2020
Արդյո՞ք կախվածությունը նման է ապստամբությանը
Հոկտեմբեր 2020


Չափահաս երիտասարդներ

Արդյո՞ք կախվածությունը նման է ապստամբությանը

Հեղինակն ապրում է Տեխասում, ԱՄՆ։

Կախվածության ավելի լավ ընկալումը կօգնի մեզ վստահել, որ մի օր Տերը կազատի մեզ գերությունից։

Նկար
illustration of flowers

Մեր ընկած աշխարհում կախվածությունը ոմանց համար հիասթափեցնող և կյանքեր փոխող իրականություն է։ Երբ մենք օգտագործում ենք կյանքի համար վնասակար որևէ բան, լինի դա սնունդ, դեղատոմսով դեղամիջոցներ, սոցիալական մեդիա, բամբասանք, պոռնոգրաֆիա, սուտ, մոլեխաղ կամ նույնիսկ ավելորդ մարզումներ, մենք հեշտությամբ կարող ենք հայտնվել կախվածության մեջ։

Մինչ ես հետևում էի իմ շրջապատի հրաշալի, սիրող մարդկանց, ովքեր պայքարում էին կախվածության դեմ, ոչ թե միայն տրվում սխալ ընտրությունների, ես դիմեցի սուրբ գրություններին և կախվածության վերաբերյալ այժմյան հետազոտություններին` ավելի լավ հասկանալու այս նյարդաբանական ազդակները և հարկադրվածությունը։

Կախվածության որոմները

Կախվածությունը ղեկավարելը կարող է նման լինել այգին խնամելուն։ Մեկ անգամ որոմներից ազատվելով՝ մենք չենք ակնկալում, որ ամեն բան վերջացավ։ Մենք գիտենք, որ ավելի շատ որոմներ կբարձրանան, ուստի, մենք զգոնությամբ և կանոնավոր կերպով հանում ենք որոմները, որպեսզի պաշտպանենք բույսերը։

Երբ մենք պայքարում ենք կախվածության դեմ, գուցե հուսալքվենք, երբ նույնիսկ ապաշխարելուց և օգնություն փնտրելուց հետո կրկնում ենք մեր սխալը։ Մեզ գուցե զարմացնի և զայրացնի այն փաստը, որ այդ փորձությունները հատկապես ուժգին են լինում մեր կյանքի շատ երջանիկ կամ շատ տխուր պահերից հետո։ (Ճիշտ, ինչպես ավելի շատ որոմներ են սկսում աճել թարմացնող անձրևից կամ ուժգին փոթորիկներից հետո։)

Կախվածության և գիտակցված ապստամբության տարբերությունը

Ես բացահայտել եմ, որ սատանան կախվածությունը օգտագործում է որպես «ապացույց», որ մեզ ներհատուկ են չար ցանկությունները, որ ի սկզբանե դատապարտված ենք, կամ որ Տերը հրաժարվել է մեզանից։ Դևն օգտագործում է ամոթը մեզ հուսահատության հասցնելու համար, մատնացույց անելով, որ անկախ այն բանից, թե քանի անգամ ենք ապաշխարել, փորձությունները շարունակում են գլուխ բարձրացնել։

Կան շատ պատճառներ, թե ինչու են մարդիկ հակված կախվածություն ունենալուն, սակայն կախվածությունը հաճախ սկսվում է «մեծ և անհասանելի կարիքները» բավարարելու փորձից։1 Այսպիսով, մինչ ապստամբությունը կարող է առաջ բերել կախվածություն և կախվածությունները կարող են հանգեցնել մեղքի, դրանք հաճախ սերմանվում կամ ուժգնանում են թուլության, այլ ոչ թե գիտակցված ապստամբության ժամանակ։2

Բարեբախտաբար, մենք գիտենք, որ թուլությունը կարող է մեզ հնարավորություն տալ սովորելու շնորհքի մասին և զարգացնելու մեծ հավատ Հիսուս Քրիստոսի բուժիչ զորության նկատմամբ։3

Մինչև գերությունից ազատումը

Մորմոնի Գրքում մենք գաղափարներ ենք գտնում կախվածության թակարդից խուսափելու վերաբերյալ երկու խումբ ժողովուրդների օրինակներից․ Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը։

Երկու խմբերն էլ երկար ժամանակ գտնվում էին գերության մեջ։ Երկուսն էլ գիտակցում էին, որ «չկար ոչ մի միջոց, որ նրանք կարողանային ազատվել» գերությունից (Մոսիա 21․5)։ Երկուսն էլ ժամանակի ընթացքում դիմեցին Տիրոջ օգնությանը։

Լիմքիի ժողովուրդը գերության մեջ էր օրինազանցությունների պատճառով։ Առանց Տիրոջ օգնությունը փնտրելու, նրանք «զայրույթով» երեք անգամ կռվի էին դուրս եկել իրենց հակառակորդների դեմ։ Յուրաքանչյուր կռիվն ավարտվել էր նրանց պարտությամբ։ Երբ նրանք սկսեցին խոնահեցնել իրենց, «Տերը դանդաղ էր նրանց աղաղակը լսելիս՝ … [սակայն Նա] լսեց նրանց աղաղակները և սկսեց փափկացնել Լամանացիների սրտերը, այնպես որ նրանք սկսեցին թեթևացնել նրանց բեռները» (Մոսիա 21․15, շղագրերն ավելացված են)։ Նրանք օրհնվում էին իրենց մեծացող խոնարհության համար, սակայն «Տերը հարմար չէր տեսնում նրանց ճորտությունից ազատել», մինչև որ շատ ժամանակ անցավ։

Ալմայի ժողովուրդը գերության մեջ էր անկախ իրենց արդարակեցությունից, սակայն նրանք «դուրս թափեցին իրենց սրտերն առ [Աստված]»։ Նույնիսկ նրանց արդար ցանկություններն իմանալով՝ Աստված թույլ տվեց որոշ ժամանակ անցնի, նախքան գերությունից ազատվելը։ Մինչ նրանք շարունակեցին ապավինել Նրան, Նա խոստացավ «թեթևացնե[լ] բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչև դուք [դեռևս] ճորտության մեջ եք»։ Ի պատասխան, նրանք «զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին» (Մոսիա 24.12, 14, 15

Երկու խմբերն էլ ի վերջո ազատվեցին։ Եվ մեզ նույնպես խոստացված է, որ եթե մենք դիմենք Տիրոջը մեր գերության մեջ, մենք «հետագայում [կկարողանանք] կանգնել որպես վկաներ [Նրա] համար», և հաստատ կիմանանք, որ Տեր Աստված «այցելում [է Իր] ժողովրդին իրենց չարչարանքների մեջ» (Մոսիա 24․14) և իրենց կախվածությունների մեջ։

Հանգիստ եղեք

Եթե դուք պայքարում եք կախվածության դեմ, հիշեք, որ Տիրոջ օգնությամբ այս ժամանակը կարող է հարուստ հող նախապատրաստել Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու համար։ Մինչ դուք ավելի խոնարհեցնեք ձեզ, դուք կկարողանաք սովորել համբերատար, կարեկցող, երկայնամիտ և հեզ լինել։

Հանդիպեք քահանայության ձեր ղեկավարների և նրանց հետ, ովքեր կարող են ձեզ օգնել, և օգտագործեք Երկնային Հոր ունեցած զանազան գործիքները, որոնք նախատեսված են օգնելու ձեզ ազատություն գտնել։ Ապավինեք Տիրոջը․ մինչ դուք ջանասիրաբար կհետևեք Նրան, Նա կարող է այս հուսահատեցնող և հիասթափեցնող մարտահրավերը դարձնել զորեղ հնարավորություն հոգին զտելու համար։4

Վաղ օրերի ավստրալիացի մի Վերջին Օրերի Սուրբ, երբ համեմատել է իր անցյալը և ներկան, ասել է․ «Իմ անցած կյանքը [եղել] է որոմների անապատ, որտեղ դժվար կլիներ գտնել նույնիսկ մեկ ծաղիկ։ [Սակայն] այժմ որոմներն անհետացել են, իսկ դրանց փոխարեն ծաղկում են ծաղիկներ»։5

Եթե ես և դուք մշտապես մաքրենք մեր այգու որոմները և դիմենք Տիրոջը մեր դժվար պահերին, մենք կստանանք Ալմայի ժողովրդին տրված խոստումը․ «Հանգիստ եղեք, քանզի էգուց ես ազատելու եմ ձեզ ճորտությունից» (Մոսիա 24․16

Շարունակե՛ք մաքրել որոմները․ բերքահավաքի համար արժե դա անել։