2020
Միսիոներ Ֆանիվան
Հոկտեմբեր 2020


Միսիոներ Ֆանիվան

Նկար
Faneva the Missionary

Ֆանիվան իր տան պատուհանից դիտում էր մարդաշատ փողոցը։ Նա տեսնում էր մարդկանց, որոնք տեղափոխում էին բանջարեղեններով, բրնձով, հագուստեղենով և այլ ապրանքներով լի արկղեր վաճառքի համար։ Նա լսում էր մեքենաների շչակների ձայները և շների հաչոցը։ Ապա նա լսեց մեկ այլ ձայն։

«Մայրիկ, դուռը թակում են»։ Կանչեց Ֆանիվան։ Մայրիկը բացեց դուռը։ Շքամուտքում կանգնած էին երկու երիտասարդ տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով։ Ֆանիվան Մադագասկարի իր հարևանների մեջ նախկինում երբեք չէր տեսել այդպես հագնված որևէ մեկին։

«Մենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ ենք»,- ասաց նրանցից մեկը։ «Մենք սովորեցնում ենք մարդկանց Հիսուսի մասին։ Կարո՞ղ ենք կիսվել ձեզ հետ ուղերձով»։

Ֆանիվան ուրախացավ, երբ մայրիկը նրանց ներս հրավիրեց։ Ողջ ընտանիքը հավաքվեց լսելու Հիսուս Քրիստոսի մասին, և թե ինչպես է Նրա Եկեղեցին կրկին երկրի վրա։

Այդ օրվանից միսիոներները հաճախ էին այցելում Ֆանիվայի ընտանիքին։ Նրանք բերեցին մի գիրք, որը կոչվում էր Մորմոնի Գրքի պատմությունները։ Ֆանիվան սիրում էր կարդալ այն իր ընտանիքի հետ։

Մի օր ես միսիոներ կդառնամ և ուրիշների հետ կկիսվեմ Մորմոնի Գրքով, ինքն իրեն ասում էր Ֆանիվան։

Մեկ այլ անգամ, երբ միսիոներները եկան, նրանք սովորեցրին Ֆանիվայի ընտանիքին, թե ինչպես աղոթել։ Ֆանիվան իմացավ, որ կարող էր խոսել Երկնային Հոր հետ ցանկացած պահի, ցանկացած վայրում։

Մի օր ես միսիոներ կդառնամ և կսովորեցնեմ մարդկանց աղոթքի մասին, մտածեց Ֆանիվան։

Մի օր միսիոներները կարևոր հարց ունեին։

«Կհետևե՞ք Հիսուս Քրիստոսի օրինակին և կմկրտվե՞ք»,- հարցրեց նրանցից մեկը։

Ֆանիվան ուրախություն զգաց իր սրտում։ «Այո»,-ասաց տղան։

«Այո»,- ասացին նրա եղբայրն ու մայրը։

Հայրիկն ասաց, որ նա դեռ պատրաստ չէր մկրտվել։ Սակայն նա դեմ չէր, որ ընտանիքի մյուս անդամները մկրտվեին։ Ուստի, նրանք մկրտվեցին։ Ֆանիվային մկրտեց միսիոներներից մեկը, ով նրան սովորեցրել էր Հիսուսի մասին։

Մի օր ես միսիոներ կդառնամ և կօգնեմ մարդկանց մկրտվել, մտածեց Ֆանիվան։

Եկեղեցու անդամ լինելու լավագույն կողմերից մեկը Երեխաների միություն հաճախելն էր։ Ֆանիվան սիրով էր մասնակցում դասերին և հանդիպում նոր ընկերների։ Սակայն նա ամենաշատը սիրում էր երգել Երեխաների միության երգերը։ Մի կիրակի Երեխաների Միությունում նրանք երգ էին երգում ավետարանով կիսվելու վերաբերյալ։

«Ես ուզում եմ միսիոներ լինել հիմա»,- երգում էր Ֆանիվան։ «Ես չեմ ուզում սպասել, մինչև կմեծանամ»։

Ես կարող եմ սկսել միսիոներական աշխատանքը հիմա, հասկացավ Ֆանիվան։ Ես ստիպված չեմ սպասել՝ մինչև գա օրը։

Այդ պահից սկսած Ֆանիվան փնտրում էր եղանակներ ավետարանով կիսվելու համար։ Նա փորձում էր լավ օրինակ լինել։ Նա հրավիրում էր մարդկանց եկեղեցի։ Նա օգնում էր իր հարևաններին։ Մի քանի տարի անց նա բավականաչափ մեծ էր և միսիոներների հետ գնում էր ուսուցանելու իր քաղաքի մարդկանց։ Եվս մի քանի տարի անց նա անձամբ ծառայեց միսիայում․ հանդիպեց նոր մարդկանց և կիսվեց ավետարանով, ճիշտ, ինչպես միսիոներներն էին կիսվել իր հետ։ ●