Գրադարան
Դաս 95. Ալմա 38


Դաս 95

Ալմա 38

Նախաբան

Սիբլոնը ծառայում էր իր հոր՝ Ալմայի հետ որպես միսիոներ զորամացիների մեջ (տես Ալմա 31.7): Այս առաքելությունից հետո Ալման իր ուրախությունն է արտահայտում հալածանքների ժամանակ Սիբլոնի ցուցաբերած կայունության և հավատարմության համար: Ալման նաև վկայեց Սիբլոնին Փրկչի ազատող զորության համար և խորհուրդ տվեց Սիբլոնին շարունակել ջանք գործադրել ավետարանն ուսուցանելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 38.1–3

Ալման իր ուրախությունն է արտահայտում Սիբլոնի հավատարմության համար

Եթե դուք նախորդ դասի վերջում հրավիրել էիք ուսանողներին տնային հանձնարարություն կատարել, հիշեցրեք նրանց այն երկու հարցերը, որոնք դուք հրավիրել էիք նրանց տալ իրենց ծնողներին կամ մեկ այլ վստահելի չափահասի.

  • Ինչպե՞ս է Աստծո պատվիրաններին հնազանդվելն օգնել ձեզ:

  • Ի՞նչ խորհուրդ կարող եք դուք ինձ տալ, որը կարող է օգնել ինձ ավելի իմաստուն լինել իմ երիտասարդության օրերին:

Խնդրեք ուսանողներին զեկուցել այս հանձնարարության հետ կապված իրենց փորձառության մասին: Երբ ուսանողների կիսվեն, հարցրեք.

  • Ինչպե՞ս է այս փորձառությունն ազդել Տիրոջ պատվիրանները պահելու ձեր ցանկության վրա:

Բացատրեք, որ Ալմա 38-ը պարունակում է Ալմայի խորհուրդը, որը նա տվեց իր որդի Սիբլոնին: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 38.1–3: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ էր Ալման զգում Սիբլոնի հետ կապված, և ինչու: Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածի մասին:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Ալմա 38.2–3-ից այն ազդեցության մասին, որ արդար երեխաները կարող են ունենալ իրենց ծնողների վրա: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ: Համոզվեք, որ նրանք ներկայացնեն այն ճշմարտությունը, որ երբ երիտասարդները կայուն են և հավատարիմ պատվիրանները պահելու մեջ, նրանք կարող են մեծ ուրախություն բերել իրենց ծնողներին:)

  • Ե՞րբ են ձեր ծնողները ուրախություն զգացել ձեր կայացրած լավ ընտրության համար կամ ավետարանով ապրելու ձեր ջանքերի համար:

  • Պատվիրանները պահելու ձեր ջանքերն ի՞նչ ազդեցություն են ունենում ձեր ծնողների հետ ձեր հարաբերությունների վրա:

Դուք կարող եք կիսվել օրինակով, թե ինչ ազդեցություն են ունեցել ձեր ընտանիքի վրա ընտանիքի երեխաների արդար ընտրությունները:

Ալմա 38.4–9

Ալման վկայում է Փրկչի ազատման զորության մասին

Բացատրեք, որ Ալման հիշեցրեց Սիբլոնին, որ նրանք երկուսն էլ զգացել էին Փրկչի ազատման զորությունը: Հետևյալ ցանկը բաժանեք ուսանողներին տպված թերթիկների տեսքով կամ ցուցադրեք այն գրատախտակին և խնդրեք ուսանողներին արտագրել այն նոթատետրերում կամ սուրբ գրությունների օրագրերում:

Սիբլոն (Ալմա 38.4–5)

Ալմա (Ալմա 38.6–8)

Ինչի՞ց էր նա ազատվել:

Ինչո՞ւ նա ստացավ ազատման օրհնությունը:

Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրա փորձառությունից:

Ողջ դասարանով լրացրեք ցանկը կամ հանձնարարեք ուսանողներին լրացնել այն զույգերով: Ուսանողները հարցերին պատասխանելիս թող անդրադառնան ցանկում նշված սուրբ գրությունների հատվածներին: Խրախուսեք նրանց ներառել այն, ինչ իրենք արդեն գիտեն այն մասին, թե ինչպես է Տերն ազատել Սիբլոնին (տես Ալմա 38.2–3) և Ալմային (տես Մոսիա 27, Ալմա 36): Երբ ուսանողները լրացնեն ցանկը, տվեք հետևյալ հարցերը, որ օգնեք նրանց քննարկել սկզբունքները, որոնք նրանք սովորել են.

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Սիբլոնի փորձառությունից: (Ուսանողները կարող են ներկայացնել տարբեր սկզբունքներ: Համոզվեք, որ նրանք ներկայացնում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք համբերությամբ տանում ենք ամեն բան և վստահում ենք Աստծուն, Նա կազատի մեզ փորձանքներից, խնդիրներից և տառապանքներից, և կբարձրացնի մեզ վերջին օրը:)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Ալմայի փորձառությունից: (Չնայած, ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, համոզվեք, որ նրանք արտահայտում են, որ մեր մեղքերի համար ներում ստանալու և մեր հոգիներին խաղաղություն գտնելու համար, մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և փնտրենք Նրա ողորմածությունը:)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 38.9: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր Ալման ուզում, որ իր որդին սովորեր Փրկչի մասին:

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր իմանալը, որ Հիսուս Քրիստոսը միակ «ճանապարհն է կամ միջոցը, որով [մենք] կարող ենք փրկվել»:

  • Ի՞նչ եղանակներով եք դուք ունեցել ազատվելու փորձառություն Փրկչի զորության միջոցով: (Դուք կարող եք ուսանողներին ժամանակ տալ խորհելու այս հարցերի շուրջ, նախքան կխնդրեք նրանց պատասխանել:) Ի՞նչ եք արել դուք, որ փնտրեք այդ ազատումը:

Որոշակի ժամանակ տրամադրեք ուսանողներին, որ խորհեն, թե ինչպես կարող են փնտրել Տիրոջ օգնությունը՝ իրենց անձնական խնդրի հետ կապված:

Ալմա 38.10–15

Ալման խորհուրդ է տալիս Սիբլոնին շարունակել սովորեցնել ավետարանը և զարգացնել արդար հատկանիշներ

Բացատրեք, որ Ալման խրախուսեց Սիբլոնին զարգացնել որակներ, որոնք կօգնեին իրեն, երբ նա շարունակեր սովորեցնել ավետարանը և ծառայել ուրիշներին: Սիբլոնին տրված Ալմայի խորհուրդը կարող է վերաբերվել ցանկացած մարդու, ով ցանկանում է ծառայել, սովորեցնել կամ լավ ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 38.10–15, փնտրելով խորհուրդ, որը մասնավորապես օգտակար կլինի նրանց համար: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն իրենց գտածը:

Այս դասի վերջում ուսանողներին տվեք ուսուցման ուղեցույցի մի օրինակ: Բացատրեք, որ երբ նրանք օգտագործեն ուղեցույցը, նրանք կտեսնեն, թե ինչպես են արդար հատկանիշներ զարգացնելու մեր ջանքերը նախապատրաստում մեզ սովորեցնել և ծառայել ուրիշներին: Հրավիրեք նրանց ընտրել ուղեցույցի ձախ սյունակում գտնվող Ալմայի խորհրդի մի մասը և լրացնել համապատասխան ուսուցման վարժությունը աջ սյունակում: (Եթե դուք չեք կարող պատրաստել ուսուցման ուղեցույցի օրինակներ, փոփոխեք վարժությունը, դասարանում քննարկում կազմակերպելով և որպես նյութ օգտագործելով ուսուցման ուղեցույցի տեղեկությունները:)

Ուսուցման ուղեցույցի ուսուցողական վարժություններից մեկն ավարտելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խորհեք խնդրել նրանցից մի քանիսին կիսվել, թե ինչ սովորեցին այս վարժությունից և ինչպես են ծրագրում կիրառել այն: Եթե դուք ուսանողներին տվել եք ուսուցման ուղեցույցի օրինակներ, խրախուսեք նրանց այն տուն տանել և ավելի շատ բան սովորել Սիբլոնին տրված Ալմայի խորհրդի մասին:

Ուսուցման ուղեցույց Ալմա 38.10–12–ի համար

Ուսումնասիրեք ստորև տրված Ալմայի խորհրդի տարբեր մասերը և ընտրեք մեկը, որը դուք կցանկանայիք կատարելագործել ձեզ մոտ: Լրացրեք համապատասխան ուսուցման վարժությունը, որը կօգնի ձեզ կիրառել այս խորհուրդը ձեր կյանքում:

Ալմայի խորհուրդը

Ուսուցողական վարժություններ

«[Եղիր] ջանասեր և ժուժկալ բոլոր բաներում» (Ալմա 38.10):

Ջանասիրությունը մշտական, հոգատար և բարեխիղճ աշխատանք է: Ժուժկալ լինել նշանակում է «ինքնազսպվածություն գործադրել բոլոր բաներում կամ գործի դնել ինքնավերահսկողություն» (Քենթ Դ. Վատսոն, «Ժուժկալ լինել բոլոր բաներում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 38): Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչու են այս երկու գծերն անհրաժեշտ, երբ մարդը սովորեցնում է ավետարանը և ծառայում է ուրիշներին: Նաև գրեք ձեր կյանքի որևէ ոլորտի մասին, որում դուք կարող եք լինել ավելի ջանասեր կամ ժուժկալ, և թե ինչպես կարող է այդ ոլորտներում զարգանալն օգնել ձեզ ավելի արդյունավետ կերպով սովորեցնել և ծառայել ուրիշներին:

«Տես որ դու չբարձրամտանաս մինչև հպարտություն. … չպարծենաս» (Ալմա 38.11):

Հպարտության հատկանիշներից մեկն է՝ ավելի շատ վստահելը ձեզ, քան Աստծուն: Հպարտությունն ակնհայտ է դառնում նաև այն ժամանակ, երբ մարդը մտածում է, որ ինքն ամենալավն է կամ ավելի կարևոր, քան ուրիշները: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող է պատահել, երբ Եկեղեցու անդամը հպարտանում է իր կոչման մեջ: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Ճշմարիտ աշակերտները խոսում են հանգիստ վստահությամբ, ոչ թե գոռոզամիտ հպարտությամբ» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 73): Մտածեք մեկի մասին, ում դուք գիտեք, ով սովորեցնում է «հանգիստ վստահությամբ»: Սուրբ գրության ձեր օրագրում գրեք այդ մարդու և այն ազդեցության մասին, որը նրա ուսուցումը թողել է ձեզ վրա: Նաև գրեք մեկ կամ երկու եղանակներ, որոնց միջոցով դուք կփորձեք խուսափել հպարտությունից:

«Գործածիր համարձակություն, բայց ոչ բռնադատություն» (Ալմա 38.12):

Կարդացեք Պողոս Առաքյալի խոսքերը Փիլիպպեցիս Ա.14-ում (Նոր Կտակարան), որ տեսնեք, թե ինչպես կարող են Աստծո ծառաները համարձակություն ցուցաբերել: Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստն ուսուցանել է, թե ինչպես մենք կարող ենք խուսափել բռնադատող լինելուց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է լինենք … աղմկոտ, պնդերես կամ անզգա մեր [միսիոներական աշխատանքում]» (James P. Bell, In the Strength of the Lord: The Life and Teachings of James E. Faust [1999], 373): Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես կարող է մարդը լինել համարձակ՝ առանց բռնադատող լինելու: Գրի առեք մի առանձնահատուկ եղանակ, որի օգնությամբ դուք կկիրառեք խորհուրդը՝ լինելու համարձակ, բայց ոչ՝ բռնադատող: Նաև գրեք այն մասին, թե ինչպես կարող է այս խորհուրդն օգնել ձեզ հաջողությամբ ուսուցանել և ծառայել ուրիշներին:

«[Սանձիր] բոլոր քո կրքերը» (Ալմա 38.12):

Սանձել նշանակում է զսպել, կողմնորոշել կամ վերահսկել: Կիրքն իրենից ներկայացնում է ուժեղ ապրումներ: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ, և գրեք ձեր պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար սանձել մեր կրքերը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ձեր կրքերը սանձելն օգնել ձեզ լցված լինել սիրով: Ի՞նչ կանեք դուք, որ հետևեք Ալմայի խորհրդին և սանձեք բոլոր ձեր կրքերը:

«Զերծ մնա անգործությունից» (Ալմա 38.12):

Վերանայեք սուրբ գրության այն հատվածները, որոնք նշված են եռամաս հատորի ցուցիչում «Անգործություն, անգործ, անգործ մարդ» վերնագրի տակ: Փնտրեք խորհուրդ այն մասին, թե ինչ է նշանակում անգործ լինել և անգործ լինելու հակառակ իմաստի մասին: Ընտրեք նշված հատվածներից երկուսը և ուսումնասիրեք դրանք: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք այն մասին, թե ինչ սովորեցիք ձեր ընտրած հատվածներից: Գրեք այն մասին, թե անգործությունից խուսափելու խորհուրդն ինչպես կօգնի ձեզ ավելի արդյունավետ կերպով ուսուցանել և ծառայել ուրիշներին: Ի վերջո, գրեք մի առանձնահատուկ եղանակ, որի օգնությամբ դուք կխուսափեք անգործությունից: