2014
«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»
նախորդ հաջորդ

«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»

Հնազանդվելու համար մեր ազատ ընտրությունն օգտագործելը նշանակում է ընտրել «գործիր շիտակ, ինչ էլ որ պատահի»:

Եղբայրներ և քույրեր, Փրկչի կյանքից սովորած բոլոր դասերից ոչ մեկն այնքան պարզ և զորավոր չէ, որքան հնազանդության դասը:

Փրկչի օրինակը

Նախաերկրային կյանքում Երկնային խորհրդի ժամանակ Լյուցիֆերն ապստամբեց Երկնային Հոր ծրագրի դեմ: Նրանք, ովքեր հետևեցին Լյուցիֆերին, վերջ դրեցին իրենց հավերժական զարգացմանը. զգույշ եղեք, թե ում եք հետևում:

Ապա Հիսուսն արտահայտեց հնազանդվելու Իր պատրաստակամությունը, ասելով. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»:1 Իր ծառայության ընթացքում «նա կրեց գայթակղություններ, սակայն ուշք չդարձրեց դրանց»:2 Իսկապես, «[նա] այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց»:3

Քանի որ մեր Փրկիչը հնազանդ էր, Նա քավեց մեր մեղքերը, հնարավոր դարձնելով մեր հարությունը և ուղի նախապատրաստելով մեզ համար, որ վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ, ով գիտեր, որ մենք սխալներ կկատարեինք, երբ մահկանացու կյանքում սովորեինք հնազանդություն: Երբ մենք հնազանդվում ենք, մենք ընդունում ենք Նրա զոհաբերությունը, քանի որ մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՛ հնազանդվելով վետարանի օրենքներին, արարողություններին և պատվիրաններին, որոնք տրված են ավետարանում:4

Հիսուսը հասարակ լեզվով սովորեցրեց մեզ հնազանդվել, որը հեշտ է հասկանալ. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»5 և «Եկ հետեւիր ինձ»:6

Երբ մենք մկրտվում ենք, մենք «[մեզ] վրա ենք վերցնում Քրիստոսի անունը» և մտնում ենք «ուխտի մեջ Աստծո հետ, որ [մենք կլինենք] մինչև [մեր] կյանքի վերջը հնազանդ»:7 Ամեն կիրակի մենք նորոգում ենք մկրտության այդ ուխտը հաղորդություն ընդունելով և վկայելով, որ մենք հոժար ենք պահելու պատվիրանները: Մենք ներում ենք փնտրում ցանկացած մտքի, զգացմունքի կամ արարքի համար, որը ներդաշնակ չէ մեր Երկնային Հոր կամքի հետ: Երբ մենք ապաշխարում ենք, անհնազանդությունից հրաժարվելով և կրկին սկսելով հնազանդվել, մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա համդեպ:

Հնազանդության տեսակները

Երբ մենք ապրում ենք ավետարանին համաձայն, հնազանդության մեր հասկացողությունն աճում է: Երբեմն մենք կարող ենք գայթակղվել, գործադրելու, ինչպես ես եմ կոչում, «բնական մարդու հնազանդություն», ըստ որի մենք անհնազանդությամբ մերժում ենք Աստծո օրենքը՛ հօգուտ մեր իմաստության կամ ցանկությունների, կամ նույնիսկ հանրաճանաչության: Քանի որ սա լայն կիրառություն ունի շատերի կողմից, հնազանդության այս աղավաղումը պակասեցնում է Աստծո չափանիշները մեր մշակույթում և մեր կյանքում:

Երբեմն անդամները կարող են կիրառել «ընտրողական հնազանդություն», պնդելով, որ սիրում են Աստծուն և պատվում են Աստծուն, մինչդեռ ընտրում են, թե Նրա պատվիրաններից և ուսմունքներից, և Նրա մարգարեների ուսմունքներից և խորհուրդներից որոնց նրանք ամբողջությամբ կհետևեն:

Ոմանք հնազանդվում են ընտրողաբար, քանի որ չեն կարողանում ըմբռնել պատվիրանի բոլոր պատճառները, ճիշտ ինչպես երեխաները միշտ չէ, որ հասկանում են իրենց ծնողների խորհուրդների և օրենքների պատճառները: Սակայն, մենք միշտ գիտենք պատճառը, թե ինչու ենք հետևում մարգարեներին, քանի որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, և Փրկիչն է, որ բոլոր տնտեսություններում ղեկավարում է Իր մարգարեներին:

Երբ հնազանդության վերաբերյալ մեր հասկացողությունը խորանում է, մենք հասկանում ենք ազատ ընտրության հենակետային նշանակությունը: Երբ Հիսուսը Գեթսեմանիի այգում էր, Նա երեք անգամ աղոթեց Իր Երկնային Հորը. «Իմ Հայր, եթէ կարելի չէ, որ այս բաժակն ինձանից անցնի առանց իմ նորան խմելուս, քո կամքը լինի»:8 Աստված չշրջանցեց Փրկչի ազատ ընտրությունը, այլ Նա ողորմածաբար հրեշտակ ուղարկեց, որ ամրացներ Իր Սիրելի Որդուն:

Փրկիչը հանդիպեց մեկ այլ փորձության Գողգոթայում, որտեղ Նա կարող էր կանչել հրեշտակների գնդեր, որպեսզի Նրան խաչից վայր իջեցնեին, սակայն Նա կատարեց Իր ընտրությունը՝ հնազանդորեն համբերելու մինջև վերջ և ավարտին հասցնելու Իր քավող զոհաբերությունը, չնայած որ այն պահանջում էր մեծ տառապանք, նույնիսկ մահ:

Հոգևորապես հասուն հնազանդությունը «Փրկչի հնազանդությունն է»: Այն հիմնվում է Երկնային Հոր և Նրա Որդու հանդեպ անկեղծ սիրո վրա: Երբ մենք հոժարությամբ հնազանդվում ենք, ինչպես արեց մեր Փրկիչը, մենք փայփայում ենք մեր Երկնային Հոր խոսքերը. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի»:9 Եվ մենք ակնկալում ենք, որ մեր Երկնային Հոր ներկայությունը մտնելիս կլսենք այս խոսքերը. «Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. … մտիր քո տիրոջ ուրախութիւնը»:10

Հնազանդվելու համար մեր ազատ ընտրությունն օգտագործելը նշանակում է ընտրել «գործիր շիտակ, ինչ էլ որ պատահի»:11 Այն պահանջում է ինքնատիրապետում և բերում է վստահություն, հավերժական երջանկություն և գոհունակության զգացողություն մեզ և մեր օրինակի շնորհիվ նրանց, ովքեր մեր շուրջն են, և այն միշտ ներառում է խորը անձնական պարտավորություն՛ աջակցելու քահանայության ղեկավարներին և հետևելու նրանց ուսմունքներին և խորհրդին:

Հետևանքներ

Երբ որոշում ենք հնազանդվել, թե ոչ, միշտ էլ օգտակար է հիշելը մեր մեղքերի հետևանքները: Արդյո՞ք Լյուցիֆերը և նրա հետևորդները հասկանում էին Երկնային Հոր ծրագիրը մերժելու ընտրության հետևանքները: Եթե այո, ապա ինչո՞ւ նրանք կատարեցին այդպիսի կործանարար ընտրություն: Մենք կարող ենք նմանատիպ հարց տալ ինքներս մեզ՝ Ինչո՞ւ է մեզանից որևէ մեկն ընտրում լինել անհնազանդ, երբ մենք գիտենք մեղքի հավերժական հետևանքները: Սուրբ գրությունները տալիս են պատասխանը. Կայենը և Ադամի ու Եվայի որոշ զավակներ ընտրեցին չհնազանդվել այն պատճառով, որ «նրանք Սատանային ավելի շատ սիրեցին, քան Աստծուն»:12

Փրկչի հանդեպ մեր սերը Փրկչի նման հնազանդվելու բանալին է: Մինչ մենք փորձում ենք հնազանդ լինել այսօրվա աշխարհում, մենք հայտարարում ենք մեր սերը և հարգանքը Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ: Այնուամենայնիվ, անհնարին է, որ ուրիշների հանդեպ այս սերը փոխի Աստծո պատվիրանները, որոնք տրվել են մեր օգտի համար: Օրինակ, «մի սպանիր, ոչ էլ նման որևէ բան գործիր»13 պատվիրանը հիմնված է հոգևոր օրենքի վրա, որը պաշտպանում է Աստծո բոլոր զավակներին, նույնիսկ չծնվածներին: Տարիների երկար փորձը ցույց է տալիս, որ երբ մենք անտեսում ենք այս օրենքը, արդյունքում անսահման ցավալի իրադարձություններ են առաջ գալիս: Այնուամենայնիվ, շատերը հավատում են, որ ընդունելի է ընդհատել դեռևս չծնված երեխայի կյանքը նախապատվության կամ հարմարության պատճառներով:

Անհնազանդությունը պատճառաբանելը չի փոխում հոգևոր օրենքը կամ դրա հետևանքները, այլ տանում է դեպի շփոթություն, անկայունություն, թափառում անծանոթ ճանապարհներով, մոլորություն և դժբախտություն: Որպես Քրիստոսի հետևորդներ, մենք ունենք սուրբ պարտավորություն՛ հաստատելու Նրա օրենքները և պատվիրանները, և ուխտերը, որոնք մենք վերցնում ենք մեզ վրա:

1831թ. դեկտեմբերին որոշ եղբայրներ կանչվեցին օգնելու մեղմացնել անբարյացակամ զգացմունքները, որ զարգացել էին Եկեղեցու դեմ: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերն առաջնորդեց նրանց անսովոր, նույնիսկ անակնկալ ձևով.

«Կարկամեցրեք ձեր թշնամիներին. կանչեք նրանց՛ հանդիպելու ձեզ հետ՛ թե հրապարակավ, թե առանձին: …

Ուստի, թող նրանք առաջ բերեն իրենց զորավոր փաստերը Տիրոջ առաջ:

… Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա.

Եվ եթե որևէ մարդ իր ձայնը բարձրացնի ձեր դեմ, նա պիտի կործանվի ինձ հարմար ժամանակ:

Ուստի, պահեք իմ պատվիրանները. դրանք ճշմարիտ են և հավատարիմ»:14

Դաս սուրբ գրություններում

Սուրբ գրությունները լի են մարգարեների օրինակներով, ովքեր հնազանդության դասեր են սովորել իրենց իսկ փորձառությունից:

Ջոզեֆ Սմիթը սովորեց իր բարերար, ընկեր և դպիր Մարտին Հարրիսի ճնշումներին զիջելու հետևանքները: Ի պատասխան Մարտինի խնդրանքներին՛ Ջոզեֆը թույլտվություն էր խնդրել Տիրոջից փոխ տալ Մորմոնի Գրքի առաջին 116 ձեռագիր էջերը, որպեսզի Մարտինը կարողանար ցույց տալ դրանք իր ընտանիքին, սակայն Տերն ասաց Ջոզեֆին ասել ոչ: Մարտինն աղերսեց Ջոզեֆին կրկին հարցնել Տիրոջը: Ջոզեֆի երրորդ խնդրանքից հետո Տերը թույլ տվեց, որ հինգ որոշակի մարդիկ տեսնեին ձեռագրերը: «Ամենասրբազան ուխտով Մարտինը խոստացավ հետևել այս համաձայնությանը: Երբ նա տուն հասավ և ճնշումներ գործադրվեցին նրա վրա, նա մոռացավ իր սրբազան երդումը և թույլ տվեց ուրիշներին տեսնել ձեռագիրը, և արդյունքում նա կորցրեց ձեռագիրը»15: Որպես հետևանք, Ջոզեֆը հանդիմանվեց Տիրոջ կողմից և արգելվեց շարունակել Մորմոնի Գրքի թարգմանությունը: Ջոզեֆը տանջվեց և ապաշխարեց ուրիշների ճնշումներին զիջելու իր օրինազանցությունից: Որոշ ժամանակ անց Ջոզեֆին թույլ տրվեց վերսկսել իր թարգմանության աշխատանքը: Ջոզեֆը սովորեց հնազանդության արժեքավոր դաս, որն օգտակար եղավ նրան իր կյանքի մնացած օրերում:

Մովսես Մարգարեն տալիս է մեկ այլ օրինակ: Երբ Մովսեսը հնազանդորեն եթովպացուն կին վերցրեց իրեն, Մարիամը և Ահարոնը նրա դեմ խոսեցին: Սակայն Տերը հանդիմանեց նրանց, ասելով. «[Մովսեսի] հետ բերանէ բերան եմ խոսում»:16 Տերն օգտագործեց այս անհավանական միջադեպը, որ սովորեցներ Եկեղեցու անդամներին մեր տնտեսությունում: 1830թ. Հայրում Փեյջը պնդում էր, որ հայտնություն է ստանում Եկեղեցու համար: Տերն ուղղեց նրան և սովորեցրեց Սրբերին. «Դու պետք է հնազանդ լինես այն բաներին, որոնք ես կտամ [Ջոզեֆին], ճիշտ ինչպես Ահարոնը»,17 «քանզի նա ստանում է դրանք, ճիշտ ինչպես Մովսեսը»:18

Հնազանդությունը օրհնություններ է բերում, «եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն»:19

Հնազանդությունն ուսուցանվում է օրինակի միջոցով: Մեր ապրելակերպով մենք սովորեցնում ենք մեր երեխաներին. «Սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին. այո, քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները»:20

Հնազանդությունը մեզ դարձնում է ավելի ու ավելի ուժեղ, ունակ հավատարմորեն տանելու ապագայի փորձությունները: Գեթսեմանիում հնազանդ լինելը նախապատրաստեց Փրկչին հնազանդվելուն և համբերելուն Գողգոթայում մինչև վերջ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, Ալմայի խոսքերն արտահայտում են իմ սրտի զգացմունքները.

«Եվ արդ, իմ սիրելի եղբայրներ, ես ասացի այս բաները ձեզ, որ ես կարողանայի զարթնեցնել ձեզ ի զգացումն ձեր պարտականության առ Աստված, որպեսզի դուք կարողանաք քայլել անարատ նրա առաջ …

Եվ արդ, ես կկամենայի, որ դուք լինեիք խոնարհ, և լինեիք հլու ու մեղմ, … լինելով ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս բոլոր դեպքերում»:21

Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ մեր Փրկիչն ապրում է: Քանի որ Նա հնազանդվեց, «ամեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու խոստովանի … որ նա է [մեր Փրկիչը]»:22 Թող որ մենք այնքան խորը սիրենք Նրան և այնքան լիարժեքորեն հավատանք Նրան, որ մենք նույնպես հնազանդվենք, պահենք Նրա պատվիրանները և վերադառնանք ապրելու Նրա հետ հավերժ մեր Աստծո թագավորության մեջ, սա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: