Գրադարան
Մորմոնի Խոսքերը


Մորմոնի Խոսքերի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Մորմոնի Խոսքերի ուսումնասիրության միջոցով ուսանողները կարող են մեծացնել իրենց հավատքը, որ «Տերը գիտի բոլոր բաները» (Մորմոնի Խոսքերը 1.7) և որ Նա առաջնորդում է Իր ծառաներին Իր նպատակներն իրականացնելու համար: Լինելով պատմական հաշվետվություն՝ գիրքը ծառայում է որպես կամուրջ Նեփիի փոքր թիթեղների (1 Նեփի–Օմնի) և Նեփիի մեծ թիթեղների (Մոսիա–4 Նեփի) Մորմոնի կրճատման միջև: Այն կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե որ հիշատակարաններն է Մորմոնը կրճատել, երբ նա կազմել է Մորմոնի Գիրքը: Այն նաև ներկայացնում է ուսանողներին Բենիամին թագավորի հավատքը և նվաճումները:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այս գիրքը գրել է Մորմոնը: Նա մարգարե էր, հիշատակարաններ պահող և կրճատող և Մորմոնի Գրքի կազմող: Նա նաև արդար հայր էր և բանակի առաջնորդ նեփիացիների մեջ: Մարգարե Մորոնին նրա որդին էր:

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Մորմոնը դիմում է հետագա ունկնդիրներին, հուսալով, որ իր գրածները և իր որդու՝ Մորոնիի գրածները «օգտակար [կլինեն] նրանց» (Մորմոնի Խոսքերը 1.2): Նա հատկապես գրել է լամանացիների օգտի համար: Նրանց վերաբերյալ նա ասել է. «Իմ աղոթքն առ Աստված վերաբերվում է իմ եղբայրներին, որպեսզի նրանք կարողանան դարձյալ գալ Աստծո իմացությանը, այո, Քրիստոսի փրկագնմանը. որ նրանք կարողանան դարձյալ լինել մի հրաշալի ժողովուրդ» (Մորմոնի Խոսքերը 1.8):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մորմոնն այս գիրքը գրել է մոտավորապես մ.թ. 385թ ., այն բանից հետո, երբ նա «վկա [եղավ իր] ժողովրդի՝ Նեփիացիների համարյա լիակատար կործանմանը» (Մորմոնի Խոսքերը 1.1): Մորմոնը չի գրել, թե որտեղ էր, երբ գրում էր այս գիրքը:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Այս կարճ գիրքն ընդհատում է գրքերի Ժամանակագրական կարգը Մորմոնի Գրքի սկզբում: Մորմոնն այն գրել է Օմնիի գիրքն Ամաղեկիի կողմից ավարտելուց հետո ավելի քան 500 տարի անց: Այս գրքում Մորմոնը հակիրճ ձևով բացատրում է իր ժողովրդի հիշատակարանի բանաքաղումը և կրճատումը: Նրա բացատրությունը հասկանալու համար կարող է օգնել հիշելը, որ Տերը պատվիրել էր Նեփիին պատրաստել թիթեղների երկու հավաքածուներ՝ «հատուկ» և «իմաստուն» նպատակով (տես 1 Նեփի 9.3, 5): Թիթեղների մի հավաքածուն, որը հաճախ կոչվում էր մեծ թիթեղներ, պարունակում էր նեփիացիների աշխարհիկ պատմությունը, մինչդեռ մյուս հավաքածուն, որ հաճախ կոչվում էր փոքր թիթեղներ, պարունակում էր նեփիացիների քարոզչությունը, հայտնությունները և մարգարեությունները (տես 1 Նեփի 9.2–4, Հակոբ 1.3–4):

Մորմոնը հայտնաբերում է Նեփիի փոքր թիթեղներն այն բանից հետո, երբ նա արդեն կրճատել էր մեծ թիթեղների մի մասը (տես Մորմոնի Խոսքերը 1.3): Առաջնորդվելով Տիրոջ Հոգով՝ Նեփին ներառել է փոքր թիթեղները մեծ թիթեղների կրճատման հետ: Նա արել է սա «իմաստուն նպատակի համար», համաձայն Տիրոջ կամքի (տես Մորմոնի Խոսքերը 1.4–7):

Շատ տարիներ անց, այս ոգեշնչման պատճառներից մեկն ակնհայտ դարձավ: Երբ Ջոզեֆ Սմիթը սկսեց թարգմանել Մորմոնի Գիրքը, նա սկսեց Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումից՝ աշխարհիկ պատմությունից: Մարտին Հարրիսը, ով Մարգարեի դպիրն էր թարգմանության այս մասում, կորցրեց ձեռագրերի 116 էջերը: Տերը հայտնեց Ջոզեֆ Սմիթին, որ ամբարիշտ մարդիկ ձեռք էին բերել այդ էջերը և փոխել բառերը (տես ՎևՈՒ 10.8–10): Եթե Ջոզեֆը կրկին թարգմաներ նույն նյութը, այդ մարդիկ կհայտարարեին, որ նա մարգարե չէր, քանի որ նա չէր կարողացել երկրորդ անգամ նույն ձևով թարգմանել գիրքը (տես ՎևՈՒ 10.11–19): Տերն ասաց Ջոզեֆին, որ կրկին չթարգմաներ այդ մասը, այլ թարգմաներ Նեփիի փոքր թիթեղները, որոնք Մորմոնը ներառել էր մեծ թիթեղների իր կրճատման մեջ (տես ՎևՈՒ 10.30–45): Այսպիսով, Մորմոնի Խոսքերն օգնում են մեզ տեսնել, թե ինչպես էր Տերն ուղի պատրաստել ամբարիշտ մարդկանց ծրագրերը խափանելու և սուրբ գրությունները ներառելու համար, որոնք ոչ միայն ամփոփում են նույն ժամանակաշրջանը, որը և կորած ձեռագրերը, այլ «ավելի մեծ հայացք են գցում [Տիրոջ] ավետարանի վրա» (ՎևՈՒ 10.45): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Իհարկե, հրաշալի կլիներ, եթե մեկը մի օր գտներ Մորմոնի Գրքի կորած 116 էջերի ձեռագրերի բնօրինակը: Սակայն ինչ էլ որ այդ էջերը պարունակեն, չի կարող ավելի կարևոր կամ ավելի էական լինել Մորմոնի Գրքի նպատակի համար, քան ուսմունքները, որոնք արձանագրված են փոքր թիթեղների վրա» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 35–36):

Իր ժողովրդի սրբազան հիշատակարանների բանաքաղի վերաբերյալ մտքերով կիսվելուց բացի Մորմոնը տալիս է Բենիամին թագավորի ծառայության հակիրճ նկարագրությունը (տես Մորմոնի Խոսքերը 1.10–18): Այս նկարագրությունն օգնում է միացնել Նեփիի փոքր թիթեղները մեծ թիթեղների Մորմոնի կրճատման հետ: Բենիամին թագավորի մասին հիշատակվում է Օմնիի գրքի վերջաբանում, որը փոքր թիթեղների վերջին գիրքն է (տես Օմնի 1.23–25): Մոսիայի գիրքը՝ առաջին գիրքը, որը մենք ունենք մեծ թիթեղների Մորմոնի կրճատումից, սկսվում է Բենիամին թագավորի թագավորման և ծառայության ավարտով (տես Մոսիա 1.1, 9):

Համառոտ շարադրանք

Մորմոնի Խոսքերը 1.1 Մորմոնը գտնում է Նեփիի փոքր թիթեղները և դրանք ընդգրկում է մեծ թիթեղների իր կրճատման հետ:

Մորմոնի Խոսքերը 1.10–18 Մորմոնն ամփոփում է Բենիամին թագավորի թագավորումը: