2014
Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՝ Քրիստոսակենտրոն ընտանիք
նախորդ հաջորդ

Պաշտպանություն պոռնոգրաֆիայից՛Քրիստոսակենտրոն տուն

Աշխարհի ամենամեծ զտիչը՝ … ներքին անձնական զտիչն է, որը գալիս է … խորը և հաստատուն վկայությունից:

Թանկագին եղբայրներ և քույրեր, այսօր ես օրհնված եմ ունենալու իմ 13 ավագ թոռներին հավաքվածների մեջ: Այդ իսկ պատճառով ես ինձ տվել եմ հետևյալ հարցը. «Ի՞նչ եմ ես ուզում, որ իմ թոռներն իմանան»: Այս առավոտ ես կցանկանայի անկեղծորեն խոսել իմ ընտանիքի և ձեր ընտանիքների հետ:

Որպես ղեկավարներ մենք մեծապես մտահոգված ենք կործանումով, որը պոռնոգրաֆիան բերում է Եկեղեցու անդամների կյանք և նրանց ընտանիքներ: Սատանան հարձակվում է աննախադեպ կատաղությամբ:

Պատճառներից մեկը, որ մենք այստեղ երկրի վրա ենք, այն է, որ սովորենք կառավարել մեր մահկանացու մարմինների կրքերն ու զգացումները: Աստծո կողմից տրված այս զգացումները օգնում են մեզ ցանկանալ ամուսնանալ և ունենալ երեխաներ: Ամուսնության ժամանակ ինտիմ հարաբերությունները տղամարդու և կնոջ միջև, որի արդյունքում երեխաները գալիս են մահկանացու աշխարհ, նաև նախատեսված են լինելու գեղեցիկ, քնքուշ փորձառություն, որը միացնում է երկու նվիրված սրտեր, միավորում է և հոգին, և մարմինը, և բերում է լիակատար ուրախություն և երջանկություն, երբ մենք սովորում ենք առաջին տեղում դնել միմյանց: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, որ ամուսնության մեջ «կողակիցը … ամենակարևոր տեղն է զբաղեցնում ամուսնու կամ կնոջ կյանքում, և [ոչ մի] ուրիշ հետաքրքրություն [կամ] անձ [կամ] առարկա երբեք չպետք է ավելի կարևոր լինի, քան կողակիցը: …

Ամուսնությունն ակնկալում է բացարձակ նվիրվածություն և բացարձակ հավատարմություն»:1

Շատ տարիներ առաջ մեր երեխաներից մեկը զգալիորեն մտահոգված էր: Ես մտա նրա ննջասենյակ, որտեղ նա բացեց ինձ իր սիրտը և բացատրեց ինձ, որ նա եղել էր ընկերներից մեկի տանը, և պատահականորեն հեռուստացույցով տեսել էր վախեցնող և տագնապալի պատկերներ և գործողություններ՛ առանց հագուստների տղամարդու և կնոջ միջև: Նա սկսեց լաց լինել և արտահայտեց, թե ինչ նողկանք էր զգում այն ամենի վերաբերյալ, ինչ նա տեսել էր, և կցանկանար հանել այդ ամենն իր մտքից: Ես շատ երախտապարտ էի, որ նա վստահեց ինձ այդ գաղտնիքը, տալով ինձ հնարավորություն հանգստացնել նրա անմեղ և ցավացող սիրտը, և օգնել նրան իմանալ, թե ինչպես սփոփանք ստանալ մեր Փրկչի Քավության միջոցով: Ես հիշում եմ նվիրական զգացմունքները, որ ունեցա, երբ մենք միասին ծնկի իջանք որպես մայր և դուստր, և խնդրեցինք մեր Երկնային Հոր օգնությունը:

Շատ երեխաներ, պատանիներ և չափահասներ պատահաբար բախվում են պոռնոգրաֆիայի հետ, սակայն, գնալով, մեծանում է այն տղամարդկանց և կանանց թիվը, ովքեր ընտրում են դիտել այն և շարունակ վերադառնում են այդ ամենին, մինչև այն դառնում է կախվածություն: Այս անհատները, միգուցե, իրենց ողջ սրտով ցանկանում են դուրս գալ այս ծուղակից, սակայն հաճախ չեն կարողանում հաղթահարել այն ինքնուրույն: Որքան երախտապարտ ենք մենք, երբ այս սիրելի անձնավորություններն ընտրում են վստահել մեզ՝ ծնողներիս կամ Եկեղեցու ղեկավարներիս: Մենք իմաստուն կվարվենք, եթե չարձագանքենք վրդովմունքով, զայրույթով կամ մերժումով, որը կստիպի նրանց կրկին լռություն պահպանել:

Որպես ծնողներ և ղեկավարներ մենք պետք է խորհրդակցենք մեր երեխաների և երիտասարդների հետ կրկին ու կրկին՛ լսելով սիրով և հասկացողությամբ: Նրանք պետք է իմանան պոռնոգրաֆիայի վտանգների մասին և թե ինչպես է այն սկսում ղեկավարել մարդկանց կյանքերը, որը պատճառ է դառնում Հոգու կորստի, զգացմունքների խեղաթյուրման, ստի, հարաբերությունների վատթարացման, ինքնակառավարման պակասի և գրեթե սպառում է ողջ ժամանակը, միտքը և էներգիան:

Պոռնոգրաֆիան ավելի զազրելի, տհաճ և մանրամասն է դարձել, քան երբևէ նախկինում: Եթե մենք խորհրդակցենք մեր երեխաների հետ, միասին մենք կարող ենք կազմել ընտանեկան ծրագիր՛ իր չափանիշներով և սահմաններով, հանգամանքներին ընդառաջ գնալով կարող ենք պաշտպանել մեր տները էլեկտրոնային սարքավորումների կարգավորիչների և զտիչների միջոցով: Ծնողներ, մենք տեղյա՞կ ենք, որ համացանցի հնարավորություն ունեցող շարժական սարքավորումները, ոչ համակարգիչները, այս չարիքի ամենամեծ պատճառն են:2

Երիտասարդներ և չափահասներ, եթե դուք հայտնվել եք Սատանայի պոռնոգրաֆիայի ծուղակում, հիշեք, թե որքան ողորմած է մեր սիրելի Փրկիչը: Դուք գիտակցո՞ւմ եք, թե որքան խորն է Տիրոջ սերը և հոգատարությունը ձեր հանդեպ, նույնիսկ այժմ: Մեր Փրկիչն ունի ձեզ մաքրագործելու և օգնելու զորություն: Նա կարող է հեռացնել ցավը և վիշտը, որ դուք զգում եք, և ձեզ կրկին մաքուր դարձնի Իր Քավության զորության միջոցով:

Որպես ղեկավարներ՛ մենք նաև մեծապես մտահոգված ենք պոռնոգրաֆիայի կախվածությունից տառապողների կողակիցների և ընտանիքների համար: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խոստացել է. «Եթե դուք անձամբ ազատ եք լուրջ մեղքերից, զուր տեղը մի տառապեք ուրիշի մեղքերի հետևանքով: … Դուք կարող եք կարեկցանք զգալ: … Սակայն դուք չպետք է ձեզ պատասխանատու զգաք այդ արարքների համար»:3 Իմացեք, որ դուք մենակ չեք: Կա օգնություն: Ամուսինների համար մատչելի են կախվածությունից ազատվելու ժողովներ, ներառյալ հեռախոսային ժողովները, որոնք թույլ են տալիս ամուսիններին զանգահարել ժողովի ժամանակ և մասնակցել իրենց իսկ տնից:

Եղբայրներ և քույրեր, ինչպե՞ս ենք մենք պաշտպանում մեր երեխաներին և երիտասարդներին: Զտիչներն օգտակար գործիքներ են, սակայն աշխարհի ամենամեծ զտիչը, միակը, որը վերջիվերջո կգործի, ներքին անձնական զտիչն է, որը գալիս է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ մեր Երկնային Հոր սիրո և մեր Փրկչի քավող զոհաբերության մասին խորը և հաստատուն վկայությունից:

Ինչպե՞ս ենք մենք առաջնորդում մեր երեխաներին, որպեսզի խորությամբ դարձի գան և օգտվեն մեր Փրկչի Քավությունից: Ես սիրում եմ Նեփի մարգարեի հայտարարությունն այն մասին, թե ինչ արեց իր ժողովուրդը՛ իր օրերի երիտասարդներին գոտեպնդելու համար. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին [և] մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, … որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:4

Ինչպե՞ս մենք կարող ենք անել սա մեր տներում: Ձեզանից ոմանք լսել են ինձ, երբ պատմել եմ այն մասին, թե որքան դժվար է եղել իմ ամուսնու՛ Մելի և ինձ համար լինել չորս փոքրիկների ծնող: Երբ մենք հանդիպեցինք ծնող լինելու և կյանքի բոլոր պահանջները կատարելու խնդիրներին, մենք անհապաղ օգնության կարիք զգացինք: Մենք աղոթում էինք և խնդրում, որպեսզի իմանայինք, թե ինչ անել: Պատասխանը, որ եկավ, պարզ էր. «Նորմալ է, եթե տանը որոշ բաներ իրենց տեղում չեն և երեխաները դեռևս իրենց գիշերանոցներով են և որոշ պարտականություններ կատարված չեն: Միակ բաները, որոնք իսկապես պետք է կատարվեն տանը, ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը և աղոթքն են ու ամեն շաբաթ տնային ընտանեկան երեկոներ անցկացնելը»:

Մենք փորձում էինք անել այս բաները, սակայն դրանք միշտ չէ, որ առաջին տեղում էին դրվում և քաոսի մեջ երբեմն անտեսվում էին: Մենք փոխեցինք մեր կիզակետը և փորձեցինք չմտահոգվել քիչ կարևոր բաների մասին: Մեր կիզակետը դարձավ խոսելը, հրճվելը, քարոզելը և վկայելը Քրիստոսի մասին՛ փորձելով ամեն օր աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները և անցկացնել տնային ընտանեկան երեկո:

Ընկերներիցս մեկը վերջերս զգուշացրեց. «Երբ դուք խնդրում եք քույրերին ավելի շատ կարդալ սուրբ գրությունները և աղոթել, դա լարվածություն է պատճառում նրանց: Նրանք արդեն իսկ զգում են, որ շատ բան ունեն անելու»:

Եղբայրներ և քույրեր, իմ սեփական փորձից և իմ ընտանիքի անդամների փորձից ելնելով, ես պետք է վկայեմ ամեն օր սուրբ գրությունները կարդալու, աղոթելու և ընտանեկան երեկոների օրհնությունների մասին: Սրանք հենց այն փորձառություններն են, որոնք օգնում են հեռացնել լարվածությունը, մեր կյանքին ուղղվածություն են տալիս և ավելացնում են մեր տների պաշտպանվածությունը: Ապա, եթե պոռնոգրաֆիան կամ այլ խնդիրները հարձակում գործեն մեր ընտանիքների վրա, մենք կարող ենք օգնություն խնդրել Տիրոջից և մեծ առաջնորդություն ակնկալել Հոգուց, իմանալով, որ մենք արել ենք այն, ինչ մեր Հայրը խնդրել է մեզ անել:

Եղբայրներ և քույրեր, եթե մենք չենք ունեցել նման փորձառություններ մեր տանը, մենք բոլորս էլ կարող ենք սկսել անել դրանք այժմ: Եթե մեր երեխաները ավելի մեծ են և հրաժարվում են միանալ մեզ, մենք կարող ենք սկսել մեզանից: Երբ մենք անենք դա, Հոգու ազդեցությունը կսկսի լցնել մեր տունը և մեր կյանքը, և ժամանակի ընթացքում երեխաները կարող են արձագանքել:

Հիշեք, որ ապրող Առաքյալները նաև խոստացել են, որ եթե մենք գտնեք մեր նախնիներին և պատրաստենք մեր իսկ ընտանիքի անունները տաճարի համար, մենք պաշտպանված կլինենք այժմ և մեր ողջ կյանքի ընթացքում, եթե արժանի պահենք մեր անձերը տաճարային երաշխավորագրին:5 Ինչպիսի խոստում:

Երիտասարդներ, պատասխանատու եղեք ձեր իսկ հոգևոր բարեկեցության համար: Անհրաժեշտության դեպքում անջատեք ձեր հեռախոսը, երգեք Երեխաների խմբի որևէ երգ, աղոթեք օգնության համար, խորհեք մի սուրբ գրության մասին, հրաժարվեք ֆիլմի դիտումից, պատկերացրեք Փրկչին, արժանիորեն վերցրեք հաղորդությունը, ուսումնասիրեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը, օրինակ եղեք ձեր ընկերների համար, վստահեք ծնողին, հանդիպեք ձեր եպիսկոպոսի հետ, խնդրեք օգնել ձեզ և, անհրաժեշտության դեպքում, փնտրեք մասնագիտացված խորհրդատվություն:

Ի՞նչ եմ ես ուզում, որ իմ թոռներն իմանան: Ես ուզում եմ, որ նրանք և դուք իմանաք, որ ես գիտեմ, որ Փրկիչն ապրում և սիրում է ձեզ: Նա վճարել է մեր մեղքերի գինը, սակայն մենք պետք է ծնկի գանք մեր Երկնային Հոր առաջ մեծ խոնարհությամբ, խոստովանելով մեր մեղքերը, և ներում աղերսենք Նրանից: Մենք պետք է ցանկանանք փոխել մեր սրտերը և ցանկությունները, և լինել բավականաչափ խոնարհ՛ փնտրելու օգնությունը և ներումը նրանց, ում, միգուցե, ցավ ենք պատճառել կամ լքել:

Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ Աստծուն՛ մեր Երկնային Հորը, և մեր Փրկչին՛ Հիսուս Քրիստոսին: Ես վկայում եմ, որ մենք ունենք ապրող մարգարե երկրի վրա՛ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին: Ես նաև վկայում եմ, որ մենք երբեք չենք շեղվի ճանապարհից, եթե լսենք Աստծո մարգարեի խորհրդին: Ես վկայում եմ մեր ուխտերի զորության և տաճարային օրհնությունների մասին:

Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես չեմ կարող բացատրել այս հրաշալի գրքի զորությունը: Ես միայն գիտեմ, որ աղոթքի հետ միասին Մորմոնի Գիրքը զորություն ունի պաշտպանելու ընտանիքներին, ամրապնդելու հարաբերությունները և տալու անձնական վստահություն առ Տերը: Ես վկայում եմ այս բաների մասին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 199–200.

  2. Տես Clay Olsen, “What Teens Wish Parents Knew” (address given at Utah Coalition Against Pornography Conference, Mar. 22, 2014); utahcoalition.org:

  3. Richard G. Scott, “To Be Free of Heavy Burdens,” Liahona, Nov. 2002, 88.

  4. 2 Նեփի 25.26:

  5. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Զավակների սրտերը կդառնան», Լիահոնա, նոյեմբեր 2011, 24–27, Ռիչարդ Գ. Սքոթ, «Մահացածներին փրկելու ուրախությունը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 93–95, Նիլ Լ. Անդերսեն, “Find Our Cousins!” (address given at RootsTech 2014 Family History Conference, Feb. 8, 2014); lds.org/prophets-and-apostles/unto-all-the-world/find-our-cousins: