2020
7 խորհուրդ պոռնոգրաֆիայի օգտագործումը հաղթահարելու համար
Հոկտեմբեր 2020


Չափահաս երիտասարդներ

7 խորհուրդ պոռնոգրաֆիայի օգտագործումը հաղթահարելու համար

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ)։

Աշխատելով երիտասարդ ամուրիների հետ, ովքեր փորձում են հաղթահարել պոռնոգրաֆիայի անկառավարելի օգտագործումը, ես գտել եմ մի քանի խորհուրդներ, որոնք դուք նույնպես կարող եք օգտակար համարել։

Նկար
flow chart

Լուսանկարն ըստ Getty Images

Երբ ինձ ձեռնադրեցին որպես երիտասարդ ամուրիների ծխի նոր եպիսկոպոս, իմ գրասենյակի դռան մոտ երիտասարդ ամուրիների մի ամբողջ շարք սպասում էր, որպեսզի հանդիպեր ինձ հետ։ Կռահեք, թե մենք ի՞նչ էինք քննարկում այդ առաջին հարցազրույցի ժամանակ։

Պոռնոգրաֆիայի օգտագործումը։

Եվ հաջորդ երեք օրերի ընթացքում, փորձելով օգնել երիտասարդ ամուրիներին հաղթահարել կախվածություն առաջացրած սովորությունը, սա դարձել էր իմ կոչման մեծ ոլորտը, ուստի, ես գիտեի, որ պետք է սովորեի հնարավորինս շատ բան։ Ես ծոմ էի պահում, աղոթում, տաճար այցելում, խորհրդակցում այլ ղեկավարների հետ, վերանայում բոլոր հնարավոր նյութերը, հաճախում կախվածություններից ազատվելու դասերի և սովորում նրանցից, ովքեր աշխատում էին ազատվել։ Ուզում եմ կիսվել իմ սովորածի վերաբերյալ մի քանի հուսալի մտքերով։

1․ Իմացեք, որ դուք զավակն եք Երկնային Ծնողների, ովքեր սիրում են ձեզ

Եթե դուք աշխատում եք ազատվել պոռնոգրաֆիայի անկառավարելի օգտագործումից, գուցե զգում եք, որ հեռացել եք Երկնային Հորից, քանի որ մտածում եք, որ արժանի չեք սիրո կամ օգնության, մինչև կլուծեք այդ խնդիրը։ Սա ճիշտ այն է, ինչ ուզում է սատանան․ հեռացնել ձեզ բոլորից, ովքեր սիրում են ձեզ, ներշնչելով մի գաղափար, որ դուք կարող եք ինքներդ հաղթահարել պոռնոգրաֆիան և միայն այդ ժամանակ արժանի կլինեք, որ ձեզ սիրեն։

Ձեր աստվածային էության շնորհիվ դուք միշտ արժանի եք ստանալու հույս, ոգեշնչում և անձնական հայտնություն՝ Երկնային Հոր կողմից, և Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը, որպեսզի հաղթահարեք պոռնոգրաֆիան։1 Մի հեռացեք Նրանցից կամ մարդկանցից, ովքեր սիրում են ձեզ։

2․ Հեռացրեք ամոթը

Ես հասկացել եմ, որ ամոթը հեռացնելով, խիստ կարևոր քայլ կկատարեք պոռնոգրաֆիան հաղթահարելու գործում։ Ամոթն այն զգացումն է, որի դեպքում դուք ձեզ զգում եք կոտրված, վնասված կամ վատ անձնավորություն։ Ձեր անձի վերաբերյալ այս վնասակար մտքերին հավատալը իրականում կարող է պահել ձեզ կախվածության ոլորանի ծուղակում։ Ձեր արածի համար զղջում զգալը ապաշխարհության գործընթացի մի մասն է և կարող է օգնել ձեզ փոխելու ձեր վարքագիծը։ Սակայն ամոթը ստիպում է ձեզ զգալ, ասես ձեր ողջ էությամբ դուք վատն եք, և Փրկիչի օգնությանը արժանի չեք։2

Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք ունենաք լիարժեք հույս առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավության օրհնությունները։ Ամոթը նայում է հետ՝ պահելով ձեզ ստերի և ինքնահիասթափության հորձանուտում։ Խնդրում եմ, հեռու մնացեք ամոթի արահետից։

3․ Մի շտապեք օգտագործել «կախվածություն» պիտակը

Շատ մարդիկ համարում են, որ իրենք «կախվածություն» ունեն պոռնոգրաֆիայից։ Ես զգուշացնում եմ ձեզ սխալմամբ չվերագրել ձեզ այն։ Երիտասարդների մեծ մասը, ովքեր պայքարում են պոռնոգրաֆիայի դեմ, իրականում կախվածություն չունեն դրանից։3 Եվ այդ եզրույթի սխալ օգտագործումը կարող է դժվարացնել դադարեցնել պոռնոգրաֆիայի կիրառումը ամոթի, հուսալքության և ինքնահիասթափության պատճառով, որոնք հետևում են դրան։

4․ Գրեք կանխարգելման անձնական ծրագիր

Կանխարգելման անձնական ծրագիրը երեք մասից բաղկացած փաստաթուղթ է, որը կարող է օգնել ձեզ հաղթահարել պոռնոգրաֆիան։

Մաս 1․ Կազմեք ձեր հրահրիչների ցանկը։ Հրահրումը ոլորանի առաջին քայլն է, որը տանում է պոռնոգրաֆիայի դիտմանը։

Կան տարբեր տեսակի հրահրիչներ․

  • Իրավիճակային․ միջավայրեր, որոնք հրահրում են անցյալի մտքերի կամ վարքի պատճառով (օրինակ, նույն սենյակում լինելը կամ օրվա որոշակի ժամը)

  • Լարվածություն/անհանգստություն/միայնություն/տրավմատիկ իրադարձություններ․ բարդ հույզերը կամ իրավիճակները, որոնք հրահրում են ձեզ անդրադառնալ պոռնոգրաֆիային, որպես այդ զգացողություններից խուսափելու կամ դրանց հետ հաշտվելու եղանակ

  • Տեսողական․ ոչ պոռնոգրաֆիկ նյութի պատահական ազդեցությունը, որը հրահրում է սոցիալական ցանցերի, ֆիլմերի, նկարների և այլ բաների միջոցով

Մաս 2․ Ծրագրեք, թե ինչպես կանխել հրահրիչների հետ բախումը։

Օրինակ, եթե դուք ունեք իրավիճակային հրահրիչ՝ կապված գիշերվա ուշ ժամի հետ, անկողին մտնելուց 30 րոպե առաջ անջատեք ձեր հեռախոսը կամ քնելուց ձեր հեռախոսը ձեր սենյակում մի պահեք. դա կարող է օգտակար լինել։ Եթե պոռնոգրաֆիան միջոց է բարդ զգացողությունները հաղթահարելու համար, գտեք այդ զգացողությունները հաղթահարելու ավելի լավ տարբերակ։ Մարզվելը կամ դեղամիջոցները կարո՞ղ են օգնել նվազեցնել ձեր լարվածության կամ անհանգստության մակարդակը։ Ընկերների հետ հանդիպումները կամ ինստիտուտի դասերին մասնակցությունը կարո՞ղ է նվազեցնել ձեր միայնությունը։ Խորհեք, թե ինչի դեմ եք դուք պայքարում, և որ տարբերակները կարող են օգտակար լինել ձեզ համար։

Նաև մի թերագնահատեք հոգևոր գործիքները։ Աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ծառայությունը, եկեղեցի և տաճար հաճախելը հզոր գործիքներ են, որոնք կենսական նշանակություն ունեն հրահրիչները կանխելու և ձեզ օգնելու համար, որ ուժեղ մնաք։

Մաս 3․ Ծրագրեք, թե ինչ եք անելու, երբ հրահրվում եք։ Յուրաքանչյուր հրահրիչի հետ կապված գրեք ձեր զանազան ծրագրերը։

Օրինակ, երբ դուք հրահրվում եք, կարող եք անմիջապես անջատել ձեր հեռախոսը, հաղորդագրություն ուղարկել կամ զանգել մեկին, գնալ զբոսնելու կամ մարզվել, կարդալ Մորմոնի Գրքից կամ անել ցանկացած այլ բան, որը կարող է օգնել ձեզ շեղելու ձեր մտքերը։

Գրի առեք քայլեր, որոնք օգտակար կլինեն ձեր դեպքում։ Երբեմն հրահրիչները կնահանջեն, նախքան ձեր նախատեսած բոլոր քայլերին անդրադառնալը։ Ձեր քայլերը կարող են օգնել ձեզ դուրս գալ պահի ազդեցությունից։ Երբ հրահրիչը նահանջում է, վերանայեք ձեր կանխարգելիչ ծրագիրը, թե ինչը օգնեց ձեզ և ինչպես այն կարելի է փոփոխել՝ հաջորդ անգամ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Պահեք այն մի այնպիսի վայրում, որը կարող եք ամեն օր տեսնել։

Նկար
flow chart part 2

5․ Հասկացեք սայթաքելու և վատ սովորություններին վերադառնալու տարբերությունը

Երբ սայթաքում եք, դուք սխալվում եք, սակայն արագ ուղղում եք ձեր սխալը և օգտագործում այն որպես սովորելու փորձառություն՝ բարելավելով ձեր կանխարգելիչ ծրագիրը։ Վերադառնալ վատ սովորություններին՝ նշանակում է հուսալքվել, այլևս չփորձել և դառնալ անտարբեր։

Իմացեք, որ սայթաքելը ձեր կանխարգելող ծրագիրը բարելավելու մասն է կազմում։ Մի եզրակացրեք, որ դուք տապալել եք ձեր ողջ առաջընթացը կամ ձեր գործադրած ջանքերը զուր էին, քանի որ դա այդպես չէ։ Առաջ նայեք դրական վերաբերմունքով և իմացեք, որ մեկ օրով մոտեցել եք ապաքինմանը։

Երբ սայթաքում եք, հարցրեք ինքներդ ձեզ․

  • Ի՞նչ պատահեց։

  • Ինչո՞վ էր տարբերվում այս հրահրիչը։

  • Արդյո՞ք դուք վերջերս գերլարված իրավիճակում էիք։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք։

  • Գուցե ձեզ թուլացրել էր որոշ ժամանակ սուրբ գրություններից հեռու լինելը։

  • Գուցե վերջերս չէի՞ք մարզվում։

  • Գուցե ձեր կանխարգելիչ ծրագրի որևէ կետ անօգտակար է։

  • Հաջորդ անգամ ի՞նչը կարող եք փոխել։

Գրի առեք ձեր սովորածը և շարունակեք առաջ ընթանալ։

6. Հավատացեք Փրկիչի բժշկող զորությանը

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ապաշխարության գործընթացում, և Նա զորություն ունի տալու ձեզ հնարավորություն, երբ դուք ձգտում եք հաղթահարել պոռնոգրաֆիան։ Նա հասկանում է, թե դուք ինչ եք զգում, և սպասում է, որ վերցնի ձեզանից այդ բեռը։ Մի մտածեք, որ Նրան դիմելով ավելացնում եք Նրա բեռը։ Նա արդեն իսկ վճարել է այդ գինը ձեզ համար։ Դրա փոխարեն արեք հնարավոր ամեն բան, ավելի մոտեցեք Փրկիչին և խնդրեք Նրան օգնել ձեզ բժշկվել, փոխել ձեր ցանկությունները և տալ ձեզ ավելի մեծ ուժ առաջ շարժվելու համար։

Ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը․ «Եթե մենք շարունակաբար ձգտենք հաղթահարել մեր մարտահրավերները, Աստված կօրհնի մեզ բժշկվելու և հրաշքներ գործելու պարգևներով։ Նա կանի մեզ համար այն, ինչ մենք ինքներս չենք կարող անել»։4

7․ Մի արեք դա միայնակ

Կապերը և ընկերները նույնպես կարող են ուժ տալ և օգնել ձեզ առաջ ընթանալ։ Պետք է ունենաք մեկը, ով կարող է օգնել ձեզ պատասխանատվություն կրել և տեսնել ձեզ ձեր լավագույն և վատագույն օրերի ընթացքում։ Նրանք պետք է աջակցեն ձեզ՝ առանց դատելու։ Դուք նույնպես կարող եք նույն կերպ աջակցել նրանց։ Փնտրեք ձեր Եկեղեցու ղեկավարների կամ ընտանիքի անդամների խորհուրդը։ Անհրաժեշտության դեպքում, թերապևտը կամ արհեստավարժ հոգեբան-խորհրդատուն կարող է նաև օգնել ձեզ բացահայտել թաքնված պատճառները, թե դուք ինչու խնդիրներ ունենք պոռնոգրաֆիայի հետ։

Հիշեք, որ դուք ապագա ծնող և ղեկավար եք

Դուք առաջին սերունդն եք, որ կարող եք 24/7 մուտք գործել պոռնոգրաֆիկ նյութեր։ Ես հավատում եմ, որ այս մարտահրավերը հասունանում է ձեր սերնդի հետ, քանի որ դուք կունենաք ավելի լավ գործիքներ և իմաստություն` ուրիշներին այս ծուղակից փրկելու համար, երբ մի օր դառնաք ծնող և առաջնորդ։ «Մեր Երկնային Հայրը մեզ չի բերել երկիր ձախողվելու համար, այլ փառահեղ հաջողություն ձեռք բերելու համար»։5

Չնայած այս խորհուրդները կարող են օգնել պոռնոգրաֆիան հաղթահարելու ձեր ջանքերում, մի վախեցեք դիմել նաև այլ աղբյուրների։ Դեպի ապաքինում տանող յուրաքանչյուրի ճանապարհը տարբեր է լինում։ Գտեք այն, ինչն օգնում է ձեզ։ Չհանձնվե՛ք։ Գնահատեք օրվա ընձեռած հնարավորությունը։ Դուք կարող եք դա անել։ Դուք իրոք կարող եք (տես Փիլիպպեցիս 4․13)։ Եվ դուք կդառնաք այն անձնավորությունը, որ նախատեսված էիք դառնալ։

Հղումներ

  1. Քույր Ջոյ Դ․ Ջոնսը բացատրել է տարբերությունը արժեքի և արժանավորության միջև «Անչափելի արժեք» ելույթում, Լիահոնա, նոյեմբեր 2017, 14։

  2. Տես Վենդի Ուլրիխ, «Թույլ լինելը մեղք չէ», Լիահոնա, ապրիլ 2015, 23, “Shame versus Guilt: Help for Discerning God’s Voice from Satan’s Lies” (digital-only article), Ensign, Jan. 2020։

  3. Տես Դալլին Հ. Օուքս «Ազատվել պառնոգրաֆիայի ծուղակից», Լիահոնա, հոկ. 2015, 52։ Նախագահ Օուքսը նկարագրում է պոռնոգրաֆիայի մեջ ներգրավվածության չորս տարբեր աստիճանները․ (1) պատահական բացահայտումը, (2) հազվադեպ օգտագործումը, (3) ինտենսիվ օգտագործումը և (4) անկառավարելի օգտագործումը (հակվածություն)։ Օգտակար է գիտակցել, որ պոռնոգրաֆիա օգտագործողներից ոչ բոլորի մոտ է ձևավորված «կախվածություն»։ Հույս կա, որ կարող եք հաղթահարել պոռնոգրաֆիան, անկախ այն բանից, թե ներգրավվածության որ փուլում եք։

  4. Ուլիսես Սոարես, «Վերցնենք մեր խաչը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 114։

  5. Ռիչարդ Գ. Սքոթ, «Սովորենք հասկանալ աղոթքների պատասխանները», Ensign, նոյ. 1989, 30։