2019
Արդյո՞ք ապրում եք ավետարանով առանց խանդավառության:
Ապրիլ 2019


Միայն թվային տարբերակով

Արդյո՞ք ապրում եք ավետարանով առանց խանդավառության:

Մեր տրամադրվածությունը Եկեղեցու պարտականությունների հանդեպ իրոք կարևոր է:

«Արդյո՞ք ես պարտավոր եմ»:

Դուք երբևէ ունեցե՞լ եք այսպիսի միտք: Իմ մտքով դա բազմիցս անցել է: Եվ ես հասկացել եմ, որ նման թվացյալ աննշան միտքը իմ տրամադրվածության կարևոր ցուցիչն է: Ինչ խոսք, մենք բոլորս կարող ենք հասնել և ծառայել ուրիշներին, կարող ենք ընդունել և պահպանել մեր Եկեղեցու կոչումները և կարող ենք մասնակցել մեր Եկեղեցու ժողովներին: Նույնիսկ կիսով չափ կատարվելով, այս գործերը կարող են փոխել մեր կյանքը: Արդյո՞ք դա սահմանափակում է ձեզ օգտագործելու Աստծո կարողությունը: Արդյո՞ք դա սահմանափակում է ձեզ փոխելու Աստծո կարողությունը: Իմ դեպքում՝ կարծում եմ, որ սահմանափակվում է:

Այս գաղափարը ստիպում է ինձ մտածել Լամանի ու Լեմուելի մասին, ովքեր լքեցին Երուսաղեմը, գնացին թիթեղների հետևից, օգնեցին կառուցել նավը, բազմաթիվ հնազանդ գործեր արեցին, սակայն արեցին այդ բաները դժկամորեն և կիսով չափ: Նրանք թույլ չէին տալիս, որ իրենց փորձառությունները փոխեին իրենց դեպի լավը: Փոխարենը, նրանք մշտապես տրտնջում էին և փչացնում իրենց տրամադրվածությունը բոլոր հանգամանքներում, որոնցում հայտնվում էին: Դա հասկանալուց հետո ես չեմ ուզում լինել Լամանի ու Լեմուելի նման:

Մի պահ մտածեք, թե ինչ պատճառներ կան ձեր գործողությունների ետևում: Արդյո՞ք օգնության եք հասնում մարդկանց, կենտրոնանալով օրհնությունների վրա, որոնք պահված են ձեզ համար: Թե՞ օգնում եք նրանց, որովհետև անկեղծորեն ցանկանում եք լույս և սեր կիսել նրանց հետ: Արդյո՞ք անում եք այն ամենը, ինչ պահանջում է ձեր կոչումը, քանի որ դա ակնկալվում է ձեզանից: Թե՞ դուք դա անում եք, որովհետև ցանկանում եք ծառայել Տիրոջը և նրանց, ովքեր ձեր շուրջն են:

Սրանք այնպիսի հարցեր են, որոնք ես ժամանակ առ ժամանակ տալիս եմ ինքս ինձ: Արդյո՞ք անկեղծ միտումով անում եմ այն, ինչ կարող եմ՝ Քրիստոսի ճշմարիտ աշակերտի պես ապրելու համար: Թե՞ իմ կյանքն ամբողջությամբ ողողված չէ դրանով: Ես կարծում եմ, որ նախագահող եպիսկոպոս Ջերալդ Քոսեն լավ է արտահայտվել այդ մասին. «Մենք ակտի՞վ ենք ավետարանում, թե՞ պարզապես զբաղված ենք Եկեղեցում»: («Դա՝ մարդիկ են», Լիահոնա, մայիս, 2018, 112):

Ակտիվն ընդդեմ զբաղվածի

Օրինակ, երբ ես միայն «զբաղված եմ» Եկեղեցում, անտարբերությունը սողոսկում է մտքիս մեջ: Այս անտարբերությունը կարող է առաջանալ ոչ խանդավառ վերաբերմունքից կամ նույնիսկ, երբ իմ օրակարգի քիչ կարևոր խնդիրները խանգարում են իսկապես կարևորներին: Այս անտարբերությունը սողոսկում է, երբ ես նստած եմ հաղորդության ժողովին, բայց ուշադրությունս շեղված է, երբ ասում եմ գիշերվա իմ աղոթքները, իսկ իմ մտքերը սկսում են թափառել մեկ այլ տեղ, երբ ես արագ աչքի եմ անցկացնում սուրբ գրությունները, առանց խորհելու դրանց մասին, կամ երբ օգնում եմ ինչ-որ մեկին, պարզապես ընդունելու համար, որ դա արեցի, այլ ոչ թե անկեղծորեն փորձելով ընկերակից լինել նրան:

Երբեմն, նույնիսկ հիասթափություն եմ զգում, երբ իմ կյանքում որևէ առաջընթաց չեմ տեսնում, երբ պարզապես անտարբեր եմ ու «զբաղված» ավետարանով, և այդ զգացմունքները մնում են այնքան ժամանակ, մինչև հասկանում եմ, թե ինչումն է խնդիրը: Երբեմն ես պետք է հարմար նստեմ, սթափվեմ ու ինքս ինձ հարցնեմ. «Արդյո՞ք ես այս կոչմանը, այս անձին, աղոթքին կամ սուրբ գրությանը տալիս եմ իմ ամբողջ ուշադրությունն ու սիրտը»:

Երբ այդպիսի մտքեր են ծագում ինձ մոտ, այդ ժամանակ փոփոխությունն իսկապես տեղի է ունենում իմ կյանքում: Երբ ես սրտանց աղոթում եմ, որ մարդկանց տեսնեմ այնպես, ինչպես Երկնային Հայրն է տեսնում, երբ աղոթում եմ սպասավորության հնարավորությունների համար, երբ աղոթում եմ առաջնորդություն ստանալու իմ կոչման մեջ, իմ աշխատանքում և առօրյա կյանքում, և ամենակարևորը՝ երբ ես գործում եմ համաձայն Նրա հուշումների, երբ իմ գործողություններն արտացոլում են ավելի լավը լինելու իմ ներքին ցանկությունը՝դա է վկայում, որ ես ակտիվ եմ ավետարանում: Դա է՝ երբ ես զգալի փոփոխություն եմ զգում իմ տրամադրության, իմ սրտի և իմ հոգու մեջ: Դա է՝ երբ ես իրականացող հրաշալի բաներ եմ տեսնում: Դա է՝ երբ ես զգում եմ, թե ինչպես է երջանկությունը մտնում իմ կյանք: Դա է, երբ ես իրոք փորձում եմ փոխվել դեպի լավը:

Գործողություններն ընդդեմ զգացմունքների

Կարծում եմ, մենք բոլորս կարող ենք մի պահ հետադարձ հայացք գցել մեր կյանքին, երբ մեր գործողություններն ազնիվ են եղել, բայց այդ գործողությունների համար դրդապատճառ հանդիսացող զգացմունքները՝ ոչ այդքան: Երբեմն կյանքը զբաղված է դառնում և միշտ չէ, որ մենք լիովին երջանիկ ենք մեր հանգամանքներում, միշտ չէ, որ ամեն ինչ դասավորվում է մեր ուզած ձևով: Մենք կատարյալ չենք, բայց եթե խնդրենք Երկնային Հորը օգնել մեզ, որպեսզի մեր ամբողջ սիրտը ներդնենք երբեմն ձանձրալի կամ ժամանակատար բաներում, որոնք մեզ խնդրում են անել, մենք կսովորենք կատարել դրանք ավելի Քրիստոսանման ձևով:

Ես հիշում եմ այն ժամանակը, երբ դժկամորեն համաձայնվեցի մասնակցել ծառայության մի ծրագրի, և միայն մասնակցելուց հետո սիրտս փափկեց և փոխվեց: Հիշում եմ նաև այն ժամանակը, երբ ես կոչում ստացա և դժգոհեցի, որ այն շատ ժամանակ է խլում ինձանից, սակայն երբ հետ կանչվեցի՝ արցունքներ թափեցի, քանի որ սկսել էի սիրել այն:

Մենք կարող ենք կիսվել լույսով, կատարել մեր պարտականությունները և ավելի արդյունավետ ստանալ մեր աղոթքների պատասխանները, եթե մեր սիրտը ճիշտ տեղում է: Եթե մենք ժամանակ հատկացնենք վերլուծելու մեր գործողությունների հիմքում ընկած մտադրությունները և անենք, ինչ կարող ենք «մաքուր սրտով [և] անկեղծ միտումով», (Մորոնի 10.4), մենք կկարողանանք ավելի լավ ճանաչել Երկնային Հոր առաջնորդությունը, ավելի մեծ ուրախություն գտնել և ավելի շատ բան փոխել մեր և ուրիշների կյանքում: