «միշտ հիշել Նրան՝ պահելու Նրա պատվիրանները»: Ահա թե ինչպես է Նա միշտ հիշել Հորը: Ինչպես Նա է ասել. «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպես լսում եմ՝ այնպես էլ դատում, և իմ դատարանն արդար է. որովհետև իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը» (Հովհաննես Ե.30):

Հիսուսը կատարյալ միասնության հասավ Հոր հետ՝ Իրեն մարմնով և հոգով ենթարկելով Հոր կամքին: Ի նկատի ունենալով Իր Հորը, Հիսուսն ասել է. «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես Ը.29): Որովհետև Հոր կամքն էր, որ Հիսուսը նույնիսկ ենթարկվեց մահվան, «Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին» (Մոսիա 15.7): Հիսուսի ծառայությունը յուրովի պարզ ու զորեղ էր, քանի որ Նա ուշադրության կենտրոնում էր պահում Հորը:

Նույնկերպ դուք և ես կարող ենք Քրիստոսին մեր կյանքի առանցքը դարձնել և մեկ դառնալ Նրա հետ, ինչպես Նա է մեկ Հոր հետ (տես Հովհաննես ԺԷ.20–23): Մենք կարող ենք մեր կյանքում ամեն ինչ դուրս հանել և ապա այդ ամենը վերադասավորել ըստ առաջնահերթությունների՝ կենտրոնում ունենալով Փրկչին: Մենք պետք է առաջին տեղում դնենք այն ամենը, ինչը օգնում է միշտ հիշել Նրան, օրինակ՝ հաճախ աղոթել և սուրբ գրություններն ուսումնասիրել, խորապես ուսումնասիրել առաքելական ուսմունքները, ամեն շաբաթ պատրաստվել արժանիորեն ճաշակելու հաղորդությունից, Կիրակնօրյա երկրպագությանը մասնակցել և գրել ու հիշել, թե ինչ է Հոգին ու փորձառությունն ուսուցանում մեզ աշակերտ լինելու մասին:

Այլ բաներ ևս կարող են գալ ձեր միտք, որոնք հատկապես պետք են ձեզ ձեր կյանքում այս պահին: Երբ մենք բավարար ժամանակ և միջոցներ ենք տրամադրում այդ ամենին մեր կյանքի կենտրոնում պահելով Քրիստոսին, մենք կարող ենք սկսել ավելացնել այլ պատասխանատվություններ և արժեքավոր բաներ, օրինակ՝ կրթություն և ընտանեկան պատասխանատվություններ: Այսպիսով, ուղղակի լավ բաները մեր կյանքից դուրս չեն մղի կարևոր բաներին, և ավելի քիչ արժեք ներկայացնող բաները ցածր առաջնահերթություն կունենան կամ ընդհանրապես կանհետանան:

Ես հասկանում եմ, որ այնքան էլ հեշտ չէ մեր կանքը Հիսուս Քրիստոսի կամքին համապատասխանեցնելը, ինչպես որ Նա է Իր կամքը Հոր կամքին համապատասխանեցնում: Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77) մեր դժվարությունների մասին ասել է.

«Այն ամենից հետո, ինչ ասվել և արվել է, չե՞ք կարծում, որ մեր Աստծո հանդեպ վստահության պակաս կա, չնայած որ նա այս ժողովրդին այսքան երկար առաջնորդել է: Չե՞ք զգում դա ձեր մեջ: Դուք կարող եք հարցնել. Եղբայր Բրիգամ, դուք զգո՞ւմ եք դա ձեր մեջ: Այո, ես գիտակցում եմ, որ ինչ-որ չափով դեռևս լիարժեքորեն չեմ վստահում նրան, ում ես ապավինում եմ: Ինչո՞ւ: Որովհետև ես զորություն չունեմ ինձ վրա անկման հետևանքների պատճառով…

…Երբեմն ինչ-որ բան է բարձրանում իմ մեջ, որը նկատելիորեն բաժանիչ գիծ է քաշում իմ շահի և իմ Երկնային Հոր շահի միջև. Ինչ-որ բան, որի պատճառով իմ շահը և իմ Երկնային Հոր շահը ճշգրտորեն չեն համատեղվում:

Ես գիտեմ, որ մենք պետք է զգանք և հասկանանք, որքան որ հնարավոր է, որքան ընկած վիճակը թույլ է տալիս մեզ, որքան մենք կարող ենք հավատք և գիտելիք ստանալ ինքներս հասկանալու, որ այդ Աստծո շահը, որին մենք ծառայում ենք, մեր շահն է, և որ մենք այլ շահ չունենք ոչ ժամանակի, ոչ էլ հավերժության մեջ»:1

Թեպետ դա հեշտ չի լինի, մենք կարող ենք հաստատակամորեն առաջ մղվել Տիրոջ հանդեպ հավատքով: Ես կարող եմ հաստատել, որ ժամանակի ընթացքում Փրկչին միշտ հիշելու մեր ցանկությունն ու կարողությունը կաճի: Մենք կարող ենք համբերատար աշխատել այդ ուղղությամբ և միշտ աղոթել մեզ համար անհրաժեշտ խորաթափանցության և աստվածային օգնության համար: Նեփին խորհուրդ է տվել. «Ես ասում եմ ձեզ, որ դուք միշտ պետք է աղոթեք և չթուլանաք. որ դուք չպետք է կատարեք որևէ բան Տիրոջ համար, մինչև առաջին հերթին չաղոթեք Հորը՝ Քրիստոսի անունով, որպեսզի նա սրբագործի ձեր կատարումը ձեզ համար, որպեսզի ձեր կատարումը կարողանա լինել ձեր հոգու բարօրության համար» (2 Նեփի 32.9):

Ես նմանտիպ աղոթքի պարզ օրինակի ականատեսն եմ եղել, երբ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսին և ինձ հանձնարարվել էր վիդեոհամաժողովի հարցազրույց վարել մեկ այլ երկրից մի զույգի հետ: Ստուդիա գնալուց առաջ ես մեկ անգամ ևս վերանայեցի այն տեղեկությունը, որ մենք հավաքել էինք այդ զույգի մասին և զգացի, որ ես պատրաստ եմ հարցազրույցին: Նշանակված ժամից մի քանի րոպե առաջ ես տեսա Երեց Օուքսին նստած միայնակ՝ գլուխը խոնարհած: Մի պահ նա բարձրացրեց գլուխը և ասաց. «Ես արդեն վերջացնում էի աղոթքս այս հարցազրույցին պատրաստ լինելու համար: Մենք խորաթափանցության պարգևի կարիքը կունենանք»: Նա չանտեսեց ամենակարևոր պատրաստությունը՝ աղոթքը, որը պետք է սրբագործեր մեր խոսքը հօգուտ մեզ և Տիրոջ փառքի»:

Պատրաստվենք հաշվետու լինելու Քրիստոսին յուրաքանչյուր մտքի, խոսքի և գործի համար:

Սուրբ գրությունները պարզաբանում են, որ կլինի դատաստանի մեծ օր, երբ Տերը կկանգնի դատելու ազգերին (տես 3 Նեփի 27.16) և երբ ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կխոստովանի, որ Նա է Քրիստոսը (տես Հռովմայեցիս ԺԴ.11; Մոսիա 27.31; ՎևՈւ 76.110): Այդ դատաստանի անհատական բնույթը և մեծությունը նկարագրվում է Ալմայի կողմից Մորմոնի Գրքում.

«Քանզի մեր խոսքերը կդատապարտեն մեզ, այո, բոլոր մեր գործերը կդատապարտեն մեզ. մենք չենք համարվի անբիծ. և մեր մտքերը նույնպես կդատապարտեն մեզ. և այս սոսկալի վիճակում մենք չենք համարձակվի նայել վեր՝ առ Աստված. և մենք միանգամայն ուրախ կլինեինք, եթե կարողանայինք հրամայել ժայռերին ու լեռներին ընկնել մեզ վրա՝ թաքցնելու մեզ նրա ներկայությունից:

Բայց այս չի կարող լինել. մենք պետք է առաջ գանք և կանգնենք նրա առջև՝ նրա փառքի մեջ, և՛ նրա իշխանության, և՛ նրա զորության, վեհափառության, և՛ տիրապետության մեջ, և ընդունենք ի հավիտենական համոթս մեզ, որ բոլոր նրա դատաստաններն արդար են. որ նա արդար է իր բոլոր գործերում, և որ նա ողորմած է հանդեպ մարդկանց զավակները, և որ նա ունի ողջ զորությունը փրկելու ամեն մի մարդու, ով հավատում է նրա անունին ու առաջ բերում ապաշխարությանը վայել պտուղ» (Ալմա 12.14–15):

Երբ Փրկիչը ներկայացրեց Իր ավետարանը, նրանում այս դատաստանը կենտրոնական դեր ուներ: Նա ասաց.

«Ահա, ես տվել եմ ձեզ իմ ավետարանը, և այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:

Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, որպեսզի ինչպես ես բարձրացվեցի մարդկանց կողմից, ճիշտ նույնպես մարդիկ բարձրացվեն Հոր կողմից՝ կանգնելու իմ առջև, դատվելու ըստ իրենց գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար,

Եվ այս պատճառով եմ ես բարձրացվել. հետևաբար, համաձայն Հոր զորությանը, ես բոլոր մարդկանց կձգեմ դեպի ինձ, որպեսզի նրանք կարողանան դատվել՝ համաձայն իրենց գործերի» (3 Նեփի 27.13–15):

«Խաչի վրա բարձրացված» լինելը իհարկե Հիսուս Քրիստոսի Քավությանը անդրադառնալու խորհրդանշական ձևն է, որով Նա բավարարեց այն պահանջները, որոնք արդարադատությունը կարող էր դնել մեզանից յուրաքանչյուրի առաջ: Այլ խոսքերով, Գեթսեմանում և Գողգոթայի վրա Իր տառապանքով և մահով Նա վճարեց այն ամենը, ինչը արդարադատությունը կարող էր պահանջել մեզանից մեր մեղքերի համար: Ուստի, Նա կանգնած է արդարադատության փոխարեն և արդարադատության մարմնավորումն է: Ճիշտ ինչպես Աստված սեր է, Աստված նաև արդարադատություն է: Այժմ մենք պարտք ենք և պարտական ենք Հիսուս Քրիստոսին: Հետևաբար, Նա իրավունք ունի մեզ դատելու:

Նա սահմանում է, որ այդ դատաստանը հիմնված է մեր գործերի վրա: Նրա ավետարանի հատկապես «բարի ավետիսը» այն է, որ Նա առաջարկում է ներման պարգևը՝ պայմանավորված մեր ապաշխարությամբ: Ուստի, եթե մեր գործերի թվում ընդգրկված են ապաշխարության գործերը, Նա ներում է մեր մեղքերն ու սխալները: Եթե մենք մերժում ենք ներողությունը մերժելով ապաշխարելը, ապա պարտադիր են դառնում արդարադատության պատիժները, որ Նա այժմ ներկայացնում է: Նա ասել է. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես» (ՎևՈւ 19.16–17):

Ուստի, միշտ Նրան հիշել նշանակում է միշտ հիշել, որ ոչինչ թաքնված չէ Նրանից: Մեր կյանքում չկան բաներ, լինի գործ, խոսք կամ անգամ միտք, որը կարելի է պահել Հորից և Որդուց: Քննության ժամանակ որևէ խարդախություն, խանութից ապրանք գողանալու որևէ դեպք, հեշտասեր երևակայություն կամ հանդուրժողականություն, և որևէ սուտ չի անտեսվում, թաքնվում կամ մոռացվում: Երբ էլ որ մենք կյանքում «անվնաս դուրս ենք եկել» կամ մեզ հաջողվել է ինչ-որ բան թաքցնել մյուսներից, միևնույն է մենք դեռ պատասխան կտանք, երբ անխուսափելի օրը գա, և մենք կկանգնենք Հիսուս Քրիստոսի՝ մաքուր ու կատարյալ արդարադատության Աստծո առջև:

Այս իրականությունը օգնել է ինձ տարբեր ժամանակներում առաջ շարժվել, թե ապաշխարելով կամ թե խույս տալով մեղքից ընդհանրապես: Մի առիթով տան վաճառքի հետ կապված սխալ կար փաստաթղթերում, և ես կարող էի օրինական ձևով ավելի շատ փող ստանալ գնորդից: Անշարժ գույքի իմ գործակալը հարցրեց, թե արդյոք ցանկանում եմ պահել գումարը, քանի որ դա իմ իրավունքն էր: Ես մտածեցի Տիրոջ առաջ կանգնելու, արդարադատության անձնավորման մասին, և պատկերացրեցի ինչպես եմ փորձում բացատրել, որ ես օրինական իրավունք ունեի օգտվել գնորդից և նրա սխալից: Ես չկարողացա ինձ տեսնել բավականաչափ համոզիչ, հատկապես երբ ես միևնույն ժամանակ հավանաբար պետք է ողորմածություն խնդրեի ինձ համար: Ես ասացի գործակալին, որ մենք կկանգնենք խոստացված գնի վրա, ինչպես պայմանավորվել էինք սկզբում: Ինձ համար ցանկացած չափի գումարից ավելի կարևոր է այն, որ ես ապաշխարելու կարիք չունեմ այդ գործարքի համար:

Իմ պատանեկության տարիներին մի անգամ իմ անփութության պատճառով եղբայրներիցս մեկը մի փոքր վնասվածք ստացավ: Ես այդ ժամանակ իմ հիմարության պատճառով չխոստովանեցի, և ոչ ոք այդպես էլ չիմացավ իմ դերը տվյալ դիպվածում: Տարիներ անց ես աղոթում էի, որ Աստված ինձ հայտներ իմ կյանքում տեղի ունեցած այն բաները, որոնք շտկելու կարիք ունեին, որպեսզի Նրա համար ավելի ընդունելի լինեի, և իմ միտք եկավ այդ դեպքը: Ես այդ մասին մոռացել էի, սակայն Հոգին շշնջաց, որ դա չլուծված զանցանք է, որը պետք է խոստովանեի: Ես զանգահարեցի եղբորս, ներողություն խնդրեցի և խնդրեցի նրա ներողամտությունը, որը նա անմիջապես և մեծահոգաբար տվեց: Իմ շփոթվածությունը և զղջումը ավելի քիչ կլիներ, եթե ես ներողություն խնդրած լինեի այդ դեպքը տեղի ունեցած պահին:

Ինձ համար հետաքրքրական և կարևոր էր այն, որ Տերը չէր մոռացել այդքան վաղուց տեղի ունեցած այդ դեպքի մասին, թեպետ ես մոռացել էի: Մեղքերը իրենք իրենց չեն լուծվում կամ պարզապես անհետանում: Մեղքերը թաքցվելով չեն մոռացվում հավերժական տնտեսության մեջ: Դրանք պետք է լուծել, իսկ հրաշալին այն է, որ Փրկչի քավող շնորհով դրանք կարելի է լուծել ավելի թեթև և ավելի քիչ ցավալի ձևով, քան ուղղակիորեն ինքնուրույն բավարարելով արդարադատության պահանջները:

Մենք նաև պետք է քաջալերվենք դատաստանի մասին մտածելիս, որի ժամանակ ոչինչ չի անտեսվի, որովհետև դա նաև նշանակում է, որ հնազանդության, բարության ամեն մի դրսևորում և ամեն բարի գործ, որքան էլ փոքր լինի, երբեք չի մոռացվի, և ոչ մի համապատասխան օրհնություն երբևէ ետ չի պահվի:

Մի երկյուղիր, այլ օգնության համար նայիր Փրկչին:

Վերականգնման վաղ օրերին Հիսուսը խորհուրդ տվեց և սփոփեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, ովքեր աշխատում էին Մորմոնի Գրքի թարգմանության վրա և որոնց շուտով քահանայություն շնորհվեց: Այդ ժամանակ Ջոզեֆը 23 տարեկան էր, իսկ Օլիվերը՝ 22: Եթե ոչ մշտապես, ապա նրանք հաճախ էին հանդիպում հալածանքի և այլ խոչընդոտների: Այդ ժամանակ, 1829թ. ապրիլին Տերն այս խոսքերն ասաց նրանց.

«Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել:

Ահա, ես ձեզ չեմ դատապարտում. գնացեք ձեր ճամփով և այլևս մի մեղանչեք. լրջմտորեն կատարեք այն գործը, որը պատվիրել եմ ձեզ:

Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:

Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը: Ամեն» (ՎևՈւ 6.34-37):

Մեր ամեն մի մտքով Փրկչին նայելը, իհարկե, այլ կերպ ասած «միշտ նրան հիշելն» է: Դա անելիս մենք չպետք է կասկածենք կամ վախենանք: Փրկիչը հիշեցրեց Ջոզեֆին և Օլիվերին, ինչպես հիշեցնում է մեզ, որ Իր Քավության շնորհիվ Նրան է տրվել երկնքի և երկրի ողջ զորությունը (տես Մատթեոս ԻԸ.18) և Նա ունակություն ու կամք ունի պաշտպանելու մեզ և բավարարելու մեր կարիքները: Մենք պետք է միայն հավատարիմ լինենք, և կարող ենք անվերապահորեն ապավինել Նրան:

Նախքան Ջոզեֆի և Օլիվերի սփոփող հայտնություն ստանալը, Մարգարեն տանջալից և ցավալի փորձառություն ունեցավ, որը սովորեցրեց նրան նայել Փրկչին և չվախենալ մարդկանց կարծիքներից, ճնշումներից և սպառնալիքներից:

1828թ. հունիսին Ջոզեֆը թույլ տվեց, որ Մարտին Հարիսը վերցնի Մորմոնի Գրքի 116 ձեռագիր էջերը Հարմոնիից, Պենսիլվանիա, և տանի Պալմիրա, Նյու Յորք, այնտեղ ապրող իր ընտանիքի անդամներին ցույց տալու նպատակով: Երբ Մարտինը չվերադարձրեց ձեռքագրերը ինչպես որ խոստացել էր, վրդովված Ջոզեֆը փոստակառքով գնաց իր ծնողների տուն Մանչեսթր ավան, Նյու Յորք: Մարգարեն անմիջապես մարդ ուղարկեց Մարտինի ետևից: Երբ Մարտինը եկավ, նա խոստովանեց, որ ձեռագրերն իր մոտ չեն և չգիտի որտեղ են:

Ջոզեֆը բացականչեց. «Ո՜վ, իմ Աստված, իմ Աստված … Ամեն ինչ կորած է, կորած է: Ի՞նչ պիտի անեմ: Ես մեղանչել եմ: Այդ ես բերեցի Աստծո ցասումը նրան խնդրելով այն, ինչ իրավունք չունեի խնդրելու … Ես արժանի եմ ամեն հանդիմանության, որ Բարձրյալի հրեշտակը կբերի ինձ վրա»:

Հաջորդ օրը Մարգարեն վերադարձավ Հարմոնի: Այնտեղ հասնելով նա ասաց. «Ես խոնարհեցրեցի ինձ հզոր աղոթքով Տիրոջ առաջ … որ հնարավորության դեպքում կարողանամ ողորմածություն ստանալ և ներվել այն ամենի համար, ինչ ես արել եմ հակառակ նրա կամքի»:2

Ավելի շատ ոչ թե Աստծուց, այլ մարդուց վախենալու համար Ջոզեֆին հանդիմանելուց հետո, Տերն ասաց նրան.

«Ահա, դու Ջոզեֆն ես, և դու ընտրվել ես Տիրոջ գործը կատարելու, սակայն, օրինազանցության պատճառով, եթե դու աչալուրջ չլինես, ապա կընկնես:

Սակայն հիշիր, Աստված ողորմած է. ուստի, ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես, ինչը դեմ է այն պատվիրանին, որը ես տվել էի քեզ, և դու դեռևս ընտրված ես և կրկին կանչված այս գործին» (ՎևՈւ 3.9–10):

«Որոշ ժամանակով Տերը Ջոզեֆից վերցրեց Ուրիմն ու Թումիմը և թիթեղները: Սակայն այդ ամենը կրկին վերադարձվեց նրան: «Հրեշտակը հրճվում էր Ուրիմն ու Թումիմը ինձ վերադարձնելիս,- հիշում էր Մարգարեն,- և ասաց, որ Աստված գոհ է իմ հավատարմությունից և հնազանդությունից, և սիրում է ինձ իմ ապաշխարելու և ջանասիրաբար աղոթելու համար, որով ես այդքան լավ կատարել էի իմ պարտականությունը … որպեսզի կրկին սկսեի թարգմանչական աշխատանքը»: Ջոզեֆը առաջ էր գնում մեծ աշխատանքում այժմ արդեն զորանալով՝ Տիրոջ ներողամտությանը արժանանալու քաղցր զգացողություններով և Նրա կամքը կատարելու նորովի վճռականությամբ»:3

Այս փորձառությունից հետո Մարգարեն վճռականորեն որոշեց Աստծուն ապավինել և չվախենալ մարդկանց վերաբերմունքից: Ուստի, Նրա կյանքը դարձավ վառ օրինակ, թե ինչ է նշանակում հիշել Քրիստոսին, ապավինելով Նրա զորությանը և ողորմածությանը: Ջոզեֆն այսպիսի խոսքերով արտահայտեց այդ հասկացողությունը Միսուրիի Լիբերթի բանտում իր ամենադժվարին և ծանր ձերբակալության ժամանակ.

«Դուք գիտեք, եղբայրնե՛ր, որ մի շատ մեծ նավ փոթորիկի ժամանակ մեծապես օգտվում է մի շատ փոքր ղեկից, անհրաժեշտ դիրքում պահվելով քամու և ալիքների դեմ:

Հետևաբար, շատ սիրելի՛ եղբայրներ, եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը» (ՎևՈւ 123.16–17):

Այսինքն, «միշտ հիշել նրան» նշանակում է վախենալով չապրել: Մենք գիտենք, որ դժվարությունները, հիասթափությունները և վշտերը կգան մեզանից յուրաքանչյուրին տարբեր կերպ, սակայն մենք նաև գիտենք, որ վերջում՝ մեր աստվածային Բարեխոսի շնորհիվ բոլոր բաները միասին կգործեն մեր բարիքի համար (տես ՎևՈւ 90.24; 98.3): Դա այն հավատքն է, որ այնքան պարզ արտահայտել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, (1910–2008) երբ ասել է. «Ամեն ինչ լավ կլինի»:4 Երբ միշտ հիշում ենք Փրկչին, մենք կարող ենք «ուրախությամբ անել ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»՝ վստահ, որ Նրա զորությունը և մեր հանդեպ սերը կօգնի մեզ:

Թող որ մենք միշտ հիշենք Նրան, «որպեսզի [մենք] Նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենանք» (ՎևՈւ 20.77): Ես իմ վկայությունն եմ բերում Հիսուս Քրիստոսի Քավության զորության մասին: Ես վկայում եմ կենդանի, հարություն առած Տիրոջ իրականության մասին: Ես վկայում եմ մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Հոր և Որդու անսահման և անձնական սիրո մասին և աղոթում եմ, որ մենք ապրենք մշտապես հիշելով այդ սերը՝ իր բոլոր դրսևորումներով:

Հղումներ

  1. Brigham Young, “Discourse,” Deseret News, Sept. 10, 1856, 212.

  2. Տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 64:

  3. Teachings: Joseph Smith, 71.

  4. In Jeffrey R. Holland, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” Liahona, June 1995 special edition, 6.

Խաղաղություն եմ թողնում ձեզ, Վոլտեր Ռեյն, տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը Broken Bread, Վոլտեր Ռեյնի

ՔՐԻՍՏՈՍԸ ԳԵԹՍԵՄԱՆՈՒՄ, ՀԵՆՐԻ ՀՈՖՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐԵԼ Է

Երկրորդ Գալուստը, Հարի Անդերսոն © IRI

Նա օծեց կույրի աչքերը, Վոլտեր Ռեյն, տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը