2020
Իմ մկրտության նպատակը
Հոկտեմբեր 2020


Իմ մկրտության նպատակը

Իմ մկրտությունից առաջ ես մենակ նստած աղոթում էի, որ իմ ընկերները հրաշքով հայտնվեն։

Նկար
man sitting in chapel foyer

Նկարազարդումը` Ջուլիա Յելլոուի

Ես ապրում էի Թայփեյի (Թայվան) արվարձաններում և երբեք չէի լսել միսիոներների մասին։ Ուստի, երբ առաջին անգամ հանդիպեցի նրանց, ինձ հետաքրքրեց նրանց ուղերձը։ Կարճ ժամանակ անց ես մեծ ցանկություն ունեի հետևելու նրանց ուսմունքներին և կիրառելու ավետարանն իմ կյանքում։ Ես զգացի, որ սա լավ հնարավորություն էր ինձ համար՝ պարզելու, թե արդյոք կա Աստված։

Մեկ ամսվա ընթացքում ինձ ուսուցանվեց ավետարանը և պատվիրանները, որոնք ուսուցանվում են մկրտվելուց առաջ։ Աղոթքի շնորհիվ ես խաղաղություն ստացա, սուրբ գրություններն ուսումնասիրելով ես ստացա անձնական հայտնություն, և երբեք չէի բացակայում Եկեղեցու ժողովներից։ Ես որոշեցի, որ պիտի մկրտվեմ։

Մեծագույն մարտահրավերը, որին ես հանդիպեցի այդ ժամանակ, իմ ընկերներից մի քանիսի հետ հարաբերություններում առաջացած խնդիրներն էին, քանի որ նրանք դեմ էին Եկեղեցուն միանալու իմ որոշմանը։ Ես ողջ սրտով աղոթում էի այդ խնդրի համար, սակայն մեր հարաբերությունները կարծես ավելի էին վատթարանում։

Ես հրավիրեցի իմ ընկերներին իմ մկրտությանը, սակայն նրանք կտրուկ մերժեցին իմ հրավերը։ Ես իսկապես չգիտեի, թե ինչ անել։ Իմ մկրտությունից առաջ ես մենակ նստել էի հավաքատան միջանցքի բազմոցին, աղոթելով, որ ընկերներս հրաշքով հայտնվեն, որպեսզի ես կարողանամ նրանց ասել դրական փոփոխությունների մասին, որոնք կատարել էի իմ կյանքում, և ապացուցել նրանց, որ ես մկրտվելով ճիշտ ընտրություն եմ կատարում։

Ընկերներս այդպես էլ չհայտնվեցին, սակայն մինչ ես սիրտս բացել էի Աստծո առաջ, ես հուշում ստացա։ Այդ պահին ես մեծ սեր զգացի իմ Երկնային Հորից։ Ես գիտեի, որ Նա այնտեղ էր և իսկապես լսել էր իմ աղոթքը։

Ի սկզբանե ես ուզում էի մկրտվել, պարզապես քանի որ իմ կյանքում հրաշալի բաներ էին տեղի ունեցել, սակայն այդ պահին ես սկսեցի հասկանալ իմ մկրտության նպատակը։

Իմ ստացած տպավորությունը նման էր Տիրոջ ձայնին, որը մեղմ խոսում էր անմիջապես ինձ հետ, ասելով․ «Կարիք չկա, որ դու որևէ բան ապացուցես որևէ մեկին։ Դու պարզապես պետք է ապացուցես ինձ, որ դու կամենում ես գալ ինձ մոտ և հավատարիմ մնալ իմ ավետարանին քո ողջ կյանքում»։