Գրադարան
Դաս 104. Ալմա 56–58


Դաս 104

Ալմա 56–58

Նախաբան

Հելամանը և Մորոնի զորապետը կռվում էին լամանացիների դեմ երկրի տարբեր մասերում: Հելամանը նամակ ուղարկեց Մորոնիին, նկարագրելով իր զորքի ճակատամարտերը լամանացիների հետ և իր վստահությունն արտահայտելով 2060 պատանի զինվորների հավատքի հանդեպ, ովքեր միացել էին իր զորքին: Հելամանը նաև նկարագրում է, թե ինչ էր արել իր բանակը՝ ճակատամարտերում հաղթելու և իրենց դժվարին պահերին հույս և ուժ ստանալու համար:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 56

Անթիփուսի և Հելամանի զորքերը հաղթում են լամանացիների ամենաուժեղ զորքերին

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ ստացել են մի նամակ կամ հաղորդագրություն, որն ուժեղացրել է նրանց, որ տանեն որոշակի դժվարություն: Բացատրեք, որ Ալմա 56–58-ը պարունակում է թղթի կամ նամակի բովանդակությունը, որը Հելամանը գրել էր Մորոնի զորապետին պատերազմի դժվարին պահին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 59.1–2, որ տեսնեն, թե ինչպես Մորոնի զորապետն արձագանքեց նամակին: Խրախուսեք ուսանողներին, որ մինչ նրանք ուսումնասիրեն նամակը, փնտրեն պատճառները, թե ինչու Մորոնի զորապետը կարողացավ ուրախանալ՝ անկախ այն դժվար պայմաններից, որում նա գտնվում էր:

Ամփոփեք Ալմա 56.2–17, բացատրելով, որ Հելամանը ղեկավարում էր Անթի-Նեփի- Լեքիների կամ Ամմոնի ժողովրդի 2000 որդիներից բաղկացած մի փոքր զորք: Այս զինվորներին հաճախ անվանում են 2000 պատանի զինվորներ: (Դուք կարող եք բացատրել, որ պատանի բառը նշանակում է դեռահաս:) Այս դեռահաս տղաների ծնողները ուխտել էին երբեք կրկին զենք չվերցնել: Դեռահաս տղամարդիկ, ովքեր կապված չէին նույն ուխտով, առաջարկեցին պաշտպանել իրենց ծնողներին և մնացած նեփիացիներին, երբ նրանց սպառնում էր լամանացիների բանակը:

Բացատրեք, որ Հելամանը 2000 պատանի զինվորներին տարավ Հուդայի քաղաքը, որ աջակցեին Անթիփուսի կողմից առաջնորդվող նեփիացիների զորքին: Լամանացիները գրավել էին նեփիացիների մի շարք քաղաքները և մեծ վնասներ հասցրել Անթիփուսի զորքին: Անթիփուսն ուրախացավ, երբ Հելամանը և նրա զինվորներն օգնության հասան:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 53.17–21, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են այն հոգևոր ուժը, որ այս դեռահաս տղամարդիկ բերեցին զորքին: Մինչ նրանք կարդան, գրատախտակին գծեք հետևյալ գծագիրը: Հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և գրել իրենց գտած բառերը և արտահայտությունները «Նախքան ճակատամարտը» վերնագրի տակ:

Նկար
զինվորի գծագիր
  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Հելամանը, երբ նա նկարագրում էր 2000 պատանի զինվորներին որպես «ճշմարտության և լրջմտության տղաներ»: (Դուք կարող եք բացատրել, որ լրջմտություն բառը նշանակում է լրջություն, հանգստություն և ինքնատիրապետում:)

  • Ինչպե՞ս կարող են գրատախտակին գրված բնավորության գծերն օգնել մեզ հոգևոր պատերազմների և այլ դժվարությունների հանդիպելիս:

Հակիրճ ձևով ամփոփեք պատանի զինվորների առաջին ճակատամարտի սկիզբը Ալմա 56.29–43–ում: Անթիփուսն օգտագործում է Հելամանին և նրա 2000 զինվորներին որպես խայծ, որ Անթիփարա քաղաքից կարողանար դուրս հանել լամանացիների ամենաուժեղ զորքը: Լամանացիների զորքի մեծամասնությունը թողեց Անթիփարան, որ հետամուտ լինի Հելամանի զորքին, հնարավորություն տալով Անթիփուսի զորքին հետևել և հարձակվել նրանց վրա թիկունքից: Երբ Անթիփուսի զորքը հասավ լամանացիների զորքին, նրանք հարձակվեցին ըստ իրենց ծրագրի: Երբ լամանացիների զորքը դադարեց հետևել Հելամանի զորքին, Հելամանը չէր կարողանում ասել, թե արդյոք լամանացիների զորքը փորձում էր գայթակղել իր զինվորներին և ծուղակը գցել, թե Անթիփուսը ճակատամարտ էր սկսել լամանացիների հետ նրանց թիկունքից: Հելամանը և նրա պատանի զինվորները պետք է որոշեին շարունակել փախչել կամ հարձակվել լամանացիների վրա:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 56.44–48: Խնդրեք նրանց փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք փաստեր են առաջ բերում, թե ինչպես այս պատանիները հավատքով գործեցին: Հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակին գրել իրենց գտածը «Ճակատամարտի ընթացքում» վերնագրի տակ:

  • Ինչի՞ն չկասկածեցին այս պատանիները: (Որ Աստված կազատեր նրանց:)

  • Ինչո՞ւ նրանք չկասկածեցին, որ Աստված կազատեր նրանց:

  • Նախքան ճակատամարտը նրանց զարգացրած բնավորության գծերն ինչպե՞ս օգնեցին նրանց ճակատամարտի ընթացքում:

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք հավատքով ենք գործում, մենք կարող ենք ուժ ստանալ Աստծուց: Հրավիրեք ուսանողներին փնտրել այս ճշմարտությանը վերաբերվող փաստեր, երբ նրանք ուսումնասիրեն Ալմա 56–ը:

Ամփոփեք Ալմա 56.49–53, բացատրելով, որ Հելամանի զորքը Անթիփուսի զորքին գտավ դժվար կացության մեջ: Անթիփուսը և զորքի այլ շատ ղեկավարներ զոհվել էին, և հոգնած ու շփոթված նեփիացիները մոտ էին պարտություն կրելուն:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 56.54-56: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Աստված օրհնեց Հելամանի զինվորներին՝ իրենց հավատքի շնորհիվ:

  • Ձեր կարծիքով, գրատախտակին գրված հոգևոր հատկանիշներն ինչպե՞ս են նպաստել Ալմա 56.56–ում արձանագրված իրադարձություններին:

  • Ե՞րբ եք դուք կամ մեկը, ում դուք գիտեք, հավատքով գործել և ուժ ստացել Աստծուց դժվար իրավիճակում:

Ալմա 57

Հելամանը և նրա պատանի զինվորները ետ են վերցնում Կումենիի քաղաքը և պահպանվում ճակատամարտում

Բացատրեք, որ Ալմա 57-ը Մորոնի զորապետին գրված Հելամանի նամակի շարունակությունն է: Այն սկսվում է լամանացիներից երկու քաղաքներ նեփիացիների կողմից ետ վերցնելու պատմությամբ: Այդ ընթացքում Հելամանն իր զորքին զորացնելու համար Ամմորոնի մարդկանցից ստանում է 6000 մարդ՝ Ամմոնի մարդկանց ևս 60 որդիների հետ միասին: Լամանացիները նույնպես համալրվում էին և շարունակում էին ամրացնել իրենց գրաված քաղաքները:

Նշեք, որ ճակատամարտերից մեկում լամանացիները քիչ էր մնում հաղթեին նեփիացիներին (տես Ալմա 57.18): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 57.19–22, փնտրելով, թե ինչը պատճառ դարձավ, որ նեփիացիները կարողացան հաղթել:

  • Ինչո՞ւ նեփիացիները կարողացան հաղթանակ տանել լամանացիների դեմ:

  • Հելամանն ասաց, որ իր զինվորները «հնազանդվում և ձգտում էին ճշգրիտ կատարել հրամանի ամեն մի բառը» (Ալմա 57.21): Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս էր այս հնազանդությունն արտահայտում նրանց հավատքը:

Ի լրացում այս հարցին տրված ուսանողների պատասխանների, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«[Դուք] կհանդիպեք մարդկանց, որոնք ընտրում են, թե ինչ պատվիրան պահեն, որն անտեսեն, որը խախտեն: Ես կոչում եմ դա ճաշարանային մոտեցում հնազանդությանը: Զանազանելու և ընտրելու այս սովորույթը չի գործի: Այն կտանի դեպի թշվառություն: Աստծուն հանդիպելուն պատրաստվելու համար մարդ պահում է բոլոր Նրա պատվիրանները: Դրանց հնազանդվելու համար հավատք է պահանջվում, իսկ Նրա պատվիրանները պահելը կուժեղացնի այդ հավատքը» («Հավատքով դեմ առ դեմ կանգնենք ապագային», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 34):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 57.23-27: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես Տերը պահպանեց Հելամանի պատանի զինվորներին և ինչու Նա պահպանեց նրանց: Որպեսզի օգնեք նրանց քննարկել իրենց գտածը, տվեք այս հարցերը.

  • Իր զինվորների մասին Հելամանն ասել է. «Նրանց միտքն անսասան է»: Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում: Ինչո՞ւ մենք պետք է դժվարությունների հանդիպելիս մեր մտքերը անսասան պահենք:

  • Ինչպե՞ս էին Հելամանի զինվորները ցույց տալիս, որ նրանք «շարունակ դնում են իրենց վստահությունը Աստծո վրա»:

Կարող է օգտակար լինել բացատրելը, որ որոշ դեպքերում արդարները կտառապեն կամ կմահանան, ճիշտ ինչպես պատանի զինվորները տառապեցին և ճիշտ ինչպես նեփիացիների բանակից ոմանք սպանվեցին: Այնուամենայնիվ, Աստված միշտ կպատվի նրանց, ովքեր կպատվեն Իրեն, և արդարները, ովքեր կմահանան, կօրհնվեն:

  • Ի՞նչ նմանություն եք դուք տեսնում իրենց թշնամիների հետ պատանի զինվորների մղած պայքարի և հակառակորդի հետ մղած մեր պայքարի միջև:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.

«Այսօր մենք մղում ենք մի պայքար, որը շատ ավելի վտանգավոր է… քան նեփիացիների և լամանացիների միջև եղած պայքարը: Մեր թշնամին նենգ է և հնարամիտ: Մենք պայքարում ենք Լյուցիֆերի՝ բոլոր ստերի հոր, բոլոր լավ և ճիշտ և սուրբ բաների թշնամու դեմ: …

… Մենք, բառիս բուն իմաստով, պայքարում ենք մարդկային հոգիների համար: Թշնամին անգութ է և համառ: Նա հավերժորեն գերության է վերցնում վախեցնող արագությամբ: Եվ նա ցույց չի տալիս նահանջի ոչ մի նշան:

Մինչդեռ մենք խորապես երախտապարտ ենք Եկեղեցու շատ անդամների, ովքեր շատ բան են անում ճշմարտության համար մղվող պայքարում, ես պետք է անկեղծորեն ասեմ ձեզ, որ դա, այնուամենայնիվ, բավական չէ: Մեզ անհրաժեշտ է ավելի շատ օգնություն: … Մենք ունենք ձեր կարիքը: Հելամանի 2000 պատանի զինվորների նման,… դուք նույնպես կարող եք օժտվել զորությամբ՝ կառուցելու և պաշտպանելու Նրա թագավորությունը: Մեզ անհրաժեշտ է, որ դուք սուրբ ուխտեր կապեք, ճիշտ ինչպես նրանք արեցին: Մեզ անհրաժեշտ է, որ դուք լինեք բծախնդրորեն հնազանդ և հավատարիմ, ճիշտ ինչպես նրանք էին» (“The Greatest Generation of Missionaries,” Ensign or Liahona, Nov. 2002, 46–47):

Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե մենք վստահենք Տիրոջը և հնազանդվենք Նրան ճշգրտորեն, …

  • Ելնելով այն ամենից, ինչ դուք կարդացել եք Հելամանի զինվորների մասին, ինչպե՞ս դուք կլրացնեք այս նախադասությունը: (Գրատախտակի նախադասությունը լրացրեք երեխաների առաջարկների համաձայն: Օրինակ, դուք կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք վստահենք Տիրոջը և հնազանդվենք Նրան ճշգրտորեն, նա կաջակցի մեզ մեր պայքարում:)

Խնդրեք ուսանողներին խորհել այն ժամանակների մասին, երբ նրանք կամ մեկը, ում նրանք գիտեն, ճշգրտորեն հնազանդվել են, երբ դժվար իրավիճակում են հայտնվել դպրոցում, տանը կամ հասարակական միջավայրում: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով: Հարցրեք նրանց, թե ինչպես է Տերն օգնել նրանց այդ իրավիճակում:

Ժամանակ տվեք ուսանողներին, որ նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն այն մասին, թե ինչ կանեն նրանք, որ հնազանդվեն Աստծո պատվիրաններին «ճշգրիտ» կերպով (Ալմա 57.21) և «շարունակ [դնեն] իրենց վստահությունը Աստծո վրա» (Ալմա 57.27):

Ալմա 58

Նեփիացի զինվորները վստահում են, որ Աստված կպահպանի նրանց իրենց կյանքի անբարենպաստ շրջանում

Բացատրեք, որ Ալմա 58-ը պարունակում է Մորոնիին ուղղված Հելամանի նամակի վերջաբանը: Հելամանը պատմում է, թե ինչպես նեփիացիների բանակը հանդիպեց դժվար իրավիճակների, որոնք բարդացրեցին անբարենպաստ պայմանները, որոնց նրանք արդեն իսկ հանդիպել էին: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 58.2, 6–9, և խնդրեք դասարանին ներկայացնել այդ դժվար իրավիճակները (ուտելիքի պաշարի պակաս, ուժերի պակաս, վախ, որ նրանք կկործանվեին իրենց թշնամիների կողմից):

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 58.10–12, փնտրելով հետևյալ հարցերի պատասխանները: (Նախքան դասի սկսվելը հարցերը գրեք գրատախտակին: Դասարանի համար կարդացեք հարցերը նախքան նրանք կկարդան սուրբ գրության հատվածը, և հետո կրկնեք դրանք նրանց կարդալուց հետո: Սա կօգնի ուսանողներին հատուկ ուշադրություն դարձնել, թե ինչպես Հելամանի բանակը արձագանքեց այս դժվարին իրավիճակում:)

Ի՞նչ արեցին նեփիացիները, երբ հանդիպեցին այս դժվար իրավիճակին:

Ինչպե՞ս արձագանքեց Տերը նրանց անկեղծ աղերսանքներին և աղոթքներին:

Տիրոջ հավաստիացումներն ինչպե՞ս օգնեցին Հելամանին և նրա բանակին:

Հրավիրեք ուսանողներին ամփոփել մի ճշմարտություն, որը նրանք սովորել են Ալմա 58.10–12–ից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք ներկայացնում են հետևյալ սկզբունքը. Եթե դժվարին պահերին մենք դառնանք դեպի Աստված, մենք կարող ենք աստվածային հավաստիացում ստանալ, որը կարող է ամրացնել մեր հավատքը և հույս տալ մեզ:)

  • Ե՞րբ է Տերը ձեզ օրհնել խաղաղությամբ և հավաստիացմամբ դժվարին փորձառության ընթացքում:

Բացատրեք, որ Ալմա 58–ի մնացած մասը տալիս է նեփիացիների բանակի հաջողված ջանքերի պատմությունը, որ ետ վերցնեն այն քաղաքները, որոնք գրավվել էին լամանացիների կողմից (տես Ալմա 58.31): Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 58.39–40:

  • Հելամանի պատանի զինվորներն ինչպե՞ս ցույց տվեցին իրենց հավատքն առ Աստված, անկախ իրենց ստացած «շատ վերքերի»:

  • Երբ դուք կյանքում դժվարությունների եք հանդիպում, ինչպե՞ս կարող եք օգուտ քաղել Հելամանի որդիների օրինակին հետևելուց:

Վերջում կիսվեք այս դասի ժամանակ ուսուցանված սկզբունքների մասին ձեր վկայությամբ: