2020
Բացման ուղերձ

Բացման ուղերձ

Մենք պետք է ձգտենք հնարավոր բոլոր եղանակներով լսել Հիսուս Քրիստոսին, ով մեզ հետ խոսում է Սուրբ Հոգու զորության և սպասավորության միջոցով:

Ի՛մ սիրելի եղբայրներ ու քույրեր, ողջունելով ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս պատմական ապրիլյան գերագույն համաժողովում, ձեզ համար հայտնի պատճառներով, ես կանգնած եմ ձեր առջև դատարկ լսարանում:

Ես քիչ բան գիտեի, երբ 2019 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած գերագույն համաժողովում ձեզ խոստացա, որ ապրիլյան այս համաժողովը կլինի «հիշարժան» և «անմոռանալի», որ 10-ից պակաս ֆիզիկապես ներկա մարդկանց խմբի առջև խոսելն այս համաժողովը կդարձնի այդքան հիշարժան և անմոռանալի ինձ համար։ Այնուամենայնիվ, իմանալով, որ դուք մասնակցում եք էլեկտրոնային հեռարձակման միջոցով և լսելով «It Is Well with My Soul (Ամեն ինչ լավ է իմ հոգում)» երգչախմբի գեղեցիկ կատարումը, իմ հոգին մեծապես սփոփվում է։

Ինչպես գիտեք, այս գերագույն համաժողովին մասնակցությունը խստորեն սահմանափակվել է, քանի որ ձգտում ենք լինել լավ քաղաքացիներ ամբողջ աշխարհում և անենք հնարավորը, որպեսզի սահմանափակենք COVID-19 տարածումը: Այս վիրուսը մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում: Այն նաև որոշ ժամանակով փոխել է մեր Եկեղեցու ժողովների, միսիոներական ծառայության և տաճարային աշխատանքի կարգը։

Թեև այսօրվա սահմանափակումները վերաբերում են վարակիչ վիրուսին, կյանքի անձնական փորձությունները տարածվում են այս համաճարակի սահմաններից դուրս: Հետագա փորձությունները կարող են առաջ գալ դժբախտ պատահարի, բնական աղետի կամ անսպասելի անձնական վշտի արդյունքում:

Ինչպե՞ս կարող ենք դիմանալ նման փորձություններին։ Տերն ասել է մեզ, որ. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»։1 Իհարկե, մենք կարող ենք պահել սննդի, ջրի և խնայողությունների մեր անձնական պաշարները: Բայց հավասարապես կարևոր նշանակություն ունի մեր անձնական հոգևոր պահեստները՝ հավատով, ճշմարտությամբ և վկայություններով լցնելու անհրաժեշտությունը:

Կյանքում մեր գերագույն ձգտումն այն է, որ պատրաստվենք հանդիպելու մեր Ստեղծողին: Մենք դա անում ենք, երբ ձգտում ենք ամեն օր ավելի շատ նմանվել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։2 Եվ մենք դա անում ենք, երբ ամեն օր ապաշխարում ենք և ստանում Նրա մաքրագործող, բժշկող և զորացնող զորությունը։ Այդ դեպքում մենք կարող ենք զգալ հարատև խաղաղություն և ուրախություն, նույնիսկ, տագնապալի ժամանակներում: Հենց դա է պատճառը, որ Տերը մեզ խնդրել է կանգնել սուրբ վայրերում և «չշարժվել»:3

Այս տարի մենք նշում ենք աշխարհի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկի 200-ամյակը, մասնավորապես՝ Հայր Աստծո և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի հայտնվելը Ջոզեֆ Սմիթին: Այդ եզակի տեսիլքի ժամանակ Հայր Աստված մատնացույց արեց Հիսուս Քրիստոսին և ասաց․ «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան»:4

Ջոզեֆին տված այդ հորդորը վերաբերում է բոլորիս։ Մենք պետք է ձգտենք հնարավոր բոլոր եղանակներով լսել Հիսուս Քրիստոսին, ով մեզ հետ խոսում է Սուրբ Հոգու զորության և սպասավորության միջոցով:

Այս և մյուս գերագույն համաժողովների նպատակն է օգնել, որ մենք լսենք Նրան։ Մենք աղոթել ենք և հրավիրում ենք ձեզ աղոթել, որ Տիրոջ Հոգին այնպես առատորեն զգանք, որ կարողանանք լսել այն ուղերձները, որոնք Փրկիչը պատրաստել է հատկապես ձեզ համար, ուղերձներ, որոնք խաղաղություն կբերեն ձեր հոգուն: Ուղերձներ, որոնք կբուժեն ձեր կոտրված սիրտը: Ուղերձներ, որոնք կլուսավորեն ձեր միտքը: Ուղերձներ, որոնք կօգնեն ձեզ իմանալ անհրաժեշտ քայլերը, երբ առաջ եք շարժվում իրարանցումների և փորձությունների ժամանակ:

Մենք աղոթում ենք, որ այս համաժողովը հիշարժան և անմոռանալի լինի ձեր լսած ուղերձների, եզակի հայտարարությունների, որոնք կարվեն, և այն փորձառությունների շնորհիվ, որոնցում դուք կհրավիրվեք մասնակցել:

Օրինակ, կիրակի առավոտյան նիստի ավարտին մենք հավաքելու ենք համաշխարհային հանդիսավոր ժողով, երբ ես կխմբավարեմ ձեզ սուրբ Ովսաննա Բացականչության ժամանակ: Մենք աղոթում ենք, որ այն ձեզ համար հոգևոր նշանակություն ունենա, երբ մենք համախմբվենք աշխարհով մեկ և հայտնենք մեր խորին երախտագիտությունը Հայր Աստծուն և Նրա սիրելի Որդուն՝ գովերգելով նրանց այս եզակի ձևով:

Այս սրբազան փորձառության համար մենք կօգտագործենք մաքուր սպիտակ թաշկինակներ: Բայց եթե չունեք այն, կարող եք պարզապես ձեռքը շարժել: Ովսաննա բացականչությունից հետո հավաքվածները կմիանան երգչախմբին և կերգեն «Աստծո Հոգին» օրհներգը։5

Ի՛մ սիրելի եղբայրներ և քույրեր, այս համաժողովը կլինի հոյակապ: Այս տարին արտառոց է լինելու, երբ մենք կենտրոնանանք Փրկիչի և Նրա վերականգնված ավետարանի վրա: Այս պատմական համաժողովի ամենակարևոր տևական արդյունքը կլինի այն, որ մեր սրտերը կփոխվեն, և մենք կսկենք մեր կյանքում անընդհատ լսել Նրան։

Բարի գալուստ 2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով։ Ես գիտեմ, որ Աստված՝ Մեր Երկնային Հայրն ու Իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը մտածում են մեր մասին։ Նրանք մեզ հետ կլինեն այս երկու փառավոր օրերի ընթացքում, երբ մենք ձգտենք ավելի մոտենալ նրանց և պատվել նրանց: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: