2014
Բարի գալուստ համաժողով
նախորդ հաջորդ

Բարի գալուստ համաժողով

Մենք … միասնական ենք մեր հավատքի և ցանկության մեջ՝ լսելու և սովորելու այն ուղերձներից, որոնք մեզ կներկայացվեն:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան հաճելի է ինձ ողջունել ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս համաշխարհային համաժողովին: Մենք հավաքվել ենք որպես մի մեծ ընտանիք, ավելի քան 15 միլիոն մարդ՝ ամուր, միասնական մեր հավատքի և ցանկության մեջ՝ լսելու և սովորելու այն ուղերձներից, որոնք մեզ կներկայացվեն:

Վերջին վեց ամիսները արագ անցան, մինչ Եկեղեցու աշխատանքն անխոչընդոտ առաջ էր շարժվում: Միայն մեկ ամիս առաջ ես պատիվ ունեցա նվիրագործելու Գիլբերտ Արիզոնա Տաճարը՝ հրաշագեղ մի կառույց: Նվիրագործման նախօրեին մշակութային միջոցառում կազմակերպվեց մոտակա Դիսքավերի Այգում: Տասներկու հազար երիտասարդներ ներկայացրեցին 90 րոպեանոց մի ծրագիր: Պարերը, երգերը և երաժշտական կատարումները հիանալի էին:

Այս տարածքը հատկապես խիստ երաշտ ապրեց, և ես համոզված եմ, որ շատ աղոթքներ ուղարկվեցին երկինք նախորդ մի քանի շաբաթների ընթացքում՝ անչափ անհրաժեշտ անձրևի համար: Դժբախտաբար այն տեղաց հենց ներկայացումից առաջ և տևեց ներկայացման ամբողջ ընթացքում: Թեև երիտասարդները մինչև ոսկորները թրջված էին և սառած հով եղանակի հետևանքով, բոլորս զգում էինք Տիրոջ Հոգին: «Ապրիր հավատքին հավատարիմ» ծրագրի թեման (մտածեք այս մասին՝ «Ապրիր հավատքին հավատարիմ») հրաշալիորեն ներկայացվեց ժպտացող և խանդավառ երիտասարդ տղամարդկանց և կանանց կողմից: Չնայած ցրտին և անձրևին, դա հավատքով լցված և ոգեշնչող փորձառություն դարձավ, որն այդ երիտասարդները միշտ կփայփայեն և կպատմեն իրենց զավակներին և թոռներին հետագա տարիներին:

Հաջորդ օրը տեղի ունեցավ Գիլբերտ Արիզոնա Տաճարի նվիրագործումը: Այն դարձավ Եկեղեցու 142-րդ գործող տաճարը: Ի տարբերություն նախորդ երեկոյին, օրը սքանչելի էր և պայծառ: Նիստերը իսկապես ոգեշնչող էին: Ինձ հետ ներկա էին Նախագահ Հենրի Բ. Այրինգը, Երեց և Քույր Թեդ Ռ. Քալիսթերները, Երեց և Քույր Վիլիամ Ռ. Վոքերները և Երեց և Քույր Քենթ Ֆ. Ռիչարդսները:

Մայիսին կնվիրագործվի Ֆորտ Լոդերդեյլ Ֆլորիդա Տաճարը: Մինչև տարվա վերջ ծրագրված է ավարտել և նվիրագործել այլ տաճարներ: 2015թ. մենք ակնկալում ենք ավարտել և նվիրագործել նոր տաճարներ աշխարհի տարբեր մասերում: Այս գործընթացը շարունակվելու է: Երբ արդեն հայտարարված բոլոր տաճարները պատրաստ լինեն, մենք կունենանք ամբողջ աշխարհով մեկ 170 գործող տաճար:

Թեև ներկայումս մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը նախկինում հայտարարված տաճարները ավարտելու վրա և չենք հայտարարի նոր տաճարների կառուցման մասին մոտ ապագայում, մենք կշարունակենք գալիք տաճարների կարիքները որոշելու և դրանց համար վայրեր գտնելու գործընթացը: Դրանց մասին հայտարարություններ կարվեն ապագա գերագույն համաժողովներին: Մենք տաճար կառուցող և տաճար հաճախող ժողովուրդ ենք:

Այժմ, եղբայրներ և քույրեր, մենք անհամբերությամբ սպասում ենք ուղերձներին, որոնք կներկայացվեն մեզ այսօր և վաղը: Նրանք, ովքեր կդիմեն մեզ, փնտրել են երկնքի օգնությունը և առաջնորդությունը՝ իրենց ուղերձները պատրաստելիս:

Թող որ մենք, բոլորս՝ այստեղ և ամենուրեք, լցվենք Տիրոջ Հոգով, վեհանանք և ոգեշնչվենք, լսելով և սովորելով: Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի անունով, ամեն: