2019
Անհատականացված անձնական հայտնություն
Ապրիլ 2019


Չափահաս երիտասարդներ

Անհատականացված անձնական հայտնություն

Ինչպե՞ս եք զգում հայտնության և ձեր սեփական մտքերի միջև տարբերությունը:

Նկար
woman reading book

Նկարը՝ Բրայան Կերշիսնիկի

Մենք ապրում ենք բազմաթիվ հնարավորություններ ընձեռող աշխարհում: Մենք ազատ ենք ընտրելու մեր կարիերան, դպրոցը, ամուսնուն կամ կնոջը, որտեղ ապրել և այլն: Դա իսկապես օրհնություն է մեր սերնդի համար: Սակայն, մյուս կողմից, այս բոլոր ընտրություններն ավելի բարդ են դառնում, քանի որ դժվար է որոշումներ կայացնել, երբ կան շատ ուղիներ և հնարավորություններ, որոնք կհանգեցնեն լավ բաների: Ինչպե՞ս ենք ճիշտն ընտրում, երբ այդքան շատ լավ հնարավորություններ կան: Երբ դուք մոլորված ու շփոթված եք ձեզ զգում որոշումների այս փոթորիկում, իմացեք, որ Երկնային Հայրը ցանկանում է առաջնորդել ձեզ: Դուք կարող եք ընտրել ճիշտ ուղին և ստանալ պատասխաններ, որոնք փնտրում եք, եթե հետևեք Նրա ձայնին: Պարզեք, թե ինչպես է Նա խոսում ձեզ հետ, վստահեք Նրան, հետևեք մարգարեին, եղեք համբերատար, լավատես, հավատք ունեցեք և, ի վերջո, դուք կառաջնորդվեք ճիշտ ուղղությամբ:

—Վիրա Վաշչենկո, Կիև, Ուկրաինա

Իմ կյանքի ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես է Տերն առաջնորդում ինձ, և ես գիտակցում եմ, որ այն ամենը, ինչին ես հասել եմ, Նրա և Նրա առաջնորդության շնորհիվ է: Նույնիսկ այն պահերին, երբ ինձ թվում է, թե մենակ եմ քայլում, վերջում Նա ինձ թույլ է տալիս հասկանալ ու զգալ, որ միշտ իմ կողքին է: Ահա թե ինչու եմ որոշում կայացրել միշտ առաջ գնալ հավատքով, նույնիսկ այն ժամանակ, երբ զգում եմ, որ ինքնուրույն եմ գործում: Երբեմն իմ ճանապարհն այնքան էլ պարզ չի լինում ինձ համար, և միշտ չէ, որ կարող եմ տեսնել, թե ինչ է ինձ սպասվում ապագայում, բայց ես միշտ հավատքի քայլեր եմ անում, ապա սկսում եմ տեսնել լույսը և ճանաչել Աստծո ձեռքը իմ կյանքում: Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սիրում են մեզ և պատրաստ են առաջնորդել, բայց Նրանք նաև ակնկալում են, որ մենք հավատք գործադրենք Իրենց հանդեպ և գործենք, երբ Հոգուց հուշումներ ենք ստանում:

—Ինդհիրա Մեջիա, Դոմինիկյան Հանրապետություն

Հասակ առնելով, ես սովորել եմ Հոգու լեզուն: Հոգին խոսում է ինձ հետ պարզ մտքերի միջոցով: Որոշ դրսևորումներից հետո ես ընտելացա այդ բանին, բայց սովորաբար Հոգին գալիս է ինձ մոտ խաղաղ վայրերում, օրինակ, երբ աշխատանքի եմ գնում իմ մեքենայով: Ես գիտեմ, որ դրանք իմ մտքերը չեն, քանի որ Հոգին հաճախ ներթափանցում է իմ միտք, երբ ես այդ թեմայի մասին նույնիսկ չէի մտածում:

—Կլարիսսա Մաե Թեյլոր, Յուտա, ԱՄՆ

Ես կարծում եմ, որ զարմանահրաշ հմտություններից մեկը, որում պետք է վարպետանանք՝ Սուրբ Հոգու մեղմ շշուկները ճանաչելու ունակությունն է: Սուրբ գրությունների ջանասեր ուսումնասիրությունը մղեց ինձ, որ ավելի վարպետանամ դրանում: Ես միշտ մտածել եմ, որ նա, ով ջանասիրաբար փնտրում է՝ կգտնի և Աստծո խորհուրդները հայտնի կդառնան նրան Սուրբ Հոգու զորությամբ (1 Նեփի 10.19): Այլ կերպ ասած, եթե ես ուզում եմ ճանաչել Հոգին, ես չեմ կարող թույլ տալ, որ տարվեմ անպետք մտքերով կամ կյանքի ամենօրյա հոգսերով, փոխարենը ես պետք է սուզվեմ աշխատանքի մեջ և մոռանամ իմ անձը: Այդ ժամանակ ես ավելի լավ կկարողանամ ճանաչել Հոգին, որովհետև ես պատրաստ կլինեմ դրան: Ինչպես նավը հեշտությամբ չի կարող նավարկել փոթորկի միջով, այնպես ել մենք չենք կարող լսել Հոգուն, եթե տարվենք կյանքի հոգսերով, որոնք մեր վերահսկողությունից դուրս են:

—Էմմանուել Բորնգրիտ Դոգբի, Աքրա, Գանա

Նկար
couple

Մեր փոքրիկ ընտանիքում մենք ճանաչում ենք Հոգին խաղաղության շնորհիվ, որը զգում ենք, հատկապես ես ու ամուսինս՝ որպես ամուսնական զույգ: Երբ գերակշռում են մեր սեփական մտքերը, մենք չենք զգում, որ դա հաստատ ճիշտ պատասխանն է, միշտ լինում է մի քողարկված կասկած կամ վախի զգացում: Բայց երբ հայտնություն ենք ստանում, մենք խաղաղություն ենք զգում, նույնիսկ, երբ փորձում ենք հասկանալ, և երբ առաջին հայացքից այդ բաներն անիմաստ են թվում: Երբ հետևում ենք այդ հուշումին և կատարում այն, մենք միշտ տեսնում ենք, որ ամեն ինչ ընկնում է իր տեղը: Այդ ժամանակ մենք նայում ենք իրար և ասում. «հիմա ամեն ինչ պա՜րզ է»:

—Մարիանա Ռայթ, Յուտա, ԱՄՆ

Չնայած մենք բոլորս տարբեր կերպով ենք ստանում անձնական հայտնությունը, մի բան անկասկած ճիշտ է. Աստված հաճախ է խոսում մեզ հետ: Մենք միայն պետք է կամենանք ջանք թափել` Նրա ձայնը ճանաչելու և լսելու ունակությունը զարգացնելու համար: Ինչպես խորհուրդ է տվել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը «Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին: Իսկ հետո լսեք: Գրեք մտքերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները: Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ»»: («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս, 2018, 95):