2020
Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս
Մայիս 2020


Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս

Մեր աստվածային ներուժն իրականացնելու ամենաարդյունավետ ուղին միասին աշխատելն է, օրհնված լինելով քահանայության զորությամբ և իշխանությամբ:

Թանկագին հրաշալի՛ քույրեր և եղբայրներ, հաճելի է լինել ձեզ հետ: Գրկում եմ իմ քույրերին և սրտառուչ ձեռքսեղմումներ եմ հղում իմ եղբայրներին՝ անկախ ձեր գտնվելու վայրից: Մենք միավորված ենք Տեր Հիսուս Քրիստոսի աշխատանքում:

Երբ մենք մտածում ենք Ադամի և Եվայի մասին, մեր առաջին միտքը հաճախ Եդեմի պարտեզում նրանց իդեալական կյանքի մասին է: Ես պատկերացնում եմ, որ եղանակը միշտ կատարյալ էր՝ ոչ շատ շոգ և ոչ շատ ցուրտ, և առատ, համեղ բանջարեղեն ու մրգեր էին աճում, որոնք հասանելի էին, այնպես որ նրանք կարող էին ուտել, երբ կամենային: Քանի որ սա նոր աշխարհ էր նրանց համար, շատ բան կար հայտնագործելու, ուստի, ամեն օրը հետաքրքիր էր, քանի որ նրանք շփվում էին կենդանական աշխարհի հետ և ուսումնասիրում նրանց գեղեցիկ միջավայրը: Նրանց նաև պատվիրաններ էին տրվել, որպեսզի հնազանդվեն, և տարբեր ուղիներ կային այդ հրահանգներին մոտենալու, որը սկզբնական շրջանում առաջացնում էր որոշ անհանգստություն և շփոթություն: 1 Բայց, երբ նրանք կայացրին որոշումներ, որոնք հավերժ փոխեցին իրենց կյանքը, նրանք սովորեցին միասին աշխատել և միավորվեցին` իրենց և Աստծո բոլոր զավակների համար Նրա ունեցած նպատակների իրականացման համար:

Այժմ պատկերացրեք այդ նույն զույգին մահկանացու կյանքում: Նրանք ստիպված էին աշխատել իրենց ուտելիքի համար, կենդանիներից մի քանիսի համար նրանք սնունդ էին համարվում, և կային դժվարին մարտահրավերներ, որոնք կարող էին հաղթահարվել միայն այն ժամանակ, երբ նրանք միասին էին խորհրդակցում և աղոթում: Ես պատկերացնում եմ, որ գոնե մի քանի անգամ նրանք ունեցել են տարբեր կարծիքներ, թե ինչպես մոտենալ այդ մարտահրավերներին: Սակայն անկման միջոցով նրանք իմացան, որ կարևոր էր գործել միասնության և սիրո մեջ: Աստվածային աղբյուրներից ստացած դասավանդման ընթացքում նրանց ուսուցանվեց փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները, որոնք այդ ծրագիրը գործուն էին դարձնում: Քանի որ նրանք հասկանում էին, որ իրենց երկրային և հավերժական նպատակը նույնն էր, նրանք գոհունակություն և հաջողություն գտան` սովորելով միասին սիրով և արդարությամբ աշխատել:

Նկար
Ադամն ու Եվան ուսուցանում են իրենց երեխաներին

Երբ երեխաները ծնվեցին, Ադամն ու Եվան սովորեցրին իրենց ընտանիքին այն, ինչ իրենք սովորել էին երկնային սուրհանդակներից: Նրանք կենտրոնացած էին նաև իրենց երեխաներին օգնելու վրա, որ նրանք հասկանային և ընդունեին այն սկզբունքները, որոնք նրանց կերջանկացնեին այս կյանքում, ինչպես նաև կպատրաստեին վերադառնալ իրենց երկնային ծնողների մոտ` իրենց կարողությունները մեծացնելուց և Աստծուն իրենց հնազանդությունն ապացուցելուց հետո: Այդ ընթացքում Ադամն ու Եվան սովորեցին գնահատել իրենց տարբեր ուժեղ կողմերը և աջակցեցին միմյանց իրենց հավերժ նշանակալից գործում: 2

Մինչ դարեր և ապա հազարամյակներ էին գալիս ու անցնում, տղամարդկանց և կանանց ոգեշնչված և փոխկապակցված ներդրումների հստակությունը մշուշապատվում էր ապատեղեկատվությամբ և թյուրըմբռնմամբ: Եդեմի պարտեզում այդ հրաշալի սկզբի և ներկայիս միջև ընկած ժամանակահատվածում հակառակորդը բավականին հաջողակ է եղել` նպատակ ունենալով բաժանել տղամարդկանց և կանանց մեր հոգիներին պարտության մատնելու համար: Լյուցիֆերը գիտի, որ եթե կարողանա վնաս հասցնել տղամարդկանց և կանանց միասնության զգացումին, եթե կարողանա շփոթեցնել մեզ մեր աստվածային արժեքի և ուխտի պարտականությունների վերաբերյալ, նրան կհաջողվի կործանել ընտանիքները, որոնք հավերժության հիմնական միավորներն են:

Սատանան հրահրում է համեմատությունը որպես գործիք՝ ստեղծելով գերադասության կամ անլիարժեքության զգացում՝ թաքցնելով այն հավերժական ճշմարտությունը, որ տղամարդկանց և կանանց բնածին տարբերությունները Աստծուց են տրված և հավասարապես արժեքավոր են: Նա փորձել է ցածրացնել կանանց ներդրումները ինչպես ընտանիքում, այնպես էլ քաղաքացիական հասարակության մեջ՝ դրա միջոցով նվազեցնելով բարու համար նրանց ոգեշնչող ազդեցությունը: Նրա նպատակը եղել է ուժային պայքարի խթանումը, այլ ոչ թե տղամարդկանց և կանանց առանձնահատուկ ներդրումների հաղթահանդեսը, որոնք լրացնում են միմյանց և նպաստում միասնությանը:

Այսպիսով, տարիների ընթացքում և ամբողջ աշխարհում հիմնականում անհետացավ կանանց և տղամարդկանց աստվածային փոխկապակցված, բայց դեռ տարբերվող ներդրումների և պարտականությունների վերաբերյալ լիակատար ըմբռնումը: Բազմաթիվ հասարակություններում կանայք ավելի շուտ տղամարդկանց ենթականերն էին, քան կողք կողքի զուգընկերը, նրանց գործունեությունը սահմանափակվում էր նեղ շրջանակով: Հոգևոր առաջընթացը դանդաղեց՝ հասնելով նվազագույնի այդ մութ ժամանակներում. իրականում, հոգևոր քիչ լույս կարող էր ներթափանցել գերիշխանության ավանդույթներով ներծծված մտքերն ու սրտերը:

Իսկ հետո վերականգնված ավետարանը «արևի պայծառությունը գերազանցող» լույսով փայլեց, 3 երբ Հայր Աստված և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթ պատանուն, որը տեղի ունեցավ 1820 թ.-ի վաղ գարնանը այն սուրբ անտառապատ տարածքում՝ Նյու Յորքի ծայրամասում: Այդ իրադարձությունը սկիզբ դրեց երկնքից հայտնության ժամանակակից հոսքին: Քրիստոսի սկզբնական Եկեղեցու առաջին տարրերից մեկը, որը պիտի վերականգնվեր, Աստծո քահանայության իշխանությունն էր: Մինչ վերականգնումը շարունակվում էր ծավալվել, տղամարդիկ և կանայք սկսեցին նորովի գիտակցել Նրա կողմից այդ սուրբ գործի մեջ լիազորված և առաջնորդված՝ որպես գործընկերներ աշխատելու կարևորությունն ու ներուժը:

Նկար
Սփոփող միության կազմավորումը

1842թ.-ին, երբ երիտասարդ Եկեղեցու կանայք ցանկացան ձևավորել պաշտոնական խումբ՝ աշխատանքին օգնելու համար, նախագահ Ջոզեֆ Սմիթը ոգեշնչվեց կազմավորել նրանց «քահանայության ներքո քահանայության օրինակին համապատասխան»: 4 Նա ասաց. «Այժմ ես բանալին շրջում եմ դեպի ձեր կողմը Աստծո անունով …. սա ավելի լավ օրերի սկիզբն է»: 5 Եվ քանի որ այդ բանալին շրջվեց, կանանց համար կրթական, քաղաքական և տնտեսական հնարավորությունները սկսեցին աստիճանաբար ընդլայնվել ամբողջ աշխարհում 6

Կանանց այս նոր Եկեղեցական կազմակերպությունը, որը կոչվեց Սփոփող միություն, նման չէր այդ օրերի կանանց այլ միություններին, որովհետև այն հաստատվել էր մարգարեի կողմից, ով գործում էր քահանայության իշխանությամբ, որպեսզի կանանց իշխանություն տար՝ սուրբ պարտականություններ և պաշտոններ զբաղեցնելու Եկեղեցու կառուցվածքում, ոչ թե նրանից առանձին: 7

Մարգարե Ջոզեֆ Սմիթի օրերից սկսած մինչև մեր օրերը, բոլոր բաների շարունակական վերականգնումը լուսավորում բերեց քահանայության իշխանության և զորության անհրաժեշտության վերաբերյալ` օգնելով ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, իրականացնել իրենց աստվածայնորեն նշանակված պարտականությունները: Վերջերս մեզ ուսուցանեցին, որ այն կանայք, ովքեր ի սպաս են դրվել քահանայության բանալիներ կրող մի անձի ղեկավարության ներքո, գործում են քահանայության իշխանությամբ իրենց կոչումներում: 8

2019 թվականի հոկտեմբերին, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սովորեցրեց, որ տաճարում օժտում ստացած կանայք ունեն քահանայության զորություն իրենց կյանքում և իրենց տներում, քանի որ պահպանում են այն սուրբ ուխտերը, որոնք նրանք կապել են Աստծո հետ: 9 Նա բացատրեց, որ «երկինքները նույնքան բաց են այն կանանց համար, ովքեր օժտում են ստացել քահանայության ուխտերից բխող Աստծո զորությամբ, որքան բաց են այն տղամարդկանց համար, ովքեր կրում են քահանայություն»: Եվ նա քաջալերեց յուրաքանչյուր քրոջ, «ազատ օգտագործել Փրկիչի զորությունը, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին և այլոց, ում դուք սիրում եք»։ 10

Այսպիսով, ի՞նչ է նշանակում սա` ձեր և ինձ համար: Քահանայության իշխանության և զորության ըմբռնումը ինչպե՞ս է փոխում մեր կյանքը: Բանալիներից մեկն այն է, որ երբ կանայք և տղամարդիկ միասին են աշխատում, մենք շատ ավելին ենք իրականացնում, քան երբ առանձին ենք աշխատում: 11 Մեր դերերը ավելի շուտ միմյանց լրացնող են, քան մրցակցական: Չնայած կանայք քահանայության պաշտոնի չեն ձեռնադրվում, ինչպես նշվեց նախկինում, նրանք օրհնված են քահանայության զորությամբ, քանի դեռ պահում են իրենց ուխտերը, և նրանք գործում են քահանայության իշխանությամբ, երբի սպաս են դրվում որևէ կոչման:

Օգոստոսի մի գեղեցիկ օր ես արտոնություն ունեցա նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ նստել Ջոզեֆ և Էմմա Սմիթների վերակառուցված տանը Հարմոնիում (Պենսիլվանիա), որի մոտակայքում վերականգնվեց Ահարոնյան Քահանայությունը այս վերջին օրերին: Այդ զրույցի ընթացքում նախագահ Նելսոնը խոսեց այն կարևոր դերի մասին, որ կանայք խաղացին վերականգնման մեջ:

Նախագահ Նելսոն. «Ամենակարևոր կողմերից մեկը, որի մասին ես հիշում եմ, երբ գալիս եմ քահանայության վերականգնման այս վայրը, այն կարևոր դերն է, որ կանայք խաղացին վերականգնման ընթացքում:

«Երբ Ջոզեֆը առաջին անգամ սկսեց թարգմանել Մորմոնի Գիրքը, ո՞վ էր գրագիրը: Դե, նա մի քիչ գրեց, բայց ոչ շատ: Էմման գրեց:

Իսկ հետո մտածում եմ, թե ինչպես Ջոզեֆը գնաց անտառ աղոթելու իրենց տան մոտ Պալմիրայում, (Նյու Յորք): Ո՞ւր գնաց նա: Նա գնաց սրբազան պուրակ: Ինչո՞ւ նա գնաց այնտեղ: Որովհետև դա այն տեղն էր, որտեղ Մայրն էր գնում, երբ ցանկանում էր աղոթել:

Նրանք հենց այն երկու կանայք են, ովքեր կարևոր դեր ունեցան քահանայության և Եկեղեցու Վերականգնման գործում: Կասկած չկա, մենք կարող ենք ասել, որ մեր կանայք ճիշտ նույնքան կարևոր են այսօր, որքան կարևոր էին այն ժամանակ: Իհարկե, նրանք կարևոր են»:

Էմմայի, Լյուսիի և Ջոզեֆի նման, մենք ավելի արդյունավետ ենք գործում, երբ կամենում ենք միմյանցից սովորել և միավորված ենք մեր նպատակով՝ դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ և օգնել ուրիշներին այդ արահետում:

Մեզ ուսուցանում են, որ «քահանայությունն օրհնում է Աստծո զավակների կյանքը անհամար ուղիներով: …. [Եկեղեցու] կոչումներում, տաճարային արարողություններում, ընտանեկան փոխհարաբերություններում և լուռ, անհատական ծառայության մեջ Վերջին Օրերի Սրբերը` կանայք և տղամարդիկ, առաջ են գնում քահանայության զորությամբ և իշխանությամբ: Տղամարդկանց և կանանց այս փոխկախվածությունը Նրա զորության միջոցով Աստծո աշխատանքը կատարելիս առանցքային է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված Հիսուս Քրիստոսի ավետարանի համար»: 12

Միասնությունը կարևոր է աստվածային աշխատանքի համար, որը մենք արտոնված ենք և կանչված կատարելու, բայց դա հենց այնպես տեղի չի ունենում: Լիարժեք ջանք ու ժամանակ է հարկավոր, որպեսզի իրոք խորհրդակցենք միմյանց հետ, լսենք միմյանց, հասկանանք մյուսների տեսակետները և կիսվենք փորձով, բայց այդ գործընթացը հանգեցնում է ավելի ոգեշնչված որոշումների: Լինի տանը, թե մեր Եկեղեցու պարտականությունների մեջ, մեր աստվածային ներուժն իրականացնելու ամենաարդյունավետ միջոցը համատեղ աշխատելն է, որն օրհնված է քահանայության զորությամբ և իշխանությամբ մեր տարբեր, բայց փոխլրացնող դերերում:

Ինչպիսի՞ն է այդ գործընկերությունը այսօրվա ուխտի կանանց կյանքում: Թույլ տվեք կիսվել օրինակով։

Նկար
Զույգը տանդեմ հեծանիվի վրա

Ալիսոնը և Ջոնը ունեին գործընկերություն, որը եզակի էր: Նրանք տանդեմ հեծանիվ էին վարում կարճ և երկար մրցավազքերում: Այդ մեքենայի վրա հաջող մրցելու համար երկու վարորդները պետք է ներդաշնակության մեջ լինեն: Նրանք պետք է ճիշտ ժամանակին թեքվեն նույն ուղղությամբ: Մեկը չի կարող գերիշխել մյուսի վրա, բայց նրանք պետք է հստակ հաղորդակցվեն, և յուրաքանչյուրն անի իր բաժինը: Կապիտանը առջևում վերահսկում է, թե երբ պետք է արգելակել և երբ կանգնել: Ստոկերը հետևի մասում պետք է ուշադրություն դարձնի այն ամենին, ինչ տեղի է ունենում և պատրաստ լինի լրացուցիչ ուժ տալ, եթե նրանք մի քիչ հետ են մնում, կամ թուլացնի, եթե շատ են մոտենում մյուս հեծանվորդներին: Նրանք պետք է միմյանց աջակցեն առաջընթացի համար և հասնեն իրենց նպատակին:

Ալիսոնը բացատրեց. «Առաջին անգամ կապիտանի պաշտոնում գտնվող անձն ասում էր. «Կանգնի՛ր», երբ մենք պետք է կանգնեինք, իսկ «արգելակի՛ր», երբ մենք պետք է դադարեցնեինք վարել: Որոշ ժամանակ անց ստոկերը սովորեց զգալ, երբ կապիտանը պետք է ասեր «կանգնել» կամ «արգելակել», և ոչ մի խոսք ասելու կարիք չկար: Մենք սովորեցինք լինել ներդաշնակ, թե ինչպես էին գործերը գնում միմյանց հետ և կարողանում էինք զգալ, երբ մեկը մաքառում էր և [այդ պահին] մյուսը փորձում էր բարձրացնել թույլին: Այս ամբողջը իրականում վստահության և միասին աշխատելու մասին է: 13

Ջոնը և Ալիսոնը միասնական էին ոչ միայն, երբ վարում էին իրենց հեծանիվը, այլև միասնական էին ամուսնության մեջ: Յուրաքանչյուրն ավելի շատ էր ցանկանում մյուսի երջանկությունը, քան իր անձնականը, յուրաքանչյուրը որոնում էր բարին միմյանց մեջ և աշխատում էր հաղթահարել ոչ այնքան լավն իր մեջ: Նրանք հերթով ղեկավարում էին և հերթով տալիս ավելի շատ, երբ մի գործընկերը մաքառումների մեջ էր: Յուրաքանչյուրը գնահատում էր մյուսի ներդրումները և գտնում ավելի լավ պատասխաններ իրենց մարտահրավերներին, երբ նրանք միավորում էին իրենց տաղանդները և միջոցները: Նրանք իսկապես կապված են միմյանց հետ Քրիստոսանման սիրով:

Այսօր աստվածային ձևին ավելի համահունչ դառնալով` շատ կարևոր է միմյանց հետ միասնաբար աշխատել՝ «առաջինը ես» հաղորդագրություններով հանդերձ, որոնք շրջապատում են մեզ: Կանայք իսկապես ունեն որոշակի աստվածային պարգևներ 14 և նրանց տրված են առանձնահատուկ պարտականություններ, բայց դրանք ավել կամ պակաս կարևոր չեն, քան տղամարդկանց պարգևներն ու պարտականությունները: Ամեն ինչ նախագծված է և անհրաժեշտ՝ առաջ բերելու Երկնային Հոր աստվածային ծրագիրը` Նրա զավակներից յուրաքանչյուրին տալով իր աստվածային ներուժի իրականացման լավագույն հնարավորությունը:

Այսօր, «Մենք կարիք ունենք կանանց, ովքեր մեր մայր Եվայի քաջությունն ու տեսլականն ունեն», 15 որ միավորվեն իրենց եղբայրների հետ՝ դեպի Քրիստոս հոգիներ բերելու համար: 16 Տղամարդիկ պետք է դառնան իսկական գործընկերներ, այլ ոչ թե ենթադրեն, որ իրենք բացառապես պատասխանատու են կամ գործում են որպես «ձևական» գործընկերներ, մինչ աշխատանքի մեծ մասը կանայք են կատարում: Կանայք պետք է պատրաստ լինեն «անելու քայլ առաջ [և] զբաղեցնեն [իրենց] իրավացի և անհրաժեշտ տեղը» 17 որպես գործընկերներ, այլ ոչ թե մտածեն, որ իրենք պետք է այդ ամենը ինքնուրույն անեն կամ սպասեն, որ իրենց ասեն, թե ինչ անեն: 18

Կանանց որպես կարևոր մասնակիցներ տեսնելը, չի նշանակում ստեղծել «հավասարություն», այլ հասկանալ վարդապետական ճշմարտություն: . Այդ նպատակին հասնելու համար ծրագիր ստեղծելու փոխարեն, մենք կարող ենք ակտիվորեն աշխատել, գնահատելով կանանց, ինչպես Աստված է անում` որպես կարևոր գործընկերներ փրկության և վեհացման աշխատանքում:

Դուք պատրա՞ստ եք: Արդյո՞ք կձգտենք հաղթահարել մշակութային նախապաշարմունքները և փոխարենը ընդունենք աստվածային օրինակներ և հմտություններ, որոնք հիմնված են հիմնարար վարդապետության վրա: Նախագահ Ռասել Մ. Նելսոնը հրավիրում է մեզ «քայլել ձեռք ձեռքի տված այս սրբազան աշխատանքում …. [որպեսզի] օգնենք պատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին»: 19 Երբ անենք, մենք կսովորենք գնահատել յուրաքանչյուր անհատի ներդրումները և կմեծացնենք արդյունավետությունը, որով մենք կատարում ենք մեր աստվածային դերերը: Մենք կզգանք ավելի մեծ ուրախություն, քան երբևէ զգացել ենք:

Թող մեզանից յուրաքանչյուրն ընտրի միավորվել Տիրոջ ոգեշնչած ուղիով` օգնելով Նրա գործի առաջընթացին: Մեր սիրելի Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ծննդոց 3․1-18, Մովսես 4․1-19։

  2. Տես Մովսես 5․1-12։ Այս հատվածներն ուսուցանում են Ադամի և Եվայի ճշմարիտ գործընկերության մասին. նրանք միասին երեխաներ ունեցան (հատված 2), նրանք աշխատեցին միասին` ապահովելով իրենց և իրենց ընտանիքին (հատված 1), նրանք աղոթեցին միասին (հատված 4), նրանք հնազանդվեցին Աստծո պատվիրաններին և միասին զոհեր մատուցեցին (հատված 5), նրանք սովորեցին (հատված 4, 6–11) և միասին ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը իրենց երեխաներին (հատված 12):

  3. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․16:

  4. Joseph Smith, in Sarah M. Kimball, “Auto-Biography,” Woman’s Exponent, Sept. 1, 1883, 51; տես նաև Եկեղեցու նախագահների ուսմուքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 451:

  5. Joseph Smith, in “Nauvoo Relief Society Minute Book,” 40, josephsmithpapers.org.

  6. See George Albert Smith, “Address to the Members of the Relief Society,” Relief Society Magazine, Dec. 1945, 717.

  7. See John Taylor, in Nauvoo Relief Society Minutes, Mar. 17, 1842, available at churchhistorianspress.org. Ըստ Էլիզա Ռ. Սնոուի, Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է նաև, որ կանայք պաշտոնապես կազմակերպվել են նախորդ տնտեսություններում (see Eliza R. Snow, “Female Relief Society,” Deseret News, Apr. 22, 1868, 1; Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 1–7):

  8. Տես Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիներն ու իշխանությունը», Լիահոնա, մայիս 2014, 49–52:

  9. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 78, 79։

  10. Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր գանձեր», 77։

  11. «Բայց վերականգնված ավետարանն ուսուցանում է այն հավերժական գաղափարը, որ ամուսիններն ու կանայք փոխադարձաբար կախված են միմյանցից: Նրանք հավասար են: Նրանք գործընկերներ են» (Բրյուս Ռ. և Մարի Կ. Հեյֆն, «Անցնելով շեմը և դառնալով հավասար գործընկերներ», Լիահոնա, օգոստոս 2007, 28):

  12. Gospel Topics, “Joseph Smith’s Teachings about Priesthood, Temple, and Women,” topics.ChurchofJesusChrist.org.

  13. Անձնական նամակագրություն:

  14. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 95-97։

  15. Ռասսել Մ․ Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», 97։

  16. Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 1.4, ChurchofJesusChrist.org.

  17. Ռասսել Մ․ Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», 97։

  18. Իմ սիրելի՛ քույրեր, ինչպիսին էլ որ լինի ձեր կոչումը, հանգամանքները, մենք ձեր տպավորությունների, մտքերի և ոգեշնչման կարիքն ունենք: Մենք ուզում ենք, որ դուք խոսեք և արտահայտվեք ծխի ու ցցի խորհուրդներում: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ամուսնացած քույր խոսի որպես «իր ավանդը բերող և լիարժեք գործընկեր», երբ միանաք ձեր ամուսնուն` ձեր ընտանիքի կառավարման գործում: Լինեք ամուսնացած, թե ամուրի, քույրե՛ր, դուք ունեք առանձնահատուկ ունակություններ և հատուկ ներըմբռնում, որ ստացել եք Աստծուց որպես պարգև: Մենք՝ եղբայրներս, չենք կարող ընդօրինակել ձեր յուրահատուկ ազդեցությունը: ….

    …. Մենք ձեր ուժի կարիքն ունենք» (Ռասսել Մ․ Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», 97):

  19. Ռասսել Մ․ Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», 97։