2020
Խորը վերքերով խոցված սրտեր․ հասկանալ ընտանեկան բռնությունը
Հոկտեմբեր 2020


Խորը վերքերով խոցված սրտեր․ հասկանալ ընտանեկան բռնությունը

Անառողջ օրինաչափություններ կարող են զարգանալ ցանկացած հարաբերություններում։ Դրանք նկատելով՝ կարող ենք բացահայտել բռնությունը կամ դադարեցնել այն՝ նախքան սկսվելը։

Նկար
upset woman and husband

Լուսանկարները օգտագործվել են միայն պատկերազարդման նպատակով, մոդելների օգնությամբ։

Վերջերս ինձ զանգահարեց կոտրված սրտով մի հայր։ Նրա դուստր Ջեննան (անունները փոխված են) ապրում էր հեռվում և քոլեջում նոր հարաբերություններ էր սկսել, որոնք շատ արագ էին զարգանում։ Նրա ընկերը՝ Ջեյքը, շտապում էր ամուսնանալ և սահմանափակում էր Ջեննայի շփումները նրա ծնողների հետ։ Ջեննան ներողություն խնդրեց նրանցից, բացատրելով, որ դա Ջեյքի ուժեղ սերն և ցանկությունն էր՝ որպես զույգեր ժամանակ անցկացնելու համար։

Ջեննայի ընտանիքը սկսեց մտահոգվել, երբ բացահայտեցին, որ Ջեյքն ամուսնալուծված էր և ուներ երեխա, իսկ Ջեննային ոչինի չէր ասել այդ մասին։ Նրանք զանգեցին նախկին կնոջը, ով ասաց, որ Ջեյքը շատ վատ բնավորություն ուներ և խանդոտ էր։ Երբ Ջեյքն իմացավ այդ մասին, զայրացավ։ Նա ասաց, որ Ջեննայի ծնողները փորձում էին «ղեկավարել» իրենց և հիշեցրեց դեպք, երբ նրանք հավանություն չէին տվել ծաղր-կատակին, որը նա արել էր Ջեննայի ինտելեկտի վերաբերյալ։ Ջեյքը հեգնանքով նշում էր, որ Ջեննան ինքն էր որոշել այլևս չշփվել նրանց հետ։ Ջեննայի ծնողները հուսահատվեցին, քանի որ նրանց զանգերն ու հաղորդագրություններն այժմ անպատասխան էին մնում։

Յուրաքանչյուր մարդ ուզում է երջանիկ ընտանիք ունենալ, սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են ապրել ավետարանով, հարաբերությունները կարող են վնասակար դառնալ։ Որոշ դժվարություններ թյուրիմացությունների և շփոթությունների արդյունք են, ինչը շատ հատուկ է ընտանիքներին։ Ինչևէ, առողջ մթնոլորտ ունեցող ընտանիքներում մարդիկ ներողություն են խնդրում վատ վարքագծի համար, և անհամաձայնությունները հարթվում են, իսկ անառողջ իրավիճակներում կոպիտ վերաբերմունքը կամ դաժանությունը դառնում են օրինաչափություն, որն էլ առաջ է բերում բռնություն։

Ընտանեկան բռնությունը և ավետարանը

«Դուք կոտրել եք ձեր քնքուշ կանանց սրտերը և կորցրել եք ձեր զավակների վստահությունը» (Հակոբ 2․35

Բռնությունը բաղկացած է արարքներից, որոնց նպատակն է՝ ցավ պատճառել կամ վերահսկել։ Այն բաղկացած է մի շարք վարքագծերից, որոնք կարող են ներառել անտեսում, մանիպուլյացիա, բանավոր քննադատություններ և ֆիզիկական կամ սեռական բռնություն։1 Դժբախտաբար, բռնի վարքագծերը տարածված են, և որոշ մասնագետների գնահատմամբ ամբողջ աշխարհում երեխաների մոտ քառորդը ֆիզիկական, սեռական կամ զգացմունքային բռնության է ենթարկվում։2 Չափահասների շրջանում զոհերի թիվը նույնպես մեծ տոկոսների է հասնում․ մոտավորապես 4 կանանցից 1-ը և 10 տղամարդկանցից 1-ը ֆիզիկական բռնության են ենթարկվում կողակցի կողմից։

Բռնություն կարող է տեղի ունենալ ցանկացած հարաբերության մեջ, և թե՛ տղամարդը, թե՛ կինը կարող են մեղավոր լինել։ Այնուամենայնիվ, տղամարդիկ ավելի հավանական է, որ վերահսկեն և ծանր ֆիզիկական և սեռական բռնություն գործադրեն, իսկ կանանց մոտ ավելի հավանական է, որ նրանց ահաբեկեն, իշխեն նրանց վրա կամ լուրջ վնասվածքներ ստանան ամուսնու կողմից։3

Բռնությունը վնասում է ինչպես բռնացողի, այնպես էլ զոհի հոգուն և հակասում Փրկիչի ուսմունքներին։ Ժամանակակից մարգարեները հայտարարել են, որ նրանք, «ովքեր բռնություն են գործադրում իրենց կողակցի կամ երեխաների հանդեպ, … մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»։4 Բռնություն գործադրողները հաճախ անտեսում կամ շահագործում են ավետարանի սկզբունքները։ Օրինակ, ես խորհդատվություն եմ անցկացրել մի զույգի հետ, որտեղ ամուսինը հուզական բռնության էր ենթարկում կնոջը և մոլեխաղերում վատնում իրենց խնայողությունները, բայց ներողություն խնդրելու փոխարեն նա ճնշում էր գործադրում կնոջ վրա, որ ների իրեն և պնդում, որ նա «ավելի մեծ մեղք» է գործում, եթե չի ներում իրեն։ Նա ժխտում էր կնոջ ցավը և հայտարարում, որ ազնիվ էր Աստծո առաջ, այլապես նա չէր կարող տաճարի աշխատող լինել։ Երբ նրա կինը խոսեց Եկեղեցու ղեկավարների հետ, նա փորձեց թաքցնել իր դավաճանությունները և համոզել, որ կնոջ անհանգստությունն անտեղի էր, ասելով, որ նա ընկճախտ էր տանում։ Ամուսինը մերժում էր «հարգանքի, սիրո [և] կարեկցանքի … սկզբունքները»5 և վատ էր վերաբերվում կնոջը։ Ավետարանի սկզբունքներով ապրելու նրա ջանքերը չէին կարող լուծել խնդիրները, որոնք ստեղծում էր ամուսինը։Մեզանից յուրաքանչյուրը կարող է անառողջ վարքագիծ դրսևորել։ Կան որոշակի բնութագրեր, որոնք հատուկ են բոլոր տեսակի բռնություններին, և որքան խիստ են դառնում և հաճախ են հանդիպում, այնքան ավելի անառողջ են դառնում հարաբերությունները։ Ահա այդ տարածված բռնությունների օրինաչափություններից հինգը, որոնք կարող են օգնել ձեզ նկատել ձեր և ուրիշների անառողջ վարքագիծը։

Նկար
sad little girl

1. Դաժանություն

«Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում․ … [նրանց] բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է» (Հռովմեացիս 3․13-14

Մի տղամարդ դիմեց իմ մանագիտական օգնությանը, հակառակ իր կնոջ ցանկության, ով ծաղրում էր նրան «օգնության կարիք ունենալու համար»։ Եկեղեցում նա ընկերասեր և նվիրված էր երևում, սակայն տանը նրա սառը վերաբերմունքը ամեն բան փչացնում էր։ Նա քննադատում էր ամուսնու եկամուտները և դասավանդելու նրա կարիերան անվանում «կնոջ գործ»։ Նա իր որդուն ասում էր․ «Հուսամ՝ հորդ պես թուլամորթ չես մեծանա», և ամբողջ օրն անցկացնում էր հեռախոսով իր մոր հետ խոսելով, և նրանք արհամարհանքով խոսում էին իրենց ամուսինների մասին։ Քննադատող մարդիկ արդարացնում են ցավ պատճառելը և «սիրում են ուրիշներին տառապանք պատճառել» (Վարդապետություն և Ուխտեր 121․13)։ Ընտանիքի այս անդամները չեն հնազանդվում Հիսուսի «մի դատէք» և «մի դատապարտէք» (Ղուկաս 6․37) պատվիրաններին, երբ նրանք նսեմացնում են, անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս կամ պիտակավորում են դիմացինին։

2. Խաբեություն

«Դու բռնված ես ստության ոգով, և դու քո միջից հանել ես Աստծո Հոգին» (Ալմա 30․42

Խաբեությունը թաքնվում է բռնության ներքո, ինչպես հանցագործները փորձում են թաքցնել իրենց արարքները, մեղադրում են ուրիշներին և աղավաղում բառերը։ Սա տարակուսանք է առաջացնում զոհերի մոտ, ինչպես նկարագրել է իմ հետազոտության մասնակիցներից մեկը․ «[Իմ ամուսինը] ծայրահեղ արարքների էր դիմում, ապա ներողություն խնդրում, հետո էլ ասում․ «Ինչևէ, դա քո մեղքով եղավ» … և այնքան այդպես շարունակվեց, որ ես սկսեցի հավատալ դրան»։6 Ուրիշի կողմից իրականության այս ժխտումը կոչվում է աչքերին թոզ փչել, որի արդյունքում զոհերը շփոթվում են և մոլորվում իրենց հիշողությունների և կարծիքների մեջ։ Ինչպես խաբեության մյուս տեսակները, սա ևս օգտագործվում է խոսակցությունները շահարկելու և կեղծ մտքեր առաջ բերելու համար։

Նրանք, ովքեր բռնություն են գործադրում ուրիշների հանդեպ, կտրականապես հրաժարվում են ընդունել, որ իրենք կարող են ցավ պատճառել և հաճախ պնդում են, որ իրենք են զոհը։ Երբ Ջեննան անհանգստություն հայտնեց իր ծնողների հետ կապված Ջեյքի քննադատության կապակցությամբ, նա զայրացավ և պնդեց, որ իրեն «վիրավորում է»։ Ջեյքը նման է նրանց, «ովքեր բացականչում են՝ օրինազանցությո՜ւն, … և ինքնին անհնազանդության զավակներ են» (Վարդապետություն և Ուխտեր 121․17)։ Նա ոչ միայն փորձում էր առաջ տանել իր կեղծ պատմությունը, այլ նաև վրդովվում էր ճշմարտությունից։7

Նկար
man with head in hands

3. Արդարացումներ

«Ընդունիր քո սխալները և այն անիրավությունը, որ դու արել ես» (Ալմա 39․13

Խոնարհ մարդը զղջում է, որ վիրավորում է ուրիշներին, ապաշխարում է և ավելի լավ վարք է դրսևորում։ Բռնություն գործադրող մարդը դեմ է գնում խղճի կանչին՝ արդարացումներ փնտրելով։ Իմ հետազոտության մասնակիցներից մեկը պատմել է․ «Ֆիզիկական բռնություն գործադրելն անտանելի էի համարում, սակայն ավելի ուշ սկսեցի մտածել, որ դա տեղի չէր ունենա, եթե նա պարզապես փակ պահեր իր բերանը»։ Նրա «վշտանալն ի ապաշխարություն չէր» (Մորմոն 2․13), այլ դրա փոխարեն նա ավելի էր զայրանում և մեղադրանքներ հնչեցնում։

Թերապիայի ընթացքում ես մի անգամ ասացի մի կնոջ, որ երբեք չտեսա, որ նա Աստծուն հաճելի ձևով վշտանար տարիների ընթացքում ամուսնու հասցեին հնչեցրած մեղադրանքների համար։ Ի պատասխան, նա ոչ թե ափսոսանք արտահայտեց, այլ հուզվեց․ «Հրաշալի է, ահա ևս մի բան, որը ես չեմ անում»։ Բռնություն գործադրող մարդիկ հրաժարվում են պարտականությունից, դյուրագրգիռ են և փորձում են պաշտպանվել։ Նրանք հեշտ վիրավորվում են փոքր բաներից։

4. Հպարտություն

«Խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ» (Փիլիպպեցիս 2․3

Հպարտությունը ներառում է՝ իրավունքներ վերապահել և լինել եսակենտրոն։ Մի մարդ ամեն անգամ հարձակվում էր իր կնոջ և երեխաների վրա, երբ կարծում էր, թե «արհամարհում են» իրեն։ Եթե նրանց կարծիքները չէին համընկնում, ապա նա պնդում էր, որ «նվաստացնում են» իրեն կամ «չեն հնազանդվում»։ Հպարտությունը մրցակցություն է առաջացնում և կենտրոնանում է ուժի և հաղթանակի վրա։ Ի հակադրություն դրա, առողջ ընտանիքը համագործակցում է, որտեղ կա արդարության հավասարակշռություն և անդամները «արդար են վարվում մեկը մյուսի հետ» (4 Նեփի 1․2)։ Ամուսինները պետք է հավասար գործընկերներ լինեն,8 որտեղ յուրաքանչյուրն ունի խոսքի իրավունք և բոլոր կարծիքներն էլ կարևոր են։

5. Իշխանություն

«Երբ մենք … իշխանություն, տիրապետություն կամ էլ հարկադրանք ենք գործադրում մարդկանց զավակների հոգիների վրա, … երկինքները ետ են քաշվում» (Վարդապետություն և Ուխտեր 121․37

Չնայած մենք կարևորում ենք կամքի ազատությունը, ապշեցնող է, թե որքան հաճախ են ընտանիքի անդամներն ասում իրար, թե ինչպես մտածել, զգալ և գործել։ Ոմանք իշխանություն են գործադրում ահաբեկելու, անհարմար վիճակի մեջ դնելու միջոցով, որտեղ բացակայում է սերը կամ լավ վերաբերմունքը։ Մի ամուսին խստորեն ակնկալում էր, որ իր կինը պետք է նախաճաշ պատրաստեր ամեն օր որոշակի ժամանակահատվածում, չմերժեր որոշակի անձնական խնդրանքները և լսեր իր «մտահոգությունները», որոնք սովորաբար ներառում էին, թե ինչպես կարող է կինը բարելավվել։ Նա վերահսկում էր նրա ծախսերը և զայրանում, եթե իր հաղորդագրություններին կինն արագ չէր արձագանքում։

Մեկ այլ մայր պարբերաբար իր հիասթափությունն էր արտահայտում իր դեռահաս դստեր հանդեպ ամեն անգամ, երբ աղջիկը տխուր էր կամ թերանում էր ապրել համաձայն մոր չափանիշների։ Եթե սպասումները չէին արդարանում կամ եթե ամուսինը կասկածներ էր հայտնում, նա արձագանքում էր իր սառնությամբ ու լռությամբ։

Նկար
holding hands

Հույս և բուժում

«Լսեցի քո աղօթքը, տեսայ քո արտասուքը. Ահա ես քեզ կբժշկեմ» (Դ Թագավորաց 20․5

Չնայած բռնությունը կոտրում է սիրտը, փոխվել միշտ էլ հնարավոր է։ Բռնության զոհերը կարող են դիմել հոգևոր և մասնագիտական միջոցների և փնտրել Փրկիչի Քավության զորությունը՝ իրենց վերքերը բժշկելու համար։ Օգնության համար այցելեք abuse.ChurchofJesusChrist.org։

Նրանք, ովքեր բռնություն են գործադրել, պետք է ապաշխարեն և օգնություն փնտրեն։ Դրա համար պահանջվում է «իջնել համեստության խորքերը» (3 Նեփի 12․2) և կրել իրենց վարքագծի ողջ պատասխանատվությունը։ Փոփոխությունը պահանջում է ավելին, քան կարճաժամկետ խոստումներ և առերես ջանքեր։ Խորը ապաշխարության ժամանակ հոգին անցնում է տառապանքներով, և ոմանք ցանկություն չեն ունենա դա անել, ինչը զոհերին թողնում է դժվար կացության մեջ, թե ինչպես պաշտպանվել։9

Մեր Երկնային Հայրը մտահոգվում է մեզ համար, ճիշտ ինչպես տագնապած հայրը, ով զանգել էր ինձ իր դստեր հարցով։ Աստծո սերն այնքան լի է, ինչպես հավերժությունը (Մովսես 7․41), և Նա խորը ցավ է զգում, երբ Նրա զավակները ցավ են պատճառում միմյանց։ Ենովսի հետ նրբանկատ զրույցի ժամանակ Նա լաց եղավ։ «Նայիր քո այս եղբայրներին․ նրանք իմ իսկ ձեռքի ստեղծագործությունն են, … և [Ես] տվել եմ պատվիրաններ, որ նրանք պետք է սիրեն միմյանց, … բայց ահա, նրանք անգութ են, և նրանք ատում են իրենց իսկ արյունակցին» (Մովսես 7․32-33)։ Երբ վնաս է հասցվում մարմիններին կամ հոգիներին, երկնքում և երկրի վրա լաց են լինում։ Սակայն խոնարհությամբ, Աստծո զորությամբ և անհրաժեշտության դեպքում մասնագետների օգնությամբ, հնարավոր է վերջ տալ վնասակար վարքագծին և ստեղծել արժանապատիվ, ապահով և սիրով լի տուն։

Հղումներ

  1. Ֆիզիկական բռնության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես abuse.ChurchofJesusChrist.org կայքը։ Սեռական բռնության և ոտնձգությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս Բենջամին Մ. Օգլես, «Կամքի ազատությունը, պատասխանատվությունը և Հիսուս Քրիստոսի Քավությունը. Սեռական ոտնձգությունների կիրառումը» (Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, հունվարի 30, 2018), speeches.byu.edu, և Չիկո Ն․ Օկազակի, «Բժշկում սեռական բռնությունից» (Բրիգամ Յանգ Համալսարանի համաժողով, հոկտեմբերի 23, 2002)։

  2. Maryam Ajilian Abbasi, Masumeh Saeidi, Gholamreza Khademi, Bibi Leila Hoseini, Zahra Emami Moghadam, “Child Maltreatment in the World: A Review Article,” International Journal of Pediatrics, vol. 3, no. 1 (2014), 353–65․

  3. Hamby, S., “Current controversies: Are women really as violent as men? The ‘gender symmetry’ controversy,” in Claire M. Renzetti, Jeffrey L. Edleson, and Raquel Kennedy Bergen, Sourcebook on Violence Against Women, 3rd ed. (2018), 78–82.

  4. «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 145, տես նաև abuse.ChurchofJesusChrist.org։

  5. «Ընտանիք. հայտարարություն աշխարհին»:

  6. Jason B. Whiting, Megan Oka, and Stephen T. Fife, “Appraisal distortions and intimate partner violence: Gender, power, and interaction,” Journal of Marital and Family Therapy (2012), suppl: 1:113–49.

  7. Ճշմարտությունը քողարկելու վերաբերյալ այլ սուրբ գրությունների համար տես Հովհաննես 3․19-21, Գործք 7․54, 2 Նեփի 1․25-26 և 2 Նեփի 4․13։

  8. Հավասարության վարդապետության և ուխտի հարաբերությունների մասին հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագիրը, տես նաև H. Burke Peterson, “Unrighteous Dominion,” Ensign, July 1989, 6–11։

  9. Բռնության ենթարկվողները հաճախ հանդիպում են ընտրության, թե ինչպես պաշտպանել իրենց սեփական անվտանգությունը կամ ուրիշների անվտանգությունը, ինչպես նաև՝ արդյոք նրանք պետք է սահմաններ դնեն կամ սահմանափակեն իրենց շփումները վտանգավոր մարդկանց հետ։ Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը (1920-2007) նկարագրում է այս բարդ իրավիճակը, երբ մեկը թակարդված է «երկարատև և անթույլատրելի հարաբերությունների մեջ, որը ոչնչացնում է մարդու արժանապատվությունը» (“Enriching Your Marriage,” Liahona, Apr. 2007, 3), լրացուցիչ տեղեկությունների և տարբերակների համար տես նաև «Օգնություն զոհերին» բաժինը բռնության կանխարգելման Եկեղեցու կայքում։