2020
Բացել երկինքներն օգնության համար
Մայիս 2020


Բացել երկինքներն օգնության համար

Եկե՛ք գործի դնենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը:

Ինչպիսի՜ եզակի և հիանալի նիստ էր սա: Շնորհակալությո՛ւն, սիրելի՛ Լաուդի և Էնզո։ Դուք շատ լավ ներկայացրիք Եկեղեցու հրաշալի երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք այսօր շատ բան լսեցինք Եկեղեցու վերականգնման մասին. այն Եկեղեցու, որը հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, Իր երկրային ծառայության ժամանակ: Այդ վերականգնումը սկսվեց 200 տարի առաջ՝ գարնանը, երբ Հայր Աստված և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին երիտասարդ Ջոզեֆ Սմիթին:

Այդ բացառիկ տեսիլքից 10 տարի անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը և ևս հինգ հոգի կանչվեցին դառնալու Տիրոջ վերականգնված եկեղեցու հիմնադիր անդամները:

1830 թվականի ապրիլի 6-ին հավաքված այդ փոքրիկ խումբը դարձել է ավելի քան 16 միլիոն անդամ ունեցող համաշխարհային կազմակերպություն: Այն բարի գործերը, որոնք այս Եկեղեցին ամբողջ աշխարհով մեկ իրականացնում է մարդկանց տառապանքները թեթևացնելու և մարդկության համար վերելք ապահովելու համար, հայտնի է բոլորին: Բայց Եկեղեցու հիմնական նպատակն է՝ օգնել տղամարդկանց, կանանց և երեխաներին, որ նրանք հետևեն Տեր Հիսուս Քրիստոսին, պահեն Նրա պատվիրանները և արժանանան օրհնություններից ամենամեծին՝ Աստծո և իրենց սիրելիների հետ հավերժական կյանքին:1

Նշելով 1820 թվականին մեկնարկած իրադարձությունը, կարևոր է հիշել, որ թեև մենք ակնածանք ենք տածում Ջոզեֆ Սմիթի հանդեպ՝ որպես Աստծո մարգարեի, սա Ջոզեֆ Սմիթի եկեղեցին չէ, և ոչ էլ Մորմոնի եկեղեցին է։ Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Նա ճշգրտորեն հրամայեց, թե ինչպես պետք կոչել Իր Եկեղեցին. «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:2

Ես նախկինում խոսել եմ անհրաժեշտ շտկումների մասին, թե ինչպես պետք է լինի Եկեղեցու անունը։3 Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է արվել այդ շտկումը կատարելու համար: Ես անչափ շնորհակալ եմ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդին և Տասներկու Առաքյալների ամբողջ Քվորումին, ովքեր այդքան ջանք են գործադրել այդ աշխատանքը ղեկավարելու համար, ինչպես նաև մեկ ուրիշ նախաձեռնության աշխատանքը, որի մասին ես կհայտարարեմ այս երեկո:

Եկեղեցու ղեկավարներն ու բաժինները, հարակից իրավաբանական անձիք, միլիոնավոր անդամներ և այլ մարդիկ այժմ օգտագործում են Եկեղեցու ճիշտ անունը: Եկեղեցու պաշտոնական ոճի ուղեցույցը ճշգրտվել է: Եկեղեցու գլխավոր կայքն այժմ՝ ChurchofJesusChrist.org է։ Է- փոստի, դոմեյնի անունների և սոցիալական լրատվամիջոցների հասցեների ալիքները թարմացվել են: Մեր սիրելի երգչախումբն այժմ անվանում են Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի երգչախումբ:

Մենք գործադրել ենք այս բացառիկ ջանքերը, որովհետև, երբ հեռացնում ենք Տիրոջ անունը Իր Եկեղեցու անունից, մենք անզգուշաբար հեռացնում ենք Նրան մեր երկրպագության և կյանքի կիզակետից։ Երբ մկրտության ժամանակ Փրկիչի անունը վերցնում ենք մեզ վրա, մենք պարտավորվում ենք մեր մտքով, խոսքերով և գործողություններով վկայել, որ Հիսուսը Քրիստոսն է։4

Նախկինում ես խոստացել եմ, որ եթե «մեր ուժերի ներածին չափով ձգտենք վերականգնել Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը, ապա [Նա] Իր զորությունն ու օրհնությունները կհեղի Վերջին Օրերի Սրբերի գլխին այնպես, ինչպես մենք երբեք չենք տեսել»:5 Ես նորոգում եմ այդ խոստումն այսօր։

Որպեսզի hիշենք Նրան և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճանաչենք որպես Տիրոջ Եկեղեցի, մենք ուրախ ենք ներկայացնելու մի խորհրդանիշ, որը ցույց կտա Հիսուս Քրիստոսի կենտրոնական տեղն Իր Եկեղեցում:

Այս խորհրդանիշը ներառում է անկյունաքարի մեջ գտնվող Եկեղեցու անվանումը: Հիսուս Քրիստոսը «անկյունի գլուխն է»։6

Նկար
Անկյունաքարով դրոշմակնիք

Խորհրդանիշի կենտրոնում տեղադրված է Թորվալդսենի մարմարե արձանը՝ Քրիստուսը։ Այն պատկերում է հարություն առած, ապրող Տիրոջը, ով փորձում է գրկել բոլոր նրանց, ովքեր կգան Իր մոտ։

Խորհրդանշորեն, Հիսուս Քրիստոսը կանգնած է կամարի տակ: Կամարը հիշեցնում է հարություն առած Փրկիչին, որը դուրս է եկել գերեզմանից Իր խաչելությանը հաջորդող երրորդ օրը:

Նկար
Եկեղեցու նոր խորհրդանիշը

Այս խորհրդանիշը շատերին պետք է ծանոթ թվա, քանի որ մենք վաղուց արդեն վերականգնված ավետարանը նույնացրել ենք ապրող, հարություն առած Քրիստոսի հետ։

Այս խորհրդանիշն այժմ կօգտագործվի որպես տեսողական նույնականացում Եկեղեցու պաշտոնական գրականության, նորությունների և իրադարձությունների համար։7 Դա կհիշեցնի բոլորին, որ սա Փրկիչի Եկեղեցին է, և այն ամենը, ինչ մենք անում ենք՝ որպես Նրա Եկեղեցու անդամներ, կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վաղը Ծաղկազարդն է, որը Երեց Գոնգն այդքան պերճախոս ուսուցանեց: Այդ օրը սկսում ենք հատուկ շաբաթը, որն ավարտվում է Զատիկով: Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, որ ապրում են այն օրերում, երբ COVID-19-ի համավարակն ամբողջ աշխարհը դարձրեց խառնաշփոթ, եկեք չխոսենք միայն Քրիստոսի մասին, քարոզենք Քրիստոսի մասին, կամ օգտագործենք Քրիստոսը ներկայացնող խորհրդանիշը:

Եկե՛ք գործի դնենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը:

Ինչպես գիտեք, Եկեղեցու անդամներն ամիսը մեկ օր պահում են ծոմի օրենքը:

Ծոմապահության վարդապետությունը հին է: Աստվածաշնչյան հերոսներն այն կիրառել են ամենավաղ ժամանակներից: Մովսեսը, Դավիթը, Եզրասը, Նեեմիան, Եսթերը, Եսայիան, Դանիելը, Հովելը և շատ ուրիշներ ծոմ են պահել և քարոզել ծոմապահությունը։8 Եսայիայի գրած տողերում, Տերն ասել է․ «Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները, և ջարդուածներին ազատ թող տուր»։9

Պողոս առաքյալը Կորնթոսի սրբերին հորդորեց «որ ծոմապահութեան եւ՝ աղօթքի պարապուիք»:10 Փրկիչն անձամբ հայտարարեց, որ որոշ գործեր չեն ստացվի, «եթե ոչ աղոթքով և ծոմով»։11

Սոցիալական լրատվամիջոցների տեսանյութում ավելի շուտ ասել եմ, որ «որպես բժիշկ և վիրաբույժ, ես մեծապես հիացած եմ բժշկության բնագավառի մասնագետների, գիտնականների և բոլոր մարդկանց աշխատանքով, ովքեր շուրջօրյա ռեժիմով փորձում են կանգնեցնել COVID-19-ի տարածումը»։12

Այժմ, որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ և Հիսուս Քրիստոսի առաքյալ, ես գիտեմ, որ Աստված «ունի ողջ զորությունը, ողջ իմաստությունը և ողջ հասկացողությունը. նա ըմբռնում է բոլոր բաները, և նա ողորմած Էակ է, ի փրկություն նրանց, ովքեր կապաշխարեն ու կհավատան նրա անունին»։13

Այսպիսով, մեծ նեղությունների ժամանակ, ինչպես այն դեպքում, երբ հիվանդությունը հասնում է համավարակի չափերի, ամենաբնական բանը մեզ համար մեր Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Մեծագույն Բժիշկին, դիմելն է, որ նրանք ցույց տան Երկրի ժողովրդին օրհնելու իրենց զարմանալի ուժը։

Իմ տեսաուղերձում հրավիրել եմ բոլորին 2020 թվականի մարտի 29-ին, կիրակի օրը, միանալ ծոմապահությանը։ Ձեզանից շատերը, գուցե, տեսել են տեսանյութը և միացել ծոմապահությանը: Ոմանք՝ գուցե չեն միացել։ Այժմ մեզ կրկին օգնություն է անհրաժեշտ երկնքից։

Այսպիսով, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այսօր երեկոյան Մոսիայի որդիների ոգով, որոնք շատ ծոմ էին պահել և աղոթել,14 և 2020 թվականի ապրիլի մեր գերագույն համաժողովի շրջանակներում, ես կոչ եմ անում մեկ այլ համաշխարհային ծոմապահության։ Բոլոր նրանց համար, ում առողջությունը թույլ կտա, եկեք ծոմ պահենք, աղոթենք և մեկ անգամ ևս միավորենք մեր հավատքով: Եկեք աղոթքով խնդրենք, որ ազատվենք այս համաշխարհային համավարակից:

Հրավիրում եմ բոլորին, այդ թվում նաև ոչ մեր հավատքի մարդկանց, ապրիլի 10-ին՝ Ավագ ուրբաթին, ծոմ պահել և աղոթել, որպեսզի առկա համավարակը հնարավոր լինի վերահսկել, խնամակալները պաշտպանված լինեն, տնտեսությունն ուժեղանա և կյանքը կարգավորվի:

Ինչպե՞ս ենք մենք ծոմ պահում: Սովորաբար երկու անգամվա սննդի բաժինը, կամ 24 ժամը բավարար է։ Բայց դուք եք որոշում, թե ինչն է ձեզ համար զոհաբերություն, երբ հիշեք այն մեծագույն զոհաբերությունը, որը Փրկիչը կատարեց ձեզ համար։ Եկեք միավորվենք և խնդրենք ապաքինում ամբողջ աշխարհով մեկ։

Բարի ուրբաթը կլինի այն կատարյալ օրը, երբ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին կլսեն մեզ։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես իմ խորին սերն եմ արտահայտում ձեր հանդեպ և բերում եմ իմ վկայությունն այն գործի աստվածայնության մասին, որում մենք ներգրավված ենք: Սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է։ Նա կանգնած է Եկեղեցու գլխին և ուղղորդում է այն ամենը, ինչ մենք անում ենք: Ես գիտեմ, որ Նա կպատասխանի Իր ժողովրդի խնդրանքներին: Ես այդ մասին վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: