2020
Մտածեք Աստծո բարության և մեծության մասին
Մայիս 2020


Մտածեք Աստծո բարության և մեծության մասին

Հրավիրում եմ ձեզ ամեն օր հիշել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծությունը, և այն, ինչ Նրանք արել են ձեզ համար:

Բոլոր ժամանակներում, հատկապես դժվարին,, մարգարեները հորդորել են մեզ հիշել Աստծո մեծությունը և մտածել այն մասին, թե Նա ինչ է արել մեզ համար՝ որպես անհատներ, ընտանիքներ և որպես ժողովուրդ։1 Այս ուղղորդումը հանդիպում է բոլոր սուրբ գրություններում, սակայն հատկապես աչքի է ընկնում Մորմոնի Գրքում: Տիտղոսաթերթում պարզաբանվում է, որ Մորմոնի Գրքի նպատակներից մեկն է՝ «ցույց տալ Իսրայելի տան մնացորդին, թե ինչպիսի մեծ բաներ է Տերն արել նրանց հայրերի համար»։2 Մորմոնի Գրքի ավարտական մասն ընդգրկում է Մորոնիի հետևյալ կոչը. «Ահա, ես կկամենայի հորդորել ձեզ, որ երբ դուք կարդաք այս բաները, … որ դուք հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ … և խորհեք այն ձեր սրտերում»։3

Աստծո բարության մասին մտածելու մարգարեների հետևողական հորդորները զարմանալի են:4 Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հիշենք Նրա և Նրա սիրելի Որդու բարությունը, ոչ թե Նրանց գոհության համար, այլ այն ազդեցության համար, որ ունենում է մեզ վրա այդ հիշողությունը։ Խորհելով Նրանց բարության մասին, մեր տեսլականը և հասկացողությունը ընդլայնվում են։ Մտածելով նրանց կարեկցանքի մասին, մենք դառնում ենք ավելի խոնարհ, աղոթող և հաստատուն։

Հիվանդությունից տառապող մի մարդ կար, ում դառը փորձը ցույց է տալիս, թե մեծահոգության և կարեկցանքի համար երախտագիտությունն ինչպես կարող է փոխակերպել մեզ: 1987 թվականին ես ծանոթացա Թոմաս Նիլսոնի՝ մի հրաշալի անձնավորության հետ, ով սրտի փոխպատվաստման կարիք ուներ: Նա 63 տարեկան էր և ապրում էր Լոգանում (Յուտա, ԱՄՆ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական ծառայության ավարտից հետո Թոմասն ամուսնացավ Դոննա Ուիլկեսի հետ Լոգան Յուտա տաճարում։ Նա դարձավ եռանդուն և հաջողակ պատշար։ Տարիներ անց, նա մեծ հաճույք էր ստանում աշխատանքից, երբ դպրոցական արձակուրդների ժամանակ իրեն էր միանում իր ավագ թոռնիկը՝ Ջոնաթանը։ Նրանց միջև հատուկ կապ էր ստեղծվել, մասնավորապես այն բանի շնորհիվ, որ Թոմը Ջոնաթանի մեջ շատ անգամներ ինքն իրեն էր տեսնում։

Դոնորական սրտին սպասելը հուսահատեցնող էր Թոմի համար։ Նա առանձնապես համբերատար մարդ չէր: Թոմասը միշտ կարողանում էր նպատակներ դնել և հասնել դրանց՝ քրտնաջան աշխատանքի և հստակ վճռականության շնորհիվ: Մաքառելով սրտի անբավարարության խնդրի հետ, կյանքի այդ սպասումային փուլում Թոմը երբեմն հարցնում էր ինձ, թե ես ի՞նչ եմ անում` գործընթացն արագացնելու համար: Կատակելով նա ասում էր, թե ես ինչ քայլեր կարող էի ձեռնարկել, որոնց շնորհիվ դոնորական սիրտն ավելի շուտ կհասներ իրեն։

Մի ուրախ, բայց և սարսափելի օր իդեալական դոնորական սիրտը հասանելի դարձավ Թոմի համար: Սրտի չափերը և արյան խումբը համապատասխանում էին, իսկ դոնորը 16-ամյա երիտասարդ տղա էր։ Դոնորական սիրտը պատկանում էր Ջոնաթանին, Թոմի սիրելի թոռանը։ Ավելի վաղ, այդ օրը, Ջոնաթանը մահացու վնասվածք էր ստացել, երբ մեքենան, որի մեջ նա գտնվում էր, բախվել էր սլացող գնացքին:

Երբ ես այցելեցի Թոմին և Դոննային հիվանդանոցում, նրանք տագնապահար էին։ Դժվար էր պատկերացնել, թե նրանք ինչի միջով էին անցնում, իմանալով, որ Թոմի կյանքը կարող էր երկարացվել իրենց թոռան սրտի շնորհիվ։ Սկզբում նրանք հրաժարվում էին ընդունել առաջարկված սիրտը Ջոնաթանի սգացող ծնողների՝ իրենց դստեր և փեսայի կողմից: Թոմն ու Դոննան հասկանում էին, որ Ջոնաթանն այլևս կենդանի չէր և, որ Ջոնաթանի պատահարը չէր առաջացել Թոմի համար դոնորական սիրտ գտնելու մասին իրենց աղոթքների պատճառով։ Ո՛չ, Ջոնաթանի սիրտը նվեր էր, որը կարող էր օրհնել Թոմին իր կարիքի ժամանակ: Նրանք հասկացել էին, որ այս ողբերգությունից հետո մի լավ բան կարող էր լինել, և որոշեցին գնալ այդ քայլին։

Փոխպատվաստման ընթացքը հաջող անցավ։ Դրանից հետո, Թոմը մի ուրիշ մարդ էր։ Ավելի մեծ փոփոխություն էր տեղի ունեցել, քան առողջության բարելավումն էր և երախտագիտությունը։ Նա ինձ ասաց, որ ամեն առավոտ մտածում է Ջոնաթանի, իր դստեր և փեսայի մասին, իր ստացած պարգևի և այն մասին, թե ինչ է ենթադրում այդ պարգևը։ Չնայած այն բանին, որ նրա բնածին հումորն ու ամուր բնավորությունը դեռ ակնհայտ էին, ես նկատեցի, որ Թոմը ավելի խոհուն է, մտածկոտ և բարեսիրտ:

Փոխպատվաստումից հետո Թոմը ապրեց ևս 13 տարի՝ տարիներ, որոնք հակառակ դեպքում, չէր ունենա: Նրա մահախոսականում ասվեց, որ այս տարիները նրան թույլ էին տվել մեծահոգությամբ և սիրով շրջապատել իր ընտանիքի անդամներին և մյուսներին։ Նա բարեգործությամբ էր զբաղվում և լավատեսության ու վճռականության օրինակ էր։

Թոմի նման, մենք բոլորս ստացել ենք պարգևներ, որոնք չէինք կարող ինքնուրույն ձեռք բերել, պարգևներ՝ մեր Երկնային Հորից և Նրա Սիրելի Որդուց, ներառյալ փրկագնումը՝ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության միջոցով:5 Մենք ստացել ենք կյանք այս աշխարհում, այնուհետև կստանանք ֆիզիկական կյանք, հավերժական փրկություն և վեհացում, եթե ընտրենք, և այդ ամենը՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Ամեն անգամ, երբ օգտվում ենք, օգուտ ենք քաղում կամ նույնիսկ մտածում ենք այդ պարգևների մասին, մենք պետք է մտածենք այդ նվիրատուի զոհաբերության, մեծահոգության և կարեկցանքի մասին: Այդ նվիրատուների հանդեպ ակնածանք ունենալն ավելի մեծ բան է, քան զուտ երախտագիտությունը։ Նրանց տված պարգևների մասին մտածելը կարող է փոխակերպել մեզ։

Փոխակերպության հրաշալի օրինակ էր Ալմա Կրտսերը։ Երբ Ալման «շրջում [էր] ամենուր՝ ապստամբելով Աստծո դեմ»,6 հայտնվեց մի հրեշտակ։ Խոսելով «որոտի ձայնով»,7 հրեշտակը հանդիմանեց Ալմային Եկեղեցին հալածելու համար և «գողանալ[ու] ժողովրդի սրտերը»։8 Հրեշտակը հնչեցրեց այս հորդորը․ «Գնա՛ և հիշիր քո հայրերի գերությունը … և հիշի՛ր որքան մեծ բաներ [Աստված] արեց նրանց համար»։9 Հնարավոր բոլոր հորդորներից դա հենց այն էր, ինչը շեշտեց հրեշտակը։

Ալման ապաշխարեց և հիշեց։ Հետագայում նա պատմեց հրեշտակի հորդորի մասին իր որդուն՝ Հելամանին։ Ալման ասաց․ «Ես կկամենայի, որ դու անեիր, ինչպես ես եմ արել՝ հիշելով մեր հայրերի գերությունը. քանզի նրանք ճորտության մեջ էին, և ոչ ոք չէր կարող ազատել նրանց, բացի դա լիներ Աբրահամի, … Իսահակի … և Հակոբի Աստվածը, և նա իսկապես ազատեց նրանց իրենց չարչարանքներից»։10 Ալման պարզապես ասաց․ «Ես դնում եմ իմ վստահությունը նրա վրա»։11 Ալման հասկանում էր, որ հիշելով, թե ինչպես են հայրերն ազատվել գերությունից և սատարվել «ամեն տեսակի փորձանքների և տագնապների» ժամանակ՝ մենք սկսում ենք ճանաչել Աստծուն և Նրա խոստումների հավաստիությունը:12

Քչերս ենք Ալմայի պես ողբերգական փորձառություն ունեցել, սակայն մեր փոխակերպումը կարող է նույնքան խորքային լինել, որքան Ալմայինն էր։ Փրկիչն այսպիսի խոստում էր տվել հնում․

«Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։

Եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, …

Եւ իմ ժողովուրդը լինէք, եւ ես ձեր Աստուածը լինեմ»։13

Հարություն առած Փրկիչը պատմել է նեփիացիներին, թե այդ փոխակերպումն ինչպես է սկսվում։ Նա ներկայացրել է Երկնային Հոր ծրագրի առանցքային դրույթը, ասելով․

«Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ: …

Եվ այս պատճառով եմ ես բարձրացվել. հետևաբար, համաձայն Հոր զորության, ես բոլոր մարդկանց կձգեմ դեպի ինձ»։14

Ի՞նչ է ձեզ հարկավոր դեպի Փրկիչը «ձգվելու» համար։ Խորհեք, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ենթարկվեց Իր Հոր կամքին, հաղթեց մահին, ձեր մեղքերն ու սխալներն Իր վրա վերցրեց, զորություն ստացավ Հորից՝ ձեր բարեխոսը լինելու համար, և, վերջապես, փրկագնեց ձեզ։15 Արդյո՞ք այս բաները բավարար չեն, որ դուք «ձգվեք» դեպի Նա: Ինձ համար՝ բավարար են։ Հիսուս Քրիստոսը «կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել [ինձ և ձեզ]»։16

Այս ճշմարտությունները մեզ պետք է նոր սիրտ տան և մղեն, որ հետևենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Այնուամենայնիվ, նույնիսկ նոր սրտերը կարող են «հակված լինել մոլորվելու, … հակված` թողնելու Աստծուն, ում [մենք] սիրում ենք»։17 Որպեսզի պայքարենք այս հակվածության դեմ, մենք պետք է ամեն օր մտածենք մեր ստացած պարգևների և դրանց նշանակության մասին: Բենիամին թագավորն ասել է․ «Ես կկամենայի, որ դուք հիշեք և միշտ պահեք ձեր հիշողության մեջ Աստծո մեծությունը … և նրա բարությունն ու երկայնամտությունը ձեր … հանդեպ»։18 Եթե այդպես վարվենք, մենք արժանի կլինենք ստանալ երկնային հրաշալի օրհնությունները։

Մտածելով Աստծո բարության և ողորմածության մասին, մենք հոգևորապես ավելի ընկալունակ կլինենք։ Հոգևոր զգայունության աճը, իր հերթին, թույլ կտա մեզ Սուրբ Հոգու զորությամբ իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ։19 Սա ներառում է՝ ունենալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին վկայություն, իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր անձնական Փրկիչը և Քավիչը, և ընդունել, որ Նրա ավետարանը վերականգնվել է այս վերջին օրերում:20

Երբ մենք հիշում ենք մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծությունը և այն, ինչ Նրանք արել են մեզ համար, մենք Նրանց արածը չենք ընդունում այնպես, ասես այդպես էլ պիտի լիներ, ինչպես Թոմը չընդունեց Ջոնաթանի սիրտը։ Ուրախ և ակնածալից կերպով, Թոմն ամեն օր հիշում էր այն պատահարը, որ երկարացրել էր իր կյանքը։ Հոգեպարար գիտելիք ունենալով, որ մենք կարող ենք փրկվել և վեհանալ, մենք պետք է հիշենք, որ փրկության և վեհացման համար մեծ գին է վճարվել։21 Մենք կարող ենք ակնածալից և ուրախ լինել, հասկանալով, որ առանց Հիսուս Քրիստոսի դատապարտված ենք, բայց Նրա հետ մենք կարող ենք ստանալ մեր Երկնային Հոր մեծագույն պարգևը։22 Իրոք, այս ակնածանքը թույլ է տալիս մեզ վայելել «հավերժական կյանքի խոսքերն այս աշխարհում» և, ի վերջո, «հավերժական կյանք՝ … այսինքն՝ անմահության փառքը» գալիք աշխարհում:23

Երբ մենք մտածում ենք մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բարության մասին, նրանց հանդեպ մեր վստահությունը մեծանում է: Մեր աղոթքները փոխվում են, քանի որ մենք գիտենք, որ Աստված մեր Հայրն է, իսկ մենք՝ Նրա զավակները։ Մեր նպատակը ոչ թե Աստծո կամքը փոխելն է, այլ՝ մեր կամքը համապատասխանեցնել Նրա կամքին և մեզ համար ապահովել այն օրհնությունները, որոնք Նա կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որ ստանանք։24 Մենք ցանկանում ենք լինել ավելի հեզ, ավելի մաքուր, ավելի կայուն, ավելի Քրիստոսանման։25 Այս փոփոխությունները մեզ որակավորում են ավելի շատ երկնային օրհնություններ ստանալու համար:

Հասկանալով, որ ամեն լավ բան գալիս է Հիսուս Քրիստոսից, մենք մեր հավատքն ավելի արդյունավետ կհաղորդենք ուրիշներին։26 Մենք քաջություն կունենանք, անելանելի թվացող դժվարությունների և հանգամանքների հետ բախվելիս։27 Մենք կամրապնդենք մեր ուխտերը պահելու վճռականությունը, որոնք կապել ենք՝ Փրկիչին հետևելու համար:28 Մենք կլցվենք Աստծո սիրով, կցանկանանք օգնել կարիքավորներին՝ առանց քննադատելու, կսիրենք մեր երեխաներին և նրանց կմեծացնենք արդարության ոգով, կպահպանենք մեր մեղքերին թողություն և միշտ կհրճվենք:29 Սրանք Աստծո բարությունը և ողորմությունը հիշելու ուշագրավ պտուղներն են։

Հակառակ դեպքում Փրկիչը զգուշացրել է․ «ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում»։30 Ես չեմ կարծում, որ Աստված վիրավորվում է, երբ մենք մոռանում ենք Նրան: Ավելի շուտ, Նա խորապես հուսահատվում է։ Աստված գիտի, որ չհիշելով Իրեն և Իր բարությունը, մենք զրկում ենք մեզ Իրեն մոտենալու հնարավորությունից: Այդպիսով, մենք զրկվում ենք Նրա՝ մեզ մոտենալու հնարավորությունից և Նրա խոստացած հատուկ օրհնություններից։31

Հրավիրում եմ ձեզ ամեն օր հիշել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծությունը, և այն, ինչ Նրանք արել են ձեզ համար: Թող Նրանց մեծության մասին ձեր մտքերն ավելի ամուր կապեն ձեր դեգերող սիրտը Նրանց հետ։32 Մտածեք Նրանց կարեկցանքի մասին, և դուք կօրհնվեք հոգևոր ավելի մեծ զգայունությամբ և կդառնաք ավելի Քրիստոսանման: Մտածելով նրանց կարեկցանքի մասին, դուք կկարողանաք «հավատարիմ համբեր[ել] մինչև վերջ», մինչև դուք «ընդունվ[եք] երկնքում» և «բնակվ[եք] Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։33

Մեր Երկնային Հայրը, մատնանշելով Իր Սիրելի Որդուն, ասել է. «Լսե՛ք նրան»։34 Երբ դուք գործեք համաձայն այս խոսքերի և լսեք Նրան, ուրախությամբ և ակնածանքով հիշեք, որ Փրկիչը սիրով վերականգնում է այն, ինչը դուք չեք կարող վերականգնել, Նա սիրով բուժում է վերքերը, որոնք դուք չեք կարող բուժել, սիրով շտկում է այն, ինչն անդարձ կոտրված է,35 Նա փոխհատուցում է ձեր հանդեպ կատարված ցանկացած անարդարություն,36 և սիրով ընդմիշտ նորոգում է նույնիսկ փշրված սրտերը։37

Մտածելով մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի պարգևների մասին, ես հասկացել եմ, թե Նրանք ինչպիսի անսահման սեր և անծայրածիր կարեկցանք ունեն Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ։38 Այս գիտելիքը փոխել է ինձ և կփոխի նաև ձեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։