2020
Կարևոր հոգևոր հիշողություններ
Մայիս 2020


Կարևոր հոգևոր հիշողություններ

Երբ անձնական դժվարությունները կամ մեր վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհի պայմանները խավարեցնում են մեր ճանապարհը, մեր կյանքի գրքի կարևոր հոգևոր հիշողությունները նմանվում են լուսավոր քարերի, որոնք օգնում են լուսավորել մեր առջև գտնվող ճանապարհը:

Առաջին Տեսիլքից տասնութ տարի անց մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեց իր փորձառության մանրամասն պատմությունը: Նա բախվել էր ընդդիմության, հալածանքի, ոտնձգության, սպառնալիքների և դաժան հարձակումների:1 Սակայն նա համարձակ շարունակում էր վկայել իր Առաջին Տեսիլքի մասին. «Ես իսկապես տեսել էի լույսը և այդ լույսի մեջ ես տեսել էի երկու Անձնավորության, և նրանք իրականում խոսել էին ինձ հետ. և չնայած ինձ ատում և հալածում էին այն բանի համար, որ ասում էի, թե տեսիլք եմ տեսել, այնուամենայնիվ, դա ճշմարիտ էր:… Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»։2

Իր կյանքի դժվարին ժամերին Ջոզեֆի հիշողությունը մոտ երկու տասնամյակ հետ էր գնում՝ դեպի այն անտարակուսելի սերը, որն Աստված տածում էր իր հանդեպ, և դեպի այն իրադարձությունները, որոնք նախապատրաստեցին աշխարհը վաղուց կանխատեսված Վերականգնմանը: Անդրադառնալով իր հոգևոր ճամփորդությանը, Ջոզեֆն ասել է. «Ես չեմ մեղադրում որևէ մեկին իմ պատմությանը չհավատալու համար: Եթե ես չզգայի այն ամենը, ինչ ես զգացել եմ, ես ինքս չէի հավատա դրան»:3

Բայց փորձառություններն իրական էին, և նա երբեք չմոռացավ կամ հերքեց դրանք՝ հանգիստ հաստատելով իր վկայությունը, երբ տեղափոխվեց Քարթեջ: «Ես գնում եմ ինչպես գառը՝ մորթվելու»,- ասել է նա,- «սակայն ես հանգիստ եմ, ինչպես ամառային առավոտը. իմ խիղճը մաքուր է Աստծո առաջ և բոլոր մարդկանց առաջ»:4

Ձեր կարևոր հոգևոր հիշողությունները

Մարգարե Ջոզեֆի օրինակում մի դաս կա մեզ համար: Սուրբ Հոգու կողմից տրված խաղաղ հրահանգի հետ միասին, ժամանակ առ ժամանակ Աստված հզոր կերպով և խիստ անհատապես հավաստիացնում է մեզանից յուրաքանչյուրին, որ Ինքը ճանաչում է մեզ, սիրում և օրհնում է մեզ՝ մասնավորապես և անկեղծորեն: Ապա` դժվարության պահերին Փրկիչը այս զգացողությունները մեր միտքն է բերում:

Մտածեք ձեր սեփական կյանքի մասին: Տարիների ընթացքում ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերից ես լսել եմ հազարավոր հոգևոր փորձառությունների մասին, որոնք ինձ համար հաստատում են, որ, անկասկած, Աստված գիտի և սիրում է մեզանից յուրաքանչյուրին, և Նա պատրաստ է բացահայտել Ինքն Իրեն մեզ համար: Այս փորձառությունները կարող են տեղի ունենալ մեր կյանքի կարևոր պահերին կամ նախապես աննշան թվացող դեպքերի ժամանակ, բայց դրանք միշտ ուղեկցվում են Աստծո սիրո բացառապես ուժեղ հոգևոր հաստատումով:

Հիշելով այս հոգևորապես կարևոր փորձառությունները, մենք ծնկի ենք իջնում և հայտարարում, ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց. «Ես իսկապես տեսիլք եմ տեսել: Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա»:5

Չորս օրինակներ

Հիշեք ձեր հոգևորապես կարևոր հիշողությունները, երբ ես կիսվեմ ուրիշների մի քանի օրինակներով:

Նկար
Դոկտոր Ռասսել Մ. Նելսոն

Տարիներ առաջ մի ցցի տարեց հայրապետը, ում սրտի երկու փականները լավ չէին աշխատում, խնդրել էր դոկտոր Ռասսել Մ․ Նելսոնին վիրահատել իրեն, չնայած այդ ժամանակ երկրորդ վնասված փականի համար վիրահատական լուծում չկար: Դոկտոր Նելսոնը, ի վերջո, որոշեց վիրահատել նրան: Ահա նախագահ Նելսոնի խոսքերը.

«Առաջին փականի խցանումը մաքրեցինք և սկսեցինք զբաղվել երկրորդ փականով: Մենք պարզեցինք, որ այն անվնաս էր, բայց այնքան լայնացած էր, որ այլև չէր կարող գործել ինչպես հարկն է: Այս փականը զննելիս մի հուշում հստակ տպավորվեց իմ մտքում. Նեղացրո՛ւ օղակի շրջագիծը: Ես ասացի դա իմ օգնականին. «Փականի հյուսվածքը բավարար կլինի, եթե մենք կարողանանք արդյունավետորեն նեղացնել օղակը՝ հասցնելով այն իր իրական չափսին»:

«Բայց ինչպե՞ս:… Մի վառ պատկեր հայտնվեց իմ մտքում, ցույց տալով, թե ինչպես կարելի է տեղադրել կարերը՝ ծալել այստեղ և կարճացնել այնտեղ: … Ես դեռևս հիշում եմ այդ մտապատկերը, որում կետագծերով նշված էր, թե որտեղ պետք է դրվեն կարերը: Նորոգումն ավարտվեց՝ ինչպես գծագրված էր իմ մտքում: Մենք փորձեցինք փականը և պարզեցինք, որ արտահոսքը զգալիորեն նվազել էր: Իմ օգնականն ասաց. «Սա հրա՜շք է»:6 Հայրապետը ապրեց երկար տարիներ:

Դոկտոր Նելսոնը ուղղորդում էր ստացել: Եվ նա գիտեր, որ Աստված գիտեր, որ ինքը գիտեր, որ ուղղորդվել էր:

Նկար
Բեատրիչ Մագրե

Ես և Քեյթին առաջին անգամ հանդիպեցինք Բեատրիչ Մագրեին 30 տարի առաջ Ֆրանսիայում: Բեատրիչը վերջերս պատմեց ինձ մի փորձառության մասին, որը խորը ազդեցություն էր թողել նրա հոգևոր կյանքի վրա իր մկրտությունից կարճ ժամանակ անց, երբ նա դեռ անչափահաս էր: Ահա նրա պատմությունը.

«Մեր ճյուղի երիտասարդները իրենց ղեկավարների հետ ճամփորդել էին դեպի Լականաուի լողափ, որը մեկ ու կես ժամվա ավտոմեքենայի ճանապարհ էր Բորդոյից:

Նախքան տուն վերադառնալը, ղեկավարներից մեկը որոշեց վերջին անգամ լողանալ և ակնոցով սուզվեց ալիքների մեջ: Երբ նա դուրս եկավ ջրից, ակնոցն անհետացել էր: … Այն կորել էր օվկիանոսում:

Առանց ակնոցի նա չէր կարող վարել իր ավտոմեքենան: Մենք կմնայինք տնից հեռու:

Մի հավատավոր քույր առաջարկեց, որ մենք աղոթենք:

Ես շշուկով ասացի, որ աղոթքը մեզ ոչ մի օգուտ չի տա, և դժկամությամբ միացա խմբին հրապարակավ աղոթելու համար, երբ մենք կանգնած էինք մինչև գոտկատեղը հասնող պղտոր ջրի մեջ:

Երբ աղոթքն ավարտվեց, ես տարածեցի ձեռքերս՝ ջուր ցանելով բոլորի վրա: Երբ ձեռքերս տարածում էի ջրի մակերեսին նրա ակնոցը հայտնվեց իմ ձեռքում: Մի հզոր զգացում թափանցեց մինչև իմ հոգու խորքը, որ Աստված իրոք լսում է մեր աղոթքները»:7

Քառասունհինգ տարի անց նա հիշեց դա, կարծես երեկ էր պատահել: Բեատրիչը օրհնվել էր, և նա գիտեր, որ Աստված գիտի, որ ինքը գիտեր, որ ինքն օրհնված էր եղել:

Նախագահ Նելսոնի և քույր Մագրեի փորձառությունները շատ տարբեր էին, սակայն երկու դեպքերի համար էլ Աստծո սիրո անմոռանալի կարևոր հոգևոր հիշողությունը ամրացել էր նրանց սրտերում:

Այս կարևոր իրադարձությունները հաճախ տեղի են ունենում, երբ մենք սովորում ենք վերականգնված ավետարանի մասին կամ, երբ ավետարանով կիսվում ենք ուրիշների հետ:

Նկար
Ֆլորիպես Լուիզա Դամասիո և Նիլ Լ․ Անդերսեն

Այս նկարը արված է Սան Պաոլոյում (Բրազիլիա) 2004 թվականին: Ֆլորիպես Լուիզա Դամասիոն Իփաթինգա Բրազիլիա ցցից, 114 տարեկան էր: Խոսելով իր դարձի մասին, քույր Դամասիոն պատմեց ինձ, որ միսիոներները իրենց գյուղում քահանայության օրհնություն էին տվել մի շատ վտանգավոր հիվանդ երեխայի, որը հրաշքով առողջացել էր: Նա ցանկանում էր ավելին իմանալ: Երբ նա աղոթեց նրանց ուղերձի մասին, Հոգու անժխտելի վկայությունը հաստատեց նրան, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է: 103 տարեկանում նա մկրտվեց, իսկ 104-ում ստացավ իր օժտումը: Դրանից հետո ամեն տարի նա 14 ժամ ավտոբուսով ճամփորդում էր՝ մեկ շաբաթ տաճարում անցկացնելու համար: Քույր Դամասիոն ստացել էր երկնային հաստատում և գիտեր, որ Աստված գիտի, որ ինքը գիտի, որ իր վկայությունը ճիշտ է:

Ահա իմ հոգևոր վկայությունը Ֆրանսիայում իմ առաջին միսիայից` 48 տարի առաջ:

Մինչ մենք թակում էինք դռները, ես և իմ զուգընկերը Մորմոնի Գիրքը տվեցինք մի տարեց կնոջ: Մոտ մի շաբաթ անց վերադարձանք կնոջ տուն, և նա բացեց դուռը: Նախքան որևէ բառ կխոսեինք, ես զգացի մի իրական հոգևոր զորություն: Ուժգին զգացումները շարունակվում էին, երբ քույր Ալիս Օդուբերտը հրավիրեց մեզ ներս և ասաց, որ ինքը կարդացել էր Մորմոնի Գիրքը և գիտեր, որ այն ճշմարիտ է: Երբ այդ օրը մենք հեռանում էինք նրա տնից, ես աղոթեցի. «Երկնային Հայր, խնդրում եմ օգնիր ինձ երբեք չմոռանալ այն, ինչ ես զգացի»: Եվ ես երբեք չմոռացա:

Նկար
Երեց Անդերսենը որպես միսիոներ

Այդ սովորական թվացող պահին, մի դռան մոտ, որը շատ նման էր հարյուրավոր այլ դռների, ես զգացի երկնքի զորությունը: Եվ ես գիտեի, որ Աստված գիտի, որ ես գիտեմ, որ երկնքի պատուհանը բաց էր:

Անհատականացված և անհերքելի

Այս կարևոր հոգևոր պահերը գալիս են տարբեր ժամանակներում և տարբեր եղանակներով՝ մեզանից յուրաքանչյուրի համար անհատականացված:

Հիշեք ձեր սիրելի օրինակները սուրբ գրություններից: Նրանք, ովքեր լսում էին Առաքյալ Պետրոսին «իրանց սրտերումը զղջացին»:8 Աբիս անունով Լամանացի կինը հավատում էր «իր հոր մի նշանավոր տեսիլքին»:9 Եվ մի ձայն եկավ Ենովսի մտքին:10

Իմ ընկեր Քլեյտոն Քրիսչենսենը այս կերպ է նկարագրել փորձառությունը, երբ աղոթքով կարդում էր Մորմոնի Գիրքը. «Մի գեղեցիկ, ջերմ, սիրառատ հոգի … շրջապատեց ինձ և ներթափանցեց իմ հոգին, պարուրելով ինձ սիրո մի զգացումով, որը ես չէի կարող պատկերացնել, որ կզգայի [և այս զգացումները շարունակվեցին ամեն գիշեր]»:11

Կան ժամանակներ, երբ հոգևոր զգացմունքները կրակի նման թափանցում են մեր սիրտը՝ լուսավորելով մեր հոգին: Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ մենք երբեմն ստանում ենք «մտքերի հանկարծակի բռնկում», իսկ երբեմն՝ մաքուր բանականություն:12

Նախագահ Դալլին Հ. Օուքսը այսպիսի խորհուրդ է տվել մի մարդու, ով անկեղծորեն պնդում էր, որ երբեք չի ունեցել նմանատիպ փորձառություն. «Գուցե դուք կրկին ու կրկին ստացել եք ձեր աղոթքների պատասխանները, բայց ակնկալել եք, որ կստանաք որևէ մեծ նշան կամ կլսեք մի բարձր ձայն, որի պատճառով էլ կարծում եք, թե պատասխան չեք ստացել»:13 Փրկիչը Ինքը խոսել է այն մարդկանց մեծ հավատքի մասին, ովքեր «[օրհնվեցին] կրակով և Սուրբ Հոգով, [բայց ովքեր] չիմացան այդ»:14

Ինչպե՞ս եք դուք լսում Նրան:

Մենք վերջերս լսեցինք նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոսքերը. «Ես հրավիրում եմ ձեզ խորապես ու հաճախ մտածել այս կարևոր հարցի շուրջ. Ինչպե՞ս եք դուք լսում Նրան: Ես նաև հրավիրում եմ ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի ավելի լավ ու ավելի հաճախ լսեք Նրան»:15 Նա կրկնեց այդ հրավերը այսօր առավոտյան:

Մենք լսում ենք Նրան մեր աղոթքներում, մեր տներում, սուրբ գրություններում, մեր հիմներում, երբ արժանավորությամբ ընդունում ենք հաղորդությունը, երբ հռչակում ենք մեր հավատքը, երբ ծառայում ենք ուրիշներին, երբ տաճար ենք հաճախում մեր հավատակիցների հետ: Հոգևորապես կարևոր պահերը գալիս են, երբ աղոթքով լսում ենք գերագույն համաժողովը և ավելի լավ ենք պահում պատվիրանները: Երեխանե՛ր, այս փորձառությունները նաև ձեզ համար են: Հիշե՛ք, Հիսուսը «սովորեցրեց ու ծառայեց երեխաներին … և [երեխաները] ասացին … մեծ ու զարմանալի բաներ»:16 Տերն ասել է.

«[Այս գիտելիքները] Հոգով են տրված ձեզ, … եթե չլիներ իմ զորությամբ, դուք չէիք ունենա դրանք.

Ուստի, դուք կարող եք վկայել, որ լսել եք իմ ձայնը և գիտեք իմ խոսքերը»:17

Մենք կարող ենք «լսել Նրան» Փրկիչի անզուգական Քավության օրհնության շնորհիվ:

Քանի որ մենք չենք կարող ընտրել այս կարևոր պահերը ստանալու ժամանակացույցը, նախագահ Հենրի Բ. Այրինգը տվել է այս խորհուրդը մեր նախապատրաստման համար. «Այսօր և վաղը երեկոյան, դուք կարող եք աղոթել և խորհել՝ հարցնելով. «Արդյո՞ք Աստված այս ուղերձն ուղարկեց ինձ համար: Արդյո՞ք ես տեսել եմ Նրա ձեռքը իմ կամ իմ [ընտանիքի] անդամների կյանքում»:18 Հավատքը, հնազանդությունը, խոնարհությունը և անկեղծ միտումը բացում են երկնքի պատուհանները:19

Պատկեր

Նկար
Առաջ շարժվենք մեր կյանքի ճանապարհով
Նկար
Հոգևոր հիշողությունները լուսավորում են կյանքը
Նկար
Օգնել ուրիշներին կրկին բացահայտել հոգևոր լույսը

Ձեր հոգևոր հիշողությունների մասին կարող եք այս կերպ մտածել: Մշտական աղոթքով, պատվիրանները պահելու վճռականությամբ և Սուրբ Հոգու պարգևով մենք առաջ ենք շարժվում մեր կյանքի ճանապարհով: Երբ անձնական դժվարությունները կամ հիասթափությունները խավարեցնում են մեր ճանապարհը, կամ մեր վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհի պայմանները ստիպում են մեզ հետաքրքրվել ապագայով, մեր կյանքի գրքի կարևոր հոգևոր հիշողությունները նմանվում են լուսավոր քարերի, որոնք օգնում են լուսավորել մեր առջև գտնվող ճանապարհը, հավաստիացնելով մեզ, որ Աստված գիտի մեզ, սիրում է մեզ և ուղարկել է Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնի մեզ տուն վերադառնալ: Եվ երբ ինչ-որ մեկը մի կողմ է դնում իր կարևոր հիշողությունները և մոլորված է կամ շփոթված, մենք շրջում ենք նրանց դեպի Փրկիչը և նրանց հետ կիսվում ենք մեր հավատքով ու հիշողություններով՝ օգնելով նրանց կրկին բացահայտել այդ թանկագին հոգևոր պահերը, որոնք նրանց համար մի ժամանակ անգին են եղել:

Որոշ փորձառություններ այնքան սուրբ են, որ մենք պահպանում ենք դրանք մեր հոգևոր հիշողության մեջ և չենք կիսվում դրանցով:20

«Հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ. ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը»:21

«Հրեշտակները [չեն] դադարել հայտնվել մարդկանց զավակներին:

Քանզի ահա, նրանք ենթարկվում են [Քրիստոսին]՝ սպասավորելու համաձայն նրա հրամանի խոսքի, իրենց ցույց տալով նրանց, ովքեր ուժեղ են հավատքով և կայուն՝ մտքով, ամեն ձևի աստվածապաշտությամբ»:22

Եվ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, … ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի»։23

Սիրով և հաճախ անդրադարձեք ձեր սրբազան հիշողություններին: Հավատացեք դրանց: Գրի առ դրանք։ Կիսվեք դրանցով ձեր ընտանիքի հետ: Վստահ եղեք, որ դրանք վերադառնում են ձեզ ձեր սիրելի Երկնային Հոր և Նրա սիրելի Որդու միջոցով:24 Թող դրանք համբերություն բերեն ձեր կասկածներին, և դուք հասկանաք ձեր դժվարությունները:25 Ես խոստանում եմ, որ երբ դուք պատրաստակամ ընդունեք և զգուշորեն, գանձի պես պահպանեք ձեր կյանքի կարևոր հոգևոր իրադարձությունները, ավելի շատ կունենաք ձեր կյանքում: Երկնային Հայրը գիտի ձեզ և սիրում է ձեզ:

Հիսուսը Քրիստոսն է, Նրա ավետարանը վերականգնվել է, և եթե մենք մնանք հավատարիմ, ես վկայում եմ, որ մենք ընդմիշտ Նրանը կլինենք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 150–53; see also Joseph Smith, “History, 1838–1856, volume A-1 [23 December 1805–30 August 1834],” 205–9, josephsmithpapers.org; Saints, 1:365–66.

  2. Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.25:

  3. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 525:

  4. Վարդապետություն և Ուխտեր 135.4.

  5. Ես միշտ տպավորված եմ եղել հետևյալ խոսքերով Ջոզեֆ Սմիթ - Պատմությունում. «Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.25): Նա պետք է կանգներ Աստծո առաջ և ընդուներ, որ այս իրադարձությունները Սրբազան Պուրակում փաստորեն տեղի ունեցան իր կյանքում, և դրա շնորհիվ իր կյանքը այլևս առաջվանը չէր լինի: Մոտ 20 տարի առաջ ես առաջին անգամ լսեցի այս արտահայտության փոփոխված տարբերակը Երեց Նիլ Ա. Մաքսվելի կողմից: Նա բերել է հետևյալ օրինակը. «Տարիներ առաջ 1945թ. մայիսին, երբ ես տասնութ տարեկան էի, այդպիսի պահ էր ինձ համար Օկինավա կղզում: Իմ կողմից, անշուշտ, հերոսություն չէր, այլ իմ և մյուսների համար ավելի շուտ օրհնություն էր, քանի որ մեր դիրքերը հաճախ ռմբակոծվում էին ճապոնական հրետանու կողմից։ Հաճախակի կրկնվող ռմբակոծությունից հետո, որի պատճառով մենք փոխեցինք մեր տեղակայումը, հակառակորդի հրետանին վերջապես սկսեց հրետակոծել ճիշտ դիրքերը: Նրանք հավանաբար գնդակոծում էին տպավորություն գործելու համար, բայց աստվածային պատասխան կար առնվազն մեկ վախեցած ու եսասիրական աղոթքին: Ռմբակոծությունը դադարեց: … Ես օրհնված էի, և գիտեի, որ Աստված գիտեր, որ ես գիտեի» (“Becoming a Disciple,” Ensign, June 1996, 19):

    Երեց Մաքսվելը ավելացրեց, որ ոչ միայն ինքը գիտեր, և որ ոչ միայն Աստված գիտեր, այլ որ Աստված գիտեր, որ ինքը գիտի, որ ինքն օրհնվել էր: Խորհրդանշականորեն, ինձ համար սա ավելի է բարձրացնում պատասխանատվությունը: Երբեմն մեր Երկնային Հայրը մեզ տրված օրհնությունը զուգակցում է ուժեղ հոգևոր հաստատումով, որ երկինքները միջամտել էին մեր անունից: Չկա որևէ ժխտում: Այն մնում է մեզ հետ, և եթե մենք ազնիվ ենք ու հավատարիմ, այն կփոխի մեր կյանքը գալիք տարիներին: «Ես օրհնվել էի և գիտեի, որ Աստված գիտեր, որ ես գիտեի, որ ես օրհնվել էի»:

  6. Ռասսել Մ. Նելսոն, «Աղոթքի քաղցր ուժը», Լիահոնա, մայիս 2003, 7–8:

  7. Բեատրիչ Մագրեն իր անձնական պատմությունով կիսվել է Երեց Անդերսենի հետ 2019թ. հոկտեմբերի 29-ին, լրացուցիչ էլ-նամակով՝ 2020 թ․ հունվարի 24-ին:

  8. Գործք Առաքելոց 2․37:

  9. Ալմա 19.16:

  10. Տես Ենովս 1.5:

  11. Clayton M. Christensen, “The Most Useful Piece of Knowledge,” Liahona, Jan. 2009, 23:

  12. Տես Ուսմուքներ. Ջոզեֆ Սմիթ, 132:

  13. Dallin H. Oaks, Life’s Lessons Learned: Personal Reflections (2011), 116:

  14. 3 Նեփի 9.20:

  15. Russell M. Nelson, “‘How Do You #HearHim?’ A Special Invitation,” Feb. 26, 2020, blog.ChurchofJesusChrist.org.

  16. 3 Նեփի 26․14։

  17. Վարդապետություն և Ուխտեր 18.35-36 Զգացմունքները միշտ ուղեկցում են հոգևոր գիտելիքներին: «Դուք սրընթաց եք անօրինություն գործելիս, բայց դանդաղ եք Տիրոջը՝ ձեր Աստծուն հիշելիս: Դուք տեսաք հրեշտակի, և նա խոսեց ձեզ հետ. այո, դուք լսել եք նրա ձայնը, ժամանակ առ ժամանակ. և նա խոսել է ձեզ հետ` մեղմ, հանդարտ ձայնով, բայց դուք անզգայացած էիք, որպեսզի կարողանայիք զգալ նրա խոսքերը» (1 Նեփի 17.45):

  18. Տես Հենրի Բ. Այրինգ, «Օ՜, հիշիր, հիշիր», Լիահոնա, նոյեմբեր 2007, 69:

  19. Տես 2 Նեփի 31.13, Մորոնի 10.4: 1991թ. նախագահ Դալլին Հ. Օուքսը այցելեց մեր միսիան Բորդոյում (Ֆրանսիա): Նա բացատրեց մեր միսիոներներին, որ անկեղծ միտումը նշանակում է, որ աղոթող մարդը Տիրոջը ասում է նման մի բան. «Ես հետաքրքրասիրությունից չեմ հարցնում, այլ լիակատար անկեղծությամբ՝ գործելու ըստ իմ աղոթքի պատասխանի: Եթե Դու ինձ տաս այս պատասխանը, ես կգործեմ, որպեսզի փոխեմ իմ կյանքը: Ես կարձագանքեմ»:

  20. «Շատերին է տրված իմանալ Աստծո խորհուրդները. սակայն դրանք դրված են խիստ հրամանի ներքո, որ նրանք չպետք է հաղորդեն, բացառությամբ իր խոսքի այն բաժնի, որը նա շնորհում է մարդկանց զավակներին, այն ուշադրության ու ջանասիրության համաձայն, որը նրանք ցուցաբերում են նրա հանդեպ» (Ալմա 12:9):

    Երեց Նիլ Ա. Մաքսվելը ասել է. «Ոգեշնչում է պահանջվում, որպեսզի իմանանք, թե երբ կիսվենք [հոգևոր փորձառություններով]: Ես հիշում եմ նախագահ Մարիոն Գ. Ռոմնիի խոսքերը, ով համակցելով խելքն ու իմաստությունը, ասել է. «Մենք կունենանք ավելի շատ հոգևոր փորձառություններ, եթե այդքան շատ չխոսենք դրանց մասին» (“Called to Serve” [Brigham Young University devotional, Mar. 27, 1994], 9, speeches.byu.edu):

  21. 2 Նեփի 32.3։

  22. Մորոնի 7.29-30։

  23. Հովհաննես 14.26:

  24. Մելքիսեդեկյան Քահանայության օրհնությունները մատչելի են բոլորին։ Համաժողովին նախորդող շաբաթվա ընթացքում, երբ իմ ելույթն ավարտված էր, ես հոգևորապես անդրադարձա Divine Signatures: The Confirming Hand of God (2010) գրքին, որի հեղինակն է Ջերալդ Ն. Լանդը, ով ծառայել է որպես Գերագույն Իշխանավոր Յոթանասունական 2002-2008 թթ.: Ի ուրախություն ինձ, Եղբայր Լոանդի խոսքերը մի գեղեցիկ երկրորդ վկայություն էին համաժողովի այս ելույթում կիսված սկզբունքների համար և բավականություն կպատճառեն բոլորին, ովքեր ցանկանում են ավելին ուսումնասիրել կարևոր հոգևոր հիշողությունների մասին:

  25. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի սիրելի մեջբերումներից մեկը շոտլանդական պոետ Ջեյմս Մ. Բարրիի հետևյալ խոսքերն են. «Աստված մեզ հիշողություններ տվեց, որպեսզի մենք կարողանանք մեր կյանքի դեկտեմբերին ունենալ հունիսի վարդերը» (in Thomas S. Monson, “Think to Thank,” Liahona, Jan. 1999, 22): Նույնը ճշմարիտ է հոգևոր հիշողությունների համար: Դրանք գուցե շատ օգտակար լինեն մեր կյանքի ցուրտ ու դժվարին ժամանակներում, երբ մենք ունենք այդ «հունիսյան» հոգևոր հիշողությունների կարիքը: