2019
Ինչպե՞ս է սկսվում հավատքը
Ապրիլ 2019


Ինչպե՞ս է սկսվում հավատքը

Կյանքի որոշակի պահի մարդկանց մեծ մասին հետաքրքրում է, թե որն է կյանքի իմաստը, որտեղից են իրենք ծագում, և ինչը կամ ով է մարդուն մղում ապրելու...

Բազմաթիվ հարցերը, որոնք ծագում են մարդու մտքում, կարող են ունենալ մի պարզ պատասխան՝ «հավատք»: Եվ ոչ միայն ինքը՝ բառն է պատասխան, այլև դրա խորը իմաստը, էությունը և զորությունը, որն ընդգրկված է այդպիսի էության մեջ:

Նշանակություն չունի, թե մարդն ինչ է անում իր ջանքերի արդյունքը ստանալու հույսով, այն մղված է իր հավատքով և ինչ-որ անտեսանելի, բայց ցանկալի բանի ակնկալիքով:

Բայց հավատքը, որի մասին ուզում եմ խոսել, հավատքն է Հայր Աստծո, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու հանդեպ, որը բացահայտում է ավետարանի վերականգնված լրիվությունը, ինչպես ցանկացած այլ աստվածային ճշմարտություն: Սա այն հավատքն է, որը կարող է լիովին բավարարել այն, ինչն ակնկալվում է որևէ երկրային բանականության կողմից, քանզի անհնարին ոչինչ չկա այն մարդու համար, ով Փրկիչ Հիսուս Քրիստոսին դարձնում է իր հավատքի կատարողը:

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, աշխարհ եկավ ժամանակների լրության մեջ, և Իր օրինակով փրկության ճանապարհ ցույց տվեց բոլոր նրանց, ովքեր հավատում էին Իրեն: Անցնելով անհավատության և ծաղրի միջով, կրելով աներևակայելի ֆիզիկական և հոգևոր տառապանքներ, որոնք առաջացել էին մարդկանց մեղքերի պատճառով, Նա խաչվեց և հարություն առավ երրորդ օրը՝ Իր կատարյալ սիրո ամբողջ վեհությամբ:

Նա ընդունեց աշխարհի մեղքերը, փրկագնելով մեզանից յուրաքանչյուրին, և շնորհիվ Իր սիրո, դարձավ մեր հավատքի պաշտպանն ու ծառան օրենքի առաջ: Որպեսզի ես և դուք կարողանանք ստանալ համաձայն մեր երազանքների, առանց հարկադրվելու գործել մեր կամքով՝ համաձայն մեր հավատքի: Բայց ինչպե՞ս է սկսվում այսպիսի հավատքը:

Նոր Կտակարանում Պողոսի նամակներից մեկում գրված է. «Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը» (Հռովմայեցիս 10.17): Պարզվում է, որ երբ մենք լսում ենք «Աստծո խոսքը», ինչ-որ բան պետք է պատահի մեզ հետ: Բայց ինչպե՞ս:

Մորմոնի գրքում մարգարեն «Աստծո խոսքը» համեմատում է սերմի հետ. «Այժմ, մենք կհամեմատենք խոսքը սերմի հետ։ Այսպիսով, եթե դուք տեղ տաք, որ մի սերմ սերմանվի ձեր սրտում, ահա, եթե այն լինի մի ճշմարիտ սերմ կամ մի լավ սերմ, եթե դուք դուրս չգցեք այն ձեր անհավատությամբ, չդիմադրելով Տիրոջ Հոգուն, ահա, այն կսկսի ուռչել ձեր կրծքում» (Ալմա 32.28): Եթե կա սերմ, պետք է լինի նաև հող, որտեղ այդ սերմը կարելի է ցանել: Այդ հողն ու այդ վայրը կարող են լինել մեր մշակված սիրտն ու միտքը:

Ի՞նչ կպատահի հետո, եթե մենք այդպիսի փորձ կատարենք: Համաձայն մարգարեի խոսքերի, եթե այն բարի սերմ է, իսկ հողը պատրաստ է և պարարտ, «[սերմը կամ Աստծո խոսքը] ուռչում է և ծլում, և սկսում է աճել» (Ալմա 32.33):

Բայց նույնիսկ բարի սերմը պահանջում է բարենպաստ պայմաններ, բացի մշակված հողից, որում այն կաճի: Եվ սա ցույց է տալիս մեզ, որ մենք պետք է հեռու մնանք այն ամենից, ինչը կարող է վնասել մեր հավատքի աճին, և գտնենք այն ամենը, ինչը դրական կազդի դրա աճի վրա:

Այդպիսի բարենպաստ վայրերից մեկը տունն է: Տան մթնոլորտը ամենից նպաստավորն է ճշմարտության ընկալման համար: Ավետարանի բառերը լավագույնս ընկալվում են ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Գիտելիքի և հավատքի հաստատման համար չկա ավելի լավ վայր, քան տունը: Դա այն վայրն է, որտեղ դրվում են հավատքի հիմքերը, որն էլ հրաշքներ է գործում:

Դա հրաշք չէ, երբ հավատում եք և համոզվում ամբողջությամբ, ինչը դուք երբեք չեք պատկերացրել ձեր կյանքում, մինչև դուք մի փոքր փորձ կատարեցիք, թույլ տալով, որ (հավատքը) փոքր սերմը (խոսքը) աճի գիտելիքի ծառի մեջ՝ հավերժական կյանքի պտուղների հետ միասին:

Եվ այս խոստումը գալիս է Տիրոջից. «Բայց նա, ով հավատում է այս բաներին, որոնք ես խոսել եմ, նրան ես կայցելեմ իմ Հոգու դրսևորումներով, և նա կիմանա և կվկայի։ Քանզի իմ Հոգու շնորհիվ նա կիմանա, որ այս բաները ճշմարիտ են. քանզի այն կհամոզի մարդկանց բարիք անել» (Եթեր 4.11):

Մի օր, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներից մեկը տվեց ինձ հետևյալ հարցը (ես այդ ժամանակ դեռ անդամ չէի). «Կցանկանայի՞ք ավելին սովորել Աստծո մասին»: Եվ չնայած ես նախկինում մի քանի անգամ լսել էի այդպիսի հարցեր, այդ օրվանից սկսած «Աստված» բառը պտտվում էր իմ մտքում և, արդյունքում, պատրաստեց իմ սիրտը հավատքի սերմը ցանելու համար: Եվ դա պատահեց «Աստծո խոսքը լսելու» արդյունքում:

Մի ժամանակ ես հավատացի և ընդունեցի Հիսուս Քրիստոսին որպես իմ Արարիչ և Փրկիչ, որպես իմ լավագույն հավատքի Իրականացնող: Իսկ հիմա ես գիտեմ, որ Նրա Քավությունը բերում է խաղաղություն, բժշկում է և ուրախություն բերում երկրային կյանքում, ինչպես նաև ուրախություն, որը ծլարձակում է հավերժության մեջ, եթե ես չհրաժարվեմ պահել Նրա պատվիրանները:

Ես գիտեմ, որ, չնայած իմ ուժերը սահմանափակ են, Աստծո զորությունը իրոք անսահամանափակ է: Ես գիտեմ, որ Աստված մեր Հայրն է, և Տեր Հիսուս Քրիստոսը մեր սիրող Փրկիչն է, որ Նրանք վերականգնեցին ավետարանի լրիվությունը վերջին օրերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Սուրբ Հոգին կարող է հաստատել դա բոլոր զղջացող սրտերին և ապաշխարող հոգիներին: