2020
Նա շարունակում է մերը լինել
Հոկտեմբեր 2020


Նա շարունակում է մերը լինել

Ես և ամուսինս պատրաստվում էինք կնքվել, սակայն այս սուրբ արարողությունն ավելին էր, քան երկուսիս միավորումը։

Նկար
photo of baby and temple

Նկարը՝ Ջոշուա Դենիսի

Յոթ տարի հուսալուց ու սպասելուց հետո ես և ամուսինս օրհնվեցինք` ունենալով մի դուստր։ Ալիսին մեր կյանքի լույսն էր, սակայն նա ապրեց ընդամենը հինգ ամիս և մահացավ թոքաբորբից։

Դա իմ կյանքի ամենադժվար փորձառությունն էր։ Ամեն օր տուն էի վերադառնում աշխատանքից, նստում ու լալիս։ Ամուսնուս ծնողները հաճախ նստում էին ինձ հետ ու փորձում մխիթարել։ Ես շարունակում էի աղոթել զավակ ունենալու համար, սակայն անարդյունք։ Ես մոլորվել էի վշտի մեջ։

Ամուսնուս ծնողները սկսեցին հորդորել մեզ մեկնել Սուվա, Ֆիջի Տաճար և կնքվել։ Մենք երբեք չէինք եղել տաճարում և որոշեցինք, որ սա լավագույն միջոցն էր մեզ համար հույս և բժշկում գտնելու համար։

Ոչինչ չէր կարող նախապատրաստել ինձ այն ամենին, ինչ զգացի այդ օրը։ Ես գիտեի, որ ես ու ամուսինս կնքվելու էինք միասին հավերժության համար։ Այդ գիտելիքը լցնում էր ինձ երախտագիտությամբ և սիրով։ Սակայն ես չէի հասկացել, որ այս սուրբ արարողությունն ավելին էր, քան երկուսիս միավորումը։

Տաճարում ես իմացա, որ Ալիսին կարող էր կնքվել մեզ հետ։ Երջանկության արցունքներ հոսեցին, երբ ես հասկացա այս սուրբ վարդապետությունը։ Մեր դուստրը մերը կլինի ողջ հավերժության մեջ։ Ես վկայում եմ, որ Աստված Իր սուրբ տանը նախապատրաստել է երջանկության համար անհրաժեշտ ամեն բան։

Հետագայում ես և ամուսինս օրհնվեցինք՝ ունենալով մի որդի և երեք որդեգրված երեխա։ Սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ Ալիսիին։ Տաճարային արարողությունների շնորհիվ մեր դուստրը հավերժ մեր ընտանիքի մի մասն է։

Երբ հանդիպում եմ մեկին, ով զավակ է կորցրել, ես զգում եմ նրանց ցավը։ Սակայն ես նաև գիտեմ, որ այդ ցավը վերջը չէ։ Ալիսին կորցնելով, ինչպես նաև այլ դժվարությունների միջով անցնելով՝ ես գիտեմ, որ Աստված ինձ մենակ չի թողնի։ Երբ հուսահատվում եմ կամ դժգոհում, ես գիտեմ, որ Աստված միշտ այնտեղ է։

Ես գիտեմ, որ նորից կտեսնեմ Ալիսիին, և այդ ճշմարտությունը շարունակում է լցնել ինձ և ամուսնուս մեծ ուրախությամբ։