Գրադարան
Դաս 96. Ալմա 39


Դաս 96

Ալմա 39

Նախաբան

Ալման պատվիրաններ է տալիս իր անվերահսկելի որդուն՝ Կորիանթոնին, ով թողել էր ծառայությունը և գործել էր սեռական մեղք: Ալման սովորեցրեց նրան իր արարքների լրջության մասին և հիասթափություն արտահայտեց, որ Կորիանթոնը գործել էր նման լուրջ մեղք: Ալման պատվիրեց իր որդուն դադարեցնել իր աչքերի տենչանքների ետևից գնալը և ապաշխարել: (Այլ առարկաների շուրջ Ալմայի խորհուրդն ուղղված Կորիանվոնին շարունակվում է 40–42 գլուխներում:)

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 39.1–8

Ալման բացատրում է իր որդուն՝ Կորիանթոնին սեռական մեղքի լրջությունը:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ինչո՞ւ են որոշ մեղքեր ավելի լուրջ, քան մյուսները:

Հրավիրեք ուսանողներին լուռ խորհել այս հարցի պատասխանների մասին: Նշեք, որ Ալմա 39–ում գտնվող Ալմայի խորհուրդը կարող է օգնել մեզ հասկանալ որոշակի մեղքերի լուրջ բնույթը:

Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել գլուխ 39-ի վերնագրից անմիջապես վերև գտնվող նշումը: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ով է խոսում այս գլխում և թե ում հետ է նա խոսում (Ալման խոսում է իր որդի Կորիանթոնի հետ): Բացատրեք, որ Կորիանթոնը իր եղբայր Սիբլոնի և Ալմայի հետ քարոզում էր ավետարանը զորամացիների մեջ, սակայն նա ընկել էր մեղքի մեջ: Նշեք, որ Կորիանթոնի կատարած սխալը հասկանալը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ այս գլխում և հաջորդ երեք գլուխներում նրան տրված Ալմայի խորհուրդը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 39.1–5: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ էր արել Կորիանթոնը, որը սխալ էր: (Դուք կարող եք բացատրել, որ պոռնիկ բառը հատված 3–ում վերաբերվում է անբարոյական մի կնոջ կամ մարմնավաճառի:)

  • Ի՞նչ էր արել Կորիանթոնը, որը սխալ էր: Նրա մեղքերից ո՞րն էր ամենալուրջը: (Սեռական անբարոյությունը:)

  • Զորամացիների մեջ Կորիանթոնը պարծեցել էր իր ուժով և իմաստությամբ (տես Ալմա 39.2): Ի՞նչ եղանակներով կարող է հպարտ կեցվածքը տանել դեպի այնպիսի լուրջ մեղքերի, ինչպիսին է սեռական անբարոյությունը: Որո՞նք են հպարտ կեցվածքի ժամանակակից օրինակները, որոնք մարդկանց տանում են դեպի սեռական մեղքեր: (Երբ ուսանողները քննարկեն այս հարցերը, նշեք, որ երբ մարդիկ հպարտ են, նրանք հաճախ գերագնահատում են իրենց սեփական ուժը, ներառյալ գայթակղությանը դիմանալու իրենց ունակությունը: Սրա ժամանակակից օրինակներից են վաղ տարիքում ժամադրությունները և մեկ անձնավորության հետ առանձին ժամադրությունը:)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 39.5, փնտրելով, թե ինչպես Ալման բացատրեց սեռական մեղքի լրջությունը: (Կարող է օգտակար լինել բացատրելը, որ պղծություն բառը վերաբերվում է մի բանի, ինչը մեղսալի է, չարամիտ կամ չափազանց վատ:)

  • Ինչպե՞ս է Տերը վերաբերվում սեռական մեղքին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց ներկայացնել ճշմարտությունը, որ սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են պոռնկությունը և շնությունը լրջության առումով դրվում սպանության կողքին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ չափանիշները և խոստումները կապված սեռական անարատության հետ, հրավիրեք նրանց մտքում կարդալ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Սեռական անարատություն» բաժնի առաջին երկու պարբերությունները: Խնդրեք նրանց փնտրել հետևյալ հարցի պատասխանները, երբ նրանք կարդան այն: (Դուք կարող եք հարցը գրել գրատախտակին: Դուք նաև կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրքույկում նշեն իրենց գտած պատասխանները:)

  • Որո՞նք են սեռական անարատությունը պահպանելու օգուտները:

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան, որ կարդան և զեկուցեն իրենց գտած պատասխանները, խնդրեք նրանց մտքում կարդալ «Սեռական անբարոյություն» բաժնի մնացած մասը՝ փնտրելով հետևյալ հարցի պատասխանները.

  • Ի՞նչ չափանիշներ է Տերը հաստատել մեզ համար, որ պահպանենք սեռական անարատությունը:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ է Տերն ուզում, որ նրանք սովորեն այն ուղերձից, որը հենց նոր կարդացին: Վկայեք սեռական մեղքի լրջության և այն օրհնությունների մասին, որոնք գալիս են սեռական անարատությունից:

Նշեք, որ իր որդուն նուրբ հարցի շուրջ խորհուրդ տալով, Ալման իր ծնողական պարտքն էր կատարում: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են նրանք արձագանքել սեռական անարատության վերաբերյալ իրենց ծնողների կամ Եկեղեցու ղեկավարների խորհրդին: Հրավիրեք նրանց մտքում կարդալ Ալմա 39.7–8, փնտրելով սեռկան մեղքի լրջությունը Կորիանթոնին սովորեցնելու Ալմայի նպատակը:

  • Ի՞նչ նպատակով էր Ալման սովորեցնում Կորիանթոնին իր մեղքի լրջության մասին: (Որ օգներ Կորիանթոնին ապաշխարել, որ նա մեղքի զգացումով չկանգներ Աստծո առաջ:)

  • Ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք, երբ ինչ-որ մեկը հրավիրում է մեզ ապաշխարել:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու են Ալմայի նման ծնողները հրավիրում իրենց երեխաներին ապաշխարել, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Ապաշխարելու հրավերը սիրո արտահայտում է: … Եթե մենք չհրավիրենք ուրիշներին փոխվել կամ չպահանջենք ապաշխարություն ինքներս մեզանից, ապա մենք չենք կատարի մեր հիմնական պարտականությունը մեկս մյուսի և ինքներս մեր հանդեպ: Զիջող ծնողը, զվարճությանը տրվող ընկերը, վախ տածող Եկեղեցու ղեկավարը, իրականում ավելի մտահոգված են իրենց համար, քան նրանց բարեկեցության և երջանկության, ում կարող էին օգնել: Այո, ապաշխարության կոչը երբեմն կարող է անհանդուրժողական կամ վիրավորական թվալ, անգամ կարող է թշնամանք առաջացնել, սակայն եթե այն ուղեկցվի Հոգով, իրականում այս խորը հոգատարության դրսևորում է» («Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 39):

Ալմա 39.9–19

Ալման խրախուսում է Կորիանթոնին ապաշխարել:

Որպեսզի ներկայացնեք խորհուրդը, որն Ալման տվեց իր որդուն, թե ինչպես ապաշխարել և դառնալ դեպի Տերը, գրատախտակին գրեք հետևյալը. Ապաշխարությունը ներառում է …

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 39.9–13: Յուրաքանչյուր հատվածից հետո դադար առեք, որ ուսանողներին տաք հետևյալ հարցերը.

Ալմա 39.9

  • Ի՞նչ է նշանակում «թողնել քո մեղքերը»: (Այլևս չգործել դրանք:)

  • Ի՞նչ կապ կա «այլևս չգնաս քո աչքերի տենչանքների ետևից» և «խաչ քաշիր բոլոր այդ բաների վրա» արտահայտությունների և մեղքը թողնելու միջև: (Դուք կարող եք բացատրել, որ մեր օրերում «քո աչքերի տենչանքները» արտահայտությունը կարող է վերաբերվել պատկերներին և ժամանցներին, որոնք ինչ-որ կերպով պոռնոգրաֆիկ են: Պոռնոգրաֆիայի վտանգը շեշտելու համար խորհեք խնդրել ուսանողներին, որ կարդան այս խնդրի շուրջ տրված խորհուրդը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի 12-րդ էջում: Դուք կարող եք նաև բացատրել, որ «խաչ քաշել» նշանակում է վարժեցնել ինքնակառավարում կամ ինքնատիրապետում, տես տողատակի գրառումը՝ 9բ:)

  • Ի՞նչ եղանակներով կարող են երիտասարդ Վերջին Օրերի Սրբերը գործադրել ինքնակառավարում սեռական անարատության հետ կապված հարցերում և խուսափել իրենց աչքերի տենչանքների ետևից գնալուց: (Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի մանրամասն քննարկել այս հարցը, դուք կարող եք նկարագրել որոշ իրադրություններ, որոնք ընդունված են ձեր ուսանողների մշակույթում և պայմաններում: Օրինակ, դուք կարող եք ասել նմնատիպ մի բան. Վերջին Օրերի Սուրբ մի երիտասարդ կին որոշել է «խաչ քաշել» ամեն վատ բանի վրա, սակայն երիտասարդ տղամարդը, որն իրեն դուր է գալիս, հրավիրում է նրան ոչ պատշաճ մի երեկույթի: Ի՞նչ պետք է նա պատասխանի:)

Նշեք, որ Ալմա 39.9-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս հատվածն իրենց սուրբ գրություններում, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել այն:

Ալմա 39.10

  • Ի՞նչ եղանակներով կարող է ծնողներից, Եկեղեցու ղեկացարներից, քույրերից և եղբայրներից հոգևոր սնուցում փնտրելն օգնել մեզ ապաշխարել:

Ալմա 39.11

  • Ի՞նչ է նշանակում «քեզ թույլ մի տուր տարվել» արտահայտությունը: (Դուք կարող եք բացատրել, որ թույլ տալ բառը նշանակում է հնարավորություն տալ:)

  • Ի՞նչ «ունայն կամ հիմար» բաներ եք դուք տեսնում, որոնցով մարդիկ տարվում են այսօր:

Ալմա 39.12

  • Ի՞նչ է նշանակում ետ կանգնել անօրինությունից: (Խուսափել մեղքից:)

Ալմա 39.13

Բացատրեք, որ ապաշխարություն նշանակում է «սիրտը և կամքը դարձնել դեպի Աստված » (տես թեմաների այբբենական ցանկը, «Ապաշխարություն»): Սուրբ գրություններում «դառնալ դեպի Տերը» արտահայտությունը սովորաբար նշանակում է ապաշխարություն:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դառնաս դեպի Տերը քո բոլոր մտքով, կարողությամբ և ուժով»:

Հիշեցրեք ուսանողներին, որ զորամացիների մեջ ծառայելու ընթացքում Կորիանթոնի վարքը տեսնելով, որոշ մարդիկ չհավատացին Ալմայի խոսքերին (տես Ալմա 39.11):

  • Երբ մեր մեղքերը ազդում են ուրիշների վրա, ի՞նչ պետք է մենք անենք որպես մեր ապաշխարության մի մաս: (Ընդունել կամ խոստովանել մեր սխալները նրանց առջև, ում մենք ցավ ենք պատճառել, և փորձենք հատուցել դրա դիմաց:)

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Ապաշխարությունը ներառում է մեր մեղքերն ընդունելը և թողնելը, և դեպի Տերը դառնալը մեր բոլոր մտքով, կարողությամբ և ուժով: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս նախադասությունն իրենց սուրբ գրություններում Ալմա 39.13–ի կողքին: Հրավիրեք ուսանողներին նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե, ըստ իրենց, ինչ կցանկանար Տերը, որ նրանք անեին, որ դարձնեին իրենց սրտերը և կամքը դեպի Տերը ավելի լիարժեք ձևով:

Ապաշխարության գործընթացում Փրկչի դերը շեշտելու համար խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 39.15–16, 19: Խնդրեք դասարանին փնտրել բառը, որն այս հատվածներում կրկնվում է երեք անգամ: (Այդ բառն է «ավետիքը», որը դուք կարող եք բացատրել, որ նշանակում է «լավ լուր»:)

  • Ի՞նչ «ավետիք» էր Ալման սովորեցնում իր որդուն: (Ուսանողների տված պատասխանների մեջ պետք է լինի այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը եկել էր, որ վեր առներ աշխարհի մեղքերը: Դուք կարող եք սա գրել գրատախտակին:)

  • Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսի գալուստը լավ լուր Կորիանթոնի համար: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք ասել նրանց, որ հետագայում Կորիանթոնն ապաշխարեց իր մեղքերից և կրկին միսիոներ դարձավ [տես Ալմա 49.30]:)

Կիսվեք դասարանի հետ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավության ուղերձն «ավետիք» եղել ձեզ համար կամ նրանց համար, ում դուք ճանաչում եք: Ավելացրեք ձեր վկայությունն այն սկզբունքների վերաբերյալ, որոնք դասարանը քննարկել է Ալմա 39–ից: Խրախուսեք ուսանողներին հետևել դասի ժամանակ ստացած հուշումներին, որ պահպանեն իրենց անարատությունը և դառնան դեպի Տերը ապաշխարության միջոցով:

Սերտման սուրբ գրություն. Ալմա 39.9

Դասարանը բաժանեք չորս կամ հինգ խմբի: Յուրաքանչյուր խմբին տվեք վեց կողմանի զառ և մատիտ: (Եթե ձեռքի տակ զառեր չունեք, կարող եք վարժությունը ձեր պայմաններին հարմարեցնել՝ ծրարի կամ այլ տուփի մեջ դնելով վեց թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված կլինի 1-6 թվերից մեկը:) Յուրաքանչյուր ուսանողի նաև պետք կլինի մաքուր մի թերթիկ: Ուսանողների խմբերը թող իրար մոտ նստեն՝ սեղանի շուրջ կամ շրջանաձև: Հրավիրեք նրանց բացել իրենց սուրբ գրություններում Ալմա 39.9–ը:

Բացատրեք, որ վարժության նպատակն է խմբում լինել առաջինը, ով ամբողջությամբ կարտագրի Ալմա 39.9–ը: Սակայն, քանի որ յուրաքանչյուր խմբում կա միայն մեկ մատիտ, խմբում հերթով պետք է գրեն: Մատիտն օգտագործելու իրավունքը տրվում է նրան, ով զառը գլորում է 1 թվի վրա:

Յուրաքանչյուր խմբի անդամները թող հերթով գլորեն զառը (կամ վերցնեն թերթիկը և հետո վերադարձնեն այն): Երբ մեկը գլորում է (կամ ընտրում) 1թիվը, նա վերցնում է մատիտը և սկսում է գրել, բարձրաձայն ասելով յուրաքանչյուր բառը, մինչ գրում է դրանք: Այդ ընթացքում խմբի մյուս անդամները հերթով գլորում են զառը, որ կարողանան մատիտն օգտագործելու հնարավորություն ձեռք բերել: Երբ խմբի մեկ այլ ուսանող գլորում է 1 թիվը, նա վերցնում է մատիտը նախորդ գրողից և սկսում է գրել հատվածն իր թերթիկի վրա՝բառերն ասելով: Նախորդ գրողը միանում է խմբի մյուս անդամներին և գլորում զառը: Երբ ուսանողները մատիտն ունենալու հնարավորություն են ձեռք բերում և արդեն իսկ իրենց թերթիկների վրա գրած ունեն հատվածի մի մասը, նրանք պետք է բարձրաձայն կարդան իրենց գրած մասը, նախքան կշարունակեն գրել հատվածը: (Սա կրկնելու հնարավորություն է տալիս, որը կօգնի ուսանողներին անգիր սովորել հատվածը:) Վարժությունն ավարտվում է, երբ յուրաքանչյուր խմբից մեկական ուսանող ամբողջությամբ գրում է Ալմա 39.9-ը:

Խնդրեք դասարանին վարժությունը կատարելուց հետո միասին կրկնել հատվածը:

Նշում. Այս հատվածի բնույթից և երկարությունից ելնելով՝ դուք կարող եք օգտագործել այս վարժությունը մեկ այլ օր, երբ ունենաք լրացուցիչ ժամանակ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 39.3: Սեռական մեղքի հետևանքները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է սեռական մեղքի լրջության և հետևանքների մասին.

«Ֆիզիկական ցանկությանը, որը շնորհված է բոլորին, նման լրջություն տալով, ի՞նչ է Աստված ցանկանում մեզ ասել Իր ծրագրում դրա տեղի մասին բոլոր տղամարդկանց և կանանց համար: Ես ասում եմ ձեզ, որ Նա այդ կերպ հստակ ձևով մեկնաբանում է հենց կյանքի ծրագիրը: Ակնհայտորեն, մահկանացության վերաբերյալ Նրա ամենամեծ մտահոգություններից են, թե ինչպես է մարդը գալիս այս աշխարհ և ինչպես է մարդը հեռանում այս կյանքից: Նա հաստատել է շատ ստույգ սահմանափակումներ այս հարցերի շուրջ:…

«Մարմինը հոգու կարևոր մասն է: Վերջին Օրերի Սրբերի այս հատկանշական և շատ կարևոր վարդապետությունն ընդգծում է, թե ինչու է սեռական մեղքն այդքան լուրջ: Մենք հայտարարում ենք, որ նա, ով օգտագործում է Աստծո տված մեկ ուրիշի մարմինը առանց աստվածային հաստատման, անարգում է այդ անհատի հենց հոգին, անարգում է կյանքի կարևոր նպատակը և ընթացքը, կյանքի «հենց բանալին», ինչպես այն մի անգամ անվանել է Նախագահ Բոյդ Ք. Փաքերը [տես Ensign, July 1972, 113]: Շահագործելով մեկ ուրիշի մարմինը, որը նշանակում է շահագործել նրա հոգին, մարդը սրբապղծում է Քրիստոսի Քավությունը, որը փրկել էր այդ հոգին և որը հնարավոր է դարձնում հավերժական կյանքի պարգևը: Եվ երբ մարդը ծաղրում է Արդարության Որդուն, նա մուտք է գործում մի ասպարեզ, որտեղ կրակն ավելի թեժ է և սուրբ, քան կեսօրվա արևը: Դուք չեք կարող դա անել և չայրվել:

Խնդրում եմ, երբեք մի ասեք. «Ո՞ւմ է դա վնաս պատճառում: Ինչո՞ւ մի փոքր ազատ չլինել: Խնդրում եմ, մի եղեք այդքան անմիտ և այդքան անգութ: Դուք չեք կարող «Աստուծոյ Որդուն կրկին խաչել» և անպատիժ մնալ: [Տես Եբրայեցիս Զ.6:] «Փախեք պոռնկությունից»,- գոչում է Պողոսը [տես Ա Կորնթացիս Զ.18], և փախեք «նման որևէ բան» գործելուց, ավելացնում է Վարդապետություն և Ուխտերը [տես ՎևՈՒ 59.6, ընդգծումներն ավելացված են]: Ինչո՞ւ: Լավ, պատճառներից մեկն այն է, որ աշխարհի Փրկիչը տարավ մարմնի և հոգու անասելի տառապանք, որպեսզի մենք կարողանանք փրկվել [տես հատկապես ՎևՈՒ 19.15–20]: Մենք Նրան ինչ-որ բան պարտք ենք դրա դիմաց: Ավելին, դրա համար մենք պարտական ենք Նրան ամեն ինչով: «Ձերինը չեք»,- ասում է Պողոսը: «Որովհետև մեծ գնով գնվեցաք. Ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնումը և ձեր հոգումն՝ որ Աստծունն են» [Ա Կորնթացիս Զ.19–20, ընդգծումներն ավելացված են, տես նաև հատվածներ 13–18]: Սեռական օրինազանցության առարկան հոգին է՝ մարմինը և ոգին:…

«Ֆիզիկական մտերմության հարցերում դուք պետք է սպասեք։ Դուք պետք է սպասեք այնքան, մինչև կարողանաք տալ ամեն ինչ, և դուք չեք կարող տալ ամեն ինչ, մինչև դուք օրինական ձևով չամուսնանաք: Անօրինական ձևով տալ այն, ինչը ձերը չէ (հիշեք, «ձերինը չեք»), և միայն մի մասը տալը, ինչին չի կարող հաջորդել ձեր ողջ էության պարգևը, նման է ռուսական ռուլետկային: … Եթե պնդեք ֆիզիկական բավարարվածության հարցում առանց երկնքի թույլտվության, կհայտնվեք հոգևոր և ֆիզիկական վնասի այնպիսի սաստիկ վտանգի առաջ, որը կարող է վնասել և ձեր ֆիզիկական մտերմության ցանկությունը , և ձեր ունակությունը՝ ամբողջ սրտով նվիրվելու ավելի ուշ, բայց ավելի ճշմարիտ սիրուն։ Դուք, կարող է, հասնեք իսկական միությամբ կարգված սիրո այդ անկեղծ պահին և սարսափով բացահայտեք, որ այն, ինչը դուք պետք է պահած լինեիք, դուք վատնել եք, և որ միայն Աստծո շնորհը կարող է վերականգնել առաքինության կորցրած մասնիկները, որոնցից դուք այնքան հանգիստ հրաժարվել եք: Ձեր հարսանիքի օրը լավագույն նվերը, որը դուք կարող եք տալ ձեր հավերժական զուգընկերոջը, ձեր լավագույն անձն է՝ մաքուր և անարատ և արժանի նման հակադարձ անարատության» (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76–77):

Ալմա 39.6 Ո՞րն է աններելի մեղքը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հավելյալ գիտելիք է տվել աններելի մեղքի մասին.

«Բոլոր մեղքերը պիտի ներվեն, բացի Սուրբ Հոգու դեմ արված մեղքից. քանզի Հիսուսը կփրկի բոլորին, բացի կորստի որդիներից: Ի՞նչ պետք է անի մարդը, որ գործի աններելի մեղք: Նա պետք է ստանա Սուրբ Հոգին, ունենա երկինքները բացված իր համար, և ճանաչի Աստծուն, և հետո մեղք գործի նրա դեմ: Երբ մարդը մեղք է գործում Սուրբ Հոգու դեմ, ապաշխարություն չկա նրա համար: Նա պետք է ասած լիներ, որ արևը չի շողում, մինչ նա տեսնում էր այն, նա պետք է ուրացած լիներ Հիսուս Քրիստոսին, երբ երկինքները բացված են եղել նրա համար, և ուրանար փրկության ծրագիրը՝ իր աչքերը բաց դրա ճշմարտության համար, և այդ պահից նա սկսում է լինել թշնամի: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու շատ ուխտադուրժներ հենց այդ վիճակում են» (History of the Church, 6:314):

Անհատը, ով ստանում է Սուրբ Հոգու վկայությունը և հետո շեղվում է ճանապարհից կամ դառնում է քիչ ակտիվ Եկեղեցում, չի մեղադրվում աններելի մեղք գործելու մեջ:

Ալմա 39.13: Ապաշխարություն. «դառնալ դեպի Տերը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը ապաշխարությունը նկարագրել է որպես դեպի Աստված դառնալը կամ վերադառնալը.

«Երբ մենք մեղք ենք գործում, մենք շրջվում ենք Աստծուց: Երբ մենք ապաշխարում ենք, մենք կրկին շրջվում ենք դեպի Աստված:

Ապաշխարելու հրավերը հաճախ ոչ թե նախատինքի ձայն է, այլ ետ շրջվելու և կրկին դեպի Աստված «վերադառնալու» սիրալիր կոչ» («Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 40):

Ալմա 39.15 Հիսուս Քրիստոսը վեր կառնի աշխարհի մեղքերը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչպես են մեզ համար հասանելի դառնում Քավության օրհնությունները.

«Միայն ապաշխարությունն է տանում դեպի ավելի լավ կյանքի պայծառ բարձրունքները: Եվ, իհարկե, միայն ապաշխարության միջոցով է մեզ համար հասանելի դառնում Հիսուս Քրիստոսի քավող շնորհը և փրկությունը: Ապաշխարությունը աստվածային պարգև է, և ժպիտ պետք է հայտնվի մեր դեմքին, երբ մենք խոսում ենք այդ մասին: Այն մեզ ուղղորդում է դեպի ազատություն, վստահություն և խաղաղություն: Տոնախմբությունը ընդհատելու փոխարեն, ապաշխարության պարգևը ճշմարիտ տոնախմբության աղբյուր է:

Ապաշխարությունը որպես տարբերակ գոյություն ունի միայն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Դա Նրա անսահման զոհաբերությունն է, որ բերում է «միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն» (Ալմա 34.15): Ապաշխարությունը անհրաժեշտ պայման է, իսկ Քրիստոսի շնորհը՝ այն զորությունը, որի միջոցով «ողորմությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները» (Ալմա 34.16):…

… Ապաշխարությունը պահանջում է մտադրության լրջություն և պատրաստակամություն՝շարունակել, անգամ ցավի միջոցով: Փորձերը ստեղծում են ապաշխարության որոշակի քայլերի մի ցանկ, որոնք կարող են օգտակար լինել ոմանց, սակայն դա կարող է նաև առաջացնել ստուգման նշան դնելու մեխանիկական մոտեցում՝ առանց իրական զգացումի կամ փոփոխության: Իրական ապաշխարությունն արհեստական չէ: Տերը տալիս է երկու գերիշխող պահանջ. «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,- ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (ՎևՈՒ 58.43)» («Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 38, 40):