2014
Որտեղ ձեր գանձն է
նախորդ հաջորդ

Որտեղ ձեր գանձն է

Եթե մենք զգույշ չլինենք, մենք կսկսենք ավելի շատ հետամուտ լինել նյութական բաներին, քան հոգևոր:

2007թ. հոկտեմբերի գերագույն համաժողովից անմիջապես հետո իմ եղբայրներից մեկն ասաց ինձ, որ մոտավորապես յոթ տարի հետո ես կրկին կկարողանայի ունենալ այս տանջալից փորձառությունը: Ես թեթևացած շունչ քաշեցի և ասացի նրան, որ կհամարեմ դրանք «իմ մեծ առատության յոթը տարիներ»: Եվ, ահա, ես այստեղ եմ. իմ առատության յոթը տարիները հասան իրենց ավարտին:

Անցած հունվարին իմ սիրելի Գրեյսը և ես հանձնարարություն ստացանք այցելելու անդամներին Ֆիլիպիններում, որտեղ նրանք տառապում էին մեծ երկրաշարժի և սաստիկ փոթորկի վնասներից: Մենք ուրախացանք, քանի որ այս հանձնարարությունը մեր աղոթքների պատասխանն էր և մեր սիրող Երկնային Հոր գթության և բարության վկայությունը: Այն մեզ հնարավորություն տվեց անձամբ արտահայտել նրանց մեր սերը և հոգատարությունը, ինչին մենք այնքան ձգտում էինք:

Անդամներից շատերը, որոնց մենք հանդիպեցինք, դեռևս ապրում էին ժամանակավոր կացարաններում՝ վրաններում, համայնքային կենտրոններում և Եկեղեցու ժողովատներում: Տները, որոնք մենք այցելեցինք, կամ ունեին մասնակի տանիք կամ, ընդհանրապես, տանիք չունեին: Մարդիկ մինչ այդ էլ շատ բան չունեին այստեղ, սակայն նրանք զրկվեցին քչից էլ: Ամենուր ցեխ էր ու շինարարական աղբ: Այնուամենայնիվ, նրանք լի էին երախտագիտությամբ այն փոքր օգնության համար, որը ստացել էին, և լավ հոգեվիճակում էին, անկախ իրենց շատ դժվարին պայմաններին: Երբ մենք հարցրեցինք նրանց, թե ինչպես էին հաղթահարում այդ ամենը, յուրաքանչյուրը բարձրաձայն պատասխանեց. «Մենք լավ ենք»: Ակնհայտ էր, որ նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոս տվել էր նրանց հույս, որ ամեն բան, ի վերջո, լավ էր լինելու: Գնալով տնից տուն, վրանից վրան, Քույր Թեհը և ես ուսուցանվում էինք այս հավատարիմ Սրբերի կողմից:

Աղետների և դժբախտությունների ժամանակ Տերը մեր ուշադրության կենտրոնը և մեր առաջնահերթությունները վերափոխելու եղանակներ է գտնում: Անսպասելիորեն, բոլոր նյութական բաները, որոնք ձեռք բերելու համար մենք մեծ ջանքեր էինք գործադրել, այլևս կարևոր չեն լինում: Միակ կարևոր բանը դառնում է մեր ընտանիքը և մեր հարաբերությունները ուրիշների հետ: Մի լավ քույր սա այսպես է նկարագրել. «Երբ ջուրը նվազեց և եկավ մաքրություն անելու ժամանակը, ես իմ տան մեջ դիտեցի շուրջբոլորս և մտածեցի. «Վա՜յ, որքան աղբ եմ ես կուտակել այս տարիների ընթացքում»»:

Ես կարծում եմ, որ այս քույրը ձեռք բերեց ավելի լավ հեռանկար և սրանից հետո շատ շրջահայաց կլինի որոշումներ կայացնելիս, թե որ բաներն են անհրաժեշտ և որոնք են այն բաները, առանց որոնց նա իսկապես կարող է ապրել:

Տարիներ շարունակ, բազմաթիվ անդամների հետ աշխատելով, մենք երջանիկ ենք եղել նկատելու հոգևոր մեծ ուժի առկայությունը: Մենք նաև այս հավատարիմ անդամների մոտ տեսել ենք և նյութական ունեցվածքի առատություն, և պակասություն:

Անհրաժեշտությունից ելնելով՛ մեզանից շատերը ներգրավված են փող վաստակելու և աշխարհիկ բարիքներ ձեռք բերելու մեջ, որպեսզի կարողանան ապահովել ընտանիքներին: Դա պահանջում է մեր ժամանակի և ուշադրության մեծ մասը: Վերջ չկա այն ամենին, ինչ աշխարհն ունի մեզ առաջարկելու, ուստի խիստ կարևոր է, որ մենք սովորենք զգալ, թե երբ ունենք բավականաչափ: Եթե մենք զգույշ չլինենք, մենք կսկսենք ավելի շատ հետամուտ լինել նյութական բաներին, քան հոգևոր: Այդ ժամանակ հոգևոր և հավերժական ձգտումները կմարեն, սակայն պետք է դրա հակառակը լիներ: Ցավոք, առաջ է գալիս մեծ հակում՝ ձեռք բերելու ավելին ու ավելին և ունենալու ամենանորաձևն ու ամենաարդիականը:

Ինչպե՞ս մենք կարող ենք համոզված լինել, որ չենք գայթակղվել հետևելու այս արահետին: Հակոբը տալիս է այս խորհուրդը. «Ուստի, փող մի ծախսեք այն բանի համար, ինչն արժեք չունի, ոչ էլ ձեր աշխատանքն այն բանի համար, որ չի կարող բավարարել: Լսեք ինձ ջանասիրաբար և հիշեք խոսքերը, որոնք ես խոսել եմ. և եկեք դեպի Սուրբն Իսրայելի, ճաշակեք այն, ինչը չի ոչնչանում, ոչ էլ կարող է ապականվել, և թող ձեր հոգին զվարճանա պարարտությունով»:1

Ես հուսով եմ, որ մեզանից ոչ մեկը փող չի ծախսում այն բանի համար, ինչն արժեք չունի, ոչ էլ աշխատում է այն բանի համար, որ չի կարող բավարարել:

Փրկիչն ուսուցանեց հետևյալը և հրեաներին, և նեփիացիներին.

«Մի դիզեք ձեզ համար գանձեր երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են ապականում, և գողերը ներս են խուժում ու գողանում.

Այլ գանձեր դիզեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, և ուր գողերը ներս չեն թափանցում և չեն գողանում.

Քանզի որտեղ ձեր գանձերն են, այնտեղ կլինի և ձեր սիրտը»:2

Մեկ այլ առիթով Փրկիչը տվեց այս առակը.

«Մի հարուստ մարդի արտը առատ պտուղ տուաւ.

Եւ նա իր մտքումը մտածում էր եւ ասում. Ի՞նչ անեմ, որ տեղ չունիմ որ իմ պտուղներն այնտեղ ժողովեմ:

Եւ ասեց. Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, եւ աւելի մեծերը կշինեմ, եւ իմ բոլոր բերքերն ու բարիքները այնտեղ կժողովեմ:

Եւ իմ անձին կասեմ. Ով անձն, շատ բարիքներ ունիս շատ տարիների համար ամբարուած. հանգստացիր, կեր, խմիր, զուարճացիր:

Բայց Աստուած նորան ասեց. Անմիտ. հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՛ ո՞ւմ կլինի:

Այսպէս էլ նա՛ որ իր անձի համար գանձ է հաւաքում, և Աստուծով չէ հարուստ»:3

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը տվեց հետևյալ խորհուրդը ոչ վաղ անցյալում.

«Մեր Երկնային Հայրը տեսնում է մեր իրական ներուժը: Նա գիտի բաներ մեր մասին, որոնք մենք ինքներս չգիտենք: Նա հուշում է մեզ մեր կյանքի ընթացքում իրականացնել մեր ստեղծման նպատակը, ապրել արդար կյանքով և վերադառնալ Իր ներկայություն:

Ուրեմն, ինչո՞ւ ենք մենք այդքան շատ ժամանակ և էներգիա ծախսում այն բաների վրա, որոնք այդքան անցողիկ են, այդքան աննպատակ և այդքան մակերեսային: Մի՞թե մենք հրաժարվում ենք տեսնել չնչին և անցողիկ բաներին հետամուտ լինելու անմտությունը»:4

Մենք բոլորս էլ գիտենք, որ աշխարհիկ գանձերի մեր ցուցակը բաղկացած է հպարտությունից, հարստությունից, նյութական բաներից, զորությունից և մարդկանց գովասանքներից: Չարժե ժամանակ ծախսել դրանց վրա կամ ուշադրության արժանացնել, ուստի դրանց փոխարեն ես կկենտրոնանամ այն բաների վրա, որոնք իրենցից ներկայացնելու են մեր երկնային գանձերը:

Որո՞նք են այն երկնային գանձերը, որոնք մենք կարող ենք դիզել մեզ համար: Նախ լավ կլինի, որ մենք ձեռք բերենք Քրիստոսանման հատկանիշներ՛ հավատք, հույս, հեզություն և գթասրտություն: Մեզ շարունակ խորհուրդ են տվել «[հանել] բնական մարդուն և [դառնալ] ինչպես մի երեխա»:5 Փրկիչը խրատում է մեզ ձգտել լինել կատարյալ, ճիշտ ինչպես Ինքն է և մեր Երկնային Հայրը:6

Երկրորդը, մենք պետք է պատշաճ ժամանակ և ջանքեր գործադրենք ընտանեկան հարաբերություններն ամրացնելու համար: Ի վերջո, «ընտանիքը կարգված է Աստծո կողմից: Այն ամենակարևոր միավորն է ժամանակի և հավերժության մեջ»:7

Երրորդը, ուրիշներին ծառայելը Քրիստոսի ճշմարիտ հետևորդի բնորոշ հատկանիշն է: Նա ասել է. «Որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»:8

Չորրորդը, Քրիստոսի վարդապետությունը հասկանալը և մեր վկայությունը ամրացնելը տքնաջան աշխատանք է, որն առաջ է բերում իսկական ուրախություն և գոհացում: Մենք պետք է հետևողականորեն ուսումնասիրենք Քրիստոսի խոսքերը, ինչպես դրանք տրված են սուրբ գրություններում, և ապրող մարգարեների խոսքերը: «Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:9

Թույլ տվեք ինձ ավարտել 73-ամյա մի այրու պատմությամբ, ում մենք հանդիպեցինք Ֆիլիպիններ կատարած մեր ճամփորդության ժամանակ:

Երբ Բոհոլ կղզում անսպասելի երկրաշարժ տեղի ունեցավ, տունը, որը նա և նրա հանգուցյալ ամուսինը կառուցել էին քրտնաջան աշխատանքի շնորհիվ, հավասարվեց գետնին՛ սպանելով նրա դստերն ու թոռնիկին: Այժմ, մենակ լինելով, նա պետք է աշխատեր, որ հոգ տաներ իր համար: Նա սկսել է լվացք անել ուրիշների համար (ձեռքով) և պետք է բարձրանար և իջներ մի մեծ բլուր օրվա մեջ մի քանի անգամ, որպեսզի ջուր կրեր: Երբ մենք այցելեցինք նրան, նա դեռևս վրանում էր ապրում:

Սրանք նրա խոսքերն են. «Երեց, ես հաշտվել եմ այն ամենի հետ, որ Տերը ցանկացել է, որ ես հաղթահարեմ: Ես չեմ լցվել չարությամբ: Ես փայփայում եմ իմ տաճարային երաշխավորագիրը և պահում եմ այն իմ բարձի տակ: Խնդրում եմ, իմացեք, որ ես վճարում եմ լրիվ տասանորդ լվացք անելուց ստացած իմ աղքատիկ եկամուտից: Ինչ էլ որ լինի, ես միշտ տասանորդ կվճարեմ»:

Ես վկայում եմ, որ մեր առաջնահերթությունները, հակումները, սովորությունները, ցանկությունները և կրքերը անմիջական ազդեցություն կունենան մեր հաջորդ վիճակի վրա: Թող մենք միշտ հիշենք Փրկչի խոսքերը. «Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի եւ ձեր սիրտը»: Թող մեր սրտերը գտնվեն ճիշտ տեղում, սա իմ աղոթքն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: