2020
Կանգնել հայտնության վեմի վրա
Հոկտեմբեր 2020


Կանգնել հայտնության վեմի վրա

Վերցված է 2019 թվականի հունվարի 22-ին Բրիգամ Յանգի Համալսարանում տեղի ունեցած հոգևոր երեկոյի «Հավերժ կանգնել» ելույթից։

Հաստատված լինելով հայտնության վեմի վրա, մենք կարող ենք գտնել ամենակարևոր հարցերի պատասխանները։

Նկար
man standing on mountain surrounded by people yelling

Լուսանկարները` Միչալ Ջիքանի

Մի քանի տարի առաջ, որպես Բարձրագույն Իշխանավորի, ինձ հանձնարարված էր կարդալ բավականին շատ նյութեր՝ գրված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու, Մարգարե Ջոզեֆ Սմիթի, Մորմոնի Գրքի և Վերականգնման իրադարձությունների դեմ։ Այդ հանձնարարությունը կատարելուց հետո ես այլևս երբեք չեմ վերադարձել այդ վարկաբեկող նյութերին։

Այդ նյութերի ընթերցանությունն ինձ մոտ միշտ մռայլ զգացողություններ էր առաջացնում, և մի օր խավարի այդ զգացողությունը ոգեշնչեց ինձ մասամբ գրել նման բոլոր զրպարտող հայտարարությունների պատասխանը։ Կցանկանայի կիսվել այդ օրը գրառած որոշ մտքերով, որոնք օգտակար եղան ինձ համար, և հուսամ, որ դրանք կարող են օգնել նաև ձեզ։

Արդյո՞ք մենք կմնանք հավիտյան

Դանիել մարգարեն ասել է, որ վերջին օրերում․ «երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կմնայ յաւիտեանս» (Դանիել 2․44

Աստծո թագավորությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է։ Այն «կմնայ յաւիտեանս»։ Հարցը նրանում է, թե արդյո՞ք ես և դուք կմնանք, թե՞ «[մենք] էլ ուզում [ենք] գնալ» (Հովհաննես 6․68)։ Եվ եթե մենք հեռանանք, ո՞ւր ենք գնալու։

Նկար
wolf in sheeps clothing

Խաբեությունը մեր ժամանակների նշանն է

Երբ Տերը նկարագրում էր Իր Գալուստի և աշխարհի վերջի նշանները, նա նշեց շատ բաներ, ներառյալ՝ պատերազմներ և պատերազմների համբավներ, ազգերը վեր կկենան ազգերի դեմ, սով, պատուհասներ, երկրաշարժեր և ուրիշ շատ նշաններ, ներառելով այս մեկը․ «Քանզի այդ օրերին [այս օրը] կեղծ քրիստոսներ և նաև կեղծ մարգարեներ կբարձրանան, և մեծ նշաններ ու զարմանալիքներ ցույց կտան, այնպես որ, եթե հնարավոր լինի, նրանք կմոլորեցնեն նույնիսկ ընտրվածներին, որոնք ընտրված են՝ ուխտի համաձայն» (Ջոզեֆ Սմիթ-Թարգմանություն 1․22, տես նաև Մատթեոս 24․24

Ես վստահ չեմ, թե որն է «եթե հնարավոր լինի, նրանք կմոլորեցնեն նույնիսկ ընտրվածներին» արտահայտության ողջ իմաստը, սակայն ես կարծում եմ, որ դա առնվազն նշանակում է, որ յուրաքանչյուր ոք մեր օրերում կհանդիպի մարտահրավերների։

Կան շատերը, ովքեր խաբում են, և խաբվելու վտանգը շատ մեծ է։ Մի կողմից մենք հանդիպում ենք նրանց, ովքեր հարձակում են գործում Վերականգնման, Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի վրա։ Հաջորդիվ մենք հանդիպում ենք նրանց, ովքեր հավատում են Վերականգնմանը, սակայն հայտարարում են, որ Եկեղեցին անկատար է և շեղվել է ճիշտ ճանապարհից։ Ուրիշներն էլ հայտարարում են, որ հավատում են Վերականգնմանը, սակայն հիասթափված են վարդապետությունից, որը հակասում է մեր օրերի փոփոխական հայացքներին։ Ոմանք առանց իշխանություն ունենալու հայտարարում են տեսիլքների, երազների և այցելությունների մասին՝ առաջնորդելով մեզ ավելի վեհ ճանապարհներով կամ նախապատրաստելով Եկեղեցին աշխարհի վերջի համար։ Ուրիշներն էլ խաբվում են կեղծ հոգիներից։

Մյուս կողմից՝ մենք հանդիպում ենք անսահման շեղումների։ Երբեք չի եղել ավելի շատ տեղեկատվություն, թերի տեղեկատվություն և ապատեղեկատվություն, ավելի շատ բարիքներ, սարքավորումներ և խաղեր, և ավելի շատ տարբերակներ, գնալու վայրեր, տեսնելու և անելու բաներ, որոնք զբաղեցնում են մեր ժամանակն ու շեղում մեր ուշադրությունը ամենակարևորից։ Այս ամենը և շատ ավելին ակնթարթորեն տարածվում են ամբողջ աշխարհում էլեկտրոնային լրատվամիջոցներով։ Սա խաբեության օրն է։

Գիտելիքը խիստ կարևոր է

Ճշմարտությունը մեզ պարզ տեսնելու հնարավորություն է տալիս, քանի որ այն «գիտություն [է] բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (Վարդապետություն և Ուխտեր 93․24)։ Գիտելիքը շատ կարևոր է մեր օրերի վտանգների մեջ խաբեությունից խուսափելու, ճիշտը սխալից տարբերելու, պարզ տեսնելու և ճիշտ ուղիով ընթանալու համար։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Գիտելիքն անհրաժեշտ է կյանքի և աստվածապաշտության համար։ … Գիտելիքը հայտնություն է։ Լսեք … այս մեծ բանալին՝ գիտելիքը, Աստծո զորությունն է ի փրկություն»։1

Մարդիկ ասում են․ «Դուք պետք է հավատարիմ լինեք ձեր համոզմունքներին»։ Թեև դա ճիշտ է, դուք չեք կարող լինել ավելի լավը, քան գիտեք։ Մեզանից շատերը գործում են համաձայն մեր համոզմունքների, հատկապես համաձայն այն ամենի, ինչը կարծում ենք, բխում է մեր շահերից։ Խնդիրը նրանում է, որ մենք երբեմն սխալվում ենք։

Որոշ մարդիկ գուցե հավատում են Աստծուն և, կարծում են որ պոռնոգրաֆիան դիտելը սխալ է, սակայն մուտք են գործում պոռնոգրաֆիկ կայք, սխալմամբ կարծելով, որ ավելի երջանիկ կլինեն, եթե անեն դա կամ, որ չեն կարող զսպել իրենց և չսեղմել այդ կոճակը կամ, որ իրենք ցավ չեն պատճառում որևէ մեկին։ Նրանք պարզապես սխալվում են։

Ուրիշներն էլ հավատում են, որ ստելը սխալ է, սակայն երբեմն ստում են, սխալմամբ կարծելով, որ ավելի լավ կլինի ճշմարտությունը չհայտնել։ Նրանք պարզապես սխալվում են։

Մեկը կարող է հավատալ և նույնիսկ իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, սակայն ուրանալ Նրան ոչ թե մեկ, այլ երեք անգամ, սխալմամբ կարծելով, որ ավելի լավ է չվրդովվեցնի ամբոխին։ Պետրոսը չար չէր։ Ես նույնիսկ համոզված չեմ, որ նա թույլ էր։ Նա պարզապես սխալ էր։ (Տես Մատթեոս 26․34, 69-75։)

Երբ մենք վատ ենք վարվում, գուցե մտածենք, որ մենք վատն ենք, երբ իրականում մենք պարզապես սխալ ենք։ Խնդիրը ոչ այնքան մեր գործողությունների և մեր համոզմունքների միջև եղած անջրպետն է, այլ ավելի շուտ, խնդիրը մեր հավատալիքների և ճշմարտության միջև եղած բացը լրացնելն է։

Ինչպե՞ս լրացնենք այդ բացը։ Ինչպե՞ս խուսափենք խաբեությունից։

Նկար
man walking up steps

Առաջնային հարցեր և երկրորդական հարցեր

Կան առաջնային հարցեր և կան երկրորդական հարցեր։ Նախ սկսեք պատասխանել առաջնային հարցերին։ Առաջնային հարցերը ամենակարևորն են։ Կան ընդամենը մի քան առաջնային հարցեր։ Ես կնշեմ չորսը.

  1. Կա՞ արդյոք Աստված, ով մեր Հայրն է։

  2. Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, աշխարհի Փրկիչը։

  3. Արդյո՞ք Ջոզեֆ Սմիթը մարգարե էր։

  4. Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա։

Ի հակադրություն այս ամենի, երկրորդական հարցերն անվերջ են։ Դրանք ներառում են հարցեր Եկեղեցու պատմության, բազմակի ամուսնության, աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց և քահանայության, կանանց և քահանայության, Մորմոնի Գրքի, Թանկագին Մարգարիտի թարգմանության, ԴՆԹ-ի և Մորմոնի Գրքի, միասեռ ամուսնության, Առաջին տեսիլքի տարբեր արձանագրությունների և այլ շատ բաների վերաբերյալ։

Եթե դուք պատասխանեք առաջնային հարցերին, երկրորդական հարցերը նույնպես կգտնեն իրենց պատասխանները կամ կնվազի դրանց կարևորությունը։ Պատասխանեք առաջնային հարցերին և դուք կկարողանաք տիրապետել այն բաներին, որոնք հասկանում եք և այն բաներին, որոնք չեք հասկանում, բաներին, որոնց հետ համաձայն եք և բաներին, որոնց հետ համաձայնել չեք կարող՝ առանց եկեղեցուց հեռանալու։

Սովորելու աստվածային եղանակը

Կան սովորելու տարբեր եղանակներ՝ ներառյալ գիտական, վերլուծական, տեսական և աստվածային։ Այս բոլոր չորս եղանակներն էլ անհրաժեշտ են ճշմարտությունն իմանալու համար։ Դրանք բոլորն էլ սկսվում են նույն ձևով՝ հարցով։ Հարցերը կարևոր են, հատկապես առաջնային հարցերը։

Սովորելու աստվածային եղանակը ներառում է մյուս եղանակների տարրերը, բայց, ի վերջո, նետում է մնացած ամեն ինչ՝ դիպչելով երկնքի ուժերին։ Ի վերջո, Աստծո բաները հայտնի են դարձվում Աստծո Հոգու միջոցով, որը սովորաբար մի մեղմ ձայն է։ Տերն ասել է․ «Աստված ձեզ գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի պարգևով» (Վարդապետություն և Ուխտեր 121.26

Պողոս առաքյալն ուսուցանել է, որ մենք չենք կարող իմանալ Աստծո բաները առանց Աստծո Հոգու (տես Ա Կորնթացիս 2․9-11, տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Ա Կորնթացիս 2․11)։ Նա ասել է․ «Շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար»։ Մենք տեսնում ենք դա ամեն օր։ Պողոսը շարունակել է՝ «եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս 2.14

Կյանքում հանդիպած բոլոր խնդիրներից ամենամեծը ամենաքիչ հասկացվածն է։ Մարդկային բոլոր պայմաններից ամենավատը աղքատությունը, հիվանդությունը, միայնությունը, չարաշահումը կամ պատերազմը չէ, որքան էլ սարսափելի լինեն դրանք։ Մարդկային բոլոր պայմաններից ամենավատը ամենատարածվածն է. դա հոգևորապես մեռնելն է։ Դա Աստծո ներկայությունից զրկվելն է, իսկ այս կյանքում Նրա ներկայությունը Նրա Հոգին կամ զորությունն է։

Ի հակադրություն դրան, մարդկային բոլոր պայմաններից լավագույնը հարստությունը, համբավը, հեղինակությունը, առողջությունը, մարդկանց կողմից հարգված լինելը կամ, անվտանգությունը։ Մարդկային բոլոր պայմաններից լավագույնը երկնային զորությամբ օժտված լինելն է։ Դա նորից ծնվելն է, Սուրբ Հոգու պարգևը և ընկերակցությունն ունենալն է, որը գիտելիքի, հայտնության, ուժի, պարզության, սիրո, ուրախության, խաղաղության, հույսի, վստահության, հավատքի և գրեթե մյուս բոլոր բաների աղբյուրն է։

Հիսուսն ասել է․ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, … ամեն բան կ’սովորեցնէ ձեզ» (Հովհաննես 14․26)։ Դա զորություն է, որով մենք «կարող ենք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10․5)։ « … այն [մեզ] ցույց կտա բոլոր բաները, որ … [մենք] պետք է անենք» (2 Նեփի 32․5)։ Դա «կենդանի ջրի» աղբյուրն է, որ բխում է դեպի հավերժական կյանք (Հովհաննես 7․38, տես նաև հատված 37)։

Վճարեք գինը, որը դուք պետք է վճարեք, կրեք այն բեռը, որը պետք է կրեք, և կատարեք այն զոհաբերությունը, որը դուք պետք է կատարեք, որպեսզի ստանաք և պահեք ձեր կյանքում հոգին և զորությունը Սուրբ Հոգու։ Ամեն լավ բան կախված է ձեր կյանքում Սուրբ Հոգու զորությունը ստանալուց և պահելուց։

Նկար
man surrounded by question marks

«Այն, ինչ չի շենացնում»

Այսպիսով, ո՞րն էր այն մռայլ զգացողության պատճառը, որը ես զգացի մի քանի տարի առաջ` զրպարտող նյութեր կարդալիս։ Ոմանք կասեն, որ մռայլությունը հավատքի կողմնակալության արդյունք էր, որը բխում էր միայն այն բաներն ընտրելու ցանկությունից, որոնք համահունչ են մեր ենթադրություններին և հավատալիքներին։ Միտքը, որ ամեն բան, ինչին հավատացել և ուսուցանվել ես, կարող է սխալ լինել, մասնավորապես, երբ ոչ մի ավելի լավ բան չի առաջարկվում դրանց փոխարեն, իսկապես մռայլ և անհանգստացնող է։

Սակայն իմ զգացած մռայլությունը, մինչ խավարից լսում էի Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման դեմ հնչող ձայները, տարբերվում էր դրանից։ Այդ մռայլությունը հավատքի կողմնակալություն չէ, և ոչ էլ սխալված լինելու վախ։ Դա Աստծո Հոգու բացակայությունն է։ Դա մարդու այն վիճակն է, երբ նա «թողնված է մենակ» (Վարդապետություն և Ուխտեր 121․38)։ Դա խավարի մռայլությունն է և «մտքի ընդարմացում» (Վարդապետություն և Ուխտեր 9․9, տես նաև 8-րդ հատվածը)։

Տերն ասել է.

«Իսկ այն, ինչ չի շենացնում, Աստծուց չէ, և խավար է։

Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (Վարդապետություն և Ուխտեր 50.23-24

Աստծո Հոգու տված հայտնությունը վեր է հավատքի կողմնակալությունից, քանի որ այն հիմնված չէ լոկ ապացույցների վրա։ Ես ամբողջ կյանքիում ձգտել եմ լսել Տիրոջ խոսքը, սովորել ճանաչել այն և հետևել Աստծո Հոգուն։ Հոգին, որը կապված է մութ ձայների հետ, որոնք հարձակվում են Մարգարե Ջոզեֆ Սմիթի, Մորմոնի Գիրքի և Վերականգնման վրա, լույսի, բանականության և ճշմարտության ոգին չէ։ Ես շատ բան չգիտեմ, սակայն գիտեմ Տիրոջ ձայնը, իսկ Նրա ձայնը այդ խավարի ձայների մեջ չէ։

Ի հակադրություն այն մռայլ ու անառողջ մտածողությանը, որը տարածում է կասկած, լույսի, բանականության, խաղաղության և ճշմարտության ոգին հաստատում է իրադարձությունները և Վերականգնման փառավոր վարդապետությունը, հատկապես սուրբ գրքերը, որոնք աշխարհին հայտնի են դարձվել Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Պարզապես կարդացեք դրանք և հարցրեք ինքներդ ձեզ և Աստծուն, թե արդյոք դրանք սուտ են, խաբեություններ և մոլորություններ, թե ճշմարտություն են։

Դուք չեք կարող սովորել ճշմարտությունը բացառելու միջոցով

Ոմանք, ովքեր վախենում են, որ Եկեղեցին գուցե ճշմարիտ չէ, վատնում են իրենց ժամանակը և ուշադրությունը երկրորդական հարցերի վրա։ Նրանք սխալմամբ փորձում են իմանալ ճշմարտությունը բացառելու գործընթացով՝ փորձելով բացառել յուրաքանչյուր կասկած։ Սա միշտ վատ միտք է։ Դա երբեք չի գործի։

Գոյություն ունեն ճշմարտության դեմ ուղղված անսահման հայտարարություններ և կարծիքներ։ Ամեն անգամ, երբ դուք կգտնեք զրպարտություններից մեկը բացառելու ուղին, ձեր առջև կհառնի մյուսը։ Ես չեմ ասում, որ դուք ձեր գլուխը թաքցնեք ավազի մեջ, սակայն ես ասում եմ, որ դուք կարող եք մի ամբողջ կյանք անցկացնել տալով Եկեղեցու դեմ ուղղված բոլոր հարցերի պատասխանները, սակայն երբեք չհասկանաք ամենակարևոր ճշմարտությունները։

Առաջնային հարցերի պատասխանները չեն տրվում երկրորդական հարցերի պատասխանների միջոցով։ Երկրորդական հարցերը ունեն պատասխաններ, սակայն դուք չեք կարող ապացուցել դրականը՝ բացառելով յուրաքանչյուր բացասական բան։ Դուք չեք կարող ապացուցել Եկեղեցու ճշմարտացիությունը՝ բացառելով դրա դեմ արված յուրաքանչյուր հայտարարությունը։ Դա սխալ ռազմավարություն է։ Ի վերջո, պետք է լինի հաստատող ապացույց, և Աստծո բաների վերաբերյալ հաստատող վերջնական ապացույցը միանշանակ տրվում է հայտնությամբ՝ Սուրբ Հոգու զորության շնորհիվ։

Իր աշակերտներին Հիսուսը հարցրեց․

«Ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ։

Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։

Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Երանի քեզ, Սիմօն՝ Յովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չ’յայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է։

… Դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան» (Մատթեոս 16․15-18, տես նաև 13-14 հատվածները

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հիմնված է հայտնության վեմի վրա, և դժոխքի դարպասները չեն հաղթի նրան։ Ես և դուք Եկեղեցին ենք։ Մենք պետք է հաստատված լինենք հայտնության վեմի վրա, և չնայած մենք գուցե չիմանանք յուրաքանչյուր հարցի պատասխանը, մենք պետք է իմանանք առաջնային հարցերի պատասխանները։ Եթե մենք անենք դա, դժոխքի դարպասները մեզ չեն հաղթի և մենք հավերժ կանգուն կլինենք։

Նկար
man holding up candle

Կանգնել հայտնության վեմի վրա

Կա Աստված երկնքում, ով մեր Հավերժական Հայրն է։ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է՝ աշխարհի Քավիչը։ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է, ով դրեց Աստծո թագավորության Վերականգնման հիմքը։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա։ Ես գիտեմ այդ ամենը իմ փորձառությամբ։ Ես գիտեմ դա փաստերով, իսկ փաստերը չափից ավելի շատ են։ Ես գիտեմ դա ուսումնասիրությամբ։ Իսկ ամենակարևորը, ես գիտեմ դա Սուրբ Հոգու զորությամբ։

Եվ բացի դրանից, ես գիտեմ ամեն բան, որ պետք է իմանամ հավերժ կանգուն լինելու համար։ Թող որ մենք կանգնենք հայտնության վեմի վրա, հատկապես առաջնային հարցերի վերաբերյալ։ Եթե մենք այդպես վարվենք, մենք կմնանք հավիտյան և չենք գնա։

Հղում

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 282-83։