2020
Ճանաչել էմոցիոնալ բռնությունը
Հոկտեմբեր 2020


Միայն թվային տարբերակով

Ճանաչել էմոցիոնալ բռնությունը

«Ամուսինս բռնապետ չէ: Նա գոռում է ինձ վրա և վատ խոսքեր է ասում, բայց դա բռնություն չէ, այնպես չէ՞»:

Մենք գիտենք, որ «Տերը դատապարտում է վիրավորական վարքագծի ցանկացած դրսևորում»:1 Եվ բռնության որոշ ձևեր, ինչպես օրինակ` ֆիզիկական բռնությունը, հեշտ տեսանելի է, բայց էմոցիոնալ բռնությունը կարող է շատ ավելի դժվար նկատելի լինել: Վնասը կարող է առաջացնել շփոթություն, վախ, ամոթ, հուսահատություն և ցածր ինքնարժեքի զգացումներ:

Էմոցիոնալ բռնությունը փորձ է մի անձնավորության կողմից վերացնել մեկ ուրիշի ազատ կամքը և վերահսկողություն ձեռք բերել նրանց վրա` խոսքերով կամ վարվելակերպով, որոնք շահարկում են էմոցիաները կամ ընտրությունները: Էմոցիոնալ բռնություն կարող է պատահել ամեն տիպի փոխհարաբերության մեջ` կողակիցների միջև, ծնողների և երեխաների միջև, ընկերության մեջ, ժամադրության փոխհարաբերություններում կամ աշխատակիցների միջև:

Որո՞նք են էմոցիոնալ բռնության որոշ օրինակներ:

Էմոցիոնալ բռնության նշանների իմացությունը կարող է պաշտպանել ձեզ և ձեր սիրելիներին: Որոշ բռնարարքներ ներառում են հետևյալ արարքները.

  • Երբ ձեզ վատ խոսքեր են ասում կամ նվաստացնում:

  • Ամոթահար են անում հասարակության մեջ:

  • Քննադատում են և ձեր նվաճումներն ու արածները արժեզրկում:

  • Մեղադրում են ձեզ իրենց գործողությունների համար և իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում:

  • Ձեզ ստիպում են մեղավոր զգալ, որպեսզի դուք ինչ-որ բան անեք իրենց համար, որովհետև նրանք ինչ-որ բան են արել ձեզ համար:

  • Ձեզ մյուսներից մեկուսացնում են և վերահսկում, թե ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը։

  • Սպառնում են, եթե դուք չեք գործում որոշակի ձևով կամ չեք անում որոշակի բաներ:

  • Չեն ցուցաբերում քնքշանք, մինչև իրենց համար չեք անում որոշակի բաներ:

  • Ձեզ հոգևորապես շահարկում են` օգտագործելով կրոնական հավատալիքներ ձեզ վերահսկելու համար:

Ինչպե՞ս կարող եմ ճանաչել էմոցիոնալ բռնությունը։

Նույնքան կարևոր է ծանոթ լինել բռնարար վարվելաձևերին և ձեր ներքին նախազգուշացնող նշաններին: Ահա որոշ բնորոշ մտքերի օրինակներ և որոշումներ, որոնք կարող են ձեզ էմոցիոնալ բռնության հարաբերությունների մեջ պահել:

  1. Ներում եք ձեր վրա բռնացողի վարքը.

  2. Բռնացողի վարքն արդարացնում եք. «Նա սովորաբար չէր անի սա, նա հենց հիմա մեծ ճնշման տակ է գտնվում»:

  3. Մեղմացնում եք վարքագիծը. «Իրականում այդքան էլ մեծ բան չէր»:

  4. Ինքներդ ձեզ մեղադրում եք նրանց վարվելակերպի համար. «Եթե միայն ճաշը ժամանակին պատրաստ լիներ, նա այդքան չէր բարկանա և բղավի ինձ վրա»:

  5. Անտեսում եք էմոցիոնալ անհարմարությունը: Սկզբում, երբ դուք զոհ եք դառնում էմոցիոնալ բռնության, հավանաբար ցանկանում եք խուսափել անարգողից, որովհետև դուք անհանգստություն կամ բացասական վերաբերմունք եք զգում ձեր հանդեպ, երբ նրանք ձեր շրջապատում են: Հարաբերությունները պահպանելու համար, գուցե անտեսեք այս անհարմարավետության զգացումները: Ժամանակի ընթացքում այդ անհարամարավետությունը կարող է անհետանալ, որը պայմանավորված է նրանց վարվելակերպով:

  6. Օգտագործում եք կրոնական համոզմունքները` իրավիճակն արդարացնելու համար: Սա շատ տարածված է մեր հասարակության մեջ, նույնիսկ Եկեղեցու անդամների մեջ: Մարդը, ում բռնության են ենթարկում, կարող է մտածել նման մի բան. «Տերը պատվիրել է մեզ ներել: Ես մեղք եմ գործում, եթե չեմ ներում: Ներումը պատվիրան է: Բայց ինչպես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է ասել. «Նա չի ասել, «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար փորձություններից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»: Ոչ էլ Նա ասել է. «Որպեսզի լիովին ներեք, դուք պետք է շարունակեք վնասակար հարաբերությունները կամ վերադառնաք ստորացուցիչ և կործանարար վիճակին»:2

  7. Անտեսելով ձեր սեփական կարիքները Դուք հոգում եք ուրիշների կարիքները, ինքներդ ձեր մասին չհոգալու գնով: Օրինակ, զգալով էմոցիոնալ ցավ և խուսափելով ինչ-որ մեկի զգացումները վիրավորելուց կամ որևէ ընկերոջ փող տալով, նույնիսկ, երբ դուք չեք կարող դա ձեզ թույլ տալ:

  8. Դուք ձեզ անարժան եք զգում Էմոցիոնալ բռնությունը կարող է խանգարել ձեր ինքնարժեքի զգացումներին: Մինչդեռ դուք Աստծո որդին կամ դուստրն եք և ունեք աստվածային բնույթ և ճակատագիր: Ձեր արժանիքը, որը մեծ է, անփոփոխ է (տես Վարդապետություն և Ուխտեր 18.10):

Ի՞նչ կարող եմ ես անել, եթե էմոցիոնալ բռնության եմ ենթարկվում:

Երբեմն էմոցիոնալ բռնությամբ ուղեկցվող հարաբերությունը կարող է այնքան կործանարար լինել, որ այդ հարաբերության խզումը կարող է անհրաժեշտ լինել: Այնուամենայնիվ, խզումը միակ տարբերակը չէ ամեն իրավիճակում: Հնարավոր է փոփոխություն, և հարաբերությունը կարող է առողջանալ աշխատանքով, իսկ հաճախ՝ մասնագետի օգնությամբ: Եթե հավատում եք, որ դուք գուցե էմոցիոնալ բռնության հարաբերության մեջ եք, ձեզ կարող է օգնել հետևյալը.

  1. Որոնեք աջակցություն և օգնություն վստահելի որևէ անձից, ում հետ դուք կարող եք կիսվել ձեր փորձառություններով, ինչպես օրինակ՝ ընկեր, Եկեղեցու ղեկավար կամ մասնագետ հասարակական որևէ կազմակերպությունում: Այդ մարդը կարող է տրամադրել էմոցիոնալ աջակցություն և լավատեսական հեռանկար այն մասին, թե ով եք դուք, և կարող է օգտակար ժամանակ անցկացնել ձեզ հետ՝ հեռու բռնությունից: (Տես բռնություն.ChurchofJesusChrist.org. Սեղմեք “In Crisis” օգնության ցուցակների ցանկի համար:)

  2. Սահմանեք և պահեք սահմանները այն անձի հետ, ով բռնարար վարք է դրսևորում՝ տարբերակելով վարքը, որը բռնարար է, և սահմանափակումներ է ստեղծում ձեր շարունակական փոխգործակցության համար: Դուք կարող եք ասել. «Ես անհարգալից վերաբերմունք եմ զգում ձեր կողմից հենց հիմա: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, բայց չեմ խոսի, մինչև դուք ինձ չվերաբերվեք ավելի հարագալից և բարյացակամ»:

  3. Օգնություն ստացեք մասնագետ խորհրդատուից, ով լավատեղյակ է էմոցիոնալ բռնության և դրա հետևանքների մասին: Երբեմն իրավախախտները նույնիսկ չգիտեն, որ իրենք բռնություն են գործադրում: Նրանք կարող են սովորել փոխվել, եթե կամենում են օգնություն որոնել: Եթե հարաբերությունը չի շարունակվում, մասնագիտական օգնության որոնումը Տիրոջ օգնության հետ միասին կօգնի ձեզ բժշկվել:

  4. Գտեք ավելի օգտակար տեղեկություն և աղբյուրներ բռնության մասին.ChurchofJesusChrist.org.-ում:

Ինչպիսին էլ որ լինեն ձեր հանգամանքները, իմացեք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են և ցանկանում են օգնել ձեզ: Եվ դիմելով ձեր Երկնային Հորը, Փրկիչին և Սուրբ Հոգուն, հույսը և բժշկումը հնարավոր է:

Հղումներ

  1. Առաջին Նախագահության նամակ, «Արձագանքելով բռնությանը», 28 հուլիսի, 2008թ.:

  2. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 79: