2020
Առաքյալները կիսվում են հույսի ուղերձներով
Հոկտեմբեր 2020


Առաքյալները կիսվում են հույսի ուղերձներով

Եկեղեցու ղեկավարները գաղափարներ են առաջարկում համավարակի ընթացքում Աստծուն մոտ մնալու, սիրով սպասավորելու և համբերատար առաջ շարժվելու վերաբերյալ։

Նկար
women holding out their arms

Լուսանկարը տրամադրել է © Getty Images

Աշխարհում տարածվող վիրուսի պատճառով պաշտոնյաներն արգելում են հանրային հավաքույթները և իրականացնում են կարանտիններ։ Դպրոցները փակ են, եկեղեցական ղեկավարները չեղարկում են եկեղեցու ժողովները, իսկ նրանք, ովքեր տանից դուրս են գալիս, պահանջվում է, որ պաշտպանվելու համար կրեն դիմակներ։

Սա 1919 թվականն է, և նախորդ տարվանից սկսած գրիպի համաճարակը խլելու է տասնյակ միլիոնավոր կյանքեր։1 Եկեղեցու նոր մարգարե Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտը (1856-1945) ձեռնադրվել էր 1918 թվականի նոյեմբերին, սակայն չէր հաստատվելու մինչև 1919 թվականի հունիսը, քանի որ ապրիլի գերագույն համաժողովը հետաձգվել էր։

Իր ծառայության ընթացքում այդ և այլ դժվարին օրերից հետո Նախագահ Գրանտը տվեց խորհուրդներ, որոնք կիրառելի են նաև մեր օրերում, երբ ասաց. «Մենք եկել ենք այս երկիր՝ գիտելիք, իմաստություն և փորձ ձեռք բերելու, դասեր քաղելու, ցավեր տանելու, գայթակղություններին դիմակայելու և մահկանացու կյանքի հաղթանակները տանելու համար»։ Անհատական փորձի միջոցով ձեռք բերած գիտելիքներից ելնելով՝ նա ավելացրել է. «Ես… գիտեմ, որ դժվար պահերին Վերջին Օրերի Սրբերը մխիթարվում, օրհնվում և սփոփվում են այնպես, ինչպես ոչ մի այլ մարդ»։2

Մեր ներկայիս «դժվար պահին», կապված նոր կորոնավիրուսի հետ, մենք մխիթարություն և սփոփանք ենք գտնում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում։ Մեծ օրհնություն է մեր այն գիտելիքը, որ Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին, և Նա կանչել է մարգարեներ ու առաքյալներ մեր օրերում, որպեսզի առաջնորդի մեզ մահկանացու կյանքի փոթորիկների միջով։

Վերջերս տեղի ունեցած հարցազրույցների ընթացքում Տասներկու Առաքյալների Քվորումի մի քանի անդամներ իրենց խորհուրդներում հիշեցնում են մեզ, որ մենք կարող ենք ուրախություն զգալ և հույսով նայել ապագային՝ անկախ այն բանից, թե ինչ է կատարվում մեր շուրջը։3

Նկար
couple on computer

Լուսանկարը Վելդեն Ս. Անդերսենի

Աշխատանքն առաջ է ընթանում

Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին (1915-85) մի անգամ Եկեղեցին նմանեցրել է «մեծ քարավանի», որն առաջ է ընթանում՝ չնայած ընդդիմությանը։4 Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը քարավանի կայուն առաջընթացը վերագրում է եկեղեցու ներշնչված նախապատրաստմանը և դժվարություններով լի նրա պատմությանը։

«Ոչ մի սրբապիղծ ձեռք չի կարող խանգարել այս գործի առաջընթացին»,5 ինչպես նաև ոչ մի համաճարակ չի կարող խանգարել այս գործի առաջընթացին»,- ասել է նա։ «Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց մենք հանդիպում ենք այս վիրուսի պատճառով, գործն առաջ է գնում։ … Մենք չգիտենք, թե որքան կտևի այս ամենը, սակայն մենք կհաղթահարենք այն։ Եվ մենք գուցե այլևս չվերադառնանք մեզ հայտնի նախկին ապրելաձևին, բայց մեր կյանքում տեղ գտած հարմարեցումներից և փոփոխություններից շատերը շատ դրական կլինեն»։

Երեց Քվենթին Լ․ Քուքն ասել է, որ Եկեղեցու ներշնչված նախապատրաստումը ներառում է այնպիսի օրինակներ, ինչպիսիք են՝ Հանգստյան օրվա պահպանումը, Մելքիսեդեկյան քահանայության քվորումների և Սփոփող Միությունների ամրապնդումը, սպասավորումը, Եկ, հետևիր ինձ ձեռնարկը, Մորմոնի Գրքի տեսանյութերը և Երեխաների և երիտասարդների ծրագիրը։

«Մենք հետ կնայենք այս ամենին՝ որպես նախապատրաստության հիմնարար ժամանակներ, այլ ոչ թե լոկ մի բան, որը պետք էր համբերությամբ տանել»,- ասել է նա։

Տասներկու Առաքյալների Քվորումի գործող Նախագահ Մ.Ռասսել Բալլարդը համաձայնել է այս մտքի հետ։ Չնայած տաճարները և հավաքատները ժամանակավորապես փակ են, Եկեղեցու անդամներն ունեն անհրաժեշտ հոգևոր գործիքները, որպեսզի շարունակեն առաջ շարժվել։

Նախագահ Բալլարդը հիշում է, թե ինչ զգաց, երբ եկեղեցուց տուն վերադարձավ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին և իմացավ, որ հարձակվել էին Փերլ Հարբորի վրա, և Միացյալ Նահանգները գրեթե ներգրավվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեջ։ Ինչպես շատերն այսօր, նա անհանգստանում էր ապագայի համար և մտածում էր, որ գուցե իր իսկ ապագան կործանվեր։

«Սակայն այլ բան տեղի ունեցավ»,- ասել է նա։ Ճիշտ այնպես, ինչպես աշխարհի ազատ մարդիկ հաղթեցին այդ պատերազմում, այնպես էլ աշխարհը կհաղթի կորոնավիրուսի դեմ մղվող պատերազմում։ «Ամեն բան պարզապես լավ է լինելու, եթե մենք մեր սրտով դառնանք դեպի մեր Երկնային Հայրը, նայենք Նրան և Փրկիչին՝ որպես ողջ մարդկության Քավիչ»,- ասել է նա։

Մեկ այլ եղանակ, որով Եկեղեցին առաջ է շարժվում, միսիոներական ջանքերն են, որոնք արձագանքում են աշխարհի փոփոխվող պայմաններին։ Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ասել էր, որ Եկեղեցու ղեկավարներն ուսումնասիրում են ավետարանով կիսվելու նոր եղանակներ, նույնիսկ միսիոներական աշխատանքը COVID-19-ի պատճառով ընդհատվելուց առաջ։ Այդ ընդհատումը ներառել է հազարավոր միսիոներների իրենց հայրենիք տեղափոխելը, ոմանց ժամանակից շուտ ազատելը, իսկ ոմանց էլ նոր կոչումներ տալը։

«COVID-19 մեծապես արագացրեց այդ մասին մտածելը և բացեց մեր աչքերը»,- ասել է նա։ Արդյունքում տեխնոլոգիաները և սոցիալական լրատվամիջոցները այժմ բացում են դռներ, որոնք նախկինում փակ են եղել դարպասներ ունեցող համայնքներում և արգելված մուտք ունեցող տներում և շենքերում։

«Միսիոներական աշխատանքը կշարունակի առաջ ընթանալ՝ անկախ համավարակից»,- ավելացրել է Երեց Ուխդորֆը։ «Մենք շարունակում ենք սովորել, թե ինչպես բարելավել միսիոներական աշխատանքն այժմ և ապագայում։ Տերը խոստացել է արագացնել Իր աշխատանքը Աստծո բոլոր զավակներին օրհնելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 88․73)։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք այդ գործընթացի ուղիղ կենտրոնում ենք, մինչ ապրում ենք մարտահրավերներով լի ժամանակներում։ Մեր թանկագին միսիոներները մեր օրերի ռահվիրաներն են, ովքեր ջանասիրաբար փորձում են կիսվել ավետարանի ուղերձով նոր եղանակներով, որոնք համապատասխանեցվում են մեր պայմաններին, որպեսզի Հիսուս Քրիստոսի Եկեղեցին շարունակաբար «գլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը» (Վարդապետություն և Ուխտեր 65․2

Ավետարանով կիսվելու նոր հնարավորությունները միակ բաները չեն, որ բացվում են։ Սրտերը նույնպես բացվում են, քանի որ դժվար ժամանակները հաճախ խոնարհեցնում են մարդկանց և դարձնում առ Աստված, ասել է Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը։

«Նրանք ավելի ազատ մտածելակերպ ունեն, «Գուցե ինձ անհրաժեշտ է իմ բանկային հաշվից բացի ուրիշ մի բան։ Գուցե կյանքն ավելին է, քան իմ ապրածը»,- ասել է նա։

Երեց Քրիստոֆերսոնը խրախուսում է Եկեղեցու անդամներին փնտրել միսիոներական հնարավորություններ, ինչպիսիք են՝ ավետարանի հետ կապված ուղերձներով կիսվելը սոցիալական մեդիայի միջոցով, լիաժամկետ միսիոներների հետ քննարկումը, թե ինչպես կարող ենք օգտակար լինել մարդկանց, որոնց նրանք առցանց ուսուցանում են և շարունակել շփվել մարդկանց հետ, որոնց նրանք չեն կարող հաճախ տեսնել։

Սոցիալական հեռավորություն և հոգևոր հեռավորություն

Մեկ այլ եղանակ, որով Եկեղեցին առաջ է շարժվում, Վերջին Օրերի Սրբերի հոգևոր արձագանքն է COVID-19-ի նման ժամանակավոր դժվարությանը։ Մեր ֆիզիկական պաշտպանության համար մենք մեծացնում ենք ուրիշներից մեր ֆիզիկական հեռավորությունը, իսկ մեր հոգևոր պաշտպանության համար մենք ավելի ենք մոտենում մեր Երկնային Հորը և Նրա Որդուն։ COVID-19 համավարակը Եկեղեցու բազմաթիվ անդամների ավելի շատ հնարավորություններ է տվել մեծացնելու իրենց հոգևոր պաշտպանությունը՝ հետևելով Տիրոջը լսելու Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խորհրդին։

«Մեր Հայրը գիտի, որ երբ մենք շրջապատված ենք անորոշությամբ և վախով, այն, ինչը մեզ կօգնի ամենից շատ` Նրա Որդուն լսելն է»,- ասել է Նախագահ Նելսոնը 2020 թվականի ապրիլի գերագույն համաժողովին։ Նա ավելացրել է․ «Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված։ Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով»։6

Մինչ մենք չենք ողջունում Եկեղեցու ժողովների դադարեցումը, տաճարների փակումը կամ աշխատանքի կորուստը, տանն ավելի շատ ժամանակ անցկացնելը մեզ տալիս է «հնարավորություն մտածելու առ Աստված զարթնելու մասին» (տես Ալմա 5․7),- ասել է Երեց Քուքը։ «Հավանաբար վերջին իրադարձությունները կարող են հոգևոր զարթուցիչ լինել, որը կենտրոնացնում է մեզ այն բաների վրա, որոնք ամենակարևորն են։ Եթե այդպես է, մեծ օրհնություն կլինի այս ընթացքում կենտրոնանալ այն բաների վրա, որոնք մենք կարող ենք կատարելագործել մեր կյանքում, և ինչպես մենք կարող ենք օրհնել ուրիշների կյանքը, երբ զարթնենք առ Աստված և առաջ շարժվենք ուխտի արահետով»։

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ավելացրել է․ «Նման ժամանակները հրավիրում են մեզ նայել մեր հոգու մեջ՝ տեսնելու, թե արդյոք մեզ դուր է գալիս այն, ինչ տեսնում ենք այնտեղ։ Ահա այդ ժամանակ է, որ [մենք] մտածում ենք, թե ով ենք [մենք] իրականում և ինչն է իսկապես կարևոր»։

Նման ժամանակները նաև հրավիրում են մեզ ավելի շատ հավատալ, ծառայել և երախտապարտ լինել, հուշելով մեզ «խորհել այն բանի շուրջ, որ Աստված մեր ապավենն է, և Նրանից ստացած օրհնությունների մասին, որոնք մենք հաճախ ճիշտ չենք գնահատում»,- ասել է Երեց Հոլլանդը։ «Մենք պարտական ենք մեր Երկնային Հորը՝ լինելով մի փոքր ավելի երախտապարտ, մի փոքր ավելի շնորհակալ և մի փոքր ավելի հակված հիշելու, թե քանի խնդիր է լուծվում՝ Աստծո, հրեշտակների, ուխտի խոստումների և աղոթքի շնորհիվ»։

Մեր երախտագիտության կենտրոնում հիշելու օրհնությունն է, թե «որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ Ադամի ստեղծումից ի վեր, ընդհուպ [այս] ժամանակը» (Մորոնի 10․3)։ Տասներկուսի Քվորումի անդամներն ասել են, որ երբ մեզանից պահանջվում է «ապաստան գտնել», մենք կարող ենք հետևել Նեփիի և Ալմայի օրինակին, հիշելով, որ Նա, «ում [մենք] ապավինել» ենք՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, «դեռ կազատի [մեզ]» (2 Նեփի 4․19, Ալմա 36․27)։ Եվ մենք կարող ենք հիշել, որ ինչպես ուսուցանել է Պողոս առաքյալը, ոչինչ չի կարող «մեզ բաժանել Աստուծոյ սերիցը» (տես Հռովմայեցիս 8․35

Տեր Հիսուս Քրիստոսը «մեր ամենամեծ ապավենն է» (տես Սաղմոս 61․1-4), ասել է Երեց Հոլլանդը։ «Ինչ էլ որ պատահի, մենք երբեք չենք բաժանվի Փրկիչի սիրուց և Նրա ընկերակցությունից, նույնիսկ, եթե մենք հիմա դա չենք հասկանում։ Հոգու համար խոչընդոտ չեն հանդիսանում վիրուսը, երկրների սահմանները կամ բժշկական կանխատեսումները»։

Նկար
woman on a walk talking to women at window

Լուսանկարը տրամադրել է © Getty Images

«Արեք բարի բաներ»

Վերջերս, երբ Երեց Քրիստոֆերսոնը կարդում էր Եկեղեցու կոմիտեի զեկույցը, նրան մտահոգեց ազդեցությունը, որ «հարկադրված մեկուսացումը» կարող է ունենալ Եկեղեցու միայնակ անդամների վրա՝ լինեն ծեր, թե երիտասարդ։

«Հարկադրված մեկուսացումը կարող է տանել մենակության, իսկ մենակությունը կարող է բացասական հետևանքներ թողնել ֆիզիկական և մտավոր առողջության վրա»,- ասել է նա։ «Այն չեզոքացնելու համար հասարակական առողջության որոշ պաշտպաններ խորհուրդ են տալիս, որ միայնակները ուղիներ փնտրեն և «բարի բաներ անեն» որևէ մեկի համար»։

Վերջին Օրերի Սրբերը կարող են ուղիներ գտնել ուրիշներին ծառայելու, օգնելու և աջակցելու համար, հատկապես նրանց, ովքեր միայնակ են, ասել է Երեց Քրիստոֆերսոնը, և միայնակ անդամները, ովքեր ծառայություն են մատուցում ուրիշներին, կարող են նվազեցնել մեկուսացված լինելու իրենց զգացողությունը։

«Կենտրոնացեք սպասավորելու վրա»,- ասել է նա։ «Մենք շատ բան կարող ենք անել միմյանց համար, որպեսզի ունենանք եղբայրությանը և քույրությանը պատկանելու զգացողություն։ Սա է ժամանակը, երբ երեցների քվորումը և Սփոփող Միությունը կարող են իսկապես կատարել իրենց յուրահատուկ առաքելությունը և անել բաներ, որ միայն իրենք կարող են անել»։

Եվ որևէ մեկին միշտ հաղորդագրություն ուղարկելու փոխարեն նա խորհուրդ է տալիս․ «Կարծում եմ շատ առողջ միտք է զանգել մեկին, օգտագործելով այն հին տեխնոլոգիան, որը կոչվում է հեռախոս։ Պարզապես զանգեք, խոսեք և շփվեք։ Թող նրանք ձայն լսեն»։

Ուրիշներին հասնելու փոքր ջանքերը կարող են մեծ փոփոխություն առաջացնել՝ լուսավորելով որևէ մեկի օրը այն ձևերով, որոնք մենք չգիտենք։ «Մեր սպասավորությունը խիստ անհրաժեշտ է լիովին մեկուսացված մարդկանց»,- ասել է Երեց Քուքը։

Երեց Հոլլանդը խորհուրդ է տվել․ «Մենք պարտավոր ենք նվիրաբերել մեր օրվա որոշակի մասը՝ շփվելու մարդկանց հետ, ովքեր բարձրացվելու կարիք ունեն։ Իհարկե, մենք բարձրանում ենք դա անելով, ուստի, ամեն ոք «բարձրացվում է» (3 Նեփի 27․14, 15)․ ինչպես ասել է Տերը, Նա ուղարկվել էր աշխարհ այդ իսկ նպատակով»։

Ինքներս մեզ և ուրիշներին բարձրացնելու մեկ այլ եղանակ է այն օրվան պատրաստվելը, երբ տաճարները կվերաբացվեն։ Տաճարների փակումը, լինի դա համավարակի, վերանորոգման կամ մաքրելու պատճառով, «հիանալի հնարավորություն է տալիս ավելին իմանալու ընտանիքի պատմության ուսումնասիրության, ինդեքսավորման մասին, և թե ինչպես պատրաստել շատ և շատ անուններ այն օրվա համար, երբ տաճարի դռները նորից կբացվեն»,- ասել է Երեց Բեդնարը։

Անկախ այն բանից, տաճարները բաց են, թե՝ փակ, շարունակել է Երեց Բեդնարը, Եկեղեցու անդամները կարող են դեռ ձգտել արժանի լինել և ունենալ տաճարի գործող երաշխավորագիր։

Դասեր, որոնք Տերը ցանկանում է, որ մենք քաղենք

Ինչպես նշել է Երեց Բեդնարը, մինչ ոչ ոք չէր ընտրի COVID-19 համավարակը, այնուամենայնիվ, վերջին օրերի աղետը մեզ վրա է։

«Հավերժական հեռանկարն ունենալով, որն ապահովում է վերականգնված ավետարանը, և շնորհը, որը բխում է Փրկիչի Քավությունից, մենք կարող ենք դասեր քաղել մահկանացու կյանքի փորձություններից, որոնք մեզ պատրաստում են հավերժական օրհնություններին»,- ասել է նա։ «Մենք պետք է աղոթենք։ Մենք պետք է փնտրենք։ Մենք պետք է խնդրենք։ Մենք պետք է աչք ունենանք՝ տեսնելու և ականջ՝ լսելու։ Սակայն մենք կարող ենք օրհնվել նշանակալից եղանակներով, քաղելով դասեր, որոնք կօրհնեն մեզ այժմ և հավիտյան»։

Ողջ աշխարհում ընտանիքների վրա կործանարար ազդեցություն ունենալով հանդերձ, COVID-19 սովորեցրեց մարդկանց մեծապես մտահոգվել ուրիշների համար, ասել է Նախագահ Բալլարդը։

«Մենք սկսում ենք գիտակցել, թե որքան թանկ են մեր ընտանիքները, որքան թանկ են մեր հարևանները և որքան թանկ են մեր Եկեղեցու անդամները»,- ասել է նա։ «Կան դասեր, որոնք մենք այժմ քաղում ենք, որոնք մեզ ավելի լավ մարդիկ կդարձնեն»։

Եվ երբ անցնի ներկայիս փոթորիկը, ի՞նչ ակնկալիքներ ենք ունենալու այդ ժամանակ։ Հիմնականում նույնը, ասել է Երեց Ուխդորֆը։ Աստծո զավակները՝ Եկեղեցու ներսում և դրանից դուրս, շարունակելու են կանգնել դժվարությունների առաջ։

«Մենք ապրում ենք ժամանակներում, երբ պետք է սովորենք»,- ասել է նա։ Եվ ամենակարևոր բանը, որը մենք պետք է սովորենք, այն է, որ գալիք մարտահրավերների պատասխանը նաև ներկայիս մարտահրավերի պատասխանն է․ Հիսուս Քրիստոսի ավետարանը։

Քանի որ Վերջին Օրերի Սրբերն ունեն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, ասել է Երեց Հոլլանդը, նրանք կարող են սովորել դրական մոտեցում ցուցաբերել և լինել լավատես, անել լավագույնը և ապավինել Տիրոջ հետևյալ խոսքերին․ «Եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը» (Վարդապետություն և Ուխտեր 123․17

«Կան շատ բաներ, որոնց համար կարող ենք ուրախանալ, մինչ մենք կատարելագործում ենք մեր հավատը, ավելի շատ ենք ապավինում Տիրոջը և տեսնում Նրա ազատելու հրաշքը»,- ասել է Երեց Հոլլանդը։

Հղումներ

  1. See William G. Hartley, “The Church Grows in Strength,” Ensign, Sept. 1999, 35.

  2. Teachings of Presidents of the Church: Heber J. Grant (2002), 49, 48.

  3. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյ. 2016, 82։

  4. Bruce R. McConkie, “The Caravan Moves On,” Ensign, Nov. 1984, 85.

  5. Joseph Smith, in History of the Church, 4:540.

  6. Ռասսել Մ. Նելսոն, «Լսեք Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89։