2020
Երաշխավորել արդար դատաստան
Մայիս 2020


Երաշխավորել արդար դատաստան

Որպեսզի երաշխավորենք արդար դատաստան, Փրկիչի քավիչ զոհաբերությունը կհեռացնի անգիտության ծիլերը և ուրիշների պատճառած վիրավորանքի հոգևոր ցավերը:

Մորմոնի Գիրքը ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը

Անցյալ հոկտեմբերին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ կոչ արեց մտածել, թե ինչպե՞ս կփոխվեր մեր կյանքը, եթե «Մորմոնի Գրքից սովորած գիտելիքները հանկարծակի վերցվեին [մեզանից]»:1 Ես խորհել եմ նրա հարցի շուրջ և համոզված եմ, շատերդ եք նույն կերպ վարվել: Մի միտք կրկին ու կրկին այցելում էր ինձ, թե առանց Մորմոնի Գրքի և Քրիստոսի վարդապետության ու Նրա քավիչ զոհաբերության մասին նրա տված հստակության, ես որտե՞ղ խաղաղություն կգտնեի:

Քրիստոսի վարդապետությունը, որն ընդգրկում է Քրիստոսի հանդեպ հավատքի փրկարար սկզբունքներն ու արարողությունները, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ տոկալը, բազմաթիվ անգամներ ուսուցանվում է Վերականգնման բոլոր սուրբ գրություններում, բայց առանձնահատուկ զորությամբ այն ուսուցանվում է Մորմոնի Գրքում:2 Վարդապետությունը սկսվում է Քրիստոսի հանդեպ հավատքով, և դրա տարրերից յուրաքանչյուրը կախված է Նրա քավիչ զոհաբերության հանդեպ վստահությունից:

Ինչպես նախագահ Նելսոնն է ուսուցանել. «Հիսուս Քրիստոսի Քավության մասին Մորմոնի Գիրքը տրամադրում է ամենից ամբողջական և հեղինակավոր հասկացողությունը, որը երբևէ եղել է մինչ այդ»:3 Որքան շատ է մեծանում մեր հասկացողությունը Փրկիչի երկնային պարգևի մասին, մեր մտքում ու սրտում այնքան լավ ենք սկսում հասկանալ4 նախագահ Նելսոնի հավաստիացման իսկությունը, որ «Մորմոնի Գրքի ճշմարտությունները զորություն ունեն բժշկելու, սփոփելու, վերականգնելու, սատարելու, զորացնելու, մխիթարելու և քաջալերելու մեր հոգիները»:5

Փրկիչի Քավությունը բավարարում է արդարադատության բոլոր պահանջները

Փրկիչի Քավության մասին մեր հասկացողության մեջ Մորմոնի Գրքի կարևոր և խաղաղություն պարգևող ներդրումը նրա ուսմունքն է առ այն, որ Քրիստոսի գթասիրտ զոհաբերությունը կատարում է արդարադատության բոլոր պահանջները: Ինչպես Ալման է բացատրել. «Հետևաբար, Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը՝ իրականացնելով ողորմության ծրագիրը, բավարարելով արդարադատության պահանջները, որպեսզի Աստված լինի կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված»:6 Հոր ողորմության ծրագիրը7, որը սուրբ գրություններում նաև կոչվում է երջանկության ծրագիր8 կամ փրկության ծրագիր9, չի կարող իրականացվել, եթե արդարադատության բոլոր պահանջները չբավարարվեն:

Բայց իրականում որո՞նք են «արդարադատության պահանջները»: Դիտարկեք Ալմայի փորձառությունը: Հիշեք, որ երիտասարդ Ալման շրջում էր ամենուր, «որպեսզի կործանի եկեղեցին»:10 Փաստորեն, Ալման ասաց իր որդի Հելամանին, որ ինքը «տանջվում էր դժոխքի ցավերով», քանի որ հաջողությամբ «սպանել էր [Աստծո] զավակներից շատերին»՝ տանելով նրանց «դեպի կործանում»:11

Ալման բացատրեց Հելամանին, որ ինքը վերջապես խաղաղություն ձեռք բերեց, երբ իր «դատողությունը որսաց այս միտքը» իր հոր ուսմունքներում «Հիսուս Քրիստոսի … գալուստի վերաբերյալ … քավելու համար աշխարհի մեղքերը»:12 Զղջացող Ալման աղերսում էր Քրիստոսի ողորմությունը,13 իսկ հետո զգաց ուրախություն և սփոփանք, երբ հասկացավ, որ Քրիստոսը քավել էր իր մեղքերը և վճարել այն ամենը, ինչ արդարադատությունը պահանջում էր: Կրկին, ի՞նչ կպահանջեր արդարադատությունը Ալմայից: Ինչպես Ալման ինքը ավելի ուշ ուսուցանեց, «ոչ մի անմաքուր բան չի կարող ժառանգել Աստծո արքայությունը»14: Ուստի, Ալմայի սփոփանքի մի մասը, հնարավոր է այն էր, որ եթե ողորմությունը չմիջամտեր, արդարադատությունը կխանգարեր նրան վերադառնալ ու ապրել Երկնային Հոր հետ:15

Փրկիչը բժշկում է այն վերքերը, որոնք մենք չենք կարող բժշկել

Բայց արդյո՞ք Ալմայի ուրախությունը կենտրոնացած էր լոկ իր վրա, որ ինքը խուսափեր պատժից և ինքնուրույն կարողանար վերադառնալ Հոր մոտ: Մենք գիտենք, որ Ալման տառապում էր նաև նրանց համար, ում ինքը հեռացրել էր ճշմարտությունից:16 Բայց Ալման չէր կարող բժշկել ու վերականգնել այն բոլոր մարդկանց, ում ինքը մոլորեցրել էր: Նա ինքնուրույն չէր կարող երաշխավորել, որ նրանց արդար հնարավորություն կտրվեր սովորելու Քրիստոսի վարդապետությունը և օրհնվել՝ ապրելով դրա ուրախ սկզբունքներով: Նա չէր կարող վերադարձնել նրանց, ովքեր մահացել էին իր կեղծ ուսմունքով խաբված:

Ինչպես նախագահ Բոյդ Ք. Փաքերն է ուսուցանել. «Միտքը, որը փրկեց Ալմային … հետևյալն է՝ վերականգնել այն, ինչը չես կարող վերականգնել, բժշկել վերքը, որը չես կարող բժշկել, նորոգել այն, ինչը կոտրել ես և չես կարող նորոգել. ահա սա է Քրիստոսի քավության նպատակը»:17 Բերկրալի ճշմարտությունը, որը «որսաց Ալմայի միտքը», միայն այն չէր, որ ինքը կարող է մաքրվել, այլև այն, որ կարող էին բժշկվել և առողջանալ նաև այն մարդիկ, ում ինքը վնասել էր:

Փրկիչի զոհաբերությունը երաշխավորում է արդար դատաստան

Այս քաջալերող վարդապետությամբ Ալմայի փրկվելուց տարիներ առաջ Բենիամին թագավորն ուսուցանել էր Փրկիչի քավիչ զոհաբերության բժշկող զորության մասին: Բենիամին թագավորը հայտարարեց, որ «մեծ ուրախության ավետիքը» հայտնի դարձվեց իրեն «Տիրոջ հրեշտակի կողմից»:18 Այդ ուրախ ավետիքը ներառում էր այն ճշմարտությունը, որ Քրիստոսը կտառապի ու կմեռնի մեր մեղքերի ու սխալների համար, երաշխավորելով, որ «մի արդար դատաստան գա մարդկանց զավակների վրա»:19

Հատկապես ի՞նչ է պահանջում «արդար դատաստանը»։ Հաջորդ հատվածում Բենիամին թագավորը բացատրեց, որ որպեսզի երաշխավորի արդար դատաստան, Փրկիչի արյունը քավեց «նրանց մեղքերը, որոնք ընկել են Ադամի օրինազանցության պատճառով», և նրանց համար, «որոնք մահացել են՝ չիմանալով Աստծո կամքն իրենց վերաբերյալ, կամ ովքեր անգիտակցորեն են մեղք գործել»:20 Նա ուսուցանեց, որ արդար դատաստանը նաև պահանջում էր, որ «Քրիստոսի արյունը քավի» փոքր երեխաների մեղքերը:21

Այս սուրբ գրությունները ուսուցանում են մի փառահեղ վարդապետություն. Փրկիչի քավիչ զոհաբերությունը, որպես անվճար պարգև, բժշկում է նրանց, ովքեր անգիտակցորեն են մեղք գործել, նրանց, ում համար, ինչպես Հակոբն է ասել, «չկա տրված օրենք»:22 Պատասխանատվությունը մեղքի համար կախված է մեզ տրված հասկացողությունից, ինչպես նաև կախված է մեր կամքը գործադրելու կարողությունից:23 Այս բժշկող և սփոփող ճշմարտությունը մենք գիտենք միայն Մորմոնի Գրքի և Վերականգնման այլ սուրբ գրությունների շնորհիվ:24

Անշուշտ, որտեղ կա տրված օրենք, որտեղ մենք անտեղյակ չենք Աստծո կամքին, մենք պատասխանատու ենք: Ինչպես Բենիամին թագավորն է շեշտել. «Բայց, վա՜յ, վա՜յ նրան, ով գիտի, որ ապստամբում է Աստծո դեմ: Քանզի փրկությունն այդպիսիներից ոչ մեկին չի գա, բացի դա լինի ապաշխարհության և առ Տեր Հիսուս Քրիստոսը հավատքի միջոցով»:25

Սա ևս Քրիստոսի վարդապետության մեծ ավետիքն է: Փրկիչը ոչ միայն բժշկում և վերականգնում է նրանց, ովքեր անգիտակցորեն մեղք են գործում, այլև նրանց, ովքեր մեղք են գործում լույսի դեմ, Փրկիչն առաջարկում է բժշկում՝ ապաշխարության և Իր հանդեպ հավատքի պայմանով:26

Ալման, հնարավոր է, «որսացել է» այս երկու ճշմարտությունները: Արդյո՞ք Ալման իրոք զգացել էր այն, ինչ ինքը կոչել էր «ուժգին … ուրախություն»,27 եթե նա կարծում էր, որ Քրիստոսը փրկեց իրեն, բայց ընդմիշտ վնասված թողեց նրանց, ում ինքը հեռացրել էր ճշմարտությունից: Անշուշտ, չէր զգացել: Որպեսզի Ալման ամբողջական խաղաղություն զգար, պետք է բժշկման հնարավորություն ստանային նաև նրանք, ում ինքը վնասել էր:

Բայց հատկապես ինչպե՞ս կբժշկվեն նա կամ նրանք, ում մենք կարող ենք վնասել: Չնայած մենք լիովին չենք հասկանում սրբազան գործընթացները, որոնցով Փրկիչի քավիչ զոհաբերությունը բժշկում և վերականգնում է, մենք իրոք գիտենք, որ որպեսզի երաշխավորենք արդար դատաստան, Փրկիչը կհեռացնի անգիտության ծիլերը և ուրիշների պատճառած վիրավորանքի հոգևոր ցավերը:28 Սրանով Նա հավաստիացնում է, որ Աստծո բոլոր զավակներին հնարավորություն կտրվի պարզ տեսլականով ընտրել հետևել Իրեն և ընդունել երջանկության մեծ ծրագիրը:29

Փրկիչը կնորոգի այն, ինչ մենք կոտրել ենք

Ահա այս ճշմարտությունները խաղաղություն կբերեին Ալմային: Եվ այս ճշմարտություններն են, որոնք մեզ նույնպես պետք է մեծ ուրախություն բերեն: Քանի որ մենք բնական տղամարդիկ և կանայք ենք, մենք բոլորս երբեմն հարվածում ենք կամ բախվում ենք միմյանց՝ պատճառելով վնասներ: Ինչպես յուրաքանչյուր ծնող կարող է վկայել, մեր սխալներին ուղեկցող ցավը մեր սեփական պատժի վախը չէ միայն, այլև վախը, որ մենք, գուցե, սահմանափակել ենք մեր զավակների ուրախությունը կամ ինչ-որ կերպ խանգարել ենք նրանց տեսնել ու հասկանալ ճշմարտությունը: Փրկիչի քավիչ զոհաբերության փառավոր խոստումն այն է, որ ինչ վերաբերում է մեր սխալներին, որպես ծնողներ, Նա մեր զավակներին անմեղ է համարում և հոգևոր բժշկում է խոստանում նրանց:30 Եվ նույնիսկ, եթե նրանք մեղանչել են՝ ունենալով ճշմարտության մասին գիտելիքը, ինչպես մենք բոլորս ենք անում, Նա կմեկնի Իր ողորմության բազուկը31 և կփրկագնի նրանց, եթե նրանք նայեն Իրեն ու ապրեն:

Չնայած Փրկիչը զորություն ունի ուղղելու այն, ինչ մենք չենք կարող շտկել, Նա պատվիրում է մեզ անել այն ամենը, ինչ կարող ենք հատուցման համար՝ որպես մեր ապաշխարության մաս:33 Մեր մեղքերն ու սխալները խանգարում են ոչ միայն Աստծո հետ մեր հարաբերություններին, այլև ուրիշների հետ փոխհարաբերություններին: Երբեմն բժշկելու և վերականգնելու մեր ջանքերը կարող են պարզ լինել, ինչպես օրինակ ներողությունը, բայց այլ դեպքերում հատուցումը կարող է պահանջել տարիների խոնարհ ջանքեր:34 Սակայն մեր շատ մեղքերի ու սխալների դեպքում մենք պարզապես չենք կարող լիովին բժշկել նրանց, ում վնասել ենք: Մորմոնի Գրքի և վերականգնված ավետարանի հրաշալի և խաղաղություն պարգևող խոստումն այն է, որ Փրկիչը կնորոգի այն ամենը, ինչ մենք կոտրել ենք:35 Եվ Նա կնորոգի նաև մեզ, եթե հավատքով դառնանք դեպի Իրեն և ապաշխարենք այն վնասի համար, որը մենք ենք պատճառել:36 Նա առաջարկում է այս երկու պարգևները, քանի որ Նա կատարյալ սիրով սիրում է մեզ բոլորիս,37 և քանի որ Նա հանձնառու է ապահովել արդար դատաստան, որը պատվում է ինչպես արդարադատությունը, այնպես էլ ողորմածությունը: Ես վկայում եմ, որ սա ճշմարիտ է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: