2020
COVID-19․ Առաջնորդության, բժշկման և հույսի ուղերձներ
Մայիս 2020


COVID-19․ Առաջնորդության, բժշկման և հույսի ուղերձներ

Անդամները վկայում են, որ տեսել են Տիրոջ ձեռքը նույնիսկ փոփոխությունների, անհանգստությունների և կորուստների այս ժամանակներում:

Նա այն ժամանակ ինձ հետ էր. Նա ինձ հետ է հիմա

Երբ տանը նստած փորձում էի հանդարտեցնել իմ անհանգստությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, պատահականորեն բացեցի օրագիրս և տեսա հետևյալը. «Ամեն օր արթնանալիս այս աշխարհի շատ բաների մասին լսելով վախենում ենք, բայց ավետարանի ուսմունքների հանդեպ հավատքով, մենք կարող ենք քայլ առ քայլ առաջ գնալ: … Հավատքը միշտ հաղթում է վախին»։

Ես հասկացա, որ հենց նոր ստացա անձնական հայտնություն, և որ Երկնային Հայրն այդ հայտնությունն ինձ տվեց մի քանի տարի առաջ կատարած իմ օրագրի գրառումների միջոցով։ Մի պահ օրհնվեցի խաղաղությամբ և վստահությամբ, որ Երկնային Հայրն ինձ հետ էր այն ժամանակ, և նա հենց հիմա այստեղ ինձ հետ է:

Դանեթ Գրեյ, Յուտա, ԱՄՆ

Սուրբ Հոգին կարող է գործել առցանց

Ես ներշնչվեցի և սկսեցի սեմինարիայի դասեր անցկացնել խմբային տեսազանգերի միջոցով: Մեր քաղաքում կարանտին հայտարարելուց երկու օր առաջ մեր դասարանն անցկացրեց իր առաջին առցանց դասը:

Ծնողներից ոմանք նույնպես միացան մեր դասարանին, ներառյալ նրանք, ովքեր անդամ չեն: Ես հազիվ զսպեցի արցունքներս, երբ միասին ուսումնասիրում էինք Մոսիայի 2-րդ գլուխը: Բոլորս զգացինք Հոգին, երբ սովորեցինք, որ ուրիշներին ծառայելով, մենք ծառայում ենք նաև Աստծուն։ Ես շատ բան իմացա անձնական հայտնությունը ստանալու և ճանաչելու մասին: Սուրբ Հոգին ավետարանի ճշմարտությունը կբացահայտի մատուցման բազմաթիվ ձևաչափերով: Չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ոչինչ չի կարող կանգնեցնել Իր զավակների փրկության համար Երկնային Հոր աշխատանքի առաջընթացը։

Մարիտես Պինեդա, Մինդանաո, Ֆիլիպիններ

Մենք բաց չենք թողել սեմինարիայի որևէ օր

Չնայած կորոնավիրուսին առնչվող զարգացումներին, ես ուրախ եմ հայտարարել, որ մենք բաց չենք թողնել սեմինարիայի գեթ մեկ օր։ Տեսազանգերի միջոցով անցակցված իմ դասերը մի շարք մարտահրավերներ են առաջացնում, բայց ինձ դուր է գալիս նայել ծնողներին և կրտսեր քույրերին ու եղբայրներին: Ինձ դուր է գալիս, որ այն օգնում է մեր ընտանիքներին լինել հետևողական մեր առօրյա կյանքում, և ինձ հատկապես դուր է գալիս, որ մենք կարող ենք շարունակել միմյանց վկայել Հիսուս Քրիստոսի և մեր հանդեպ Նրա սիրո մասին:

Մանդի Քրանդել, Յիգո, Գուամ

Ծառայել վարագույրի երկու կողմերում գտնվող մարդկանց

Ես ավագ քույր միսիոներ էի ծառայում Միսուրիի Ինդիփենդենս միսիայում, երբ եկեղեցու ժողովները չեղյալ հայտարարվեցին և մենք սկսեցինք ինքնամեկուսանալ մեր բնակարաններում: Մենք օգտագործում էինք մեր հեռախոսներն ու համակարգիչները, որպեսզի անդամների հետ կապ պահենք և տեղեկանանք այն անդամների մասին, ովքեր կանոնավոր եկեղեցի չէին հաճախում:

Զբաղվելու համար ես որոշեցի ընտանեկան պատմության աշխատանք կատարել, չնայած բավական երկար ժամանակ ինձ համար դժվար էր գտնել որևէ նոր անուն: Երբ մուտք գործեցի FamilySearch, ես գտա մի գրանցման ծանուցագիր, որը անուններին կցելու սպասման մեջ էր: Այդ մեկ գրառումն օգնեց ինձ իմ ազգատոհմում գտնել մոտ 70 մարդու: Հինգ օր անց անունների հոսքը դադարեց: Այդ օրն ավելի ուշ իմացանք, որ տուն գնալու համար բոլորիս ազատել են ծառայությունից: Ես տխուր եմ հեռանում, բայց նաև օրհնված եմ զգում, որ այս դժվարին ժամանակներում կարողացա վարագույրի մյուս կողմում ծառայել ընտանիքիս։

Քիմ Նելսոն, Օրեգոն, ԱՄՆ

Տիրոջ գործն առաջ տանելու համար մենք անում ենք մեր բաժինը

Քանի որ մեր տարածքի միսիոներներին խորհուրդ տվեցին մնալ իրենց բնակարաններում, մենք փորձեցինք անել մեր բաժինը և մի ընկերոջ հրավիրեցինք սովորել Եկեղեցու մասին: Միսիոներները հեռախոսով իրենց դասերն են ուսուցանում մեր ընկերոջը: Շնորհիվ մեր այսօրվա տեխնոլոգիայի, մենք Հոգու ուժն ենք զգում մեր տանը։ Զարմանալի էր տեսնել, որ Տիրոջ աշխատանքը դեռ շարունակվում է, չնայած աշխարհում տիրող մարտահրավերներին:

Էլեյն Ռայխ, Վաշինգտոն, ԱՄՆ

Փրկիչը լսում է մեր երգը

Ես ծառայում եմ PathwayConnect ծրագրի Եկեղեցու ծառայության միսիոներ Կիև Ուկրաինա ցցում։ Ծրագրի ղեկավարները որոշեցին վերապատրաստել մեզ բոլորիս, ովքեր ղեկավարում են անհատական հավաքները, որպեսզի կարողանանք դրանք իրականացնել առցանց: Հաջորդ օրը Կիևում կառավարությունը հայտարարեց կարանտինային միջոցառումների մասին:

Ինձ դուր է գալիս PathwayConnect ծրագրի համար միասին հավաքվելու հնարավորությունը: Եվ ինձ դուր է գալիս միասին հավաքվելու առիթը, որպեսզի կիրակի օրերին միասին երկրպագենք և երգենք տանը: Շնորհակալ եմ այն հավաստիացման համար, որ այնտեղ, որտեղ երկու-երեք հոգի հավաքվեն Նրա անունով, Նա այնտեղ է: Ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ ենք կարանտինում լինելու Կիևում, բայց մենք գիտենք, որ Փրկիչը կլսի մեր երգը:

Կատերինա Սերդյուկ, Կիև, Ուկրաինա

«Ժամանակն է վերադարձնել ընտանիքդ»

Երբ լուրերով սկսեցին հաղորդել COVID-19-ի մասին, ես մտածեցի, որ այն խիստ ուռճացված է: Այնուհետև օրեր անց ես սկսեցի անհանգստություն և նույնիսկ խուճապ զգալ մեր աշխարհի ապագայի վերաբերյալ: 

Մի առավոտ ես չէի կարողանում քնել և նստեցի խորհելու, թե ինչի համար էր այս ամենը: Հետո տիրեց խաղաղություն։ Հոգին ուսուցանեց ինձ, որ Տերն ինձ ընծա է մատուցել: «Ժամանակն է վերադարձնել ընտանիքդ», - ասաց Նա։

Կյանքն այնքան զբաղված է։ Այս համավարակը մեր ընտանիքին հնարավորություն տվեց կենտրոնանալ կարևորի վրա՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա: Ես կարող եմ խեղդել աշխարհի այդ թունավոր ազդեցություններից մի քանիսը և կենտրոնանալ, որ ուսուցանեմ երեխաներիս նայել Քրիստոսին։ Մեր Երկնային Հայրը միշտ մտածում է մեր մասին: Կարծում եմ, որ հիմա ավելի շատ է մտածում, քան երբևէ: 

Մերի Օստլեր, Նեբրասկա, ԱՄՆ

Տերը պատրաստեց մեզ դրա համար

Երբ առաջին անգամ ասացին, որ Եկեղեցու հավաքները ժամանակավորապես դադարեցվել են, ես մի փոքր հուսահատվեցի: Բայց հիմա տեսնում եմ, թե ինչպես է Տերը պատրաստել մեզ դրա համար իր մարգարեների միջոցով: Տնակենտրոն ավետարանի ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ անցնել դժվարին ժամանակների միջով: Շնորհակալ եմ, որ դեռ կարող եմ կիրակի օրը հաղորդություն ճաշակել և կարդալ մարգարեների խոսքերը: Մխիթարում է այն փաստը, որ քանի դեռ չենք կարող նորից հավաքվել միասին, մենք կարող ենք զգալ նույն Հոգին:

Էմմա վան Աս, Գաուտենգ, Հարավային Աֆրիկա

Մեզ ուսուցանել են, թե ինչպես երկրպագել

Երբ ամուսինս և ես առաջին անգամ մասնակցեցինք հաղորդության արարողությանը մեր տանը, ես Հոգին այնքան ուժեղ զգացի, որ դժվարանում էի երգել մեր ընտրած օրհներգը: Երկրպագության ծառայություններին հաճախելու իմ 70 տարվա ընթացքում ես չեմ հիշում որևէ օրհնություն, որն այդքան ուժեղ գնահատեինք, որքան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մեր մասնակցության և անդամության օրհնությունները։

Մեզ ուսուցանել են, թե ինչպես երկրպագել և ում երկրպագել: Այո, մենք կարոտում ենք մեր ընկերակից Սրբերի հետ շփմանը և ուրախ կլինենք հնարավորինս շուտ վերադառնալ «սովորական կյանքին», բայց ես երախտապարտ եմ այն դասերի համար, որոնք մենք սովորում ենք այդ ընթացքում, երբ հետևում ենք մարգարեի խորհրդին՝ մեր «տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող» երկրպագության ժամանակ։

Սյուզան Փրիթոր, Մոնտանա, ԱՄՆ

Գտնել խաղաղություն և միասնություն

Ընտանեկան երեկոյին ես և իմ որդին սպասում ենք ամեն շաբաթ: Մենք մեր տանը հաճախ հյուրընկալում էինք անդամների, ընկերների և միսիոներների: Այնուհետև ամեն ինչ կտրուկ փոխվեց համավարակի պատճառով: Այժմ մենք ընկերներիս հետ ընտանեկան երեկո ենք անցկացնում հեռախոսով: Այս ընթացքում մենք միասին կարողացանք շատ բաներ անել, որը մեզ ավելի մոտեցրեց:

Ես շատ շնորհակալ եմ մեր սիրելի մարգարեի համար, ով մեզ բոլորիս հրավիրեց ծոմ պահել: Մեզանից շատերն այդ ծոմապահության շնորհիվ կարողացան զգալ միասնության և խաղաղության ուժը: Նման ժամանակներում մեզ համար անհրաժեշտ խաղաղությունը ստանում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսից:

Ռոշեն ՄակՔենզի, Քինգսթոն, Յամայկա

Աստված վերահսկում է ամեն բան

Ես իմ միսիան սկսեցի ընդամենը երկուսուկես ամիս առաջ: Ինձ ծառայության նշանակեցին Մեքսիկայի Հերմոսիլո քաղաքում: Ամեն օր առիթ ունեցա հանդիպելու հիանալի մարդկանց, ովքեր պատրաստ էին ընդունել վերականգնված ավետարանը: Ես կարծում էի, որ նոր եմ սկսել իրականացնել իմ նպատակը, երբ COVID-19- ը ընդհատեց իմ միսիան:

Ցավում էի, որ պետք է լքեի այն մարդկանց, որոնց ես այդքան շատ եմ սիրում, բայց ես նույնպես զգացի մեծ խաղաղություն և ապահովություն, քանի որ գիտեմ, որ Աստված շարունակում է վերահսկել ամեն բան: Շնորհակալ եմ, որ ունենք մարգարե և առաքյալներ, որոնք կառաջնորդեն մեզ այս օրերին։ Ինչպես աշխարհի շատ միսիոներներ, ես վստահ եմ, որ դա չի լինի իմ միսիայի ավարտը: Շուտով ես կկարողանամ նորից օգնել առաջ տանելու Տիրոջ աշխատանքը և շարունակել գործիք լինել Նրա ձեռքերում՝ ավելի շատ հոգիների ապաշխարության բերելու համար:

Կարոլինա Ռոման, Պուերտո Ռիկո