2020
Խորապես հաստատենք մեր սրտերում

Խորապես հաստատենք մեր սրտերում

Տերը փորձում է օգնել մեզ բոլորիս՝ խորապես ընդունելու Իր ավետարանը մեր սրտերում:

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, ինչ փառահեղ ժամանակներում ենք մենք ապրում: Երբ մենք տոնում ենք Վերականգնման սկիզբը, տեղին է տոնել նաև շարունակվող Վերականգնումը, որի վկան ենք մենք: Ես ուրախանում եմ, որ ձեզ հետ ապրում եմ այս օրերում:1 Տերը շարունակում է Իր մարգարեների միջոցով հայտնել ամեն անհրաժեշտ բան, որ օգնի մեզ պատրաստվել ընդունելու Նրան:2

Այդ անհրաժեշտ բաներից մեկը Երեխաների և երիտասարդների նոր նախաձեռնությունն է: Ձեզանից շատերը ծանոթ են այս ծրագրի շեշտադրման հետ, որը ներառում է՝ նպատակներ դնելը, պատկանելության նոր խորհրդանիշները և Երիտասարդներին զորացնելու համար համաժողովները: Բայց մենք չպիտի թույլ տանք, որ դրանք խանգարեն մեզ տեսնել այն սկզբունքները, որոնց վրա կառուցված է ծրագիրը, և դրանց նպատակը. օգնել, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես հաստատվի մեր երեխաների և երիտասարդների սրտերում:3

Ես հավատում եմ, որ երբ սկսենք ավելի հստակ հասկանալ այս սկզբունքները, մենք կդիտարկենք այն որպես ավելին, քան ծրագիր 8-18 տարեկան անդամների համար: Մենք կտեսնենք, թե Տերն ինչպես է փորձում օգնել մեզ բոլորիս՝ խորապես ընդունելու Իր ավետարանը մեր սրտերում: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օգնի մեզ սովորել միասին:

Հարաբերություններ. «Եղեք նրանց հետ»։4

Առաջին սկզբունքը հարաբերություններն են։ Քանի որ դրանք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բնական մասն են, մենք երբեմն մոռանում ենք հարաբերությունների կարևորությունը դեպի Քրիստոսը մեր շարունակվող դարձի մեջ: Չի ակնկալվում, որ մենք պետք է միայնակ գտնենք ուխտի ճանապարհը կամ քայլենք այդ ճանապարհով: Մենք սիրո և աջակցության կարիք ունենք ծնողների, ընտանիքի մյուս անդամների, ընկերների և ղեկավարների կողմից, ովքեր նույնպես քայլում են այդ ճանապարհով:

Այդպիսի հարաբերությունները ժամանակ են պահանջում: Ժամանակ՝ միասին լինելու համար։ Ժամանակ՝ միասին ծիծաղելու, խաղալու, սովորելու և ծառայելու համար: Ժամանակ, որպեսզի գնահատենք միմյանց հետաքրքրություններն ու դժվարությունները: Ժամանակ՝ միմյանց հետ անկեղծ ու ազնիվ լինելու համար, երբ ձգտում ենք միասին լինել ավելի լավը։ Այս հարաբերությունները հավաքման հիմնական նպատակներից մեկն է՝ որպես ընտանիքներ, քվորումներ, դասարաններ և համայնքներ: Դրանք արդյունավետ սպասավորության հիմքն են:5

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը մեզ տվել է այս հարաբերությունների զարգացման բանալին, երբ ասել է. «Եկեղեցում ուրիշներին արդյունավետ ծառայելու համար մենք պետք է տեսնենք նրանց … Երկնային Հոր աչքերով: Միայն այդ ժամանակ մենք կսկսենք ըմբռնել հոգու իրական արժեքը։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ այն սերը, որ Երկնային Հայրն ունի Իր բոլոր զավակների հանդեպ»։6

Տեսնել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է տեսնում՝ պարգև է: Ես հրավիրում եմ մեզ բոլորիս փնտրել այդ պարգևը։ Երբ մեր աչքերը բացվեն տեսնելու համար,7 մենք կկարողանանք օգնել ուրիշներին տեսնել իրենց այնպես, ինչպես Աստված է տեսնում:8 Նախագահ Հենրի Բ. Այրինգը ասել է. «Մեծ նշանակություն ունի այն, թե [ուրիշներն] ինչ կսովորեն [ձեզանից] այն մասին, թե ովքեր են իրենք իրականում, և ի՞նչ կարող են դառնալ: Կարծում եմ, որ նրանք շատ բան չեն սովորի դասախոսություններից: Նրանք կսովորեն դա այն զգացումներից, թե ով եք դուք, թե ըստ ձեզ, ովքեր են իրենք, և ձեր կարծիքով, ինչ կարող են դառնալ իրենք»:9 Օգնել ուրիշներին հասկանալ իրենց իրական ինքնությունն ու նպատակը. սա ամենամեծ պարգևներից մեկն է, որ մենք կարող ենք տալ:10 Տեսնել ուրիշներին և ինքներս մեզ, ինչպես Աստված է միավորում մեր սրտերը «միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»:11

Մշտապես աճող աշխարհիկ ուժերը ներգործում են մեզ վրա, ուստի մենք ուժի կարիք ունենք, որը գալիս է սիրալիր հարաբերություններից: Ուստի, երբ մենք ծրագրում ենք միջոցառումներ, ժողովներ և այլ հավաքույթներ, եկեք հիշենք, որ այս հավաքույթների ընդհանուր նպատակը այնպիսի սիրալիր հարաբերությունների ստեղծումն է, որոնք միավորում են և օգնում են, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես հաստատվի մեր սրտերում:12

Հայտնություն, ազատ կամք և ապաշխարություն. «Կապեք նրանց երկնքի հետ»13

Անշուշտ, միմյանց հետ կապված լինելը բավարար չէ: Կան շատ խմբեր և կազմակերպություններ, որոնք միաբանության են հասնում տարբեր նպատակների շուրջ: Սակայն մեր փնտրած միասնությունը Քրիստոսում մեկ լինելն է, ինքներս մեզ Նրա հետ կապելն է:14 Որպեսզի մեր սրտերը կապենք երկնքի հետ, մենք պետք է ունենանք անհատական հոգևոր փորձառություններ, որոնց մասին Երեց Անդերսենը հենց նոր պերճախոս կերպով խոսեց մեզ հետ:15 Մենք ձեռք ենք բերում այդ փորձառությունները, երբ Սուրբ Հոգին Աստծո խոսքն ու սերը հասցնում է մինչև մեր միտքն ու սիրտը:16

Այս հայտնությունը մենք ստանում ենք՝ սուրբ գրությունների, հատկապես Մորմոնի Գրքի, ապրող մարգարեների և այլ հավատարիմ աշակերտների ոգեշնչված խոսքերի միջոցով, ինչպես նաև մեղմ հանդարտ ձայնի միջոցով:17 Այս բառերն ավելին են, քան թանաքը էջի վրա, շառաչող ալիքները՝ մեր ականջներում և խոհերը՝ մեր մտքերում ու սրտերում: Աստծո խոսքը հոգևոր զորություն է:18 Այն ճշմարտություն է և լույս:19 Այն այնպիսին է, ինչպիսին մենք ենք լսում Նրան։ Այն նախաձեռնում և ավելացնում է մեր հավատքը Քրիստոսի հանդեպ և մեր մեջ ցանկություն է առաջացնում ավելի նմանվել Փրկիչին, այսինքն՝ ապաշխարել ու քայլել ուխտի արահետով:20

Անցյալ ապրիլին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը օգնեց մեզ հասկանալ ապաշխարության կենտրոնական դերը հայտնության այս ճամփորդության մեջ:21 Նա ասաց. «Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին վերափոխել ու դարձնել մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: … Մենք որոշում ենք ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին»։22 Փոփոխության այս գործընթացը, որն աջակցվում է Աստծո խոսքով, այն է, թե մենք ինչպես ենք կապվում երկնքի հետ:

Նախագահ Նելսոնի ապաշխարության հրավերի հիմքում ազատ կամքի սկզբունքն է: Մենք ինքներս պետք է ընտրենք ապաշխարությունը: Ավետարանը ուժով չի հաստատվի մեր սրտերում: Երեց Ռենլանդն ասել է. «Դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է»:23

Ծրագրերում, որոնք փոխարինվեցին Երեխաների և երիտասարդների ծրագրով, կային ավելի քան 500 տարբեր պահանջներ, տարբեր ճանաչումներ ստանալու համար:24 Այսօր, ըստ էության, կա մեկ պահանջ: Դա հրավեր է՝ ընտրել ավելի նմանվել Փրկիչին: Մենք անում ենք սա՝ ստանալով Աստծո խոսքը Սուրբ Հոգու միջոցով և թույլ տալով, որ Քրիստոսը դարձնի մեզ մեր ներուժի լավագույն տարբերակը:

Սա ավելին է, քան նպատակ դնելու կամ ինքնակատարելագործման փորձը: Նպատակները պարզապես գործիք են, որոնք օգնում են մեզ կապվել երկնքի հետ հայտնության, ազատ կամքի և ապաշխարության միջոցով, որպեսզի գանք Քրիստոսի մոտ, ստանանք Նրա ավետարանը և խորապես հաստատենք մեր սրտերում:

Ներգրավվածություն և զոհաբերություն. «Թող նրանք ղեկավարեն»25

Ի վերջո, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես հաստատվի մեր սրտերում, մենք պետք է ներգրավվենք դրանում՝ տալով մեր ժամանակն ու տաղանդները, զոհաբերելով դրա համար:26 Մենք բոլորս ցանկանում ենք ապրել իմաստալի կյանքով և դա հատկապես ճշմարիտ է աճող սերնդի համար: Նրանց ցանկանում են այդ գործի մասը կազմել:

Հիսուս Քրիստոսի ավետարանը ամենամեծ գործն է աշխարհում: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը ասել է. «Աստված պատվիրել է մեզ քարոզել ավետարանը ողջ աշխարհին: Դա այն գործն է, որը պետք է միավորի մեզ այսօր։ Միայն ավետարանը կփրկի աշխարհը ինքնաոչնչացման արհավիրքից: Միայն ավետարանը խաղաղության մեջ կմիավորի բոլոր ռասաների և ազգությունների տղամարդկանց [և կանանց]: Միայն ավետարանը ուրախություն, երջանկություն և փրկություն կբերի մարդկության ընտանիքին»:27

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Երբ մենք լիազորենք երիտասարդներին՝ հրավիրելով և թույլ տալով նրանց գործել, Եկեղեցին հրաշալի ուղիներով առաջ կընթանա»:28 Շատ հաճախ մենք չենք հրավիրել և թույլ չենք տվել երիտասարդներին զոհաբերել Քրիստոսի այս մեծ գործի համար: Երեց Նիլ Ա. Մաքսվելը նշել է. «Եթե [մեր] երիտասարդները շատ ոգևորված չլինեն [Աստծո գործով], առավել հավանական է, որ նրանք կոգևորվեն աշխարհի գործերով»:29

Երեխաների և երիտասարդների ծրագիրը կենտրոնանում է երիտասարդներին հնարավորություններ տալու վրա: Նրանք են ընտրում իրենց նպատակները: Քվորումի և դասարանի նախագահությունները իրենց պատշաճ դերի մեջ են։ Ծխի երիտասարդների խորհուրդը ծխի խորհրդի նման կենտրոնանում է փրկության աշխատանքի և վեհացման վրա:30 Իսկ քվորումները և դասարանները սկսում են իրենց ժողովները՝ խորհրդակցելով այն մասին, թե ինչպես կատարել այն գործը, որն Աստված է տվել իրենց:31

Նախագահ Նելսոնը դիմել է Եկեղեցու երիտասարդներին. «Եթե դուք ընտրեք, եթե ցանկանաք, … դուք կհանդիսանաք մի մեծ, հրաշալի և փառահեղ գործի մասը: Դուք այն լավագույնների շարքում եք, որոնց Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ։ Դուք ընդունակ եք լինել ավելի խելացի, իմաստուն, և դուք ավելի մեծ ազդեցություն ունեք աշխարհի վրա, քան որևէ նախորդ սերունդ»:32 Մեկ այլ առիթով նախագահ Նելսոնը ասել է երիտասարդներին. «Ես լիովին վստահում եմ ձեզ: Ես սիրում եմ ձեզ, և Տերը՝ նույնպես: Մենք Նրա ժողովուրդն ենք՝ միասին ներգրավված Նրա սուրբ գործին»:33 Երիտասարդնե՛ր, զգու՞մ եք, թե նախագահ Նելսոնը որքան է վստահում ձեզ և որքան կարևոր եք դուք այս աշխատանքի համար:

Ծնողնե՛ր և չափահաս ղեկավարնե՛ր, ես հրավիրում եմ ձեզ տեսնել երիտասարդներին այնպես, ինչպես նախագահ Նելսոնն է տեսնում: Երբ երիտասարդները զգան ձեր սերն ու վստահությունը, և երբ դուք ուսուցանեք նրանց ինչպես ղեկավարել, իսկ հետո չխանգարեք, նրանք կզարմացնեն ձեզ իրենց գաղափարներով, կարողություններով և ավետարանի հանդեպ պարտավորությունով:34 Նրանք կզգան այն ուրախությունը, որով կընտրեն ներգրավվել և զոհաբերել Քրիստոսի գործին: Նրա ավետարանը խորապես կհաստատվի նրանց սրտերում, և գործը առաջ կշարժվի զարմանալի ուղիներով:

Խոստում և վկայություն

Ես խոստանում եմ, որ երբ մենք կենտրոնանանք այս սկզբունքների վրա՝ հարաբերություններ, հայտնություն, ազատ կամք, ապաշխարություն և զոհաբերություն այս մեծ գործի համար, Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես կհաստատվի մեր բոլորի սրտերում: Մենք կտեսնենք, թե ինչպես է Վերականգնումն առաջ շարժվում դեպի իր վերջնական նպատակը՝ Իսրայելի փրկագնումը և Սիոնի հաստատումը,35 որտեղ Քրիստոսը կթագավորի որպես թագավորների Թագավոր:

Ես վկայում եմ, որ Աստված անում է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի պատրաստի Իր ժողովրդին այդ օրվան: Թող մենք տեսնենք Նրա ձեռքը այս փառահեղ աշխատանքում, երբ բոլորս ձգտենք «գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել Նրանում»:36 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։