2020
Նա օգնեց ինձ վերականգնվել
Հոկտեմբեր 2020


Նա օգնեց ինձ վերականգնվել

Ընկերս լսել էր, որ ես հիվանդ էի և ուղարկեց տանը պատրաստված մի գլուխկոտրուկ, որը հատուկ ինձ համար էր կազմել։

Նկար
puzzle of a name

Նկարը՝ Ջոշուա Դենիսի

Ես միշտ մտածում էի, որ ես առողջ մարդ եմ։ Ուստի, ցնցված էի, երբ մի առավոտ արթնացա կծքավանդակումս այնպիսի սեղմոց զգալով, կարծես պատրաստ էր պայթել։ Ես անհապաղ հիվանդանոց գնացի, սակայն մի քանի ժամ ստուգումներից հետո էլ բժիշկները չէին կարողանում գտնել պատճառը։ Նրանք ինձ տուն ուղարկեցին, չնայած ես դեռևս ցնցվում էի ցավից։ Այդպես սկսվեց յոթ ամիս շարունակ բժշկին այցելելու, հիվանդանոց պառկելու և իմ կյանքում ամենասարսափելի ցավերը ունենալու ծանր փորձությունը։

Ինձ մոտ ընկճախտ էր սկսվում։ Ես ստիպված էի թողնել քոլեջի դասերը և վերադառնալ ծնողներիս մոտ։ Ես չէի կարողանում ժամանակ անցկացնել ընկերներիս հետ։ Ցավը չափազանց ուժգին էր իմ որևէ նախասիրությամբ զբաղվելու համար։ Այնպիսի զգացողություն ունեի, կարծես իմ բոլոր հետաքրքրությունները՝ իմ ձգտումները, իմ հարաբերությունները, իմ տաղանդները փշրվել էին, և այժմ իմ նախկին կերպարը կարծես անհնար էր հավաքել։ Եվ ես սկսեցի խորհել․ Երկնային Հայրն ինչպե՞ս կարող էր թույլ տալ, որ ինձ հետ նման բան պատահեր։ Մի՞թե նա ինձ չի սիրում։

Բժշկի ևս մեկ հիասթափեցնող և ցավոտ այցելությունից հետո, այն ամենը, ինչ ես ուզում էի անել, կծկվելն ու լաց լինելն էր։ Սակայն, երբ ես տուն հասա, մի տարօրինակ բան տեսա շքամուտքում․ ինձ հասցեագրված կոշիկի մի հին, պատառոտված, երիզով պատված տուփ։

Տուփի վրայի նամակը հայտնում էր, որ կապոցն ուղարկել էր իմ ընկերներից մեկը։ Նա լսել էր, որ ես հիվանդ էի և ուզում էր բարձրացնել իմ տրամադրությունը։ Երբ ես բացեցի տուփը, տեսա, որ այն լի էր գլուխկոտրուկի փոքրիկ մասերով։ Դա տանը պատրաստված մի գլուխկոտրուկ էր, որը հատուկ ինձ համար էր կազմվել։

Երբ ես հավաքեցի գլուխկոտրուկը, սկսեցի լաց լինել։ Գլուխկոտրուկից կազմվեց իմ անունը՝ շրջապատված սիրո և խրախուսանքի ուղերձներով։ Այնպիսի զգացողութուն ունեցա, կարծես իմ ընկերոջ նվերը հավաքելիս վերականգնել էի իմ փշրված կերպարը։

Կարճ ժամանակ անց ես սկսեցի դեղեր ընդունել, որոնք պակասեցրին իմ ախտանշանները և օգնեցին բժիշկներին ախտորոշում անել։ Ես ունեի հազվագյուտ, սակայն բուժվող հիվանդություն, և համապատասխան դեղորայքի օգնությամբ կարող էի վերադառնալ սովորական կյանքին։

Նույնիսկ, երբ մարմինս բժշկվեց, ես գիտեի, որ երբեք չէի մոռանալու այն, ինչ սովորել էի։ Իմ ընկերուհու ջերմ նվերի շնորհիվ ես գիտեի, որ ինձ սիրում են, և որ Երկնային Հայրը ինձ չէր մոռացել։ Ամիսներ շարունակ փշրված զգալուց հետո, շնորհիվ ընկերոջ բարության և իմ Երկնային Հոր սիրո, ես կրկին առողջ էի։