2020
Հավաքատներ․ ակնածանքի և երկրպագության վայրեր
Հոկտեմբեր 2020


Հավաքատներ․ակնածանքի և երկրպագության վայրեր

Տիրոջ Հոգին մեր հավաքատներում է և կոգեշնչի մեզ, մինչ մենք մեզ ակնածալից կպահենք Նրա առաջ։

Նկար
family sitting in sacrament meeting

Իմ նվիրյալ գործընկերներից մեկը մի անգամ կիսվեց ինձ հետ փորձառությամբ, երբ հանձնարարություն էր ստացել հավաքել աթոռները և կարգի բերել ամեն բան ցցի համաժողովից հետո։ Հանձնարարությունը կատարելուց հետո 30 րոպե անց նա նկատեց, որ ինքը վերջին մարդն էր, որ մնացել էր շենքում։ Միայնակ զգալու և արագ հեռանալու զգացողության փոխարեն, ինչևէ, նա նկատեց, որ խաղաղության նույն զգացումը, որն ունեցել էր համաժողովի ժամանակ, մնացել էր իր հետ և նույնիսկ շարունակում էր աճել։

Երբ նա ավարտեց ամեն բան և դուրս եկավ հավաքատնից, նկատեց մեկ այլ անդամի, ով կարծես ուշադիր հետևում էր իրեն։ Հասկանալով, թե ինչ էր անում իմ ընկերը, այս անդամը բռնեց նրա ձեռքը և ասաց․ «Եղբայր, Տերը տեսնում է այս փոքր բաները, որոնք դու անում ես Նրա համար, և Նա նայում ու ժպտում է»։

Տարիներ անց ծառայելով որպես եպիսկոպոս, այս նույն ընկերը կրկին մենակ մնաց իր ծխի հավաքատանը։ Հավաքատան լույսերն անջատելուց հետո նա մի պահ հապաղեց, մինչ լուսինը պատուհանից լուսավորում էր ամբիոնը։

Նրան պատեց խաղաղության նույն զգացողությունը և նա նստեց աղոթարանի մոտ և սկսեց խորհել բազում սուրբ պահերի մասին, որոնք նա զգացել էր այդ միջավայրում․ բազմիցս նա դիտել էր, թե ինչպես են քահանաները մանրացնում հացը հաղորդության սեղանի մոտ, դեպքեր, երբ նա զգացել էր Սուրբ Հոգու ընկերակցությունը ծխի համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս, իր վարած մկրտության ծառայությունները, երգչախմբի իր լսած գեղեցիկ համարներն ու ծխի անդամների բազմաթիվ վկայությունները, որոնք մեծ ազդեցություն էին թողել իր վրա։ Այդ մութ աղոթատանը միայնակ նստած՝ նրան համակել էր իր և իր ծխի անդամների կյանքում այդ փորձառությունների ազդեցությունը, և նա մեծ երախտագիտությամբ խոնարհել էր գլուխը։

Իմ ընկերը իմաստությամբ և ճշգրտորեն ուսուցանվել է, որ ամենասուրբ վայրերը երկրի վրա տաճարը և տունն են, սակայն վերը նշված երկու փորձառությունների միջոցով նա նաև սկսել էր հասկանալ մեր հավաքատների սուրբ էությունը։ Քանի որ դրանք նվիրագործված են քահանայության իշխանությամբ, այս շինությունները դառնում են վայրեր, որտեղ Տերը հայտնություններ է հեղում իր ժողովրդի վրա, և որտեղ «բացահայտվում է աստվածայնության զորությունը» (տես Վարդապետություն և Ուխտեր 84․20

Հավաքատունը տան հետ միասին առաջ է բերում խոստացված ուրախությունը, որ հավատարիմ Սրբերը կարող են զգալ կիրակի օրը։ Այն դառնում է վայր, որտեղ անդամները միասին երկրպագում են, «միավորելով իրենց սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ» (Մոսիա 18․21) և Փրկիչի հանդեպ։ Որպեսզի մենք պատշաճ երախտագիտություն և հարգանք ցուցաբերենք այն հոգևոր օրհնությունների համար, որոնք տրվում են մեզ մեր հավաքատների միջոցով, մենք պետք է մտնենք երկրպագության այս վայրերը խորը և անկեղծ ակնածանքով։

Նկար
taking the sacrament

Ակնածանքի ժողով

Եկեղեցու մեր ժամանակակից մշակույթում ակնածանք բառը դարձել է լուռ բառի հոմանիշը։ Մինչդեռ ցածր տոնը միանշանակ պատշաճ է մեր աղոթարաններում, սակայն ակնածանքի այս սահմանափակ դիտարկումը չի կարող արտահայտել բառի ողջ իմաստը։ Ակնածանք բառի հիմքը լատիներեն revereri բայն է, որը նշանակում է «վախենալ»։1 Կարո՞ղ ենք գտնել այնպիսի եզրույթ, որն ավելի պերճախոս նկարագրի մեր հոգու զգացմունքները, երբ մենք լրջորեն խորհում ենք, թե ինչ է արել Փրկիչը մեզանից յուրաքանչյուրի համար։

Ես հիշեցի մի գեղեցիկ օրհներգի բառերը, որը մենք երգում ենք մեր հավաքատներում․ «Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած»։2 Երախտագիտության, գովասանքի և զարմանքի այդ խորը զգացողությունը ակնածանքի էությունն է, և դա մեզ պարտադրում է խուսափել ցանկացած տեսակի խոսելաձևից կամ վարքագծից, որը կարող է թուլացնել այդ զգացմունքները մեր կամ այլոց մոտ։

Նկար
woman at pulpit

Photograph of woman at the pulpit by Tiffany Myloan Tong

Ժողովատները և հանգստության օրը

Ժամանակակից հայտնություններից մենք գիտենք, որ հանգստության օրվա երկրպագության կարևոր մասն է «գնալ աղոթքի տուն և [մեր] հաղորդությունները մատուցել [Տիրոջ] սուրբ օրը» (Վարդապետություն և Ուխտեր 59․9)։ «Աղոթքի տները», որտեղ մենք հավաքվում ենք հանգստության օրը, մեր սուրբ հավաքատներն են։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն օգնել է մեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի հանդեպ մեր ունեցած ակնածանքի և Հանգստության օրվա հետ կապված մեր զգացողությունների սերտ կապը։ Հանգստության օրը պատվելու վերաբերյալ իր իսկ փորձառությամբ կիսվելով՝ Նախագահ Նելսոնը պատմել է․ «Ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև»։3

Ճիշտ, ինչպես Հանգստության օրվա մեր վարքն ու վերաբերմունքը Տիրոջ հանդեպ մեր նվիրվածության նշանն են, մեր վարքն ու վերաբերմունքը և անգամ հագուստի ձևը, մինչ Նրա աղոթքի տանն ենք, նմանապես կարող են ցույց տալ ակնածանքի աստիճանը, որը մենք զգում ենք Փրկիչի հանդեպ։

Նկար
people sitting in sacrament meeting

Հավաքատներ և արարողություններ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հստակեցրել է այդ գաղափարի վերաբերյալ մեր հասկացողությունը, հայտարարելով․

«Տանը կենտրոնացած ավետարանի ուսուցման համար ժամանակ գտնելուց բացի, մեր փոփոխված կիրակնօրյա ծառայությունը … շեշտում է Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը՝ որպես մեր շաբաթական երկրպագության սրբազան, հասկացված հիմնական մաս։ Յուրաքանչյուրս անհատապես պիտի հիշի, որ Քրիստոսը մահացավ կոտրված սրտով՝ ամբողջապես միայնակ կրելով ողջ մարդկային ընտանիքի մեղքերը և վշտերը։

Քանի որ մենք նպաստեցինք այդ օրհասական բեռին, այդ պահը պահանջում է մեր հարգանքը»։4

Կարևոր է հիշել, որ Փրկիչի նկատմամբ հարգանքի այս գերագույն պահի համար նշանակված վայրը հավաքատունն է։ Ի լրացում ամեն շաբաթ հաղորդության արարողության ընթացքում զգացած ակնածանքի, երբ մենք խորհում ենք հավաքատներում տեղի ունեցող քահանայության այլ արարողությունների և օրհնությունների մասին, ներառյալ երեխաների անվանակոչումն ու օրհնությունը, մկրտություններն ու հաստատումները, քահանայության արարողությունները և կոչումներում ձեռնադրվելը, ակնածանքի և հարգանքի մեր զգացողությունները բազմապատկվում են։ Այդ արարողություններից և օրհնություններից յուրաքանչյուրը կարող է բերել Սուրբ Հոգու զեղում, եթե մասնակիցները և այցելուները գան ակնածալից վերաբերմունքով։

Նկար
missionaries in chapel

Photograph by James Iliff Jeffery

Հավաքատներ և երկրպագում

Հանգստության օրը մեզ հնարավորություն է ընձեռում երկրպագել Տիրոջը տանը կատարած ուսումնասիրությունների ընթացքում և որպես ժողովուրդ՝ մեր հաղորդության և այլ ժողովների ընթացքում։ Եկեղեցու վաղ օրերից սկսած՝ Սրբերն ուրախությամբ հավաքվել են միասին շփվելու և եղբայրության ու քույրության կապեր ստեղծելու համար։ Մեր հավաքատներն անգամ այնպես են նախագծված, որ շաբաթվա ընթացքում այդպիսի միջոցառումներ անցկացվեն։ Ինչևէ, մենք երբեք տեսադաշտից չպիտի կորցնենք այս շինությունների հիմնական նպատակը, որը երկրպագության վայր ապահովելն է։

Երկրպագությունը և ակնածանքը սերտորեն կապված են։ «Աստծուն երկրպագելիս մենք մոտենում ենք Նրան ակնածալից սիրով, խոնարհությամբ և խորը պաշտամունքով։ Մենք ճանաչում և ընդունում ենք Նրան որպես մեր ինքնիշխան Թագավոր, տիեզերքի Արարիչ, մեր սիրելի և անսահման սիրող Հայր»։5

Երկրպագության այս առանցքային նպատակը պետք է ազդի հավաքատներում ցուցաբերած մեր վարքի վրա, նույնիսկ, եթե մենք ներգրավված ենք հասարակական կամ ստեղծագործական միջոցառումներում։ Պետք է մեծ զգուշություն ցուցաբերվի Եկեղեցու միջոցառումների արդյունքում առաջացած կառույցի որևէ մասի անկարգությունը կամ վնասը նվազագույնին հասցնելու համար, և պետք է միջոցներ ձեռնարկվեն այդպիսի դեպքի առթիվ այն արագ մաքրելու կամ վերանորոգելու համար։

Երեխաներին և երիտասարդներին կարելի է սովորեցնել, որ հավաքատան հանդեպ ակնածանքը և հոգատարությունը պետք է ցուցաբերվի ոչ միայն կիրակնօրյա ժողովների ժամանակ։ Հավաքատները մաքրելու գործում անդամների մասնակցությունը, հատկապես ծնողների և երեխաների համատեղ մասնակցությունը, հրաշալի միջոց է մեր սուրբ շինությունների հանդեպ ակնածանք զարգացնելու համար։ Ինչպես վկայում է իմ ընկերոջ փորձը, կապված ցցի համաժողովի ավարտից հետո այնտեղ ամեն բան կարգի բերելու հետ, հավաքատան համար հոգ տանելու հենց այդ գործողությունը երկրպագության միջոց է և հրավիրում է Տիրոջ Հոգին։

Նկար
woman cleaning door to the chapel

Photograph of members standing outside by Massimo Criscione

Հավաքատները և Փրկիչը

Նախագահ Նելսոնի մարգարեական առաջնորդությամբ նշանակալից ջանքեր են ներդրվել համոզվելու համար, որ Հիսուս Քրիստոսի անունը երբեք չի կրճատվում, երբ մենք արտասանում ենք Նրա Եկեղեցու անունը։ Նման կերպ, մենք պետք է թույլ չտանք, որ մեր երկրպագության առանցքը շեղվի Փրկիչից, ներառյալ մեր երկրպագության վայրերում։

Մենք սովոր ենք տաճարն անվանել Տիրոջ տուն, որը ճիշտ և կարևոր նշանակություն ունի։ Միգուցե մենք ավելի հակված ենք մոռանալու, որ մեր հավաքատներից յուրաքանչյուրը նվիրագործված է քահանայության իշխանությամբ, որպես մի վայր, որտեղ կարող է բնակվել Տիրոջ Հոգին, և որտեղ Աստծո զավակները` լինեն անդամներ, թե ոչ, կարող են գալ «իրենց Քավիչի իմացությանը» (Մոսիա 18․30

Վերջերս հայտարարված նախաձեռնությունը, զարդարելու մեր հավաքատները արվեստի գործերով, որոնք հարգանքով են պատկերում Փրկիչին և Նրա մահկանացու և հետմահու կյանքի աստվածային իրադարձությունները, կոչված են Նրան ավելի մոտեցնելու մեր աչքերը, միտքն ու սրտերը։ Երբ դուք մտնում եք աղոթքի այս տները ժողովների և միջոցառումների համար, մենք սիրով հրավիրում ենք ձեզ կանգ առնել, դիտել և խորհել այս սուրբ նկարների շուրջ, դիտել դրանք ձեր երեխաների հետ և թույլ տալ, որ դրանք մեծացնեն ձեր երկրպագության և ակնածանքի զգացմունքները Աստծո հանդեպ։

Հին Կտակարանի մարգարե Ամբակումը հայտարարել է․ «Տէրը իր սուրբ տաճարումն է, լռիր նորա առաջին, ով բոլոր երկիր» (Ամբակում 2․20)։ Մենք նույնպես եկեք հիշենք, որ Տիրոջ Հոգին մեր հավաքատներում է և կոգեշնչի մեզանից յուրաքանչյուրին՝ ակնածալից վարք ցուցաբերել Նրա առաջ։

Հղումներ

  1. “Revereri,” Lexico Powered by Oxford, lexico.com.

  2. «Ես մնում եմ զարմացած», Հիմներ և մանկական երգեր, էջ 22:

  3. Ռասսել Մ. Նելսոն, «Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130։

  4. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա Աստծո Գառը», Լիահոնա, մայիս 2019, 45։

  5. Դին Մ. Դեյվիս, «Երկրպագության օրհնությունները», Լիահոնա, նոյ. 2016, 94։