Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 19


Տնային ուսումնասիրության դաս

Ալմա 33–38 (Մաս 19)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Ալմա 33–38 (մաս 19)-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհեք ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Ալմա 33–35)

Ալման սովորեցրեց զորամացիներին, որ մենք կարող ենք միշտ երկրպագել Աստծուն աղոթքի միջոցով: Ալման այնուհետև սովորեցրեց, որ մենք ստանում ենք Երկնային Հոր ողորմածությունը, ներառյալ մեր մեղքերի թողությունը, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Ամուղեկը սովորեցրեց զորամացիներին, որ Հիսուս Քրիստոսի անսահման և հավերժական Քավությունը փրկություն է նախապատրաստում բոլոր մարդկանց համար: Ուսանողները նաև սովորեցին, որ Քավության բոլոր օրհնությունները ստանալու համար մենք պետք է հավատք գործադրենք ի ապաշխարություն:

Օր 2 (Ալմա 36)

Իր դարձի գալու վերաբերյալ Ալմայի պատմությունից ուսանողները սովորեցին, որ մեղքը կարող է առաջ բերել մեծ ցավ ու վիշտ: Բացի դրանից, նրանք սովորեցին, որ եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսի Քավությունը, Նա կազատի մեզ մեր մեղքերի ցավից և կլցնի մեզ ուրախությամբ: Ալմայի պես մենք էլ կարող ենք մեծ ուրախություն ստանալ, երբ փորձենք ուրիշներին բերել Քրիստոսի մոտ:

Օր 3 (Ալմա 37)

Ալման հանձնարարեց իր որդուն՝ Հելամանին, պահել և պահպանել սուրբ հիշատակարանները: Ուսումնասիրելով Ալմայի խոսքերը՝ ուսանողները սովորեցին, որ Իր հավերժական նպատակներն իրականացնելու համար Տերն աշխատում է փոքր և հասարակ բաներով: Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, մենք կբարգավաճենք: Ալման ուսուցանեց իր որդուն, որ մենք պետք է սովորենք մեր երիտասարդության օրերում պահել Աստծո պատվիրանները և որ, եթե մենք ականջ դնենք Հիսուս Քրիստոսի խոսքերին, դրանք կառաջնորդեն մեզ ստանալու հավերժական կյանք:

Օր 4 (Ալմա 38)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Սիբլոնին ուղղված Ալմայի խորհուրդը, նրանք սովորեցին, որ երբ նրանք սկսում են իրենց երիտասարդության տարիներին հաստատուն և հավատարիմ լինել պատվիրանները պահելու հարցում, նրանք կարող են մեծ ուրախություն բերել իրենց ծնողներին: Ալման վկայեց իր որդիներին, որ Աստված ազատում է անհատներին դժվարություններից, փորձանքներից և տառապանքներից, երբ նրանք ամեն բան տանում են համբերությամբ և Նրան վստահելով: Ալման նաև վկայեց, որ որպեսզի ստանանք ներում մեր մեղքերին և խաղաղություն մեր հոգիներին, մենք պետք է կանչենք առ Աստված ողորմածության համար: Ի վերջո, ուսանողները սովորեցին, որ արդար հատկանիշներ զարգացնելը նախապատրաստում է մեզ սովորեցնել և ծառայել ուրիշներին:

Նախաբան

Ամուղեկը սովորեցրեց զորամացիներին, որ Քավությունն «անսահման և հավերժական» է (Ալմա 34.10): Ուսանողները սովորեցին այս ճշմարտությունը շաբաթվա ընթացքում կատարած ուսումնասիրությունների ժամանակ, և այս դասը նրանց կտա ևս մեկ հնարավորություն, որ հասկանան և գնահատեն Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 33–35

Ալման և Ամուղեկը սովորեցնում են զորամացիներին Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

Հարցրեք. Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր քավել աշխարհի մեղքերը:

Հիշեցրեք ուսանողներին, որ որպես իրենց շաբաթական հանձնարարություններ, նրանք կարդացել էին Ալմա 34.10–14-ը և նշել էին արտահայտությունները, որոնք ներառում էին անսահման և հավերժական բառերը: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս հատվածները, հետո խնդրեք ուսանողներին կիսվել արտահայտություններով, որոնք նրանք ընդգծել են:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը, որ օգնեք նրանց հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման և հավերժական.

«Նրա Քավությունն անսահման է՝ առանց վերջի: Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: … Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլ նաև Նրա կողմից ստեղծված անսահման քանակությամբ աշխարհների վրա: Այն անսահման էր ցանկացած մարդկային չափման միավորից կամ մահկանացու ըմբռնողությունից:

Հիսուսը միակն էր, որ կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ առանձնահատուկ ծնունդի շնորհիվ Հիսուսն անսահման Էակ էր» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35):

Հարցրեք. Ինչպե՞ս են Ամուղեկի ուսմունքները և Երեց Նելսոնի այս բացատրություններն օգնում մեզ հասկանալ, թե ինչու էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր քավել աշխարհի մեղքերը:

Ուսանողներին խնդրեք ամփոփել, թե ինչ են իրենք մինչ այժմ սովորել Ալմա 34-ից Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Բացատրեք, որ այս բաժնից մենք կարող ենք սովորել այն կարևոր սկզբունքը, որ Հիսուս Քրիստոսի անսահման և հավերժական Քավությունը արվել է բոլոր մարդկանց համար:

Գրեք հետևյալ արտահայտությունը գրատախտակին կամ թերթիկի վրա. Պատկերացրեք կյանքն առանց …

Ցուցադրեք մի առարկա, որը շատ երիտասարդներ արժևորում են (օրինակ՝ բջջային հեռախոս): Հարցրեք. Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց այս առարկայի:

Հաջորդը, ցուցադրեք ջրով մի շիշ կամ բաժակ (կամ մեկ ուրիշ բան, որը կենսական կարևոր նշանակություն ունի): Հարցրեք. Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց ջրի:

Երբ ուսանողները պատասխանեն այս հարցերին, լրացրեք գրատախտակի նախադասությունը. Պատկերացրեք կյանքն առանց Հիսուս Քրիստոսի Քավության:

Տվեք հետևյալ հարցերը.

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս են մարդիկ նայում կյանքին, եթե նրանք չգիտեն Հիսուս Քրիստոսի մասին կամ եթե նրանք չեն հավատում, որ կա Աստված:

  • Ըստ ձեզ, ի՞նչ կփոխվեր կյանքում ձեզ համար՝ առանց Հիսուս Քրիստոսի Քավության: (Նախքան պատասխաններ հարցնելը, ուսանողներին խորհելու համար ժամանակ տվեք:)

Բացատրեք, որ Ամուղեկը սովորեցրեց զորամացիներին, որ նրանք պետք է ապաշխարեին, որպեսզի իրենց կյանքում ունենային Քավության օրհնությունները (տես Ալմա 34.15–17): Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ հետաձգել են ապաշխարելը, քանի որ վախեցել են խոստովանել իրենց մեղքերը կամ վախեցել են, որ իրենք բավականաչափ ուժեղ չեն լինի փոխվելու համար: Ապա հարցրեք. Ինչո՞ւ է վտանգավոր հետաձգել ապաշխարությունը:

Հրավիրք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 34.30–35, փնտրելով, թե ինչ է Ամուղեկը սովորեցրել այն մասին, թե ինչու մենք չպետք է հետաձգենք ապաշխարելը: Քննարկեք այս հատվածները՝ տալով հետևյալ հարցերը.

  • Աչքի անցկացրեք Ալմա 34.32: Ինչո՞ւ մենք պետք է այսօր ապաշխարենք: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ այս սկզբունքը. Մեզ համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն:)

  • Աչքի անցկացրեք Ալմա 34.33: Ո՞րն է այս կյանքի նպատակը: Ի՞նչ կպատահի նրանց, ովքեր կհետաձգեն ապաշխարելը:

  • Աչքի անցկացրեք Ալմա 34.31: Ի՞նչ խոստում է տրվում նրանց, ովքեր այժմ են ապաշխարում:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

«Դուք կարիք չունեք իմանալու ամեն բան, նախքան Քավության զորությունը կգործի ձեզ համար: Հավատք ունեցեք առ Քրիստոս. այն սկսում է գործել այն օրը, երբ դուք խնդրում եք» (”Washed Clean,” Ensign, May 1997, 10):

Հարցրեք. Ի՞նչ են ձեզ սովորեցնում Նախագահ Փաքերի այս խոսքերը: Ինչպե՞ս են դրանք ձեզ օգնում:

Ալմա 36

Ալման խորհուրդ է տալիս իր որդի Հելամանին

Ձեր ուսանողներն ուսումնասիրել են Ալմայի խորհուրդը, որը նա տվել է իր որդի Հելամանին, որը գտնվում է Ալմա 36-ում, և իմացել են այն ուրախության մասին, որ Ալման զգացել է, երբ անկեղծորեն ապաշխարել է իր մեղքերից: Ուսանողներին հանձնարարվել էր կարդալ Ալմա 36.19–22-ը և հետո գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ են այս հատվածները սովորեցրել իրենց Քավության զորության մասին (օր 2, առաջադրանք 3): Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են իրենք գրել: Վերջում բերեք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Քավության և երջանկության մասին, որ գալիս է ապաշխարությունից:

Հաջորդ Մաս (Ալմա 39–44)

Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող է հոգատար և սիրող ծնողը ուղղել որդուն կամ դստերը, ով գործել է լուրջ սեռական օրինազանցություններ: Ալման հայտնվել էր նման իրավիճակում և սովորեցրել կարևոր ճշմարտություններ իր որդի Կորիանթոնին, ով մեղանչել էր, մինչ ծառայում էր միսիայում: