2020
Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար

Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար

(Վարդապետություն և Ուխտեր 124․40)

Տաճարներում ստացած ուխտերն ու արարողությունները կարևոր են մեր սրտերը սրբացնելու և Աստծո որդիների ու դուստրերի վերջնական վեհացման համար:

200 տարի առաջ Սրբազան Պուրակում երիտասարդ Ջոզեֆ Սմիթը տեսավ և խոսեց Աստծո՝ Հավերժական Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ: Նրանցից Ջոզեֆն իմացավ Աստվածագլխի ճշմարիտ բնույթի և շարունակվող հայտնության մասին, քանի որ այս աստվածային տեսիլքը մուտք էր գործում վերջին օրերի «ժամանակների լրության տնտեսության մեջ»:1

Մոտավորապես երեք տարի անց, ի պատասխան անկեղծ աղոթքի, 1823թ. սեպտեմբերի 21-ի երեկոյան Ջոզեֆի ննջասենյակը լցվեց լույսով, մինչև այն «դարձավ կեսօրից էլ լուսավոր»:2 Նրա մահճակալի կողքին հայտնվեց մի անձնավորություն, կոչեց երիտասարդ տղային իր անունով և հայտնեց, որ «ինքը սուրհանդակ է, Աստծո ներկայությունից ուղարկված … , և որ իր անունը Մորոնի է»:3 Նա ցուցումներ տվեց Ջոզեֆին Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ:

Եվ այնուհետև Մորոնին մեջբերեց Հին Կտակարանի Մաղաքիայի գրքից, Թագավոր Հակոբոսի տարբերակում օգտագործված լեզվի մի փոքր տարբերությամբ.

«Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը:

Եվ նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ»:4

Կարևոր է, որ Մորոնիի ցուցումները Ջոզեֆ Սմիթին Եղիայի առաքելության վերաբերյալ սկիզբ դրեցին վերջին օրերում տաճարային և ընտանեկան աշխատանքին և հանդիսացան վերականգնման հիմնական տարրը «ամեն բաների հաստատուելու ժամանակներում, որոնց համար խոսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ»:5

Այժմ, ես կխոսեմ Սուրբ Հոգու օգնության մասին, երբ միասին սովորենք ուխտերի, արարողությունների և օրհնությունների վերաբերյալ, որոնք հասանելի են մեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարներում։

Եղիայի վերադարձը

Ես կսկսեմ՝ տալով մի հիմնարար հարց. Եղիայի վերադարձն ինչո՞ւ էր կարևոր:

«Մենք սովորում ենք վերջին օրերի հայտնություններից, որ Եղիան կրել է Մելքիսեդեկյան Քահանայության կնքման զորությունը»6 և «եղել է վերջին մարգարեն, որն այն ունեցել է՝ նախքան Հիսուս Քրիստոսի ժամանակները»:7

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է. «Եղիայի ոգին, զորությունը և կոչումն է, որ դուք զորություն ունենաք կրելու բանալիները … Մելքիսեդեկյան Քահանայության լրության … , և ստանաք … Աստծո թագավորությանը վերաբերող բոլոր արարողությունները, հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար և զավակներինը՝ դեպի հայրերը, նույնիսկ նրանց, ովքեր երկնքում են»:8

Կնքման այս սուրբ իշխանությունը անհրաժեշտ է, որպեսզի. «այն, որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում. և այն, որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»:9

Ջոզեֆը հետագայում հստակեցնում է. «Աստված ինչպե՞ս կփրկի այս սերունդը: Նա կուղարկի Եղիա մարգարեին: … Եղիան կբացահայտի ուխտերը, որոնցով հայրերի սրտերը կկնքվեն իրենց զավակների սրտերի հետ, իսկ զավակների սրտերը՝ հայրերի»:10

Եղիան Մովսեսի հետ հայտնվեց Կերպարանափոխման սարի վրա և շնորհեց այս իշխանությունը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին:11 1836թ. ապրիլի 3-ին Կիրթլենդի Տաճարում Եղիան, Մովսեսը և Եղիասը նույնպես հայտնվեցին և նույն քահանայության բանալիները հանձնեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:12

1836թ. Եղիայի միջոցով կնքման իշխանության վերականգնումը անհրաժեշտ էր երկիրը Փրկիչի Երկրորդ Գալստյան համար նախապատրաստելու համար և սկիզբ դրեց մեծապես աճող և աշխարհով մեկ տարածվող հետաքրքրությանը ընտանեկան պատմության ուսումնասիրության վերաբերյալ:

Փոխելով, դարձնելով և սրբելով սրտերը

Կանոնիկ գրքերում սիրտ բառն օգտագործվում է ավելի քան 1000 անգամ: Այս պարզ, բայց կարևոր բառը հաճախ ցույց է տալիս անհատի ներքին զգացմունքները: Մեր սիրտը` մեր ցանկությունների, սիրո, նպատակների, դրդապատճառների և վերաբերմունքի համագումարը, սահմանում է, թե ով ենք մենք, և որոշում, թե մենք ինչ կդառնանք: Իսկ Տիրոջ գործի էությունն է՝ փոխել, դարձնել և սրբել սրտերը ավետարանի ուխտերի և քահանայության արարողությունների միջոցով:

Մենք չենք կառուցում կամ մուտք գործում սուրբ տաճարներ միայն անհատական կամ ընտանեկան հիշարժան փորձառություններ ունենալու համար: Ավելի շուտ, տաճարներում ստացած ուխտերը և կատարված արարողությունները կարևոր են մեր սրտերը սրբացնելու և Աստծո որդիների ու դուստրերի վերջնական վեհացման համար:

Զավակների սրտերում սերմանել հայրերին, ներառյալ՝ Աբրահամին, Իսահակին, Հակոբին տված խոստումները, դարձնել զավակների սրտերը դեպի իրենց հայրերը, կատարել ընտանեկան պատմության հետազոտություն և տաճարային փոխարինող արարողություններ. սրանք աշխատանքներ են, որոնք օրհնում են անհատներին վարագույրի երկու կողմերում: Երբ մենք ջերմեռանդ ներգրավվում ենք այս սուրբ գործի մեջ, մենք հնազանդվում ենք Աստծուն ու մեր մերձավորին սիրելու և ծառայելու պատվիրաններին:13 Եվ այդպիսի անձնազոհ ծառայությունն օգնում են մեզ իրոք «Լս[ել] Նրան»14 և գալ Փրկիչի մոտ:15

Ամենասրբազան ուխտերն ու քահանայության արարողությունները ստացվում են միայն տաճարում՝ Աստծո տանը: Այն ամենը, ինչ ուսուցանվում է և արվում է տաճարում, շեշտադրում է Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրում Նրա դերը։

Փոփոխություն ներսից դուրս

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը նկարագրել է մի կարևոր օրինակ, որը Քավիչը օգտագործում է՝ իրականացնելով «մարդու անմահությունը և հավերժական կյանքը»:16 Նա ասել է. «Տերն աշխատում է ներսից դուրս: Աշխարհն աշխատում է դրսից ներս: Աշխարհը մարդկանց հանում է փլատակներից: Քրիստոսը դուրս է հանում փլատակները մարդկանց միջից, իսկ այնուհետև նրանք իրենց հանում են փլատակներից: Աշխարհը կոփում է մարդկանց` փոխելով նրանց միջավայրը: Քրիստոսը փոխում է մարդկանց, ովքեր հետո փոխում են իրենց միջավայրը: Աշխարհը ձևավորում է մարդկային վարքը, իսկ Քրիստոսը կարող է փոխել մարդկային էությունը»:17

Քահանայության արարողությունները և ուխտերը կարևոր են հոգևոր վերածննդի և փոխակերպման շարունակվող գործընթացում, դրանք նաև այն միջոցներն են, որոնք Աստված է նշանակել, որոնցով Տերը աշխատում է մեզանից յուրաքանչյուրի հետ ներսից դուրս: Ուխտերը, որոնք անսասան պատվում ենք և միշտ հիշում, և գրված են «կենդանի Աստուծոյ Հոգովը. … սրտի մարմնեղէն տախտակների վերայ»,18 ապահովում են նպատակ և հավաստիացում թե՛ այս կյանքի, թե՛ հավերժության օրհնությունների համար: Արարողությունները, որոնք ստանում ենք արժանիորեն և միշտ հիշում, բացում են երկնքի դարպասները, որոնց միջոցով աստվածայնության զորությունը կարող է հոսել մեր կյանք:

Մենք չենք գալիս տաճար, որպեսզի թաքնվենք կամ փախչենք աշխարհի չարիքից: Ավելի շուտ մենք գալիս ենք տաճար, որպեսզի հաղթենք աշխարհի չարիքը: Երբ մեր կյանք ենք հրավիրում «աստվածայնության զորությունը»՝19 ստանալով քահանայության արարողությունները և կապելով ու պահելով սրբազան ուխտերը, մենք օրհնվում ենք մեր ուժից վեր զորությամբ,20 որպեսզի հաղթահարենք մահկանացության գայթակղություններն ու դժվարությունները և գործենք բարիք՝ դառնալով բարի:

Այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում

Այս տնտեսության առաջին տաճարը կառուցվեց Կիրթլենդում (Օհայո) և նվիրագործվեց 1836թ. մարտի 27-ին:

Նվիրագործումից մեկ շաբաթ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը հայտարարեց.

«Թող իմ ողջ ժողովրդի սիրտը ցնծա, որ իրենց զորությամբ կառուցել են այս տունն իմ անվան համար:…

Այո, հազարավորների և բյուրավորների սրտերը մեծապես կցնծան այն օրհնությունների հետևանքով, որոնք պիտի թափվեն, և օժտման հետևանքով, որով իմ ծառաներն օժտվել են այս տանը:

Եվ այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում. և սա է սկիզբն այն օրհնության, որը պիտի թափվի իմ ժողովրդի գլխին:21

Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ արտահայտություններին՝ հազարավորների և բյուրավորների սրտերը մեծապես կցնծան, և այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում: Սրանք 1836թ. ապրիլի հրաշալի հայտարարություններն են, երբ Եկեղեցին ուներ միայն մի քանի անդամ և մեկ տաճար:

Այսօր՝ 2020 թվականին, մենք ունենք 168 գործող տաճարներ: Եվս քառասունինը տաճար գտնվում են կառուցման կամ վերանորոգման փուլում, կամ հայտարարված են: Տիրոջ տները կառուցվում են «ծովի կղզիների» վրա22 և այն երկրներում ու տեղերում, որոնք նախկինում շատերի կողմից համարվում էին անհավանական վայրեր տաճարի համար:

Օժտման արարողությունը ներկայումս ներկայացվում է 88 լեզուներով և մատչելի կլինի շատ լրացուցիչ լեզուներով, քանի որ տաճարները կառուցվում են Աստծո ավելի շատ զավակների օրհնելու համար: Հաջորդ 15 տարիների ընթացքում կկրկնապատկվի լեզուների թիվը, որոնցով անցկացվում են տաճարային արարողությունները:

Այս տարի մենք նախապատրաստական աշխատանքներ կկատարենք և կսկսենք 18 տաճարների շինարարություն: Ի տարբերություն սրա, 150 տարի տևեց առաջին 18 տաճարների կառուցումը 1830թ. Եկեղեցու կազմավորումից մինչև Տոկիո Ճապոնիա տաճարի նվիրագործումը նախագահ Սպենսեր Վ Քիմբալի կողմից 1980թ.:

Դիտարկենք տաճարային աշխատանքի արագացումը, որը տեղի է ունեցել հենց նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կյանքի ընթացքում։ Երբ Ռասսել Մ. Նելսոնը ծնվեց 1924 թվականի սեպտեմբերի 9-ին, Եկեղեցին ուներ վեց գործող տաճարներ:

60 տարի անց, 1984թ. ապրիլի 7-ին, երբ նա առաքյալ կարգվեց, 26 տաճարներ էին գործում. 60 տարում 20 տաճարներ ավելացան:

Երբ նախագահ Նելսոնը հաստատվեց Եկեղեցու նախագահ, 159 տաճարներ արդեն գործում էին, իսկ որպես Տասներկուսի Քվորումի անդամ 34 տարիների նրա ծառայության ընթացքում տաճարների թիվն ավելացավ 133-ով:

2018 թվականի հունվարի 14-ին Եկեղեցու նախագահ դառնալուց հետո նախագահ Նելսոնը հայտարարել է 35 նոր տաճարների կառուցման մասին։

Գործող տաճարների իննսունվեց տոկոսը նվիրագործվել են նախագահ Նելսոնի կյանքի ընթացքում, 84 տոկոսը նվիրագործվել են նրա առաքյալ կարգվելուց հետո:

Միշտ կենտրոնացեք ամենակարևոր բաների վրա

Որպես Տիրոջ վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք «մնում ենք զարմացած» վերջին օրերում Նրա աշխատանքի շարունակ աճող տեմպից: Եվ ավելի շատ տաճարներ կկառուցվեն:

Բրիգամ Յանգը մարգարեացել է. «Այս աշխատանքն իրականացնելու համար պետք է լինի ոչ թե մեկ, այլ հազարավոր տաճարներ, հազարավոր և տասնյակ հազարավոր տղամարդիկ և կանայք կգնան այդ տաճարները և կպաշտոնավարեն արարողությունները այն մարդկանց համար, ովքեր ապրել են հազարամյակներ առաջ, և որոնց մասին իրազեկ է միայն Տերը»:23

Հասկանալի է, որ յուրաքանչյուր նոր տաճարի հայտարարումը մեծ ուրախության աղբյուր և պատճառ է՝ Տիրոջը շնորհակալություն հայտնելու համար: Սակայն մենք հիմնականում պետք է կենտրոնանանք ուխտերի և արարողությունների վրա, որոնք կարող են փոխել մեր սրտերը և խորացնել մեր նվիրումը Փրկիչին, ոչ թե պարզապես շենքի տեղակայման և գեղեցկության վրա:

Հիմնարար պարտականությունները, որ մենք ունենք՝ որպես Տիրոջ վերականգնված Եկեղեցու անդամներ, հետևյալն են. (1) «Լսե[ն]ք Նրան»24 և փոխենք մեր սրտերը ուխտերի և արարողությունների միջոցով, (2) և ուրախությամբ կատարենք աստվածայնորեն նշանակված պարտականությունները՝ տաճարային օրհնություններ առաջարկելով ողջ մարդկության ընտանիքին վարագույրի երկու կողմերում: Նրա ղեկավարությամբ և օգնությամբ մենք իսկապես կիրականացնենք այս սրբազան պարտականությունները:

Սիոնի կառուցումը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է.

«Սիոնի հաստատումն այն գործն է, որը բոլոր դարերում հետաքրքրել է Աստծո ժողովրդին. Դա այն հիմքն է, որի վրա առանձնակի բերկրանքով հենվել են մարգարեները, քահանաներն ու թագավորները. Նրանք հույս են ունեցել ուրախ ակնկալիք ունենալով այն օրվա համար, որում մենք ապրում ենք, և ոգեշնչված երկնային և ուրախության ակնկալիքներով, նրանք երգել են, գրել և մարգարեացել մեր այսօրվա համար, սակայն մահացել են չտեսնելով այն, … որը թողնվել է, որ մենք տեսնենք, մասնակցենք և օգնենք, որ առաջ տանենք Վերջին օրերի փառքը»:25

«Երկնային Քահանայությունը կմիավորվի երկրայինի հետ, առաջ բերելու այդ մեծ նպատակները, … մի աշխատանք, որն Աստված և հրեշտակները մտածել էին հրճվանքով անցած սերունդների համար, որը խանդավառեց հնադարյան հայրապետերի և մարգարեների հոգիները, մի աշխատանք, որը նախատեսված է առաջ բերել խավարի զորությունների կործանումը, երկրի նորացումը, և մարդկային ընտանիքի փրկությունը»:26

Ես հանդիսավոր կերպով վկայում եմ, որ Հայրն ու Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և Եղիան վերականգնեց կնքման իշխանությունը: Տաճարային սրբազան ուխտերն ու արարողությունները կարող են ամրապնդել մեզ և սրբել մեր սրտերը, երբ մենք «Լսե[ն]ք Նրան»,27 և զորություն ու աստվածայնություն ստանանք մեր կյանքում: Եվ ես վկայում եմ, որ այս վերջին օրերի աշխատանքը կկործանի խավարի ուժերը և կիրականացնի մարդկության ընտանիքի փրկությունը: Այս ճշմարտությունների մասին ես ուրախությամբ վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: