2020
Մելքիսեդեկյան քահանայությունը և բանալիները
Մայիս 2020


Մելքիսեդեկյան քահանայությունը և բանալիները

Եկեղեցում քահանայության իշխանությունը գործադրվում է քահանայության ղեկավարի առաջնորդությամբ, ով կրում է տվյալ քահանայության բանալիները։

Ես նախընտրեցի խոսել Աստծո քահանայության մասին։ Այս թեմայով արդեն խոսել են նախորդ խոսնակներից երեքը, որոնք մեզ ուսուցանել են, թե ինչպես է քահանայությունն օրհնում կանանց, երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց։

Քահանայությունը սուրբ զորություն և իշխանություն է, որը կրում են վստահության հիմքերով, և այն պետք է օգտագործվի Աստծո գործի համար՝ ի օգուտ Նրա բոլոր զավակների։ Քահանայությունը մարդիկ չեն, ովքեր կարգվել են քահանայության պաշտոնի, կամ նրանք, ովքեր գործադրում են քահանայության իշխանությունը։ Մարդիկ, ովքեր կրում են քահանայությունը, «քահանայություն»-ը չեն։ Կարգված մարդկանց մենք չպետք է վերաբերվենք որպես քահանայության, պատշաճ կլինի նրանց վերաբերվել որպես քահանայության կրողների։

Քահանայության զորությունը գոյություն ունի և՛ Եկեղեցում, և՛ ընտանեկան միավորում։ Սակայն քահանայության զորությունը և քահանայության իշխանությունը տարբեր կերպ են գործում Եկեղեցում և ընտանիքում։ Այդ ամենը կարգավորվում է Տիրոջ հիմնադրած սկզբունքների համաձայն։ Աստծո ծրագրի նպատակն է՝ առաջնորդել Իր զավակներին դեպի հավերժական կյանք։ Մահկանացու ընտանիքները էական դեր ունեն այդ ծրագրում։ Եկեղեցին գոյություն ունի, որպեսզի ապահովի վարդապետությամբ, իշխանությամբ և արարողություններով, որոնք անհրաժեշտ են ընտանեկան հարաբերությունները հավերժության համար պատրաստելու համար։ Այսպիսով, ընտանեկան միավորը և Հիսուս Քրիստոսի Եկեղեցին միմյանց ամրապնդող փոխհարաբերություններ ունեն։ Քահանայության օրհնությունները, ինչպես օրինակ ավետարանի լրիվությունը և այնպիսի արարողությունները, ինչպիսիք են մկրտությունը, հաստատումը, Սուրբ Հոգու պարգևի ստացումը, տաճարային օժտումը և հավերժական ամուսնությունը, մատչելի են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։1

Քահանայությունը, որի մասին խոսում ենք այստեղ, Մելքիսեդեկյան Քահանայությունն է, որը վերականգնվել է ավետարանի վերականգնման սկզբում: Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ձեռնադրվեցին Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից, ովքեր հայտարարեցին, որ «կրում են արքայության և ժամանակների լրության տնտեսության բանալիները» (Վարդապետություն և Ուխտեր 128․20)։ Այս ավագ առաքյալները այդ իշխանությունը ստացել էին անձամբ Փրկիչից։ Քահանայության մյուս բոլոր իշխանությունները կամ պաշտոնները Մելքիսեդեկյան Քահանայության հավելումներն են (տես Վարդապետություն և Ուխտեր 107․5), քանի որ այն «կրում է նախագահելու իրավունքը և զորություն ու իշխանություն ունի եկեղեցու բոլոր պաշտոնների վրա, աշխարհի բոլոր դարաշրջաններում» (Վարդապետություն և Ուխտեր 107․8

Եկեղեցում ավելի բարձր՝ Մելքիսեդեկյան Քահանայության և ավելի ցածր՝ Ահարոնյան Քահանայության իշխանությունը գործադրվում է քահանայության ղեկավարի՝ օրինակ, եպիսկոպոսի կամ նախագահի կողմից, ով կրում է տվյալ քահանայության բանալիները։ Որպեսզի հասկանանք Եկեղեցում քահանայության իշխանության գործադրումը, մենք պետք է հասկանանք քահանայության բանալիների սկզբունքը։

Թագավորության Մելքիսեդեկյան Քահանայության բանալիները շնորհել էին Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, բայց դրանով չէր ավարտվել քահանայության բանալիների վերականգնումը։ Քահանայության որոշ բանալիներ տրվեցին ավելի ուշ։ Ժամանակի այս տնտեսությունում, Կիրթլենդում (Օհայո) առաջին տաճարի նվիրագործումից հետո, երեք մարգարեներ՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան, վերականգնեցին «այս տնտեսության բանալիները», այդ թվում՝ Իսրայելի հավաքման և Տիրոջ տաճարների աշխատանքի բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 110), ինչպես Նախագահ Այրինգը քիչ առաջ համոզիչ կերպով նկարագրեց։

Բանալիների գործածման ամենածանոթ օրինակը՝ քահանայության արարողությունների կատարումն է։ Արարողությունը հանդիսավոր գործողություն է, որը նշանակում է ուխտերի կապում և օրհնությունների խոստում։ Եկեղեցում բոլոր արարողությունները կատարվում են քահանայության ղեկավարի իշխանության ներքո, ով կրում է այդ արարողության բանալիները։

Արարողությունը մեծամասամբ կատարում են քահանայության պաշտոնում կարգված անձինք, ովքեր գործում են քահանայության բանալիները կրողի ղեկավարության ներքո։ Օրինակ՝ Ահարոնյան Քահանայության տարբեր պաշտոնների կրողները կատարում են հաղորդության արարողությունը եպիսկոպոսի բանալիների և առաջնորդության ներքո, ով կրում է Ահարոնյան Քահանայության բանալիները։ Նույն սկզբունքը վերաբերում է քահանայության արարողություններին, որոնցում կանայք են ծառայում տաճարում։ Չնայած կանայք քահանայության պաշտոն չեն կրում, նրանք կատարում են տաճարային սրբազան արարողություններ տաճարի նախագահի իշխանության ներքո, ով կրում է տաճարի արարողությունների բանալիները։

Բանալիները կրողի ղեկավարության ներքո քահանայության իշխանության մեկ այլ օրինակ են կանայք և տղամարդիկ, ովքեր կանչված են ավետարանն ուսուցանելու համար՝ լինի դա դասարաններում, տեղական ծխերում, թե միսիայի տարածքում։ Մեկ այլ օրինակ են նրանք, ովքեր ծխում կանչված են ղեկավար պաշտոնում և ղեկավարելու ընթացքում գործադրում են քահանայության իշխանությունը, ելնելով իրենց կոչումներից, ձեռնադրված լինելով, ինչպես նաև ղեկավարվելով քահանայության ղեկավարի կողմից, ով կրում է բանալիները ծխում կամ ցցում։ Այսպես է գործում քահանայության իշխանությունն ու զորությունը, և այսպես են այն վայելում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։2

Քահանայության իշխանությունը նաև գործադրվում է, և նրա օրհնությունները հասանելի են դառնում վերջին օրերի սրբերի ընտանիքներում։ Ընտանիք ասելով ես նկատի ունեմ ամուսնացած քահանայություն կրող տղամարդուն և կնոջը և նրանց երեխաներին։ Ես նաև ներառում եմ իդեալական հարաբերությունների տարատեսակները, որոնք առաջանում են մահվան կամ ամուսնալուծության պատճառով։

Այն սկզբունքը, որ քահանայության իշխանությունը կարող է գործադրվել միայն մեկի ղեկավարության ներքո, ով կրում է այդ գործառույթի բանալիները, առանցքային է Եկեղեցում, բայց կիրառելի չէ ընտանիքում։ Օրինակ, հայրը նախագահում է և գործադրում քահանայությունը իր ընտանիքում քահանայության իշխանությամբ, որն ինքը կրում է։ Նա չունի քահանայության բանալիները կրողի ղեկավարման կամ հաստատման կարիքը, որպեսզի կատարի իր ընտանեկան տարբեր գործառույթները։ Այդ գործառույթներն են՝ խորհուրդ տալ ընտանիքի անդամներին, անցկացնել ընտանեկան ժողովներ, քահանայության օրհնություններ տալ կնոջն ու երեխաներին և առողջության օրհնություններ տալ ընտանիքի անդամներին կամ ուրիշներին։3 Եկեղեցու իշխանավորները ուսուցանում են ընտանիքի անդամներին, սակայն չեն ուղղորդում քահանայության իշխանության գործադրումն ընտանիքում։

Նույն սկզբունքը կիրառվում է այն դեպքում, երբ հայրը բացակայում է, և մայրն է ընտանիքի ղեկավարը։ Նա նախագահում է իր տանը և նպաստում է, որ քահանայության զորությունն ու օրհնությունները հասանելի լինեն իր ընտանիքում իր օժտման և տաճարում իր կնքման շնորհիվ։ Թեև նա լիազորված չէ քահանայության օրհնություններ տալ, որոնք կարող է տալ միայն քահանայության որոշակի պաշտոն ունեցողը, սակայն նա կարող է կատարել ընտանիքի ղեկավարման մյուս բոլոր գործառույթները։ Դա անելով, նա գործադրում է քահանայության զորությունը երեխաների օգտի համար, որոնք ընտանիքում իր նախագահության ներքո են։4

Եթե հայրերը մեծարեն քահանայությունն իրենց ընտանիքներում, դա ավելի շատ առաջ կտանի Եկեղեցու առաքելությունը, քան մյուս գործառույթները, որ նրանք անում են։ Մելքիսեդեկյան Քահանայություն կրող հայրերը պետք է գործադրեն իրենց իշխանությունը «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով» (Վարդապետություն և Ուխտեր 121․41)։ Բարձր մակարդակով քահանայության իշխանության գործադրումը շատ կարևոր է ընտանիքում: Քահանայություն կրողները պետք է նաև պահեն պատվիրանները, որպեսզի նրանք ունենան քահանայության զորությունը՝ օրհնություններ տալու իրենց ընտանիքի անդամներին։ Նրանք պետք է զարգացնեն ընտանեկան սիրալիր հարաբերություններ, որպեսզի ընտանիքի անդամները ցանկանան օրհնություն խնդրել նրանցից։ Եվ ծնողները պետք է խրախուսեն, որ ընտանիքում քահանայության շատ օրհնություններ տրվեն։5

Այս համաժողովի օրերին, երբ մենք ապաստան ենք փնտրում ավերիչ համավարակով պայմանավորված մեր մահկանացու մտահոգություններից, մեզ ուսուցանում են հավերժության մեծ սկզբունքները։ Ես հորդորում եմ յուրաքանչյուրիս, որ մեր աչքը «պարզ» լինի՝ ստանալու հավերժության այս ճշմարտությունները, որպեսզի մեր մարմինը «լցված լինի լույսով» (3 Նեփի 13․22

Աստվածաշնչում և Մորմոնի Գրքում զետեղված, բազմությանն ուղղված Իր քարոզում Փրկիչն ուսուցանել է, որ մահկանացու մարմինները կարող են լի լինել լույսով կամ խավարով։ Մենք, իհարկե, ցանկանում ենք լույսով լի լինել, և մեր Փրկիչն ուսուցանել է մեզ, թե ինչպես կարող ենք դա անել։ Մենք պետք է լսենք հավերժության ճշմարտությունների մասին ուղերձները։ Նա օգտագործել է աչքի օրինակը, որի միջոցով մենք լույս ենք լցնում մեր մարմնի մեջ։ Եթե մեր աչքը «պարզ» լինի, այլ կերպ ասած, եթե մենք կենտրոնանում ենք հավերժական լույս և հասկացողություն ստանալու վրա, ապա ինչպես Նա բացատրել է. «քո ամբողջ մարմինը լցված կլինի լույսով» (Մատթեոս 6․22, 3 Նեփի 13․22)։ Բայց եթե մեր «աչքը չար լինի», այսինքն, երբ մենք չարն ենք փնտրում և մեր մարմինը դրանով ենք լցնում, ապա Նա զգուշացրել է. «քո ամբողջ մարմինը լցված կլինի խավարով» (հատված 23)։ Այլ խոսքերով, մեր մարմնի լույսը կամ խավարը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք տեսնում, կամ ստանում հավերժական այն ճշմարտությունները, որոնք մեզ ուսուցանվում են։

Մենք պետք է հետևենք Փրկիչի հրավերին՝ փնտրել և խնդրել, որ հասկանանք հավերժության ճշմարտությունները։ Նա խոստանում է, որ մեր Երկնային Հայրը ցանկանում է բոլորին ուսուցանել իրենց փնտրած ճշմարտությունները (տես 3 Նեփի 14․8)։ Եթե մենք դա ենք ցանկանում, և մեր աչքը «պարզ» է դրանք ստանալու համար, Փրկիչը խոստանում է, որ հավերժության ճշմարտությունները «կբացվեն» մեզ համար (տես 3 Նեփի 14․7-8

Հակառակ դրան, սատանան ձգտում է շփոթեցնել մեր մտածողությունը կամ մոլորության մեջ գցել մեզ կարևոր հարցերի շուրջ, որոնցից են Աստծո քահանայության գործառույթները: Փրկիչը զգուշացրել է մեզ․ «Զգուշացեք կեղծ մարգարեներից, ովքեր գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսից նրանք հոշոտող գայլեր են» (3 Նեփի 14․15)։ Նա այս հուշումն է տվել, որպեսզի օգնի մեզ ընտրել ճշմարտությունը տարբեր ուսմունքներից, որոնք կարող են շփոթեցնել մեզ. «Դուք պիտի ճանաչեք նրանց իրենց պտուղներից» (3 Նեփի 14․16)։ «Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել» (հատված 18)։ Հետևաբար, մենք պետք է նայենք արդյունքներին՝ այսինքն, այն սկզբունքների «պտուղներին», որոնք մեզ ուսուցանվում են, և մարդկանց, ովքեր ուսուցանում են։ Սա լավագույն պատասխանն է այն բազմաթիվ առարկություններին, որոնք մենք լսում ենք Եկեղեցու, նրա վարդապետությունների, քաղաքականության և ղեկավարության հասցեին։ Հետևեք Փրկիչի տված հուշումին։ Նայեք պտուղներին՝ արդյունքներին։

Երբ մենք մտածում ենք ավետարանի պտուղների և Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին, ցնծում ենք, թե Եկեղեցին իր ապրող անդամների կյանքի ընթացքում ինչպես ընդարձակվեց Ինտերմաունթըն Վեստ տարածաշրջանի տեղական համայնքներից, այժմ ընդգրկելով ավելի քան 16 միլիոն անդամներ, որոնց մեծամասնությունը բնակվում է Միացյալ Նահանգներից դուրս՝ այլ երկրներում։ Այդ աճի հետ մեկտեղ, մենք զգացել ենք, թե ինչպես է մեծացել անդամներին օժանդակելու Եկեղեցու կարողությունը։ Մենք օգնում ենք պահել պատվիրանները, վերականգված ավետարանը քարոզելու պարտականություններում, Իսրայելի հավաքման և ամբողջ աշխարհում տաճարների կառուցման գործում։

Մենք առաջնորդվում ենք մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից, որի առաջնորդությունը Տերն օգտագործել է գրանցելու համար այն առաջընթացը, որը մենք զգացել ենք նրա ղեկավարման ավելի քան երկու տարիների ընթացքում։ Այժմ մենք կօրհնվենք, լսելով նախագահ Նելսոնի ելույթը, ով կուսուցանի մեզ, թե ինչպես բարելավենք մեր առաջընթացը Հիսուս Քրիստոսի այս վերականգնված Եկեղեցում, այս դժվարին ժամանակներում։

Ես վկայում եմ այդ ամենի ճշմարտացիության մասին, և միանում եմ մեր մարգարեի համար ասվող ձեր աղոթքներին, ով հաջորդիվ ելույթ կունենա, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։