2010–2019 թթ․
Հոգևոր գանձեր
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Հոգևոր գանձեր

Երբ դուք հավատք գործադրեք Տիրոջ և Նրա քահանայության զորության նկատմամբ, Տիրոջ կողմից հասանելի դարձված այդ հոգևոր գանձն օգտագործելու ձեր ունակությունը կմեծանա։

Շնորհակալություն այդ գեղեցիկ երաժշտության համար: Երբ բոլորս ոտքի կանգնեցինք այդ միջանկյալ «Փառք Քեզ Տեր Մարգարեի համար» երգը երգելու համար, երկու զորեղ միտք ծագեց իմ մտքում։ Մեկը՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին է, այս տնտեսության մարգարեի մասին։ Յուրաքանչյուր անցնող օրվա հետ նրա հանդեպ իմ սերն ու հարգանքն ավելանում է։ Երկրորդ միտքը ծագեց, երբ նայեցի կնոջս, իմ դուստրերին, թոռներիս և ծոռներիս։ Զգացի, կարծես հավակնում եմ բոլորիդ ունենալ որպես իմ ընտանիքի մի մաս։

Մի քանի ամիս առաջ տաճարի օժտման նիստի ավարտից հետո ես կնոջս, Ուենդիին, ասացի. «Հուսով եմ, որ քույրերը հասկանում են տաճարում իրենց ունեցած հոգևոր գանձերը»: Քույրեր, ես հաճախ եմ մտածում ձեր մասին, և մտածում էի ձեր մասին նաև երկու ամիս առաջ, երբ Ուենդին և ես այցելեցինք Հարմոնի, Փենսիլվանիա:

Նկար
Ահարոնյան Քահանայության վերականգնումը

Դա մեր երկրորդ այցելությունն էր Հարմոնի։ Երկու անգամն էլ մենք խորապես հուզվում էինք, երբ քայլում էինք այդ սուրբ հողի վրա։ Հարմոնիի մոտ էր, երբ Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և վերականգնեց Ահարոնյան քահանայությունը։

Նկար
Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը

Այդտեղ էր, երբ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալները հայտնվեցին՝ Մելքիսեդեկյան Քահանայությունը վերականգնելու համար։

Հարմոնիում էր, երբ Էմմա Հեյլ Սմիթը ծառայեց որպես իր ամուսնու առաջին դպիր, մինչ Մարգարեն թարգմանում էր Մորմոնի Գիրքը:

Եվ Հարմոնիում էր, որ Ջոզեֆը հայտնություն ստացավ, որտեղ դրսևորվում էր Տիրոջ կամքը Էմմայի նկատմամբ։ Տերը հրահանգեց Էմմային բացատրել սուրբ գրությունները, հորդորել Եկեղեցին, ստանալ Սուրբ Հոգին և իր ժամանակը տրամադրել «շատ սովորելուն»։ Էմմային նաև խորհուրդ տրվեց «մի կողմ դնել այս աշխարհի բաները և ավել լավ բաների ձգտել» և ամուր կառչել Աստծո հետ կապած իր ուխտերին։ Տերն Իր ցուցումները եզրափակեց հետևյալ համոզիչ խոսքերով․ «Սա իմ ձայնն է բոլորին»։1

Ամեն ինչ, որ տեղի է ունեցել այդ տարածքում, խոր ազդեցություն ունի ձեր կյանքի վրա։ Քահանայության վերականգնումը, ինչպես նաև Էմմային տրված Տիրոջ խորհուրդը, կարող է առաջնորդել և օրհնել ձեզանից յուրաքանչյուրին: Շատ եմ ուզում, որ դուք հասկանաք, որ քահանայության վերականգնումը նույնքան կարևոր է կնոջ համար, որքան ցանկացած տղամարդու: Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման շնորհիվ ուխտեր պահող կանայք և տղամարդիկ կարող են ստանալ «եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունները»,2 կամ, կարող ենք ասել, բոլոր հոգևոր գանձերը, որոնք Տերը պահել է Իր զավակների համար։

Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, ով Աստծո հետ ուխտ է կապում և պահում այդ ուխտերը, և ով արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, ուղղակիորեն կարող է ստանալ Աստծո զորությունը: Նրանք, ովքեր օժտված են Տիրոջ տանը, իրենց ուխտի առաքինության շնորհիվ ստանում են Աստծո քահանայության զորության պարգևը, ինչպես նաև գիտելիքի պարգևը՝ իմանալու, թե ինչպես օգտագործել այդ զորությունը։

Երկինքները նույնքան բաց են այն կանանց համար, ովքեր օժտված են իրենց քահանայության ուխտերից բխող Աստծո զորությամբ, որքան բաց են այն տղամարդկանց համար, ովքեր կրում են քահանայությունը: Ես աղոթում եմ, որ ճշմարտությունը դրոշմվի ձեզանից յուրաքանչյուրի սրտի վրա, քանի որ ես հավատում եմ, որ այն կփոխի ձեր կյանքը։ Քույրեր, դուք իրավունք ունեք ազատ օգտագործելու Փրկիչի զորությունը, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին և այլոց, ում դուք սիրում եք։

Այս պահին գուցե դուք ասում եք․ «Դա լավ է հնչում, բայց ինչպե՞ս անեմ դա։ Ինչպե՞ս Փրկիչի զորությունն օգտագործեմ իմ կյանքում»։

Այդ գործընթացը չեք գտնի շարադրված որևէ ձեռնարկում։ Սուրբ Հոգին կլինի ձեր անձնական ուսուցիչը, երբ ձգտեք հասկանալ, թե Տերն ինչ կուզենար, որ դուք իմանայիք և անեիք։ Այդ գործընթացը դանդաղ և բարդ է, բայց այն հոգևորապես կազդուրիչ է։ Ի՞նչը կարող է ավելի ոգևորիչ լինել, քան Հոգով աշխատելը, որպեսզի հասկանաք Աստծո զորությունը՝ քահանայության զորությունը:

Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, դա այն է, որ ձեր կյանքում Աստծո զորությունը ստանալու համար պահանջվում են նույն բաները, որոնք Տերը հրահանգել է Էմմային և ձեզանից յուրաքանչյուրին:

Այսպիսով, ես ձեզ հրավիրում եմ աղոթքով ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 25-րդ բաժինը և բացահայտել, թե Սուրբ Հոգին ինչ կուսուցանի ձեզ։ Ձեր անձնական հոգևոր ջանքերն ուրախություն կբերեն ձեզ, երբ ձեռք բերեք, հասկանաք և օգտագործեք այն զորությունը, որով դուք օժտվել եք:

Այդ ջանքերի մի մասը ձեզանից կպահանջի մի կողմ դնել այս աշխարհի շատ բաներ: Երբեմն մենք գրեթե սովորական ենք խոսում աշխարհից հեռու քայլելու մասին՝ նրա հակասական, տարածված գայթակղություններով և կեղծ փիլիսոփայություններով հանդերձ։ Բայց դա իսկապես անելու համար, դուք պետք է մանրակրկիտ և պարբերաբար քննեք ձեր կյանքը Երբ անեք դա, Սուրբ Հոգին կհուշի ձեզ այն մասին, թե ինչի կարիքն այլևս չունեք, ինչի համար այլևս չարժե ծախսել ձեր ժամանակն ու եռանդը։

Երբ ձեր ուշադրությունը թեքեք աշխարհի շեղող հանգամանքներից, որոշ բաներ, որոնք ձեզ համար այժմ կարևոր են թվում, կդառնան քիչ կարևոր։ Դուք պետք է ոչ ասեք որոշ բաների, նույնիսկ, եթե դրանք անվնաս թվան։ Երբ սկսեք և շարունակեք ձեր ողջ կյանքը տևող այս գործընթացը և կենտրոնացնեք ձեր կյանքը Տիրոջ վրա՝ ձեր հեռանկարի, զգացմունքների և հոգևոր ուժի փոփոխությունները կզարմացնեն ձեզ։

Այժմ, նախազգուշացնող մի քանի խոսք։ Կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կխարխլեն Աստծո զորությանը դիմելու ձեր ունակությունը: Կլինեն ոմանք, ովքեր կստիպեն ձեզ կասկածել և նվազագույնի կհասցնեն արդար կնոջ ձեր բացառիկ հոգևոր կարողությունները:

Անշուշտ, հակառակորդը չի ցանկանում, որ դուք ստանաք մկրտության ժամանակ ձեր կապած ուխտը, կամ գիտելիքի ու զորության այն խորիմաստ օժտումը, որ դուք ստացել եք կամ կստանաք տաճարում՝ Տիրոջ տանը։ Եվ Սատանան, անշուշտ, չի ուզում, որ դուք հասկանաք, որ ամեն անգամ տաճարում արժանիորեն ծառայելիս կամ երկրպագելիս, դուք հեռանում եք տաճարից՝ զինված Աստծո զորությամբ և Նրա հրեշտակները «պահպանում են» ձեզ:3

Սատանան և նրա ծառաները միշտ կստեղծեն ճանապարհային արգելափակումներ, որպեսզի թույլ չտան հասկանալ այն հոգևոր պարգևները, որոնցով դուք օրհնվել եք, և կարող եք օրհնվել: Դժբախտաբար, որոշ ճանապարհային արգելափակումներ կարող են լինել ուրիշի սխալ պահվածքի հետևանք: Ինձ վշտացնում է այն միտքը, որ ձեզանից ինչ-որ մեկն իրեն զգացել է ոչ պիտանի, չի հավատացել քահանայության որևէ ղեկավարի, ենթարկվել է բռնության կամ դավաճանության՝ ամուսնու, հոր կամ ենթադրյալ ընկերոջ կողմից: Խոր վիշտ եմ ապրում նրա համար, որ ձեզանից ինչ-որ մեկը իրեն զգացել է անտեսված, չհարգված կամ սխալ հասկացված: Այդպիսի վիրավորանքները տեղ չունեն Աստծո արքայությունում։

Եվ ընդհակառակը, ես ոգևորվում եմ, երբ լսում եմ քահանայության ղեկավարների մասին, ովքեր անհամբերությամբ են սպասում կանանց մասնակցությանը ծխի և ցցի խորհուրդներում: Ինձ ոգեշնչում են այն ամուսինները, որոնք ցույց են տալիս, որ քահանայության իրենց ամենակարևոր պարտականությունն իրենց կանանց մասին հոգ տանելն է։4 Ես գովաբանում եմ այն տղամարդուն, ով խորապես հարգում է հայտնություն ստանալու իր կնոջ ունակությունը և գնահատում է նրան՝ որպես հավասար գործընկեր իրենց ամուսնության մեջ:

Երբ տղամարդը հասկանում է արդար, ջանացող, օժտված Վերջին օրերի սուրբ կնոջ վեհությունն ու զորությունը, զարմանալի չէ, որ նա ոտքի է կանգնում, երբ կինը սենյակ է մտնում:

Ի սկզբանե, կանայք օրհնված էին եզակի բարոյական կողմնացույցով՝ ճիշտը սխալից տարբերելու ունակությամբ։ Այն մարդկանց մոտ, ովքեր ուխտեր են կապում և պահում, այդ պարգևը մեծանում է։ Եվ այդ պարգևը նվազում է նրանց մոտ, ովքեր ինքնակամ անտեսում են Աստծո պատվիրանները։

Շտապում եմ ավելացնել, որ ես տղամարդկանց ոչ մի կերպ չեմ ազատում նաև նրանց տրված Աստծո պահանջից՝ տարբերելու ճիշտը սխալից։ Սակայն, իմ սիրելի՛ քույրեր, ճիշտը սխալից տարբերելու, հասարակության բարոյականության պահապաններ լինելու ձեր ունակությունը կարևոր է այս վերջին օրերում։ Եվ մենք ակնկալում ենք, որ դուք ուսուցանեք ուրիշներին նույն կերպ վարվել։ Թույլ տվեք ավելի պարզ ասեմ․ եթե այս աշխարհը կորցնի իր կանանց բարոյական ուղղամտությունը, աշխարհը երբեք չի վերականգնվի։

Մենք՝ Վերջին Օրերի Սրբերս, այս աշխարհից չենք․ մենք ուխտյալ Իսրայելից ենք։ Մենք կանչված ենք ժողովրդին Տիրոջ Երկրորդ Գալուստին նախապատրաստելու համար։

Այժմ, թույլ տվեք պարզաբանել մի քանի լրացուցիչ կետեր՝ կանանց և քահանայության վերաբերյալ։ Երբ դուք ձեռնադրվում եք ծառայելու կոչման մեջ այն մարդու ղեկավարության ներքո, ով կրում է քահանայության բանալիներ, ինչպիսին է ձեր եպիսկոպոսը կամ ցցի նախագահը, ձեզ տրվում է քահանայության իշխանություն՝ գործելու այդ կոչման մեջ:

Նմանապես, սուրբ տաճարում դուք ունեք իշխանություն կատարելու և պաշտոնավարելու քահանայության արարողությունների ժամանակ՝ ամեն անգամ, երբ դուք հաճախում եք։ Տաճարային ձեր օժտումը նախապատրաստում է ձեզ դրա համար։

Եթե օժտված եք, բայց ներկայումս ամուսնացած չեք մի մարդու հետ, ով կրում է քահանայություն, և ինչ-որ մեկը ձեզ ասում է. «Ցավում եմ, որ ձեր տանը քահանայություն չունեք», խնդրում եմ հասկացեք, որ այդ հայտարարությունը ճիշտ չէ: Գուցե, դուք ձեր տանը չունեք քահանայություն կրող, բայց դուք ընդունել և սրբազան ուխտեր եք կապել Աստծո հետ Նրա տաճարում։ Այդ ուխտերից ձեզ վրա է հորդում Նրա քահանայության զորության օժտումը։ Եվ հիշեք, եթե ձեր ամուսինը մահանա, դուք կնախագահեք ձեր տանը։

Որպես արդար, օժտված Վերջին Օրերի սուրբ կին, դուք խոսում և ուսուցանում եք Աստծուց բխող զորությամբ և իշխանությամբ։ Հորդորելիս թե զրույցի ժամանակ, մենք կարիք ունենք, որ ձեր ձայնն ուսուցանի Քրիստոսի վարդապետությունը: Մեզ պետք է, որ դուք ներդրում ունենաք ընտանեկան, ծխի ու ցցի խորհուրդներում: Ձեր մասնակցությունը կարևոր է և երբեք էլ ցուցադրական չէ։

Իմ սիրելի՛ քույրեր, ձեր զորությունը կավելանա, երբ դուք ծառայեք ուրիշներին: Ձեր աղոթքները, ծոմապահությունը, սուրբ գրություններ կարդալու ժամանակը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի ծառայությունը կբացեն երկինքները ձեզ համար:

Ես խնդրում եմ, որ դուք աղոթքով ուսումնասիրեք բոլոր ճշմարտությունները, որոնք կգտնեք քահանայության մասին։ Կարող եք սկսել Վարդապետություն և Ուխտեր 84 և 107 բաժիններից։ Այդ բաժինները կհուշեն այլ հատվածներ։ Ժամանակակից մարգարեների, տեսանողների և հայտնողների սուրբ գրությունները և ուսմունքները լցված են այս ճշմարտություններով: Երբ ձեր հասկացողությունը մեծանա և դուք հավատք գործադրեք Տիրոջ և Նրա քահանայության զորության նկատմամբ, Տիրոջ կողմից հասանելի դարձված այդ հոգևոր գանձն օգտագործելու ձեր ունակությունը կմեծանա։ Երբ դա անեք, դուք ինքներդ ավելի լավ կկարողանաք օգնել ձեզ՝ ստեղծելու հավերժական ընտանիքներ, որոնք միավորված են, կնքված են Տիրոջ տաճարում և լի են մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրով:

Միմյանց ծառայելու, ավետարանը հռչակելու, Սրբերին կատարելագործելու և մահացածներին փրկագնելու մեր բոլոր ջանքերը կատարվում են տաճարում։ Ամբողջ աշխարհում մենք ունենք 166 տաճարներ և շատերը գտնվում են շինարարության փուլում։

Ինչպես արդեն գիտեք, Սոլթ Լեյքի տաճարը, Տաճարային Հրապարակի և Եկեղեցու գրասենյակի շենքի հարևանությամբ գտնվող պլազան կվերանորոգվեն մի ծրագրում, որը կսկսվի այս տարվա վերջին։ Այս սուրբ տաճարը պետք է պահպանվի և պատրաստ լինի ոգեշնչելու ապագա սերունդներին, ինչպես դա ներգործեց մեզ վրա՝ այս սերնդի ժամանակ:

Եկեղեցու աճին զուգընթաց, կկառուցվեն ավելի շատ տաճարներ, որպեսզի ավելի շատ ընտանիքներ կարողանան ստանալ օրհնություններից ամենամեծը՝ հավերժական կյանքը:5 Մենք տաճարը համարում ենք Եկեղեցու ամենասուրբ կառույցը։ Երբ նոր տաճար կառուցելու ծրագրեր են հայտարարվում, այն դառնում է մեր պատմության կարևոր մասը: Ինչպես մենք այստեղ քննարկեցինք երեկոյան, դուք՝ քույրե՛ր, շատ կարևոր եք տաճարային աշխատանքի համար, և տաճարը հենց այն վայրն է, որտեղ դուք կստանաք ձեր ամենամեծ հոգևոր գանձերը:

Խնդրում ենք լսել ուշադիր և ակնածանքով, քանի որ այժմ ես կհայտարարեմ ութ նոր տաճար կառուցելու ծրագրերի մասին: Եթե մեկը հայտարարվի այն վայրում, որը կարևոր է ձեզ համար, ես առաջարկում եմ, որ դուք պարզապես աղոթքն ու երախտագիտությունը ձեր սրտում՝ ձեր գլուխը խոնարհեք: Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ նախատեսվում է տաճարներ կառուցել հետևյալ վայրերում. Ֆրիթաուն (Սիերա Լեոնե), Օրեմ (Յուտա), Պորտ Մորեսբի (Պապուա Նոր Գվինեա), Բենտոնվիլ (Արկանզաս), Բակոլոդ (Ֆիլիպիններ), Մաքալեն (Տեխաս), Կոբոն (Գվատեմալա) և Թեյլորսվիլ (Յուտա): Շնորհակալություն ձեզ, սիրելի՛ քույրեր: Մենք խորապես գնահատումենք, որ ընդունում և ակնածալից արձագանքում եք այդ ծրագրերին։

Այժմ, ավարտելով, ես կցանկանայի օրհնություն թողնել ձեզ վրա, որ դուք հասկանաք քահանայության զորությունը, որով դուք օժտվել եք և, որ դուք մեծացնեք այդ զորությունը՝ գործադրելով ձեր հավատքը Տիրոջ և Նրա զորության նկատմամբ:

Սիրելի՛ քույրեր, խորին հարգանքով և երախտագիտությամբ իմ սերն եմ հայտնում ձեր հանդեպ: Ես խոնարհաբար հայտարարում եմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Ես այսպես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: