Գրադարան
Դաս 98. Ալմա 41


Դաս 98

Ալմա 41

Նախաբան

Շարունակելով խորհուրդներ տալ իր որդուն՝ Կորիանթոնին, Ալման սովորեցրեց, որ վերականգնման ծրագիրը ներառում է ոչ միայն ֆիզիկական հարություն, այլ նաև հոգևոր վերականգնում, որտեղ մեր հավերժական վիճակը արտացոլվում է մեր մահկանացու գործերում և ցանկություններում: Ալման շեշտում է, որ ամբարշտությունը երբեք չի կարող առաջնորդել երջանկության:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 41

Ալման սովորեցնում է Կորիանթոնին վերականգնման ծրագրի մասին

Խնդրեք դասարանին խորհել, թե ինչ ներգործության կարող են ենթարկվել մարդու գործողությունները, եթե նրանք հավատան հետևյալ հայտարարություններին (յուրաքանչյուր հայտարարությունից հետո կանգ առեք, որ թույլ տաք ուսանողներին պատասխանել).

Մահից հետո կյանք չկա:

Մեր մահից հետո մենք կատարյալ կդարձվենք, անկախ երկրի վրա մեր կատարած գործերից:

Վերջին Դատաստանի ժամանակ մենք մեծ վարձք կստանանք մեր լավ գործերի համար և կպատժվենք մեր վատ գործերի համար:

  • Ինչո՞ւ է կարևոր ճիշտ հասկանալը, թե ինչ տեղի կունենա մեզ հետ մեր մահից հետո:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալմա 40-ում նրանք սովորել են Կորիանթոնին ուղղված Ալմայի ուսմունքները հոգևոր աշխարհի, հարության և դատաստանի մասին: Բացատրեք, որ Ալմա 41-ում մենք իմանում ենք, որ Կորիանթոնը շփոթված էր այն բանի պատճառով, թե ինչ էին որոշ մարդիկ սովորեցնում հարության մասին: Նշեք Ալմա 41.1-ի «մոլորվել են» արտահայտությունը, և հրավիրեք ուսանողներին կարդալ այս հատվածը, փնտրելով, թե ինչու էին որոշ մարդիկ մոլորվում:

  • Ինչո՞ւ էին որոշ մարդիկ մոլորվում: (Դուք կարող եք բացատրել, որ աղավաղել սուրբ գրությունները նշանակում է խեղաթյուրել, աղճատել կամ փոխել դրանց նշանակությունը:)

  • Ի՞նչ էր Ալման պատրաստվում բացատրել Կորիանթոնին:

Երբ ուսանողները ներկայացնեն վերականգնել բառը, դուք կարող եք գրել այն գրատախտակին: Բացատրեք, որ վերականգնել նշանակում է՝ ետ բերել կամ ետ դնել նախկին վիճակում:

Բացատրեք, որ Ալման ցանկանում էր, որ Կորիանթոնը հասկանար, որ իր կոչած «վերականգնման ծրագիրը» ուներ ֆիզիկական կողմ և հոգևոր կողմ (Ալմա 41.2): Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Ալմա 41.2–5, փնտրելով բաներ, որոնք ֆիզիկապես կվերականգնվեն մեզ համար մահից հետո, և բաներ, որոնք հոգևորապես կվերականգնվեն: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն իրենց գտածները: Նախքան ուսանողների կարդալը դուք կարող եք բացատրել, որ հարկավոր նշանակում է՝ պահանջվող կամ անհրաժեշտ:

  • Ո՞րն է Ալմա 41.2–ում հիշատակված վերականգնման ծրագրի ֆիզիկական կողմը: (Հարության ժամանակ հոգին կվերականգնվի մարմնի հետ և մարմնի բոլոր մասերը կվերականգնվեն:)

  • Ո՞րն է Ալմա 41.3–5–ում նկարագրված վերականգնման ծրագրի հոգևոր կողմը: (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Մենք կվերականգնվենք կամ դեպի երջանկություն կամ թշվառություն՝ համաձայն մահկանացության ժամանակ ունեցած մեր գործերի և ցանկությունների:)

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք սովորեցնում են այս հատվածները Երեխաների Միությունում:

  • Ինչպե՞ս դուք կբացատրեիք հոգևոր վերականգնման վարդապետությունը, որպեսզի երեխաները կարողանան հասկանալ:

Հիշեցրեք ուսանողներին, որ Կորիանթոնը խախտել էր մաքրաբարոյության օրենքը և հրաժարվել էր իր միսիոներական պարտականություններից (տես Ալմա 39.2–4):

  • Ինչպե՞ս կարող էր հոգևոր վերականգնման վարդապետությունը ճիշտ հասկանալն օգնել Կորիանթոնին կատարել ավելի լավ ընտրություններ: Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը հասկանալը ներգործել մեր գործերի և ցանկությունների վրա:

Վկայեք այս վարդապետության ճշմարտացիության մասին, և կիսեք ձեր մտքերը Աստծո արդարադատության մասին, որ վերականգնում է մեզանից յուրաքանչյուրին դեպի բարին կամ չարը՝ համաձայն մեր ցանկությունների և մեր գործերի:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ի՞նչ կլինի, եթե ես մեղք եմ գործել:

  • Համաձայն վերականգնման ծրագրի, ի՞նչ ենք մենք ստանում, եթե մենք մեղք ենք գործել:

  • Կա՞ արդյոք որևէ ուղի, որով մենք վերականգնվենք ի բարին և երջանկությունը, երբ մենք սխալ ենք գործել:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 41.6–9: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ կարող ենք մենք անել, որ վերականգնվենք ի բարին և երջանկությունը, նույնիսկ եթե մենք մեղք ենք գործել: (Մենք պետք է ապաշխարենք և արդարություն ցանկանանք մեր ողջ կյանքում:)

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են Ալմա 41.6–7–ում հուշում, որ մենք պատասխանատու ենք այն բանի համար, թե ինչ ենք ստանում հարության ժամանակ: Ինչպե՞ս ենք մենք հանդիսանում մեր սեփական դատավորները: (Մահկանացության ժամանակ մեր կատարած ընտրություններով է որոշվում, թե ինչպես մենք կդատվենք, երբ կանգնենք Աստծո առաջ:)

Նշեք, որ որոշ մարդիկ մտածում են, որ իրենք կարող են վերադառնալ և ապրել Աստծո հետ, առանց իրենց գործողությունների համար անձնական պատասխանատվության: Նրանք հաճախ ասում են, որ իրենց մեղսալի ընտրությունները զվարճալի են: Երբեմն նրանք, ովքեր ներգրավված են մեղքի մեջ, կարող են նույնիսկ երջանիկ երևալ:

Հրավիրեք ուսանողներին կանգնել և բարձրաձայն կարդալ Ալմա 41.10–ը միասին: Նշեք, որ Ալմա 41.10 սերտման հատված է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս հատվածը առանձնակի ձևով, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն: (Քանի որ սա սերտման սուրբ գրություն է, դուք կարող եք խնդրել նրանց միասին կրկնել այն ավելի, քան մեկ անգամ: Դուք կարող եք հարցնել, թե ով կարող է դասարանում անգիր ասել այն:) Երբ նրանք վերջացնեն, խնդրեք դասարանին նստել: Գրատախտակին գրեք «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

  • Ինչո՞ւ է ճշմարտացի այն, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

  • Ի՞նչ օրինակ կարող եք բերել, թե ինչպես է Սատնան մեզ համոզում չպահել որևէ պատվիրան և հավատալ, որ մենք, այնուամենայնիվ, կարող ենք երջանիկ լինել:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել տարբերությունը վաղանցիկ աշխարհիկ հաճույքների և Տիրոջ առաջարկած երջանկության միջև, կարդացեք Յոթանասունից Երեց Գլին Լ. Փեյսի հետևյալ խոսքերը.

«Գործողությունները, որոնք միշտ արգելվել են Տիրոջ կողմից և շատ տարիներ հավանության չեն արժանացել հասարակության կողմից, այժմ ընդունվում և գովազդվում են այդ նույն հասարակության կողմից: Զանգվածային լրատվամիջոցներն այնպես են մատուցում այս գործողությունները, որ ներկայացնեն դրանք որպես շատ ցանկալի բաներ: …

… Մի շփոթեք թելեստիալ հաճույքը սելեստիալ երջանկության և ուրախության հետ: Մի շփոթեք ինքնատիրապետման պակասը ազատության հետ: Բացարձակ ազատությունն առանց պատշաճ զսպվածության մեզ դարձնում է մեր ցանկությունների գերին: Մի ցանկացեք ավելի պակաս ու ցածր կյանք: …

… Պատվիրանները, որոնք դուք պահում եք, ձեզ չեն տրվել անգութ Աստծո կողմից, որ հեռու պահի ձեզ զվարճությունից, այլ սիրող Երկնային Հոր կողմից, ով ուզում է, որ դուք լինեք երջանիկ, մինչ դուք ապրում եք այս երկրի վրա, ինչպես նաև դրանից հետո էլ» (“They’re Not Really Happy,” Ensign, Nov. 1987, 39–40):

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում Ալմա 41.10–ի կողքին: (“To ‘the Rising Generation,’” New Era, June 1986, 5:)

«Դուք չեք կարող սխալ բան անել և լավ զգալ: Դա անհնար է» (Նախագահ Էզրա Թավտ Բենսոն):

Ասացեք ուսանողներին, որ Ալմա 41.11-ում բացատրվում է, թե ինչու է անհնարին լինել իսկապես երջանիկ, երբ սխալ ընտրություններ ենք կատարում: Գրատախտակին գրեք հետևյալ ցանկը (դուք կարող եք անել սա նախքան դասի սկսվելը) կամ պատրաստեք դրանք տպված թերթիկների տեսքով յուրաքանչյուր ուսանողի համար: Ուսանողներին զույգերի բաժանեք, և հանձնարարեք նրանց համընկեցնել Ալմա 41.11-ի յուրաքանչյուր արտահայտությունն իր իմաստի հետ: Նաև հրավիրեք նրանց քննարկել կից հարցերը:

Արտահայտություններ Ալմա 41.11–ում, որ նկարագրում են «բնական վիճակում» լինելը

Նշանակությունը

  1. «Բնական վիճակում»

  1. Սահմանափակված և բեռնված մեր մեղքերով

  1. «Դառը մաղձի և անօրինության կապանքների մեջ»

  1. Զուրկ լինել Աստծո օրհնություններից և առաջնորդությունից. կորցնել Սուրբ Հոգու ընկերակցությունը

  1. «Առանց Աստծո ես աշխարհում»

  1. Ղեկավարվել մարմնի ցանկությամբ

Այս հատվածում մենք տեսնում ենք, որ «Աստծո էությունը» «երջանկության էությունն» է: Ի՞նչ է սա ձեզ ասում այն մասին, թե ինչու է մեղսավորությունը հակառակ երջանկության էությանը:

Ի՞նչ որոշ առանձնահատուկ օրինակներ կան, թե ինչու մարդիկ կարող են իրենց գտնել դժբախտ վիճակում:

(Պատասխաններ. 1-գ, 2-ա, 3-բ)

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչ կապ կա «բնական վիճակում» լինելու և վերականգնման վարդապետության միջև, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Ալմա 41.12: Հատվածը կարդալուց հետո խնդրեք ուսանողներին պատասխանել Ալմայի հարցին: Ապա ուսանողները թող կարդան իր իսկ հարցին տրված Ալմայի պատասխանը Ալմա 41.13–ում: (Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այն, ինչ Ալման ասաց, որ կվերադարձվի մեզ որպես վերականգնման ծրագրի մաս:)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք ունեն ընկեր, ով ընտրում է գործել Աստծո պատվիրաններին հակառակ, սակայն ցանկանում է վերականգնվել արդարակեցության մեջ: Հրավիրեք ուսանողներին բացատրել վերականգնման վարդապետությունը իրենց զուգընկերոջը, պատկերացնելով, որ նա այդ ընկերն է, օգտագործելով Ալմա 41.12–13: (Ուսանողները կարող են օգտագործել իրենց սեփական բառերը կամ գրատախտակին գրված նախադասության բառերը. «Մենք կվերականգնվենք կամ երջանկության կամ թշվառության մեջ՝ համաձայն մահկանացության մեջ մեր ունեցած գործերի և ցանկությունների»: )

Ուսանողներին ցույց տվեք բումերանգ կամ նկարեք այն գրատախտակին:

Հարցրեք ուսանողներին, թե ինչ է անում բումերանգը, երբ ճիշտ եք այն նետում: (Այն վերադառնում է այն վայրը, որտեղից նետվել էր:) Խնդրեք նրանց մտքում կարդալ Ալմա 41.14–15, փնտրելով ուղիներ, որոնցով բումերանգը կարող է ներկայացնել այս հատվածում ուսուցանված ճշմարտությունները: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածները:) Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչ են իրենք գտել:

  • Ի՞նչ եք դուք ակնկալում ստանալ ուրիշներից և Տիրոջից այս և հաջորդ կյանքում: (Պատասխանները կարող են ներառել բարություն, ողորմածություն և սեր: Խորհեք ուսանողների պատասխանները գրատախտակին գրելու մասին:)

  • Ե՞րբ եք դուք ուրիշներին տվել բարություն, ողորմածություն կամ սիրալիրություն և հետագայում այն ետ ստացել:

Խրախուսեք ուսանողներին նպատակ դնել գործել այնպես և զարգացնել այնպիսի հատկանիշներ, որոնք կանդրադառնան այն բանի վրա, ինչ իրենք ակնկալում են, որ կվերականգնվի իրենց այս և հաջորդկյանքում: Վկայեք երջանկության մասին, որը գալիս է, երբ մենք արդարություն ենք գործում:

Սերտման սուրբ գրություն. Ալմա 41.10

Նշում. Ելնելով այս դասի բնույթից և ծավալից, հետևյալ վարժությունն ավելի լավ կլինի օգտագործել մեկ այլ օր, երբ դուք լրացուցիչ ժամանակ կունենաք:

Գրատախտակին գրեք հետևյալը. … երջանկություն է:

Հրավիրեք ուսանողներին ասել նախադասություններ Ալմա 41.10–ում ուսուցանված վարդապետության հակառակ իմաստով: (Հնարավոր պատասխաններից մեկն է «Արդարությունը երջանկություն է»:) Ապա հրավիրեք ուսանողներին թվարկել որոշակի արդար արարքներ, որոնցով կարելի է լրացնել նախադասությունը: (Օրինակ, «Ուրիշներին ծառայելը երջանկություն է»:) Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք կարող են վկայել, որ այս արդար գործերից ցանկացածը տանում է դեպի երջանկություն: Երբ մի քանի ուսանողներ կիսվեն իրենց փորձառություններով և վկայություններով, հրավիրեք դասարանին գրպանում տեղավարվող քարտի կամ թերթիկի վրա գրել մեկ կամ երկու արդար գործեր, որ նրանք կարող են անել շաբաթվա ընթացքում, որ մեծացնեն իրենց երջանկությունը: Խրախուսեք նրանց միշտ իրենց մոտ ունենալ իրենց թերթիկները որպես հիշեցում և զեկուցել իրենց ջանքերի մասին հաջորդ օրերին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 41.10 Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել

Հավատքին Հավատարիմ գրքույկի հետևյալ միտքը ցայտուն է դարձնում այն գաղափարը, որ ուսանողները կարող են զվարճանալ և երջանկություն գտնել արդար ճանապարհներով.

«Շատ մարդիկ փորձում են երջանկության իրականացում գտնել այնպիսի արարքներում, որոնք հակառակ են Տիրոջ պատվիրաններին: Անտեսելով Աստծո ծրագիրն իրենց համար, նրանք մերժում են իսկական երջանկության համար միակ աղբյուրը: Նրանք ենթարկվում են դևին, որը «ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը» (2 Նեփի 2.27): Ի վերջո, նրանք գիտակցում են իր որդի Կորիանթոնին Ալմայի կողմից արված նախազգուշացման ճշմարտացիությունը. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10):…

Երբ երջանկություն եք որոնում, հիշեք, որ միակ ճանապարհը դեպի իսկական երջանկություն՝ ավետարանով ապրելու միջոցով է: Դուք կգտնեք խաղաղ, հավերժական երջանկություն, երբ ձգտեք պահել պատվիրանները, աղոթեք ուժի համար, ապաշխարեք ձեր մեղքերից, մասնակցեք օգտակար գործերի և մատուցեք իմաստալի ծառայություն: Դուք կսովորեք զվարճություն ունենալ սիրող Երկնային Հոր կողմից դրված սահմանների մեջ» (Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 63):

Ալմա 41.10–11 Բոլոր մարդիկ գտնվում են «բնական վիճակում»

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը սովորեցրել է, որ մենք ունենք երկակի բնույթ և երջանկություն ընտրելու ունակություն ինքնակատարելագործման միջոցով.

«Ազնիվ և բարոյապես անարատ կյանք ապրելը ուրախություն և երջանկություն է բերում, մինչդեռ բարոյական և հասարակական օրենքների խախտումը առաջ է բերում տհաճություն, վիշտ և ծայրահեղության հասնելիս, բարոյալքում:

Մարդն ունի երկակի բնույթ. մեկը կապված է երկրային կամ կենդանական կյանքին, մյուսը հոգևոր կյանքին՝ աստվածայինին: Մարդու մարմինը, սակայն, տաճար է, որտեղ ապրում է նրա հոգին: Շատերը, շատ շատերը հակված են ընդունել մարմինը որպես անձ և, որպես արդյունք, ուղղել իրենց ջանքերը մարմնի հաճույքները, դրա հակումները, դրա ցանկությունները և կրքերը բավարարելուն: Խիստ քչերն են գիտակցում, որ իրական մարդը անմահ հոգի է, որի «ընդունակությունը կամ ճշմարտության լույսը» կենդանի էր որպես անհատական էակ նախքան մարմնի ծնվելը, և որ այս հոգևոր էակը, իր բոլոր բնորոշ գծերով, կշարունակի հարատևել, երբ մարմինը դադարի արձագանքել իր աշխարհիկ միջավայրին:

Արդյոք մարդը մնում է բավարարված, ինչպես մենք ենք անվանում, կենդանական աշխարհում, բավարարված այն ամենով, ինչ կենդանական աշխարհը կտա իրեն, առանց ջանք գործադրելու տեղի տալով իր ցանկությունների և կրքերի քմահաճույքին, և ավելի ու ավելի անձնատուր լինում հետաքրքրություններին, կամ արդյոք, ինքնակատարելագործման միջոցով, նա ձգտում է բանական, բարոյական և հոգևոր վայելքների, կախված է այն բանից, թե ինչ ընտրություններ է նա կատարում ամեն օր, ոչ, ամեն ժամ իր կյանքում» (in Conference Report, Apr. 1967, 6–7):

Ալմա 41.11: «Երջանկության էությանը հակառակ»

Յոթանասունից Երեց Ֆ. Էնզիո Բուչերը բացատրել է, որ Տիրոջ օծված ծառաների խոսքերը նվիրվածությամբ ուսումնասիրելը կօգնի մեզ զգուշանալ աստիճանաբար մի վիճակում հայտնվելուց, որը հակառակ է երջանկության էությանը.

«Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հակված ենք լինելու մի վիճակում, որը հակառակ է երջանկության էությանը, և պարտադիր չէ, որ դրա պատճառը լինի այն, որ մենք հիմնականում հետամուտ ենք եղել ամբարշտություն կամ անօրինություն գործելուն: Բայց որքան ժամանակ, որ մենք կլինենք այս աշխարհիկ փորձնական վիճակում, հակառակորդը կարող է ներգործել մեզ վրա: Մենք կարող ենք դառնալ մի փոքր անհոգ: Մենք կարող ենք անուշադրության մատնել մեր հարաբերությունները մեր ամենամտերիմների հետ:… Միգուցե մենք թույլ ենք տվել, որ փոքր վատ սովորությունները կամ վերաբերմունքը մուտք գործեն մեր կյանք, կամ միգուցե մենք նույնիսկ որոշ չափով կորցրել ենք ուխտը ճշգրտորեն պահելու հասկացողությունը: Եթե այդպես է, մենք վտանգավոր վիճակում ենք: Մենք պետք է զգուշանանք դրանից: Մենք չենք կարող անուշադրության մատնել այդ իրավիճակը: Մենք կարող ենք նկատել, որ որոշ ժամանակ մենք այդքան էլ երջանիկ չենք, որ մենք պետք է շարունակ ստիպենք մեզ ժպտալ, կամ միգուցե մենք մի վիճակում ենք, որը մոտ է դեպրեսիային:… Թեև մենք կարող ենք խաբել ուրիշներին, բայց մենք չենք կարող խաբել մեզ, և մենք չենք կարող խաբել Տիրոջը:…

Ավետարանն իր լրիվությամբ քարոզվել է ողջ աշխարհով մեկ Տիրոջ օծյալ ծառաների միջոցով, որ յուրաքանչյուրը կարողանա տեղեկանալ իր վիճակի մասին: Տիրոջ օծյալների խոսքերին մոտ լինելու համար անհրաժեշտ է կարդալ և ուսումնասիրել սուրբ գրությունները պատասխանատվությամբ և նվիրվածությամբ:…

…Տերը չի ուզում, որ մենք տեղեկանանք մեր սեփական ոչնչության և թշվառության վիճակի մասին (տես Մոսիա 4․11; Ալմա 26․12; Հելաման 12․7; Մովսես 1․10) միայն Դատաստանի Օրը: Այժմ և մեր մահկանացու կյանքի յուրաքանչյուր օրը Նա ցանկանում է մեծացնել մեր տեղեկացվածությունը, որ մենք կարողանանք դառնալ մեր իսկ դատավորները, երբ Նա կանչում է մեզ անընդհատ շարունակվող ապաշխարության գործընթացին» (“University for Eternal Life,” Ensign, May 1989, 72):

Ալմա 41.11: Մենք կարող ենք փոխել մեր էությունը Քրիստոսի շնորհի միջոցով

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

«Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը պահանջում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» (2 Նեփի 2.8): Երբ մենք որոշում ենք հետևելՎարդապետին, մենք որոշում ենք փոխվել` հոգեպես վերածնվել» («Դուք պետք է վերստին ծնվեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 20):