2019
Ընտրություն. լավ նկարիչ, թե՝ լավ մայր:
Ապրիլ 2019


Միայն թվային տարբերակով

Ընտրություն. լավ նկարիչ, թե՝ լավ մայր:

Բոլորն ինձ ասում էին, որ հնարավոր չէ հաջողության հասնել միաժամանակ այդ երկու ասպարեզներում: Բայց այդպե՞ս է:

Ես հիշում եմ, որ հարմարավետ չէի զգում ինձ, երբ քոլեջում սովորում էի մեծ նկարիչների կյանքի մասին: Թվում էր, թե իսկապես անվանի ու նշանավոր մարդիկ դարձել էին մեծ նկարիչներ` անտեսելով սեփական ընտանիքը և զոհաբերելով իրենց ողջամտությունը: Հայտնի նկարիչները նկարում էին Սուրբ Ծննդյան լուսաբացին, երբ նրանց երեխաները բացում էին նվերները: Նրանցից մեկը վեց անգամ էր ամուսնացել: Մյուսը՝ կտրել էր իր ականջը և ուղարկել իր սիրելի մարդկանց: Իսկ մեկ ուրիշը նույնիսկ սպանել էր ինչ-որ մեկին: Ես սկսեցի մտածել, թե արդյո՞ք հնարավոր է դառնալ մեծ նկարիչ, միաժամանակ լավ կին և լավ մայր լինելով (նաև պահպանելով ողջամտությունը):

Մեր պրոֆեսորներն ուսուցանել են, որ եթե իրոք ցանկանանք դառնալ նշանավոր, ապա պետք է դրա համար զոհաբերություններ անենք: Մենք պետք է ավելի ջանասեր լինենք, քան մյուսները: Մենք պետք է արվեստն առաջին տեղում դասենք մեր կյանքում: Մտքումս հաճախ մի հարց էր պտտվում. «Եթե արվեստագետը պահում է պատվիրանները, առաջնայինը առաջին տեղում է նրա համար և Տիրոջ Հոգին ուղղորդում է նրա աշխատանքը, չի՞ կարող արդյոք նա դառնալ նշանավոր»: Այս հարցն ինձանից անբաժան էր իմ ուսման ողջ ընթացքում:

Այդ ժամանակ ամուսինս և ես ավարտեցինք քոլեջը և մեկ տարի էր, ինչ ամուսնացած էինք: Երեց Ռասսել Մ. Նելսոնը (այդ ժամանակ նա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր) հրավիրված էր ելույթ ունենալու մեր ավարտական երեկոյին: Երեկոյից հետո կազմակերպվել էր ընթրիք, որին հրավիրված էին ընդամենը 16 ուսանող: Տարօրինակ զուգադիպությամբ, ինձ ու ամուսնուս ընտրել էին լինել այնտեղ: Մեկնարկեց հարց ու պատասխանի քննարկումը: Ես բարձրացրի ձեռքս ու նայելով Երեց Նելսոնի աչքերի մեջ, իմ մտահոգությունն արտահայտեցի, թե արդյո՞ք հնարավոր է լինել լավ նկարիչ և միաժամանակ՝ լավ մայր: Ես այնքան ջանասեր էի դպրոցում իմ տաղանդները զարգացնելիս, և ուզում էի շարունակել աշխատել ու կատարելագործվել, բայց ես նաև գիտեի, որ մայրությունը նախապատվություն է: Հնարավո՞ր էր արդյոք երկուսն էլ անել: Երեց Նելսոնի աչքերը փայլեցին, երբ նա պատասխանեց. «Իհա՜րկե»: Նա քաջալերեց ինձ կատարելագործել իմ տաղանդները և աղոթել Երկնային Հորը օգնության համար, որ իմանամ, թե ինչպես կարող եմ անել երկուսը միասին, քանի որ Նրա հետ ես կկարողանամ անել այն բաները, որոնք ինձ անհնար են թվացել մի ժամանակ: Ես հավատացի այդ խորհրդին:

Պարտավորվելով Նրա նպատակների համար

Ես ու ամուսինս այժմ չորս երեխա ունենք: Մենք հասկացել ենք ծնող լինելու ողջ պատասխանատվությունը: Սկզբում, իմ օրերը հիմնականում սկսվում էին ժամը 4:00-ից, որպեսզի հասցնեի մինչև երեխաներիս արթնանալը մի քիչ նկարել: Ես փորձում էի նկարել շաբաթը վեց օր, նույնիսկ, եթե երբեմն ինձ դա հաջողվում էր անել 30 րոպեով: Յուրաքանչյուր նկարելու փորձը ես սկսում էի աղոթքով, իմանալով, որ ես շատ բան չեմ կարող առանց Տիրոջ օգնության: Ես աղոթում էի, որ ոչ միայն կարողանայի նկարել, այլ նաև իմանալ, թե ինչն է ամենակարևորն այդ օրը, ապա պարտավորվում էի Նրա նպատակներն առաջնային դարձնել: Առաջընթացն արագ տեղի չէր ունենում, բայց հստակ էր:

Ավարտական օրվանից անցել էր 12 տարի: Հուսահատության պահ էի ապրում: Կյանքն այնքան հիմար բան էր թվում: Մայրությունն ավելի դժվար էր, քան ես կարծում էի: Պատկերակալի մոտ նստած ես արտասվում էի, մտածելով, թե արդյոք երբևէ կկարողանա՞մ դառնալ անվանի նկարիչ, ինչի մասին երազել եմ: Ես ոգեշնչում զգացի պահարանից վերցնել իմ հին օրագիրը և բացել 2006թ. ապրիլի 30-ի իմ գրառումները՝ դա իմ քոլեջի ավարտման հաջորդ օրն էր: Ես ամբողջովին մոռացել էի Նախագահ Նելսոնի հետ կապված իմ նշանակալից փորձառությունը: Ինչ-որ կերպ կյանքի պտտահողմը գրեթե ջնջել էր դա իմ հիշողությունից: Այդտեղ, իմ առաջ բացվեց ներկայիս մարգարեի խոսքը՝ «Իհա՜րկե»: Արցունքներս փոխվեցին երախտագիտության արցունքների, երբ հայացքս ուղղեցի հետ՝ դեպի այն ամենը, ինչ կարողացել եմ իրականացնել այդ ժամանակից ի վեր, և նաև առաջ նայեցի՝ հույսով լցված:

Անել անհնարինը

Մի քանի ամիս անց ես մի զանգ ստացա Ensign ամսագրի դիզայներներից մեկից, ով հարցնում էր, թե արդյոք կարո՞ղ են օգտագործել իմ նկարներից մեկը 2018 թվականի գերագույն համաժողովի նոյեմբերյան ամսագրի շապկի ներսի կազմի համար: Ես ապշած էի։ Տարիների ընթացքում Եկեղեցու ամսագրերը ստանալիս, առաջին բանը, որ անում էի, դիտում էի նկարնեըը: Այժմ այդտեղ պետք է լինեին իմ նկարները: Այնուհետև, երբ ինձ ասացին, որ ուզում են զուգորդել իմ նկարը Նախագահ Նելսոնի խոսքերով, ես տեսա Աստծո ձեռքը, որն ինձ քաջալերում էր առաջ շարժվել:

Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու գեղարվեստի ոլորտում, բայց շատ շնորհակալ եմ Նախագահ Նելսոնի հույսի համար՝ Տիրոջ և մեր հանդեպ: Ես շնորհակալ եմ նրա լավատեսության և վստահության համար: Ես գիտեմ, որ եթե հավատք գործադրենք Տիրոջ հանդեպ, մենք կկարողանանք մեծ գործեր անել, նույնիսկ գործեր, որոնք մի ժամանակ մեզ անհնարին են թվացել: «Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37):