2020
Կանչիր հայրիկին
Հոկտեմբեր 2020


Կանչիր հայրիկին

Եթե ես լարեմ բոլոր ուժերս հեծանիվը վարելիս, ես տուն կհասնեմ՝ նախքան փողոցներում ջրհեղեղ կսկսվի։

«Ուրախ եկեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ» (Վարդապետություն և Ուխտեր 78․18

Նկար
Call Dad

Յուն դուրս եկավ դպրոցից դեպի մարդաշատ մայթերը։ Նրա գլուխը լի էր արտադասարանական պարապունքի մաթեմատիկական խնդիրներով։ Մարդիկ անձրևանոցներով արագ քայլում էին։ Անձրևի մեծ կաթիլներն արագ ցած էին թափվում, և ամբողջ փողոցը թաց էր։

Յուի ընկերը՝ Լինը, կանգնեց նրա կողքին։ «Կարող ես զանգել հայրիկիդ, և նա կգա քո հետևից»,- ասաց Լինը։ «Պարոն Զանգն ասում է, որ քաղաքի որոշ մասերում ջրհեղեղ է»։

«Ես ինքս կարող եմ տուն հասնել»։

«Բայց նայիր այս ամբողջ ջրին»։ Լինը մատնացույց արեց փողոցում գոյացած և արագ հոսող առվակները։

Մի պահ Յուն տարօրինակ զգացողություն ունեցավ։ Գուցե Լինը ճի՞շտ էր։ Գուցե նա պետք է զանգի հայրիկին, որ իրեն տուն հասցնի՝ նախքան փողոցներում ջրհեղեղ կսկսվի։ Սակայն նա և հայրը վիճել էին անցած երեկո, և Յուն դեռևս բարկացած էր։ Նա չէր ուզում դիմել հայրիկի օգնությանը։

Յուն սկսեց վարել հեծանիվը և հաջողություն մաղթեց Լինին։ Եթե ես լարեմ բոլոր ուժերս հեծանիվը վարելիս, մտածեց նա, ես տուն կհասնեմ՝ նախքան փողոցներում ջրհեղեղ կսկսվի։

Նա վարում էր իր ողջ ուժով, սակայն շուտով նրա ձեռքերը սառեցին, հագուստները թրջվեցին, և նա ուժասպառ էր լինում։ Եվս մեկ անգամ նա մտածեց հայրիկին զանգելու մասին։ Արդյո՞ք այդ զգացողությունը Սուրբ Հոգուց էր։ Նրան մկրտող միսիոներներն ասել էին, որ Սուրբ Հոգին կարող էր առաջնորդել իրեն։ Յուն նայեց երկնքին։ Գորշ ամպերի պատճառով չէին երևում շենքերի կատարները։ Սակայն նա դեռևս նեղացած էր հայրիկից։

Յուն անտեսեց այդ զգացողությունը և շարունակեց վարել։ Ջուրն այնքան բարձրացավ, որ խանութների տերերը փակեցին իրենց խանութները։ Մարդիկ ապրանքները տեղափոխում էին բարձր հարկեր։ Յուն տեսավ, որ մի մայրիկ իր երկու երեխաներին ջրի վրայով հրում էր փոքրիկ պլաստմասե նավակով։

Ջուրն այնքան էր բարձրացել, որ Յուն այլևս չէր կարող վարել հեծանիվը։ Նա ցած իջավ և սկսեց հրել։ Այժմ երևի արդեն ուշ էր հայրիկին զանգելու համար, իսկ անձրևը շարունակում էր հորդալ։ Ամպրոպ որոտաց, և կայծակը փայլեց նրա գլխավերևում։ Յուն վախեցավ։ Եվ նա շատ հոգնած էր։ Նա առաջ նայեց։ Տունը դեռևս շատ հեռու էր։ Նա չպետք է անտեսեր Սուրբ Հոգուն պարզապես մի անիմաստ վիճաբանության պատճառով։

Յուն կանգ առավ՝ մի կարճ աղոթք ասելու։ Նա չէր կարողանում լսել իր ձայնը անձրևի և ամպրոպի պատճառով, սակայն նա գիտեր, որ Երկնային Հայրը լսում էր իրեն։

«Երկնային Հայր»,- աղոթեց Յուն։ «Խնդրում եմ, օգնիր ինձ ապահով տուն հասնել»։ Երբ ավարտեց, բավականաչափ ուժ զգաց ճանապարհը շարունակելու համար։

Ի վերջո, Յուն կարողացավ տեսնել իր տունը բլրի վրա։ Մրսած, հոգնած և ինչ-որ տեղ կոշիկը կորցրած՝ Յուն մագլցեց բլուրն ի վեր։ Նա տեսավ, որ հայրը դրսում իրեն էր սպասում։ Հայրիկն արագ ընդառաջ եկավ նրան՝ վազելով ջրերի վրայով։

Երբ հայրը հասավ նրան, նա գրկեց Յուին։ «Ես շա՜տ անհանգիստ էի»։ Ասաց հայրիկը։ «Դու պիտի զանգեիր ինձ»։

«Ես կարծում էի, որ մենք զայրացած ենք իրար վրա»,- ասաց Յուն։

«Ես երբեք չափազանց բարկացած չեմ լինի քեզ օգնելու համար»,- ասաց հայրիկը։ Ապա նա վերցրեց Յուի հեծանիվը և հրեց այն բլուրն ի վեր մնացած ճանապարհին։

Նույնիսկ բարձր շենքերի միջև արձագանքող ամպրոպի ու անձրևի աղմուկի ներքո Յուի սիրտը լցվեց ջերմ զգացողություններով։ Նա խաղաղություն և ապահովություն զգաց, մինչ հայրիկին հետևելով հասավ տուն։ ●