2019
Վստահեք Փրկիչի ազատող զորությանը
Ապրիլ 2019


Վստահեք Փրկիչի ազատող զորությանը

2008 թվականի հունվարի 15-ին Բրիգամ Յանգի Համալսարանում ունեցած «Ազատող զորությունը» ելույթից:

Փրկիչի Քավությունն ու Հարությունը Նրան զորություն են տալիս ամրապնդելու մեզ մեր փորձությունների ժամանակ կամ ազատելու մեզ դրանցից:

Նկար
image of the Savior with arms outstretched

ՀԱՏՎԱԾ ԱՅՍ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ԿՏԱՎԻՑ, ՅՈՆԳՍՈՒՆԳ ԿԻՄ, ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՀԵՅՎՆ ԼԱՅԹ-Ը

Նրանց համար, ովքեր կորցրել են սիրելիներին, առաջ գնալու ճանապարհը կարող է տխուր և միայնակ լինել, առավել ևս նրանց, ովքեր չունեն Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության մասին գիտելիքներ և վկայություն: Հիշեք Նրա երկու կասկածող աշակերտներին Էմմաուսի ճանապարհին: Հարություն առած Տերը հայտնվեց նրանց կողքին և հարցրեց, թե ինչո՞ւ են այդքան տխուր: Ղուկասը տալիս է մեզ պատասխանը.

«Եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, զօրաւոր գործերով Աստուծոյ եւ բոլոր ժողովրդի առաջին։

Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան:

Իսկ մենք յոյս ունէինք թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր» (Ղուկաս 24.19–21):

Մենք մխիթարվում ենք մեր գիտելիքով ու վկայությամբ, որ Նա էր, որ փրկագնեց Իսրայելը: Նա էր, ով «ջարդել է մահվան կապանքները» (Մոսիա 15.23): Նա էր, ով «ննջածների առաջինեկ եղաւ» (Ա Կորնթացիս 15.20): Նա էր, ով հնարավոր դարձրեց տաճարային ուխտերը, որոնք հավիտյան կապում են մեզ այն մարդկանց հետ, ում մենք «սիրել ենք երկար ժամանակ և կորցրել ենք»:1

Զատիկի այս տոներին ես կցանկանայի կիսվել մի հատվածով մի քանի տարի առաջ հոգևոր երեկոյի ժամանակ իմ ունեցած ելույթից՝ Փրկիչի ազատող զորության վերաբերյալ: Ես ամրապնդվեցի, երբ պատրաստեցի և տվեցի այդ ելույթը: Ես աղոթում եմ, որ դուք նույնպես ամրապնդվեք այն կարդալով:

Կյանքը վաղ է ավարտվում ոմանց համար և, վերջապես, բոլորիս համար է ավարտվում: Մեզանից յուրաքանչյուրը կփորձվի, բախվելով ինչ-որ մեկի մահվան հետ, ում սիրում է:

Օրերս ես հանդիպեցի մի մարդու, ում չէի տեսել նրա կնոջ մահից հետո: Դա պատահական հանդիպում էր հասարակական տոնի հաճելի առիթով: Նա ժպտալով մոտեցավ ինձ: Հիշելով նրա կնոջ մահվան մասին, ես զգուշորեն արտաբերեցի սովորական ողջույնի խոսքերը. «Ինչպե՞ս ես»:

Ժպիտն անհետացավ նրա դեմքից, աչքերը խոնավացան, և նա հանգիստ ու մեծ ջերմությամբ ասաց. «Ես լավ եմ: Բայց շատ դժվար է»:

Դա շատ դժվար է, ինչպես ձեզանից շատերը գիտեն, և բոլորս էլ մի օր իմանալու ենք: Այդ փորձության դժվարագույն մասն է իմանալ, թե ինչպես վարվել այդ վշտի հետ, մենակության և կորստի այն զգացումի, որ կարծես կորցրել ենք մեր կեսը: Վիշտը կարող է համառ լինել, ինչպես քրոնիկ ցավը: Եվ ոմանց մոտ կառաջանան զայրույթի կամ անարդարության զգացումներ:

Փրկիչը գիտի մեր վշտերը:

Փրկիչի Քավությունն ու Հարությունը Նրան զորություն են տալիս փրկելու մեզ այդպիսի վշտից: Իր փորձառությունների շնորհիվ Նա ծանոթացել է մեր վշտերին: Նա կարող էր ծանոթանալ դրանց Հոգու ոգեշնչման միջոցով, բայց Նա ընտրեց իմանալ դրանք՝ անցնելով դրանց միջով: Այսպիսին է պատմությունը.

«Եվ ահա, նա պետք է ծնվի Մարիամից, Երուսաղեմի մոտ, որը մեր նախահայրերի երկիրն է, նա լինելով կույս, արժանավոր և ընտրյալ անոթ, որը պիտի լինի հովանիով ծածկված, և հղիանա Սուրբ Հոգու զորությամբ, և բերի մի որդի, այո, այսինքն՝ Աստծո Որդուն:

Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.10–12):

Նկար
Jesus Christ praying

ՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ՏԵՐԸ ԿՏԱՎԻՑ, ՅՈՆԳՍՈՒՆԳ ԿԻՄ, ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՀԵՅՎՆ ԼԱՅԹ-Ը

Ձեզ շրջապատող բարի մարդիկ կփորձեն հասկանալ սիրելիի մահվան հետ կապված ձեր վիշտը: Գուցե նրանք էլ վշտի զգացում ունենան: Փրկիչը ոչ միայն հասկանում և զգում է՝ ինչ է վիշտը, այլ նաև զգում է ձեր անձնական վիշտը, որը միայն դուք եք զգում: Եվ Նա հիանալի ճանաչում է ձեզ: Նա գիտի ձեր սիրտը:

Հրավիրեք Սուրբ Հոգուն

Եթե հրավիրեք Սուրբ Հոգուն, որ մխիթարի և օրհնի ձեզ, Փրկիչը կարող է իմանալ, թե բազմաթիվ տարբերակներից ինչը կարող եք ընտրել, որը լավագույնը կլինի ձեզ համար: Նա կիմանա, թե երբ է լավագույն ժամանակը, որ սկսեք դա անել: Երբեմն դա աղոթելն է: Երբեմն դա գնալ և մխիթարելն է մեկ ուրիշին: Ես ճանաչում եմ ծանր հիվանդ մի այրու, որը ոգեշնչվել էր այցելելու մեկ այլ այրի կնոջ: Ես վստահ եմ, որ Տերը ոգեշնչել է հավատարիմ աշակերտին օգնության հասնել մեկ ուրիշի, այդպիսով աջակցելով նրանց երկուսին:

Բազմաթիվ եղանակներով Փրկիչը կարող է աջակցել նրանց, ովքեր տխրում են, յուրաքանչյուրին անհատական ձևով: Սակայն դուք կարող եք վստահ լինել, որ Նա կարող է և կանի դա այնպես, որ լավագույնս սփոփի նրանց, ովքեր վիշտ ունեն և նրանց, ովքեր շրջապատում են այդ մարդկանց: Մի բան հաստատ է՝ երբ Աստված ազատում է մարդկանց վշտից, նրանք մանկական խոնարհությամբ են լցվում Նրա հանդեպ: Այդպիսի խոնարհության զորություն է բխում Հոբի կյանքից (տես Հոբ 1.20–22): Եվս մի կարևոր բան, որ Հոբին էր բնորոշ՝ հաստատուն հավատքն էր Փրկիչի Հարության զորության հանդեպ (տես Հոբ 19.26):

Մենք բոլորս պետք է հարություն առնենք, ներառյալ մեր սիրելիները, ովքեր մահացել են: Վերամիավորումը, որը մենք կունենանք, չի լինի եթերային, այլ մարմինների հետ, որոնք երբեք չեն մահանալու, ծերանալու կամ թուլանալու:

Երբ հարություն առնելուց հետո Փրկիչը հայտնվեց Իր Առաքյալներին, Նա ոչ միայն սփոփեց նրանց վիշտը, այլ նաև բոլոր նրանց, ովքեր երբևէ վշտացած կլինեն: Նա սփոփեց նրանց ու մեզ այս կերպ.

«Խաղաղութիւն ձեզ …

Տեսէք իմ ձեռքերը և իմ ոտները, որ ես ինքս եմ. շոշափեցեք ինձ եւ տեսէք. որովհետեւ ոգին մարմին և ոսկերք չունի, ինչպես ինձ եք տեսնում որ ունիմ» (Ղուկաս 24.36, 39):

Տերը կարող է ոգեշնչել մեզ՝ վշտի ժամանակ ձգտել ազատող զորությանը, որը լավագույնը կլինի մեզ համար: Մենք կարող ենք ընտրել ծառայել ուրիշներին Տիրոջ համար: Մենք կարող ենք վկայել Փրկիչի մասին, Նրա ավետարանի, Նրա Եկեղեցու վերականգնման և Նրա հարության մասին: Մենք կարող ենք պահել Նրա պատվիրանները:

Այս բոլոր ընտրությունները հրավիրում են Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգին է, ով կարող է մխիթարել մեզ ըստ մեր կարիքի: Հոգու ոգեշնչմամբ մենք կարող ենք ունենալ վկայություն հարության մասին և հստակ պատկերացում՝ գալիք փառահեղ վերամիավորման մասին: Ես զգացի այդ մխիթարությունը, նայելով մտերիմ մարդու գերեզմանաքարին, մի մարդու, որին ապագայում ես կարող եմ գրկել իմ ձեռքերով: Իմանալով դա, ես ոչ միայն ազատվեցի վշտից, այլև լցվեցի երջանիկ սպասումով:

Եթե այդ փոքրիկ անձը ապրեր ու մեծանար, ապա նա ազատման կարիք էր ունենալու մեկ այլ փորձությունների համար: Նա պետք է փորձվեր Աստծուն հավատարիմ լինելու մեջ, ֆիզիկական և հոգևոր մարտահրավերների միջոցով, որոնք յուրաքանչյուրն է ունենում: Թեև մարմինը հրաշալի ստեղծագործություն է, այն պահպանելը մարտահրավեր է, որը փորձում է մեզ բոլորիս: Յուրաքանչյուրը պետք է ունենա հիվանդություններ և ենթարկվի տարիքի ազդեցությանը:

«Եղեք խոնարհ»

Մեր փորձություններից ազատվելու զորությունը գործում է: Այն գործում է նույն կերպ, ինչպես ազատումն այն փորձությունից, որն ունենում ենք սիրելի մարդու մահվան հետ կապված: Ճիշտ, ինչպես այդ փրկությունը միշտ չէ, որ սիրելիի կյանքը պահպանելու մեջ է, այնպես էլ փորձություններից ազատվելը չի ենթադրում, որ դրանք հեռացվում են: Հնարավոր է, Տերը չպարգևի մեզ թեթևություն, մինչև մենք չզարգացնենք հավատք այնպիսի ընտրություններ կատարելու, որոնք կստիպեն Քավության զորությանը գործել մեր կյանքում: Նա չի պահանջում դա՝ ելնելով անտարբերությունից, այլ՝ ելնելով մեր հանդեպ սիրուց:

Կյանքում տիրող հակադրություններից Տիրոջ ազատող զորությունը ստանալու ուղեցույցը տրվել է Թոմաս Բ. Մարշին, ով այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր: Նա դժվար փորձությունների մեջ էր, և Տերը գիտեր, որ նա ավելի շատ փորձություններ է ունենալու: Ահա նրան տրված խորհուրդը, որը ես վերագրեցի ինձ և խորհուրդ եմ տալիս ձեզ նույնպես. «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» (Վարդապետություն և Ուխտեր 112.10):

Նկար
Christ with lamb

ՀԱՏՎԱԾ ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԸ ԿՏԱՎԻՑ, ՅՈՆԳՍՈՒՆԳ ԿԻՄ, ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՀԵՅՎՆ ԼԱՅԹ-Ը

Տերը միշտ ցանկանում է առաջնորդել մեզ դեպի ազատում, եթե մենք ավելի արդարակյաց դառնանք։ Դա պահանջում է ապաշխարություն։ Եվ դրա համար պահանջվում է խոնարհություն։ Այսպիսով, ազատման ուղին միշտ պահանջում է խոնարհություն, որպեսզի Տերը մեր ձեռքից բռնած, կարողանա առաջնորդել մեզ դեպի այն վայրը, ուր Նա ցանկանում է տանել մեզ մեր փորձությունների միջով դեպի սրբագործում:

Փորձությունները կարող են վրդովմունք կամ վհատություն առաջացնել: Խոնարհությունը, որի կարիքը ես և դուք ունենք, որպեսզի Տերը մեր ձեռքից բռնած առաջնորդի մեզ, գալիս է հավատքից: Այն գալիս է հավատքից, որ Աստված իրոք ապրում է, որ Նա սիրում է մեզ, և որ այն, ինչ Նա ուզում է, որքան էլ դժվար լինի, միշտ լավագույնը կլինի մեզ համար:

Փրկիչը ցույց է տվել մեզ այդ խոնարհությունը: Դուք կարդացել եք, թե ինչպես էր Նա աղոթում Գեթսեմանիի պարտեզում, տառապելով մեզ համար, ինչը վեր է մեր հասկացողությունից, մեր դիմանալու ունակությունից, և ինչը դժվար է ինձ համար նույնիսկ նկարագրել: Դուք հիշում եք Նրա աղոթքը. «Հայր, եթե կամիս, այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42):

Նա ճանաչում և վստահում էր Իր Երկնային Հորը՝ մեծ Էլոհիմին: Նա գիտեր, որ Իր Հայրն ամենազոր է և անսահման բարի: Սիրելի Որդին խոնարհ խոսքերով խնդրեց, ինչպես մի փոքրիկ երեխա, որպեսզի ազատող զորությունն օգնի Իրեն:

Քաջություն և մխիթարություն ձեռք բերեք

Հայրը չազատեց Որդուն, հեռացնելով փորձությունը: Նա չարեց դա հանուն մեզ, այլ թույլ տվեց Փրկիչին ավարտել Իր առաքելությունը, որը եկել էր կատարելու: Սակայն մենք կարող ենք հավիտյան քաջություն և մխիթարություն ստանալ, իմանալով օգնության մասին, որը Հայրը տվել է.

«Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան:

Եվ նա տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում: Եվ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ:

Եւ աղօթքիցը վերկացաւ եկաւ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից.

Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք» (Ղուկաս 22.43–46):

Փրկիչն աղոթում էր ազատման համար: Այն, ինչ Նրան տրվեց, փորձությունից փախուստ չէր, այլ բավարար մխիթարություն փորձության միջով փառահեղ անցնելու համար:

Հրահանգը, որ Նա տվեց աշակերտներին, ովքեր նույնպես փորձվում էին, ուղեցույց է մեզ համար: Մենք կարող ենք վճռել, որ հետևենք դրան: Մենք կարող ենք վճռել՝ վեր կենալ ու աղոթել մեծ հավատքով և խոնարհությամբ: Եվ մենք կարող ենք հետևել Մարկոսի գրքում ավելացված հրահանգին. «Վեր կացէք գնանք» (Մարկոս 14.42):

Այստեղից դուք խորհուրդ ունեք կյանքի ֆիզիկական և հոգևոր փորձությունները անցնելու համար: Դուք Աստծո օգնության կարիքը կունենաք, երբ ինքնուրույն կատարեք այն ամենն, ինչ կկարողանաք: Այնպես որ, վեր կացեք և գնացեք, բայց դիմեք Նրա օգնությանը որքան հնարավոր է շուտ, առանց սպասելու, որ ճգնաժամը խնդրի փրկության համար:

Ես բերում եմ ձեզ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հայր Աստված ապրում է և սիրում է մեզ: Ես գիտեմ դա։ Նրա երջանկության ծրագիրը կատարյալ է, և այն իրոք երջանկության ծրագիր է: Հիսուս Քրիստոսը հարություն առավ, ինչպես և մենք կառնենք: Նա տառապեց, որ կարողանա աջակցել մեզ մեր բոլոր փորձություններում: Նա վճարեց փրկագինը մեր բոլոր մեղքերի համար և Երկնային Հոր բոլոր զավակների համար, որպեսզի մենք կարողանանք ազատվել մահից և մեղքից:

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում Սուրբ Հոգին կարող է մխիթարել և մաքրել մեզ, եթե հետևենք Վարդապետին: Թող որ դուք ստանաք Նրա սփոփանքն ու աջակցությունը ձեր կարիքի պահերին, ձեր կյանքի բոլոր փորձությունների և չարչարանքների ժամանակ:

Հղում.

  1. “Lead, Kindly Light,” Hymns, no. 97.