Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 133


Բաժին 133

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերի 3-ին (History of the Church, 1.229–234): Որպես այս հայտնության նախաբան, Մարգարեն գրել է. «Այս ժամանակ շատ բաներ կային, որ Երեցները ցանկանում էին իմանալ՝ երկրի բնակիչներին Ավետարանը քարոզելու վերաբերյալ և հավաքման վերաբերյալ. և որպեսզի մենք քայլենք ճշմարիտ լույսով և ուսուցանվենք ի վերուստ, 1831թ. նոյեմբերի 3-ին ես հարցրեցի Տիրոջը և ստացա հետևյալ կարևոր հայտնությունը» (History of the Church, 1.229): Առաջին անգամ այս բաժինը Վարդապետություն և Ուխտեր գրքին ավելացվել էր՝ որպես հավելված, իսկ հետագայում դրան տրվել էր բաժնի հաջորդական թիվ:

1–6՝ Սրբերին պատվիրվում է նախապատրաստվել Երկրորդ Գալուստին. 7–16՝ Բոլոր մարդկանց պատվիրվում է փախչել Բաբելոնից, գալ Սիոն և պատրաստվել Տիրոջ մեծ օրվա համար. 17–35՝ Նա պիտի կանգնի Սիոն սարի վրա, մայրցամաքները կդառնան մեկ հող, և Իսրայելի կորած ցեղերը կվերադառնան. 36–40՝ Ավետարանը վերականգնվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ քարոզվի ողջ աշխարհում. 41–51՝ Տերը վրեժխնդրությամբ կիջնի ամբարիշտների վրա. 52–56՝ Դա կլինի նրա փրկագնվածների տարին. 57–74՝ Ավետարանը պիտի առաջ ուղարկվի՝ Սրբերի փրկելու համար և ամբարիշտների կործանման համար:

1 Ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, և լսեք Տիրոջ խոսքը ձեր վերաբերյալ,–

2 Տերը, որը հանկարծակի պիտի գա իր տաճարը. Տերը, որը վար պիտի գա աշխարհի վրա անեծքով՝ դատաստանի համար. այո, բոլոր ազգերի վրա, որոնք մոռանում են Աստծուն, և ձեր միջի բոլոր անաստվածների վրա:

3 Քանզի նա կմերկացնի իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն իրենց Աստծո փրկությունը:

4 Ուստի, նախապատրաստվեք, նախապատրաստվե՛ք, ո՛վ իմ ժողովուրդ. սրբագործվեք, հավաքվեք միասին, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, Սիոնի հողի վրա, դուք բոլորդ, ում պատվիրված չէ մնալ:

5 Դուրս եկեք Բաբելոնից: Մաքուր եղեք, ո՛վ Տիրոջ սպասները կրողներ:

6 Կանչեք ձեր հանդիսավոր ժողովները և հաճախ խոսեք միմյանց հետ: Եվ թող ամեն մարդ կանչի Տիրոջ անունը:

7 Այո, ճշմարիտ ասում եմ ձեզ կրկին, ժամանակը եկել է, երբ Տիրոջ ձայնը գալիս է ձեզ. Դուրս եկեք Բաբելոնից. Հավաքվեք ազգերի միջից, չորս հողմերից՝ երկնքի մի ծայրից մյուսը:

8 Առաջ ուղարկեք իմ եկեղեցու երեցներին դեպի հեռվում գտնվող ազգերը. դեպի ծովի կղզիները. առաջ ուղարկեք դեպի օտար երկրները. կոչ արեք բոլոր ազգերին, նախ՝ հեթանոսներին, իսկ հետո՝ հրեաներին:

9 Եվ ահա, տե՛ս, սա պիտի լինի նրանց կոչը և Տիրոջ ձայնը բոլոր մարդկանց. Առաջ գնացեք դեպի Սիոնի հողը, որպեսզի իմ ժողովրդի սահմաններն ընդարձակվեն, և որ նրա ցցերն ամրանան, և որպեսզի Սիոնը տարածվի մերձակա շրջաններում:

10 Այո, թող այս կոչը տարածվի բոլոր մարդկանց մեջ. Զարթնեք և վեր կացեք և առաջ գնացեք Փեսային դիմավորելու. ահա, տե՛ս, Փեսան գալիս է. դուրս եկեք նրան դիմավորելու: Պատրաստվեք Տիրոջ մեծ օրվա համար:

11 Ուրեմն, արթուն մնացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը:

12 Հետևաբար, թող նրանք, ովքեր հեթանոսների մեջ են, փախչեն Սիոն:

13 Եվ թող նրանք, ովքեր Հուդայից են, փախչեն Երուսաղեմ, դեպի Տիրոջ տան սարերը:

14 Դուրս եկեք ազգերի միջից, այսինքն՝ Բաբելոնից, ամբարշտության միջից, որը հոգևոր Բաբելոնն է:

15 Բայց ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Թող ձեր փախուստը չլինի հապճեպ, այլ թող բոլոր բաները պատրաստված լինեն ձեր առաջ. և նա, ով գնում է, թող ետ չնայի, չլինի թե անսպասելի կործանում գա նրա վրա:

16 Ականջ դրեք և լսեք, ո՛վ երկրի բնակիչներ: Ունկնդրեք միասին, իմ եկեղեցո՛ւ երեցներ, և լսեք Տիրոջ ձայնը. քանզի նա կոչ է անում բոլոր մարդկանց և բոլոր մարդկանց, ամենուրեք, նա պատվիրում է ապաշխարել:

17 Քանզի ահա, Տեր Աստված առաջ է ուղարկել հրեշտակին, որը երկնքի միջից աղաղակում է՝ ասելով. Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը և ուղիղ արեք նրա շավիղները. քանզի նրա գալստի ժամը մոտ է,–

18 Երբ Գառը կկանգնի Սիոն սարի վրա, և նրա հետ հարյուր քառասունչորս հազարը՝ իր Հոր անունն իրենց ճակատների վրա գրված:

19 Ուստի, պատրաստվեք Փեսայի գալստին. գնացեք, դուրս եկեք նրան դիմավորելու:

20 Քանզի ահա, նա կանգնելու է Ձիթենյաց սարի վրա և հզոր օվկիանոսի վրա, այսինքն՝ մեծ անդունդի վրա և ծովի կղզիների վրա և Սիոնի հողի վրա:

21 Եվ նա Սիոնից իր ձայնը կարձակի, և նա Երուսաղեմից կխոսի, և նրա ձայնը կլսվի բոլոր մարդկանց մեջ.

22 Եվ այդ ձայնը կլինի շատ ջրերի ձայնի պես, և ուժեղ ամպրոպի ձայնի պես, որը քարուքանդ կանի սարերը և կվերացնի հովիտները:

23 Նա կպատվիրի մեծ անդունդին, և այն ետ կքաշվի դեպի հյուսիսային երկրները, և կղզիները կդառնան մեկ հող.

24 Եվ Երուսաղեմի հողն ու Սիոնի հողը կվերադառնան իրենց տեղը, և երկիրը կլինի այնպես, ինչպես մինչև իր բաժանման օրերին էր:

25 Եվ Տերը, այսինքն՝ Փրկիչը, կկանգնի իր ժողովրդի մեջ և կթագավորի ամեն մարմնի վրա:

26 Եվ նրանք, ովքեր հյուսիսային երկրներում են, պիտի հիշվեն Տիրոջ առաջ. և նրանց մարգարեները կլսեն նրա ձայնը և այլևս ետ չեն պահի իրենց. և նրանք կզարկեն ժայռերին, և սառույցը ցած կհոսի նրանց ներկայությունից:

27 Եվ մայրուղի կգցվի մեծ անդունդի միջով:

28 Նրանց թշնամիները նրանց զոհը կդառնան,

29 Եվ անբերրի անապատներում կենդանի ջրի ավազաններ կգոյանան. և ճաքճքած գետինն այլևս չի լինի ծարավ հող:

30 Եվ նրանք իրենց հարուստ գանձերն առաջ կբերեն Եփրեմի զավակների՝ իմ ծառաների համար:

31 Եվ հավիտենական բլուրների սահմանները պիտի դողան նրանց ներկայությունից:

32 Եվ այնտեղ նրանք վայր կիջնեն և կպսակվեն փառքով, այսինքն՝ Սիոնում, Տիրոջ ծառաների, այսինքն՝ Եփրեմի զավակների ձեռքով:

33 Եվ նրանք կլցվեն հավիտենական ուրախության երգերով:

34 Ահա, սա է հավիտենական Աստծո օրհնությունն Իսրայելի ցեղերի վրա, և առավել արժեքավոր օրհնությունը Եփրեմի և նրա ընկերների գլխին:

35 Եվ նրանք ևս, որ Հուդայի ցեղից են, իրենց ցավից հետո պիտի սրբությամբ սրբագործվեն Տիրոջ առաջ, որպեսզի բնակվեն նրա ներկայության մեջ օր ու գիշեր՝ հավիտյանս հավիտենից:

36 Եվ արդ, ճշմարիտ ասում է Տերը, որպեսզի այս բաները հայտնի դառնան ձեր մեջ, ով երկրի՛ բնակիչներ. Ես ուղարկել եմ իմ հրեշտակին, որը թռչում է երկնքի մեջ և ունի հավիտենական ավետարանը, որը հայտնվել է ոմանց և մարդուն է հանձնել այն, որը շատերին պիտի հայտնվի, ովքեր ապրում են երկրի վրա:

37 Եվ այս ավետարանը պիտի քարոզվի ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի:

38 Եվ Աստծո ծառաներն առաջ պիտի գնան՝ բարձր ձայնով ասելով. Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, քանզի նրա դատաստանի ժամը եկել է.

39 Եվ երկրպագեք նրան, ով արարել է երկինքը և երկիրը և ծովերը և ջրերի աղբյուրները,–

40 Կանչելով Տիրոջ անունն օր ու գիշեր՝ ասելով. Երանի՜ թե ճեղքեիր երկինքները և վայր իջնեիր, որպեսզի սարերը քո ներկայությունից ցած հոսեին:

41 Եվ այն կպատասխանվի նրանց գլխին. քանզի Տիրոջ ներկայությունը նման պիտի լինի հալեցնող կրակի, որ վառում է, և կրակի, որը եռացնում է ջուրը:

42 Ո՜վ Տեր, դու պիտի վայր իջնես, որպեսզի հայտնի դարձնես անունդ քո թշնամիներին, և բոլոր ազգերը պիտի դողան քո ներկայությունից,–

43 Երբ դու անես սոսկալի բաներ, որ նրանք չեն սպասում.

44 Այո, երբ դու վայր իջնես, և սարերը ցած հոսեն քո ներկայությունից, դու կհանդիպես նրան, ով ուրախանում և արդարություն է գործում, ով հիշում է քեզ քո ուղիներում:

45 Քանզի աշխարհի սկզբից ի վեր, մարդիկ չեն լսել և նրանց ականջին չի հասել, ոչ էլ որևէ աչք է տեսել, ո՜վ Աստված, բացի քեզանից, թե ինչ մեծ բաներ ես դու պատրաստել նրա համար, ով սպասում է քեզ:

46 Եվ պիտի ասվի. Ո՞վ է սա, որ իջնում է երկնքի Աստծուց, ներկված հանդերձներով. այո՛, անծանոթ վայրերից, փառավոր զգեստ հագած, որ ճամփորդում է իր զորության մեծության մեջ:

47 Եվ նա կասի. Ես նա եմ, որ խոսում է արդարությամբ, որ զորավոր է փրկելու:

48 Եվ Տիրոջ զգեստները կլինեն կարմիր, և նրա հանդերձները՝ նրա պես, ով կոխ է տալիս հնձանը:

49 Եվ այնքան մեծ կլինի նրա ներկայության փառքը, որ արևն ամոթից կծածկի իր երեսը, և լուսինը ետ կպահի իր լույսը, և աստղերը կնետվեն իրենց տեղերից:

50 Եվ կլսվի նրա ձայնը. Ես մենակ եմ կոխ տվել հնձանը, և դատաստան բերել բոլոր մարդկանց վրա. և ոչ ոք չկար ինձ հետ.

51 Եվ ես նրանց կոխ տվեցի իմ կատաղության մեջ և տրորեցի իմ բարկության մեջ, և նրանց արյունն իմ հանդերձների վրա ցանեցի և բոլոր իմ զգեստը բծոտեցի. քանզի դա վրեժխնդրության օրն էր, որը կար իմ սրտում:

52 Եվ այժմ գալիս է իմ փրկագնվածների տարին. և նրանք պիտի հիշատակեն իրենց Տիրոջ ողորմությունը, և այն ամենը, ինչ նա շնորհել է նրանց իր բարությամբ և իր ողորմությամբ հավիտյանս հավիտենից:

53 Բոլոր նրանց չարչարանքներով նա չարչարվել է: Եվ նրա ներկայության հրեշտակը փրկել է նրանց. և իր սիրով ու իր գթությամբ նա փրկագնել է նրանց, և պահել է նրանց, և պահպանել է նրանց բոլոր հին օրերում.

54 Այո, և նաև Ենովքը, և բոլորը, ովքեր նրա հետ էին. մարգարեները, որ մինչև նա էին. և նաև Նոյը, և նրանք, ովքեր նրանից առաջ էին. և նաև Մովսեսը, և նրանք, ովքեր նրանից առաջ էին.

55 Եվ Մովսեսից մինչև Եղիա, և Եղիայից մինչև Հովհաննես, որը Քրիստոսի հետ էր նրա հարության ժամանակ, և սուրբ առաքյալները, Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, կլինեն Գառի ներկայության մեջ:

56 Եվ սրբերի գերեզմանները կբացվեն. և նրանք առաջ կգան ու կկանգնեն Գառի աջ կողմում, երբ նա կանգնած կլինի Սիոն սարի և սուրբ քաղաքի՝ Նոր Երուսաղեմի վրա. և նրանք կերգեն Գառի երգն օր ու գիշեր՝ հավիտյանս հավիտենից:

57 Եվ այս պատճառով, որպեսզի մարդիկ դառնան այն փառքերի ճաշակողները, որոնք պիտի հայտնի դարձվեն, Տերն առաջ է ուղարկել իր ավետարանի լրիվությունը, իր հավիտենական ուխտը, տրամաբանելով պարզ ու հասարակ ձևով:

58 Որպեսզի թույլերին նախապատրաստի այն բաների համար, որոնք պիտի գան երկրի վրա, և Տիրոջ հանձնարարության համար, այն օրը, երբ թույլը կկարկամեցնի իմաստունին, և փոքրը կդառնա մեծ ազգ, և երկուսը բյուրավորներին կստիպեն փախչել:

59 Եվ երկրի թույլ բաների միջոցով Տերը պիտի կալսի ազգերն իր Հոգու զորությամբ:

60 Եվ դրա համար էին տրվել այս պատվիրանները. այն օրը, երբ դրանք տրվել էին, պատվիրվել էր, որ դրանք պահվեին աշխարհից, բայց այժմ առաջ պիտի գնան դեպի ամեն մարմին,–

61 Եվ դա՝ Տիրոջ մտքի և կամքի համաձայն, որը կառավարում է ամեն մարմնի վրա:

62 Եվ նրան, ով ապաշխարում է և իրեն սրբագործում է Տիրոջ առաջ, պիտի տրվի հավերժական կյանք:

63 Իսկ նրանց համար, ովքեր ուշք չեն դարձնում Տիրոջ ձայնին, կկատարվի այն, ինչ գրվել է Մովսես մարգարեի կողմից, որ նրանք կկտրվեն ժողովրդի միջից:

64 Եվ նաև այն, ինչ գրվել է Մաղաքիա մարգարեի կողմից. Քանզի ահա, գալիս է օրը, որը կայրի թոնրի պես, և բոլոր հպարտները, այո, և բոլորը, որ ամբարշտորեն են գործում, հարդի պես կլինեն. և օրը, որ գալիս է, կայրի նրանց, ասում է զորաց Տերը, այնպես որ նրանց չի թողնի ո՛չ արմատ, ո՛չ ճյուղ:

65 Ուստի, սա կլինի Տիրոջ պատասխանը նրանց.

66 Այն օրը, երբ ես եկա յուրայինների մեջ, ձեզանից ոչ ոք չընդունեց ինձ, և դուք դուրս քշվեցիք:

67 Երբ ես կանչեցի կրկին, ոչ ոք չկար, որ պատասխաներ. այնուամենայնիվ, իմ ձեռքն ամենևին չէր կարճացել, որ ես չկարողանայի փրկագնել, ոչ էլ իմ ազատելու զորությունն էր թուլացել:

68 Ահա, իմ սաստումով ես չորացնում եմ ծովերը: Ես գետերն անապատ եմ դարձնում. նրանց ձկները հոտում են և ծարավից սատկում:

69 Ես երկինքները խավար եմ հագցնում և քուրձը նրանց ծածկոցը դարձնում:

70 Եվ սա կունենաք դուք իմ ձեռքից,– դուք կհանգչեք վշտի մեջ:

71 Ահա, տե՛ս, ոչ ոք չկա, որ ազատի ձեզ. քանզի դուք չհնազանդվեցիք իմ ձայնին, երբ ես կանչեցի ձեզ երկինքներից. դուք չհավատացիք իմ ծառաներին, և երբ նրանք ուղարկվել էին ձեզ մոտ, դուք չընդունեցիք նրանց:

72 Ուստի, նրանք կնքեցին վկայությունը և կապեցին օրենքը, և դուք հանձնվեցիք խավարին:

73 Սրանք կգնան դրսի խավարը, որտեղ լաց ու կոծ է և ատամների կրճտոց:

74 Ահա Տերը՝ ձեր Աստվածն է խոսել դա: Ամեն: