2019
Որոշումների ընդունում. Ազատ կամքն ընդդեմ հայտնության
Ապրիլ 2019


Չափահաս երիտասարդներ

Որոշումների ընդունում. Ազատ կամքն ընդդեմ հայտնության

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Ծանրակշիռ որոշումների դեպքում մենք որքանո՞վ պետք է ապավինենք Աստծուն, իմանալու համար, թե ինչ անել:

Նկար
woman standing in front of river

Նկարները` Դեյվիդ Գրինի

Ամեն օր, յուրաքանչյուր մարդ կանգնում է բազմաթիվ որոշումների առաջ: Մի քանիսը շատ աշխարհիկ են, օրինակ՝ «Ի՞նչ պիտի հագնեմ»: «Ի՞նչ ուտեմ նախաճաշին»: «Ժամանա՞կն է նոր մեքենա գնել, թե մի փոքր ավելի երկար օգտագործեմ հինը»: Բայց երբեմն էլ մենք կանգնում ենք լուրջ որոշման առաջ. «Արդյո՞ք պետք է վերադառնամ դպրոց»: «Արդյո՞ք պիտի համաձայնեմ այս աշխատանքին»: «Տեղափոխվե՞մ ուրիշ քաղաք»: «Գնե՞մ նոր տուն»: «Ժամադրվե՞մ այս անձի հետ»: «Արդյո՞ք պետք է ամուսնանամ այս անձի հետ» և այլն:

Ծանրակշիռ որոշումների բախվելիս, մենք հակված ենք համապատասխանաբար երկար ժամանակ մտածել՝ նախքան ընտրություն կատարելը: Մենք հետևում ենք Վարդապետություն և Ուխտեր 9.8–9 հատվածներում Օլիվեր Քաուդերիին տրված խորհրդին, որտեղ Տերն ասում է.

«Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է:

Բայց, եթե դա ճիշտ չլինի, դու նման զգացումներ չես ունենա, այլ կունենաս մտքի ընդարմացում, որի արդյունքում դու կմոռանաս այն, ինչը սխալ է»:

Թեև սա միանշանակ լավ խորհուրդ է, սակայն երբ գալիս է ծանրակշիռ որոշումներ կայացնելու պահը, երբեմն մենք ավելի շատ ապավինում ենք այն բանին, որ Աստված ասի մեզ, թե որն է ճիշտը, և ոչ այնքան դա մեր մտքում քննելուն: Մենք այնքան ենք տարվում՝ սպասելով, որ Աստված հաստատի մեր որոշումները, որ բաց ենք թողնում մեզ ընձեռված հրաշալի հնարավորությունները: Մենք կարող ենք նույնիսկ ճանաչել ազատ կամքի դերը, բայց սարսափում ենք որոշում կայացնելուց, որը կարող է մեզ հեռացնել կանխորոշված «ծրագրից» և, ի վերջո, ընդունում, որ կուրծքն այրվելուց կամ երկնքից եկող ձայնից բացի ոչինչ չի կարող վկայել այն մասին, որ մեր որոշումը սխալ է: Շատերիս համար, ազատ կամքի և անձնական հայտնության միջև այս անորոշ լարվածությունը հանգեցնում է մի կարևոր հարցի. որքանո՞վ է Աստված օժանդակում մեր որոշումների կայացմանը:

Աստծո դերը մեր որոշումների կայացման գործում

Թերևս այս հարցը լավագույն ձևով է մեկնաբանվում Հարեդի եղբոր պատմությամբ: Այս պատմության մեջ հետաքրքիր զարգացում է տեղի ունենում, որն ուսուցանում է մեզ, թե Աստծո ակնկալիքով, մենք ինչպես պետք է որոշումներ կայացնենք: Երբ Բաբելոնի աշտարակի մոտ լեզուները խառնվեցին, Հարեդը խնդրեց իր եղբորը հարցնել Տիրոջը, թե արդյո՞ք իրենք պետք է հեռանան երկրից, և եթե այդպես է, ուրեմն ուր պետք է գնան (տես Եթեր 1.36–43): Հարեդի եղբայրը հարցնում է, և Տերն առաջնորդում է նրանց դեպի ծովափնյա մի վայր: Ճանապարհորդության ժամանակ Տերը խոսում է նրանց հետ ամպի միջից և ուղղորդում նրանց յուրաքանչյուր քայլը: Վերջապես նրանք հասնում եմ ծովափնյա մի վայր, որտեղ մնում են չորս տարի:

Չորս տարի հետո Աստված ասում է Հարեդի եղբորը, որ բեռնանավեր կառուցի և պատրաստ լինի անցնելու օվկիանոսը: Երբ Հարեդի եղբայրը հասկանում է, որ նավերը օդ չեն ունենա, նա հետևում է նույն ծանոթ օրինակին, հարցնելով Աստծուն՝ թե ինչ պետք է անի: Ինչպես սպասվում էր, Տերն արձագանքում է նրան, տալով մանրամասն հրահանգներ, որպեսզի նավերի գագաթային և ստորին մասերում անցքեր արվեն: Ուշադրություն դարձրեք հայտնության օրինաչափությանը. Աստված տալիս է նրանց մի ծրագիր, նրանք հարցեր են տալիս, թե ինչպես պետք է կատարեն այդ ծրագիրը, և Աստված արձագանքում է մանրամասն ու հստակ պատասխաններով:

Բայց նավերի մեջ անցքեր անելուց հետո, Հարեդի եղբայրը հասկանում է, որ նավերը լույս չեն ունենա: Նա կրկին հարցնում է Աստծուն, թե ինչ պետք է անի: Պատասխանելու փոխարեն Աստված հարցնում է. «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում»: (Եթեր 2.23): Մանրամասն հրահանգներ տալու փոխարեն, ինչպես Նա մինչ այդ անում էր, այս անգամ Տերը սպասում է, որ Հարեդի եղբայրը որոշի, թե ինչ անել:

Տիրոջ այսպիսի պատասխանը թերևս ամենադժվարն է հասկանալու համար, երբ փորձում ես որոշում կայացնել: Մեզ սովորեցրել են աղոթել և սպասել պատասխանին, ուստի, սովորաբար մենք անհանգստանում ենք, երբ ոչինչ չենք լսում ի պատասխան: Հաճախ մենք չգիտենք՝ գուցե հստակ պատասխանի բացակայությունը որակվում է որպես «մտքի ընդարմացում», որը ցույց է տալիս, որ ընտրությունը սխալ է: Լինում է նաև, որ մենք մտածում ենք՝ գուցե դա նշանակում է, որ մենք բավականաչափ արդար չէինք, որ լսեինք պատասխանը կամ գուցե մենք «անկեղծ միտումով» չենք խնդրում (տես Մորոնի 10.4): Կա նաև երրորդ տարբերակ, որ երբեմն մենք չենք դիտարկում՝ գուցե ինչպես Հարեդի եղբոր դեպքում, Աստված սպասում է, որ մենք կայացնենք մեր որոշումը:

Որոշում կայացնել

Վերջերս ես հայտնվեցի մի իրավիճակում, որը կասկածի տակ դրեց իմ կարծիքը ազատ կամքի և անձնական հայտնության մասին: Երբ դպրոցն ավարտելուն քիչ էր մնացել, մի քանի գործատուներ աշխատանքի տարբեր առաջարկներ արեցին ինձ, որոնք տարբեր քաղաքներում էին, և ես չգիտեի, թե որ մեկն ընդունել: Հարեդի եղբոր նման, ես շատ պահեր եմ ունեցել, երբ աղոթել եմ կարևոր որոշման համար, և Աստված բավական հստակ պատասխան է տվել: Ապավինելով իմ ունեցած նախորդ փորձառություններին, ես սկսեցի աղոթել և խնդրեցի, որ Աստված օգնի որոշել, թե աշխատանքի որ առաջարկն ընդունեմ: Ես նաև կատարում էի իմ բաժինը` ուսումնասիրելով աշխատանքի յուրաքանչյուր առաջարկը և խորհրդակցելով շատ մարդկանց հետ: Բայց անկախ նրանից, թե որքան ես աղոթեցի կամ ծոմ պահեցի, երկինքները լուռ էին և ես պատասխան չստացա:

Նկար
two different cities

Որոշում կայացնելու վերջնաժամկետը մոտենում էր, և ես սկսեցի խուճապի մատնվել: Սա հաստատ այնպիսի որոշում էր, որի դեպքում Տերը պետք է միջամտեր, ուրեմն, ինչո՞ւ Նա չէր պատասխանում: Գուցե Նա անտարբեր էր՝ որ աշխատանքը ես կընտրեմ, բայց Նա չպետք է անտարբեր լիներ, թե որ քաղաքը ես կտեղափոխվեմ, քանի որ, անշուշտ, դա ազդելու էր իմ կյանքի վրա: Նախկինում Տերը միշտ ուշադիր է եղել իմ որոշումներին, ուրեմն ինչո՞ւ ուշադիր չլիներ նաև այս որոշմանը:

Այնուամենայնիվ, անկախ իմ ջանասեր փորձերից, պատասխան չկար: Ես սկսեցի մտածել, որ գուցե այնքան շատ եմ հեռացել Աստծուց, որ չեմ կարողանում լսել Նրա պատասխանը: Ես նաև մտածում էի, որ չէի կարողանում լսել, քանի որ ենթագիտակցաբար չէի ցանկանում լսել պատասխանը: Վերջապես, վերջնաժամկետի նախորդ օրը, իմանալով, որ պետք է ընտրություն կատարեմ, ես որոշում կայացրի՝ օգտագործելով իմ ողջամտությունը: Այդ գիշեր ես ուղղակի աղոթում էի, խնդրելով, որ Նա ասի ինձ, եթե իմ պատասխանը սխալ է: Պատասխան այդպես էլ չեղավ, և ես ընտրեցի աշխատանքներից մեկը:

Մի քանի ամիս անց ես դեռևս կասկածում էի իմ որոշման մեջ, և խնդրեցի, որ ինձ քահանայության օրհնություն տան՝ հաստատում ստանալու համար: Օրհնության ժամանակ ինձ ասվեց, որ ես չէի ստանում իմ աղոթքների պատասխանը, քանի որ Տիրոջը բավարարում էր իմ կատարած ցանկացած որոշումը: Այս օրհնությունը վերահաստատեց իմ միսիայի նախագահի նախկինում տված խորհուրդը, ով ինձ ասել էր, որ երբեմն կարևոր չէ, թե մենք ինչ որոշում ենք կայացնում: Աստված ուզում է, որ մենք իմանանք, թե ինչպես կանգնել մեր սեփական ոտքերի վրա և որոշել, թե ինչպես ապրենք մեր կյանքը: Իմ միսիայի նախագահը նաև հիշեցրել էր ինձ, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը, չի պատժի մեզ և զրկի մեզ խոստացված հնարավորություններից, եթե մենք անկեղծորեն փորձում ենք պարզել, թե ինչ պետք է անենք:

Հարեդի եղբայրը, հավանաբար, բեռնանավերի լուսավորման համար կարող էր առաջարկել գրեթե ցանկացած լուծում և Տիրոջ համար դա ընդունելի տարբերակ կլիներ: Փորձառության իմաստը ոչ միայն նրանում էր, որ Հարեդի եղբայրը ամրապնդեր իր հավատքը, այլև սովորելն էր, թե ինչպես որոշում կայացնել:

Գործադրելով ազատ կամքը

Նկար
different paths

Հավերժական տեսանկյունից, ազատ կամքի գործադրումը անձնական աճի համար կարևոր բաղադրիչ է հանդիսանում: Առանց դրա մենք չենք կարող այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կօգնեն մեզ գործի դնել մեր ամբողջ ներուժը: Աճը, ինչպես ավետարանի մյուս բոլոր բաները, գալիս են «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30): Աստված ուզում է, որ մենք պատրաստված մարդիկ լինենք, այլ ոչ թե՝ անդամալույծ, և Նա ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր ազատ կամքը, որպեսզի մեր կյանքը լավագույն ձևով ապրենք:

Եթե սովորենք հավասարակշռություն գտնել ազատ կամքի և հայտնության միջև, մենք կարող են հոգևոր իրական աճ ունենալ: Հենց դա էր տեղի ունեցել Հարեդի եղբոր հետ: Խորը մտածելուց հետո նա սարից 16 քարեր հալեց և խնդրեց Աստծուն դիպչել դրանց, որպեսզի փայլեն (տես Եթեր 3.1–5): Այս անգամ, երբ Աստված արձագանքեց, ամեն ինչ փոխվեց: Աստծո ձայնը ամպի միջից լսելու փոխարեն, Հարեդի եղբայրը փաստորեն տեսավ Տիրոջը, ով ոչ միայն անձամբ հայտնվեց, այլև ցույց տվեց Հարեդի եղբորն անհավատալի տեսիլքներ աշխարհի և գալիք բաների մասին (տես Եթեր 3.6–26): Հնարավոր է, որ Հարեդի եղբայրը հոգևորապես պատրաստ չլիներ այդ տեսիլքը ստանալուն, եթե նա սկզբից չունենար անձնական աճ, որը եկել էր ինքնուրույն որոշումներ կայացնելուց:

Որոշումներ կայացնելիս մենք անշուշտ պետք է հետևենք Ալմայի խորհրդին. «Խորհուրդ [անենք] Տիրոջ հետ [մեր] բոլոր գործերում» (Ալմա 37.37): Երբ Տերն ակնկալում է, որ մի հատուկ որոշում կայացնենք, Նա մեզ կզգուշացնի և կօգնի խուսափել մոլորվելուց: Բայց մենք նաև պետք է պատրաստ լինենք, որ կանգնենք ու հավատքով առաջ շարժվենք, անկախ նրանից՝ պատասխանը կգա, թե ոչ: Քանի դեռ մենք պահում ենք մեր ուխտերը և հավատարիմ ենք Հիսուս Քրիստոսի ավետարանին, մենք կարող ենք վստահ լինել մեր արդար որոշումների մեջ և խաղաղություն զգալ, որ Տերն ուրախ է մեր ջանքերի համար: