2019
Երեք դաս սիրո, ուրախության և խաղաղության մասին
Ապրիլ 2019


Երեք դաս սիրո, ուրախության և խաղաղության մասին

2017 թվականի դեկտեմբերի 5-ին Բրիգամ Յանգի Համալսարանում ունեցած «Երջանկություն, Խաբեություն և փոքր բաներ» ելույթից:

Հետևեք այս երեք քայլերին, որոնք մեծ փոփոխություն կբերեն ձեր կյանք և կօգնեն ձեզ զգալ Հոգու պտուղները:

Նկար
bowl of fruit

Երբ ես քոլեջի ուսանող էի, շատ էի մտածում իմ ապագայի մասին: Երբ ես մի օր հայտնվեցի ապագայում՝ նկատի ունեմ կյանքը քոլեջից հետո, ես սովորեցի երեք կարևորագույն դասեր, որոնք մեծ փոփոխություն բերեցին իմ կյանք: Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել այս դասերով, հույսով, որ դրանք սովորելու համար ձեզանից այդքան երկար ժամանակ չի պահանջվի, որքան ինձանից պահանջվեց: Դրանք կօգնեն ձեզ ավելի մեծ ուրախություն գտնել կյանքում, և, վերջապես, ձեռք բերել վեհացում ձեր Երկնային Հոր հետ:

1. Փնտրեք երջանկություն, խաղաղություն և Սուրբ Հոգուն

Ես հանդիպեցի կնոջս՝ Մելինդային, քոլեջի երկրորդ կուրսում, իմ միսիայից վերադառնալուց վեց ամիս անց: Ես անմիջապես հասկացա, որ ցանկանում եմ ամուսնանալ Մելինդայի հետ: Մելինդան, սակայն, նույնը չէր զգում: Հինգ տարի անց միայն նա, ի վերջո, ստացավ պատասխան, որ եթե ամուսնանա ինձ հետ, ապա «լավ» կլինի:

Այդ հինգ տարիների ընթացքում ես իմ կյանքի ամենադժվար փորձություններն ունեցա: Ես գիտեի, թե ում հետ եմ ամուսնանալու և Հոգին այդպես էր ինձ հորդորում, սակայն կարծես նպատակին չէի հասնում:

Երբ ես ավարտեցի քոլեջը, դրանից կարճ ժամանակ անց Մելինդան որոշեց գնալ միսիա, իմ համոզմամբ, որպեսզի հեռանա ինձանից: Երբ նա իր միսիայում էր, լինում էին պահեր, երբ ես ինձ ընկճված էի զգում, քանի որ կենտրոնացել էի նրա վրա, ինչը ես չունեի: Սակայն ես ուսումնասիրում էի սուրբ գրությունները և ամեն օր աղոթում էի, ծառայելով Եկեղեցում և ձգտելով անել այն բաները, որոնք իմ կյանք էին բերել Սուրբ Հոգին:

Մի շատ ցուրտ կիրակի օր էր Մինեապոլիսում (Մինեսոտա, ԱՄՆ), վաղ առավոտյան մեքենայով Եկեղեցու ժողովին գնալիս ես մտածեցի. «Հավանաբար այս պահին ես շատ ընկճված պիտի լինեմ: Ոչինչ այնպես չի ընթանում, ինչպես ես եմ ցանկանում: Բայց ես ընկճված չեմ: Ես անհավատալիորեն ուրախ եմ»:

Ուստի, ինչպե՞ս կարող էի ուրախ լինել, եթե անցնում էի ինձ համար մի դժվար փորձության միջով:

Պատասխանը գտնվում է Գաղատացիս 5.22–23 հատվածներում. «Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն»:

Քանի որ ես անում էի այն բաները, որոնք Հոգին բերել էր իմ կյանք, ես զգում էի Աստծո սերը: Ես զգում էի ուրախություն և խաղաղություն: Ես կարող էի երկար տառապել, բայց ուրախ լինել:

Մեր կյանքում, ընտանիքում և ամուսնության մեջ սեր, ուրախություն և խաղաղություն ունենալը չի բխում մեծ տուն, գեղեցիկ մեքենա, նորաձև հագուստ, կարիերայի հաջողություն կամ այլ բաներ ունենալուց, որոնք աշխարհի պատկերացմամբ երջանկություն են բերում: Իրականում, քանի որ սիրո, ուրախության և խաղաղության զգացումները գալիս են Հոգուց, դրանց զգացողությունն ընդհանրապես կապ չունի մեր աշխարհիկ հանգամանքների հետ:

Խնդրում եմ, հասկացեք, որ ես չեմ ասում, թե մենք միշտ երջանիկ կլինենք կամ մեր աշխարհիկ հանգամանքները երբեք չեն ազդի մեր երջանկության վրա: Իրականում, եթե մենք չճաշակենք դառնությունը, ապա չենք իմանա, թե ինչ է քաղցրությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 29.39, տես նաև Մովսես 6.55):

Ժամանակ առ ժամանակ մենք պետք է դժվարություններ ունենանք: Բացի այդ, ֆիզիկական և էմոցիոնալ որոշ իրավիճակներ կարող են մեծ տառապանքներ պատճառել մեզ և մեզ համար դժվար դարձնեն զգալ Հոգուն: Սակայն, եթե մենք ձգտում ենք Հոգին մեզ հետ ունենալ մեր կյանքում և վստահում ենք Աստծուն, մենք, ընդհանուր առմամբ, կարող ենք երջանիկ լինել:

Ես վկայում եմ իմ անձնական փորձից, որ դա այդպես է: Իմ փորձառությունից ելնելով, մինչ Մելինդան իր միսիայում էր, ես նկատեցի, որ եթե ես անում եմ այն բաները, որոնք հրավիրում են Հոգուն իմ կյանք, ներառյալ՝ ընտրելով հավատալ և ընդունել, որ ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես մտադիր է Աստված, ես սովորաբար երջանիկ եմ (տես Հակոբ 3.2):1

2. Մի տրվեք խաբեությանը

Նկար
bowl of fake fruit

Սատանան առաջարկում է կեղծ այլընտրանքներ այն ամենին, ինչ Աստված է տալիս, որպեսզի շփոթեցնի և խաբի մեզ: Չնայած մեզ այլ բան համոզելու Սատանայի փորձերին, Փրկիչը սովորեցնում է մեզ, որ «չար ծառն առաջ [չի] բերի բարի պտուղ» (3 Նեփի 14.18): Քանի որ սատանան չար ծառ է, նա չի կարող նպաստել, որ մենք զգանք «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն [և] ժուժկալութիւն» [Գաղատացիս 5․22–23): Հակառակը, սատանան ցանկանում է մեզ թշվառ դարձնել (տես 2 Նեփի 2.27):

Ուստի, ի՞նչ է անում սատանան: Նա փորձում է խաբել մեզ:

Իմ ընկերներից մի աղջիկ, ընտրվածներից մեկն էր և խաբվեց: Իմ այդ ընկերուհին ծառայում էր միսիայում և լավ միսիոներ էր: Երբ նա տուն վերադարձավ միսիայից, մտադիր էր անել այն բոլոր փոքրիկ բաները, որոնք Հոգին բերել էր իր կյանք և ամրապնդել էր իրեն միսիայի ժամանակ: Եվ որոշ ժամանակ նա անում էր այդ:

Այնուամենայնիվ, նա տեսավ ընկերներին, որոնցից շատերը վերադարձած միսիոներներ էին, ամեն կիրակի գալիս էին Եկեղեցի, բայց Եկեղեցուց դուրս ապրում էին աշխարհիկ կյանքով: Նրանք երջանիկ էին թվում: Նրանք «զվարճալի» բաներ էին անում: Եվ նրանց կենսակերպը, կարծես, չէր պահանջում այնքան աշխատանք, որքան ինքն էր անում:

Կամաց-կամաց նա դադարեց անել այն փոքրիկ բաները, որոնք հոգևոր զորություն էին բերում իր միսիայում: Նա դեռ ուներ վկայություն, բայց նա ինձ ասաց, որ դադարում է. «Եթե ես պարզապես ներկա գտնվեի Եկեղեցու ժողովներին, ես նորմալ կլինեի»: Այնուամենայնիվ, նա ասաց. «Հոգևորապես ես ակտիվ չեմ»:2 Ապրելով այնպես, ինչպես աշխարհն է ապրում, մի վատ ընտրությունը հաջորդվում էր մյուսով և շուտով նա հղի էր:

Նրա անօրեն ընտրությունները, ի վերջո, իրենց գործն արեցին: Նա երջանիկ չէր և նա գիտեր դա: Բարեբախտաբար, իմ ընկերուհին հասկացավ, որ խաբվել է և ապաշխարեց:

Նրա պատմությունը վառ ապացույց է, որ նույնիսկ մեզանից լավագույնները կարող են խաբվել: Բացի այդ, նրա պատմությունը ցույց է տալիս, որ մենք պետք է մշտապես պաշտպանվենք խաբեությունից: Մենք կարող ենք իրականացնել դա՝ անելով այն փոքրիկ բաները, որոնք Հոգուն մեր կյանք են բերում:

Ես ուրախ եմ՝ նշելով, որ այսօր իմ ընկերուհին երջանիկ է, ձգտում է պահել պատվիրանները, և հոգևորապես ու ֆիզիկապես ակտիվ է ավետարանում:

Սատանայի խաբեությունը տարբեր եղանակներով է գալիս: Ես միայն մի քանիսը կնշեմ:

Սատանան փորձում է համոզել մեզ, որ աշխարհիկ բաները առաջնահերթ դարձնենք հոգևորից: Մենք կարող ենք ասել, որ մեր առաջնահերթությունները ճիշտ չեն, եթե նկատենք որ հաճախ ենք ասում. «Այս պահին ես շատ զբաղված եմ կամ շատ հոգնած եմ, որպեսզի _________»: Լրացրեք բաց թողնվածը. հաճախեմ տաճար, սպասավորեմ, ուսումնասիրեմ սուրբ գրությունները և խորհեմ դրանց մասին, ծառայեմ իմ կոչման մեջ կամ նույնիսկ աղոթեմ:

Պատճառներից մեկը, որ մենք այդքան զբաղված ենք զգում, այն է, որ սատանան ջանքեր է թափում մեզ շեղելու համար: Նա օգտագործում է մեր ձեռքի սմարթֆոնը, մեր մեքենայի ռադիոն, մեր տան հեռուստացույցը և շատ այլ բաներ, որպեսզի շեղի մեզ ամբողջ ժամանակ: Արդյունքում, մենք ավելի զբաղված ենք զգում, քան իրականում է:

Այս շեղման մեկ այլ արդյունքն այն է, որ մենք ավելի ու ավելի քիչ ենք խորհում: Սատանան աշխատում է շեղել մեզ, քանի որ գիտի, որ խորհելը, հատկապես սուրբ գրությունների շուրջ, տանում է ավելի մեծ դարձի և հայտնության:

Սատանայի մյուս խաբեությունները գալիս են այն մտքի հետ, որ մեր արտաքին գործողություններն ավելի կարևոր են, քան մեր ներքին մտադրությունները: Երբ մենք հոգևոր բաներն անելու համար պատշաճ շարժառիթ չունենք, մենք թերանում ենք ուրախություն ունենալ ավետարանում: Արդյունքում, պատվիրանների պահումը սկսում է չարքաշ աշխատանքի պես լինել մեզ համար, և սատանան գիտի, որ եթե նա կարողանա այնպես անել, որ մենք այդպիսի զգացում ունենանք, հավանական է, որ մենք կդադարենք անել այն, ինչը գիտենք, որ պիտի անենք:

Սատանան նաև խաբում է մեզ, ներշնչելով, որ ուրախությունն ու երջանկությունը հեշտ կյանք վարելուց են գալիս կամ երբ անընդհատ զվարճանում ենք: Դրանք չե՛ն գալիս այդ բաների հետևանքով: Ճշմարտությունն այն է, որ չկա ուրախություն կամ երջանկություն, առանց որևէ բան հաղթահարելու (տես 2 Նեփի 2.11, 23):

Սատանայի խաբեություններից վերջինը, որը ես կնշեմ, այն է, որ նա փորձում է համոզել մեզ, որ ամբարշտությունն իր ժամանակավոր հաճույքների հետ համեմված, իսկապես երջանկություն է: Սատանան գիտի, որ որևէ պահի որոշակի զգացմունքներ կարող են (1) ստիպել մեզ մտածել, որ մենք զգում ենք Հոգու պտուղները, (2) քողարկել այդ պտուղները զգալու մեր ցանկությունը կամ (3) զգալ, որ դրանք ընդունելի փոխարինողներ են:

Օրինակ, սատանան կարող է փորձել մեզ, որ ձգտենք հեշտասիրության՝ սիրո փոխարեն: Նա կարող է գրավել մեզ կարճատև հուզմունքով՝ երկարատև ուրախության փոխարեն: Նա փորձում է շեղել մեզ, այլ ոչ թե խաղաղություն տալ: Նա ցանկանում է, որ մենք լինենք ինքնավստահ, նախանձախնդիր և քաղաքականապես ճիշտ՝ անձնուրացության, հետևողական հնազանդության և պատշաճ ձևով հոգևորի վրա կենտրոնացած լինելու փոխարեն: Նրա գայթակղությունները կարող են մեզ խանգարել, ինչը, իր հերթին, կարող է ստիպել մեզ մտածել, որ պատվիրանները խախտելը երջանկություն կբերի:

3. Կատարեք փոքր գործերը

Հաճախ փոքր բաները, որոնք Հոգին բերում են մեր կյանք, պաշտպանում են մեզ խաբվելուց և, ի վերջո, օգնում են մեզ ձեռք բերել ուժ պատվիրանները պահելու և հավերժական կյանք ձեռք բերելու համար: Փրկիչն ուսուցանել է այս սկզբունքը Եկեղեցու երեցներին Քիրտլենդում (Օհայո). «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վարդապետություն և Ուխտեր 64.33):

Ինչո՞ւ են կարևոր փոքր բաները: Հաջորդ հատվածում Փրկիչը բացատրել է, որ «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը» (Վարդապետություն և Ուխտեր 64.34): Ինչո՞ւ էր Փրկիչը փոքր բաների կատարումը կապում սրտի և պատրաստակամ մտքի հետ: Որովհետև փոքր բաները հետևողականորեն կատարելով, մենք տալիս ենք մեր սիրտն ու մտքերը Աստծուն, ինչը զտում և սրբագործում է մեզ (տես Հելաման 3.35):

Այս զտումն ու սրբագործումը քիչ-քիչ փոխում են մեր էությունը, որպեսզի մենք ավելի ու ավելի նմանվենք Փրկիչին: Սա մեզ նաև ավելի ընկալունակ է դարձնում Սուրբ Հոգու հուշումներին, ինչի շնորհիվ քիչ հավանական է, որ մենք խաբվենք:

Ավագ դպրոցի վերջին տարում հայրս մեզ սեմինարիայի դաս ուսուցանեց մեր տանը: Քանի որ այդ տարվա թեման Մորմոնի Գիրքն էր, հայրս որոշեց, որ մենք այն միասին կկարդանք՝ հատված առ հատված, և կքննարկենք, թե ինչ սովորեցինք: Երբ կարդում էինք, հայրս հարցեր էր տալիս, որոնք ստիպում էին ինձ մտածել կարդացածի մասին, և նա բացատրում էր այն բաները, որոնք ես չէի հասկանում: Ես դեռ հիշում եմ, թե ինչպես էինք սովորում Փրկիչի մասին և զգում եմ, որ Նա իրոք այցելել էր նեփիացիներին, և որ իմ մեղքերը իսկապես կներվեն Նրա Քավության շնորհիվ:

Երբ գնահատում եմ սուրբ գրությունների իմ գիտելիքների հիմքը, ապա գալիս եմ այն դասերին, որոնք հայրս ու ես ունեցել ենք միասին: Ես մի բան զգում էի, երբ կարդում էինք: Եվ գուցե ավելի կարևոր է, որ իմ ցանկությունները, շարժառիթներն ու գործողությունները փոխվեցին: Ես ցանկանում էի ավելի լավը լինել: Ես սկսեցի տեսնել, թե որտեղ եմ ես խաբվում: Ես ավելի հաճախ էի ապաշխարում: Քոլեջի առաջին կուրսի վերջում ես արդեն ամեն օր կարդում էի սուրբ գրությունները:

Այդ ժամանակ, Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) խնդրեց Եկեղեցու անդամներին ամեն օր կարդալ Մորմոնի Գիրքը և կիրառել կարդացածը:3 Այդպիսով, եթե ուրիշ բաներ էի կարդում, ապա բացի դրանցից ես կարդում էի առնվազն ինչ-որ հատված Մորմոնի Գրքից:

Նկար
fruit and scriptures

Իմ միսիայի ժամանակ ես սովորեցի իսկապես ուսումնասիրել և սնուցվել սուրբ գրություններով: Երբ կարդում էի, ոչ միայն զգում էի Սուրբ Հոգին, այլև սկսեցի զգալ ուրախություն, երբ պրպտում էի սուրբ գրությունները իմ և իմ լսողների խնդիրների պատասխանները գտնելու համար:

Իմ միսիայից հետո ես շարունակեցի սնուցվել սուրբ գրություններով ամեն օր: Քանի որ այս փորձառությունը հրավիրեց Սուրբ Հոգուն իմ կյանք, ես ստացա Նրա առաջնորդությունը՝ իմ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հարցում: Արդյունքում ես ավելի լավ սկսեցի սովորել դպրոցում, իսկ հետագայում՝ ավելի լավ աշխատել: Ճիշտ որոշումներ ընդունելն ավելի հեշտ էր դարձել ինձ համար: Ես ավելի շատ էի աղոթում և ավելի ջանասեր էի իմ կոչումների իրականացման գործում: Ամեն օր սուրբ գրություններով սնուցվելով, իմ բոլոր խնդիրները չէին լուծվում, բայց կյանքն ավելի հեշտ էր դառնում:

2005 թվականի օգոստոսին Նախագահ Գորդոն Բ Հինքլին (1910-2008) հանձնարարեց կարդալ և վերընթերցել Մորմոնի Գիրքը մինչև տարվա վերջ:4 Քանի որ ես առանց այդ էլ կարդում էի Մորմոնի Գիրքը ամեն օր, ես արդեն հասել էի Եթերի կամ Մորոնիի գրքին: Հետևաբար, մեկ-երկու շաբաթ հետո, երբ ավարտեցի Գիրքը, համարեցի, որ կատարել եմ Նախագահ Հինքլիի հանձնարարությունը:

Ապա մի հավատարիմ տնային ուսուցիչ այցելեց մեր ընտանիքին: Նա հարցրեց, թե ինչպես են իմ գործերը՝ կապված Նախագահ Հինքլիի հրավերի հետ:

Ես նրան ասացի, որ ես սկսել էի կարդալ Մորմոնի Գիրքը՝ նախքան Նախագահ Հինքլիի հրավերը: Հետո, որոշակի ինքնավստահությամբ հայտարարեցի, որ ավարտել եմ հանձնարարությունը:

Բարեբախտաբար, իմ տնային ուսուցիչը այլ կերպ էր տեսնում իրերն ու երևույթները: Նա նրբանկատորեն ուղղեց ինձ, և Հոգին շշնջաց ինձ, որ նա իրավացի էր:

Հետո, ես պետք է կարդայի օրական երկու գլուխ, որպեսզի ավարտեի Գիրքը մինչև տարվա վերջ: Երբ ես ավելի շատ սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը, նկատեցի, որ նույնիսկ ավելի շատ զորություն եկավ իմ կյանք: Ես ավելի շատ ուրախություններ ունեցա: Ես իրականությունը ավելի պարզ էի տեսնում: Ես ավելի հաճախ էի ապաշխարում: Ես ցանկանում էի սպասավորել և փրկել մյուսներին: Ես ավելի քիչ էի ենթարկվում սատանայի խաբեություններին և գայթակղություններին: Ես ավելի շատ էի սիրում Փրկիչին։

Այդ նոյեմբերին ես կանչվեցի մեր ծխի եպիսկոպոս: Նախագահ Հինքլիի հրավերն ավարտելով, ես պատրաստ էի այդ կոչմանը: Այդ ժամանակվանից ես նկատել եմ, որ որքան զբաղված եմ լինում աշխատանքի վայրում և Եկեղեցում, այնքան ավելի շատ կարիք եմ ունենում կարդալու սուրբ գրությունները, հատկապես՝ Մորմոնի Գիրքը:

Դուք կարող եք ունենալ նույն օրհնությունները և զորությունը ձեր կյանքում, եթե դուք նույնպես ամեն օր սնուցվեք սուրբ գրություններից: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր սնուցվեք սուրբ գրություններից, հատկապես Մորմոնի Գրքից, ապա կհրավիրեք Հոգուն ձեր կյանք, և ինքնաբերաբար կաղոթեք ամեն օր, կապաշխարեք ավելի հաճախ և ձեզ համար հեշտ կլինի ամեն կիրակի հաճախել Եկեղեցի և հաղորդություն ընդունել:

Ես վկայում եմ, որ փոքր բաները անելով և Տիրոջը վստահելով, անկախ ձեր հանգամանքներից, դուք կարող եք գտնել սեր, ուրախություն, խաղաղություն և երջանկություն: Ես նաև վկայում եմ, որ այդ բանը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ: Բոլոր բարի բաները գալիս են Նրա միջոցով (տես Մորոնի 7.22, 24):

Հղումներ

  1. Երբ մենք ամուր ենք Քրիստոսի հավատքում, մենք կարող ենք ճաշակել Աստծո սերը, անկախ մեր հանգամանքներից:

  2. Հարցազրույցի նշումներն ու տեքստը հեղինակի սեփականությունն է:

  3. See Ezra Taft Benson, “A Sacred Responsibility,” Ensign, May 1986, 77–78; see also “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 4–7.

  4. See Gordon B. Hinckley, “First Presidency Message: A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 2–6.