2020
Երեց Ջերեմի Ռ. Յագի
Մայիս 2020


Երեց Ջերեմի Ռ. Յագի

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երբ երեց Ջերեմի Ռ. Յագին դեռահաս էր, նրա յոթ տարեկան քույրը՝ Քրիստենը, վարակվեց մի բակտերիայով, որն ախտահարում էր նրա ուղեղը։ Բժիշկներն ասացին, որ նա չէր ապրի։

Պատանի Ջերեմին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի իրենց տանը ծնկի եկավ իր մահճակալի մոտ և խնդրեց Տիրոջը շնորհել հասկացողություն, թե ինչու պետք է իր քույրն այդքան վաղ հասակում մահանար։ Սակայն նրա քույրը քահանայության օրհնություն ստացավ և ապրեց:

Դա 17-ամյա Ջերեմիի համար խթան հանդիսացավ, որ «շիտակ քայլեր Աստծո առաջ», որն էլ դրդեց նրան առաջին անգամ լրջորեն կարդալ Մորմոնի Գիրքը։ Ավելի ուշ նա ծառայեց որպես լիաժամկետ միսիոներ Օհայոյի Քլիվլենդ միսիայում։

Տարիներ անց Ջերեմին կրկին սրտանց աղոթքով պետք է ծնկի իջներ, երբ նրա կինը՝ Էմին, սպասում էր իրենց երրորդ երեխայի վաղաժամ ծնունդին: «Այդ պահին ես մի մեծ խաղաղություն զգացի. խաղաղություն, որը կարելի է բնութագրել միայն, կարծես Երկնային Հոր սիրառատ ձեռքերը գրկում են ինձ Սուրբ Հոգու ջերմությամբ», - ասել է նա:

Այդ խաղաղությունն օգնեց նրան դիմանալ երեխայի կարճ կյանքի ընթացքում և մեկ այլ վիժմանը հաջորդող վշտի ամիսներին։ «Ճանապարհին մենք բոլորս էլ փորձվում ենք, - ասել է նա, - սակայն մենք «բոլորովին ուրախություն ենք համարում» [Հակոբոս 1․2], որ Փրկիչը մեզ համար խաղաղություն և երջանկություն զգալու ուղի է տրամադրել»:

Ջերեմի Ռոբերտ Յագին ծնվել է 1973 թվականի մարտի 23-ին Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ), Ռոբերտ Ստենլի Յագիի և Ջուդի Էն Ռոսի ընտանիքում։ Նա ամուսնացել է Էմի Էն Ստյուարտի հետ Սոլթ Լեյքի տաճարում 1995 թվականի հունիսի 12-ին: Նրանք ունեն հինգ զավակ։

Երեց Յագին վարքագծային գիտության և առողջության բակալավրի աստիճանը ստացել է Յուտայի Համալսարանում, իսկ բիզնեսի կառավարման գործադիր մագիստրոսի աստիճանը ստացել է Պեպերդինի Համալսարանում: Նա իր կանչը ստանալու պահին ղեկավարում էր Alkermes-ի տարածաշրջանային վաճառքները և HCA Investments-ում ղեկավարում էր առևտրային անշարժ գույքը:

Երեց Յագին ծառայել է Տարածքային Յոթանասունական, Յուտա Օգդեն միսիայի նախագահ, ցցի գործադիր քարտուղարի օգնական, եպիսկոպոս, երեցների քվորումի նախագահ, սեմինարիայի ուսուցիչ, ծխի երիտասարդ տղաների նախագահության խորհրդական, ցցի միսիոներական նախապատրաստության դասի ուսուցիչ և ծխի միսիայի ղեկավար։