2014
Մարգարե Ջոզեֆ Սմիթը
նախորդ հաջորդ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը

Հայտնությունը, որ հեղեղի նման թափվեց Ջոզեֆ Սմիթի վրա, հաստատում է, որ նա Աստծո մարգարեն էր:

Առաջին Տեսիլքը

Մի երիտասարդ տղա կարդում է Աստվածաշունչը և նրա աչքերը կանգ են առնում սուրբ գրության մի հատվածի վրա: Այդ պահը փոխում է աշխարհը:

Նա մեծ ցանկություն ունի իմանալու, թե որ եկեղեցին կարող է տանել իրեն դեպի ճշմարտությունը և փրկությունը: Նա փորձել է գրեթե ամեն-ինչ, և այժմ դիմում է Աստվածաշնչին և կարդում է այս խոսքերը. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան»:1

Նա խորհում է դրանց շուրջ կրկին ու կրկին անգամ: Լույսի առաջին նշույլը թափանցում է խավարի մեջ: Արդյո՞ք սա պատասխանն է, շփոթությունից և խավարից դուրս գալու ճանապարհը: Կարո՞ղ է դա այսքան պարզ լինել: Հարցնե՞լ Աստծուն և Նա կպատասխանի: Ի վերջո, նա որոշեց, որ կամ պետք է հարցնի Աստծուն, կամ ընդմիշտ մնա խավարի և շփոթության մեջ:

Սակայն, թեև շատ անհամբեր է, նա չի վազում մի խաղաղ անկյուն գտնելու կամ շտապում արագ աղոթք ասել: Նա միայն 14 տարեկան է, սակայն իմանալու անհամբերության հետ հանդերձ նա չի շտապում: Դա չպետք է լինի հասարակ աղոթք: Նա որոշում է, թե ուր պետք է գնա և երբ պետք է կատարի այդ փորձը: Նա պատրաստվում է խոսել Աստծո հետ:

Եվ, ահա, օրը գալիս է: Դա սքանչելի և պայծառ մի առավոտ է, 1820թ. վաղ գարնանը:2 Նա միայնակ գնում է մոտակա անտառը՝ խաղաղ մի վայր, ուր ծառերն աշտարակի նման վեր են խոյանում նրա գլխավերևում: Նա հասնում է այն տեղը, որտեղ որոշել էր գնալ: Նա ծնկի է իջնում և արտահայտում իր սրտի ցանկությունները:

Նկարագրելով այն, ինչ հետո տեղի է ունենում, նա ասում է.

«Իմ գլխավերևում ես տեսաբ արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

… Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: 3

Միայն 24 տարի անց Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հարումը կզոհվեն նրա հետևանքով, ինչը սկիզբ առավ այստեղ:

Ընդդիմություն

Ջոզեֆն ասաց, որ երբ 17 տարեկան էր, հրեշտակն ասաց իրեն, որ իր «անունը՝ որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի, … բոլոր ժողովուրդների մեջ»:4 Այս զարմանալի մարգարեությունը շարունակվում է կատարվել այսօր՝ աշխարհով մեկ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տարածման միջոցով:

Ընդդիմությունը, քննադատությունը և հակադրությունը ճշմարտության ուղեկիցներն են: Երբ ճշմարտությունը հայտնի է դարձվում մարդու նպատակի և ճակատագրի համար, միշտ հայտնվում է դրան հակադիր ուժը: Էդեմի պարտեզում Ադամից և Եվայից սկսած մինչև Քրիստոսի ծառայությունը և մեր օրերը միշտ եղել են և կլինեն կյանքի ծրագիրը խեղաթյուրելու, դրան խանգարելու, ընդդիմանալու և ճնշելու ջանքեր:

Նայեք խավարի ամենամեծ ամպին, որ կախված է այն ամբողջ կեղտի վրա, որը նետվեց Նրա վրա, ում ընդդիմացան, ում փորձեցին և մերժեցին, ծեծեցին, լքեցին և խաչեցին, Նրան, ով իջավ բոլոր բաներից ցած, և այդտեղ դուք կգտնեք ճշմարտությունը՝ Աստծո Որդուն՝ ողջ մարդկության Փրկչին: Ինչո՞ւ Նրան հանգիստ չթողեցին:

Ինչո՞ւ: Որովհետև Նա ճշմարտություն է, իսկ ճշմարտությանը միշտ ընդդիմանալու են:

Ապա նայեք, թե ով առաջ բերեց Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայություն և մեկ այլ սուրբ գրություն, նայեք, թե ով գործիք դարձավ, որի միջոցով Քրիստոսի Եկեղեցու և ավետարանի լրիվությունը վերականգնվեցին երկրի վրա, նայեք և ակնկալեք տեսնել շուրջը պարուրող կեղտը: Ինչո՞ւ նրան հանգիստ չթողնել:

Ինչո՞ւ: Որովհետև Նա ուսուցանեց ճշմարտությունը, իսկ ճշմարտությանը միշտ ընդդիմանալու են:

Հայտնության հեղեղը

Հայտնությունը, որ հեղեղի նման թափվեց Ջոզեֆ Սմիթի վրա, հաստատում է, որ նա Աստծո մարգարեն էր: Եկեք դիտարկենք մի քանիսը, տեսնենք այն լույսը և ճշմարտությունը, որ հայտնի դարձվեցին նրա միջոցով, և որոնք ցնցող տարբերությամբ շողում են իր և մեր օրերի տարածված համոզմունքներին համեմատ:

  • Աստված անձնավորված, վեհացած էակ է, Հավերժական Հայր: Նա մեր Հայրն է:

  • Հայր Աստված, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին առանձին էակներ են:5

  • Դուք ավելին եք, քան պարզապես մարդկային էակ: Դուք Աստծո՝ Հավերժական Հոր զավակն եք և կարող եք դառնալ Նրա նման,6 եթե հավատք ունենաք Նրա Որդու հանդեպ, ապաշխարեք, ստանաք արարողություններ, ստանաք Սուրբ Հոգին և դիմանաք մինչև վերջ:7

  • Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այսօր հիմնովին նույն Եկեղեցին է, որը Նա ստեղծեց Իր երկրային ծառայության ժամանակ՝ մարգարեներով և առաքյալներով, Մելքիսեդեկով և Ղևտացի Քահանայությամբ, երեցներով, քահանայապետերով, սարկավագներով, ուսուցիչներով, եպիսկոպոսներով և յոթանասունականներով, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում:

  • Քահանայության իշխանությունը վերցվեց երկրի վրայից Փրկչի և Նրա Առաքյալների մահից հետո, և կրկին վերականգնվեց մեր օրերում:

  • Հայտնությունը չի դադարել տրվել, և երկինքները չեն փակվել: Աստված խոսում է մարգարեների հետ այսօր և կխոսի նաև ձեր և իմ հետ:8

  • Կա ավելին այս կյանքից հետո, քան միայն դրախտը և դժոխքը: Կան փառքի աստիճաններ, և մեծ նշանակություն ունի այն, թե ինչ ենք մենք անում այս կյանքում:9

  • Քրիստոսին պասիվ հավատալու փոխարեն մենք պետք է «նայենք Նրան մեր բոլոր մտորումներում»,10 «անենք այդ ամենը Որդու անունով»,11 և «միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, … որպեսզի նրա Հոգին միշտ» մեզ հետ ունենանք:12

  • Միլիարդավոր մարդիկ, ովքեր ապրում և մահանում են առանց ավետարանի և փրկության համար անհրաժեշտ արարողությունների, կորած չեն: Քրիստոսի Քավության միջոցով ամբողջ մարդկությունը «կարող է փրկվել, հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»,13 որոնք սպասավորում են և կենդանի, և մահացած մարդկանց:14

  • Ամեն ինչ չի սկսվում ծնունդով: Դուք ապրել եք Աստծո ներկայության մեջ որպես Նրա որդի կամ դուստր և պատրաստվել մահկանացու կյանքի համար:15

  • Ամուսնությունը և ընտանիքը մահով ավարտվող մարդկային կապեր չեն: Դրանք ստեղծված են լինելու հավերժական ուխտեր, որոնք մենք կապում ենք Աստծո հետ: Ընտանիքը երկնքի ապրելաձևն է:16

Եվ սա միայն մի մասն է այն հայտնությունների, որ թափվեցին Ջոզեֆ Սմիթի վրա: Որտեղի՞ց այդ բոլորն եկավ. հայտնություններ, որոնք լույս տվեցին խավարին, պարզություն՝ կասկածին, ոգեշնչեցին, օրհնեցին և կատարելագործեցին միլիոնավոր մարդկանց: Ո՞րն է ավելի հավանական. որ նա հնարել է այդ ամենը, թե՞ որ ունեցել է երկնքի օգնությունը: Սուրբ գրությունները, որոնք նա գրի առավ, նման են մարդո՞ւ, թե Աստծո խոսքերի:

Վերջաբան

Չկա անհամաձայնություն նրանում, թե ինչ նվաճումներ ունեցավ Ջոզեֆ Սմիթը: Անհամաձայնությունը միայն այն հարցում է, թե ինչպես նա այդ ամենն արեց և ինչու: Եվ շատ տարբերակներ չկան: Նա կամ դերասան էր, կամ մարգարե: Նա արեց այդ ամենը կամ մենակ, կամ նա ստացել էր երկնքի օգնությունը: Նայեք վկայություններին, բայց նայեք բոլոր վկայություններին, նրա կյանքի ամբողջ խճանկարին, ոչ թե միայն առանձին հատվածի: Եվ ամենակարևորը, արեք, ինչպես երիտասարդ Ջոզեֆը՝ խնդրեք «Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի» ձեզ:17 Դա ոչ միայն Մորմոնի Գրքի և Ջոզեֆ Սմիթի, այլ բոլոր բաների մասին ճշմարտությունն իմանալու եղանակն է:18

Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է, ինչպես այսօր՝ Թոմաս Ս. Մոնսոնը: Ջոզեֆ Սմիթի միջոցով Աստծո արքայության բանալիները կրկին «վստահված են մարդուն երկրի վրա, և … ավետարանը կգլորվի … ինչպես քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, … մինչև որ լցնի ողջ երկիրը»:19

Աստված մեր Երկնային Հայրն է, իսկ Հիսուսը՝ Քրիստոսը: Մենք երկրպագում ենք Նրանց: Ոչինչ չի կարող համեմատվել Նրանց արարումների, փրկության ծրագրի և Աստծո Գառան քավող զոհաբերության հետ: Այս տնտեսության մեջ մենք իրականացնում ենք Հոր ծրագիրը և ճաշակում Քավության պտուղները, միայն եթե հնազանդվում ենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ավետարանի օրենքներին և արարողություններին: Ես բերում եմ վկայություն Նրանց մասին՝ Հավերժական Հայր Աստծո և աշխարհի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի: Եվ անում եմ դա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: