2014
Մինչև նոր հանդիպում
Մայիս 2014


Մինչև նոր հանդիպում

Թող Հոգին, որը մենք զգացինք այս անցած երկու օրերի ընթացքում, մեզ հետ լինի և մեզ հետ մնա, երբ մենք անցնենք մեր առօրյային:

Իմ եղբայրներ և քույրեր, ինչպիսի հրաշալի համաժողով էր սա: Մենք հոգևոր սնուցում ստացանք, լսելով այն տղամարդկանց և կանանց ոգեշնչված խոսքերը, ովքեր դիմեցին մեզ: Երաժշտությունը գերազանց էր, ուղերձները պատրաստվել էին և հղվել Սուրբ Հոգու հուշումներով, իսկ աղոթքները մեզ ավելի մոտեցրին երկնքին: Մենք վեհացում ապրեցինք, մասնակցելով միասին:

Ես հույս ունեմ, որ մենք ժամանակ կգտնենք կարդալու համաժողովի ուղերձները, երբ դրանք մատչելի լինեն LDS.org կայքում հաջորդ մի քանի օրվա ընթացքում և տպագրվեն Ensign և Լիահոնա ամսագրերի գալիք համարներում, քանի որ դրանք ուշադիր վերընթերցման և ուսումնասիրության են արժանի:

Ես գիտեմ, որ դուք միանում եք ինձ, արտահայտելով անկեղծ երախտագիտություն այն եղբայրներին և քույրերին, ովքեր ազատվեցին այս համաժողովին իրենց ծառայություններից: Նրանք լավ ծառայեցին և մեծ ներդրում ունեցան Տիրոջ աշխատանքում: Նրանց նվիրումն ամբողջական էր:

Մենք հաստատեցինք նաև՝ ձեռքի բարձրացմամբ, եղբայրներին, ովքեր կանչվեցին նոր պաշտոնների: Մենք ողջունում ենք նրանց և ցանկանում, որ նրանք իմանան, որ մենք հաճույքով կաշխատենք իրենց հետ Վարդապետի գործի համար:

Խորհելով ուղերձների շուրջ, որոնք մենք ստացանք, թող որ մենք վճռական լինենք անելու մի փոքր ավելի լավ, քան անցյալում: Թող որ մենք լինենք բարի և սիրալիր նրանց հանդեպ, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները և մեր չափանիշները: Փրկիչը բոլոր տղամարդկանց և կանանց տվեց սիրո և բարի կամքի ուղերձը: Եկեք միշտ հետևենք Նրա օրինակին:

Այսօր աշխարհում մենք բազմաթիվ լուրջ խնդիրների ենք հանդիպում, սակայն ես հավատացնում եմ ձեզ, որ մեր Երկնային Հայրը մտածում է մեր մասին: Նա կառաջնորդի և կօրհնի մեզ, եթե մենք մեր հավատքը և վստահությունը դնենք Իր վրա, Նա կօգնի մեզ անցնել մեր ճանապարհին հանդիպող ցանկացած դժվարության միջով:

Թող երկնքի օրհնությունները լինեն յուրաքանչյուրիս հետ: Թող մեր տները լցվեն սիրով, բարությամբ և Տիրոջ Հոգով: Թող մենք շարունակ սնուցենք ավետարանի մասին մեր վկայությունները, որպեսզի դրանք պաշտպանություն լինեն թշնամու հարձակումներից: Թող Հոգին, որը մենք զգացինք այս անցած երկու օրերի ընթացքում, մեզ հետ լինի և մեզ հետ մնա, երբ մենք անցնենք մեր առօրյային, և թող որ մենք միշտ գտնվենք Տիրոջ աշխատանքի մեջ:

Ես բերում եմ իմ վկայությունն այն մասին, որ այս աշխատանքը ճշմարիտ է, որ մեր Փրկիչն ապրում է, որ Նա առաջնորդում և ուղղորդում է Իր Եկեղեցին այստեղ՝ Երկրի վրա: Նա իսկապես մեր Հայրն է, և Նա անձնական և իրական է: Թող որ մենք հասկանանք, թե որքան է Նա ցանկանում մոտենալ մեզ, որքան հեռու է Նա ցանկանում գնալ՝ մեզ օգնելու համար, և թե որքան շատ է Նա մեզ սիրում:

Իմ եղբայրներ և քույրեր, թող Աստված օրհնի ձեզ: Թող Նրա խոստացած խաղաղությունը լինի ձեզ հետ այժմ և հավիտյան:

Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ մինչև մենք կրկին կհանդիպենք վեց ամիս անց, և ես անում եմ դա Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի անունով, ամեն: