2019
Մեր որդին Երկնային Հոր որդին է
Ապրիլ 2019


Մեր տները, մեր ընտանիքները

Մեր որդին Երկնային Հոր որդին է

Հեղինակն ապրում է Արիզոնայում, ԱՄՆ:

Բառեր, որոնք իմը չէին, մտան իմ մտքի մեջ. «Ինչո՞ւ է քեզ թվում, որ դու նրան ավելի շատ ես սիրում, քան ես»:

Նկար
mother and son

Հեղինակի նկարը որդու հետ

Մեր քաղցր փոքրիկ որդին՝ Հայդենը, եկավ այս աշխարհ կապտած ու անշունչ, նա պայքարում էր կյանքի համար: Լացի ձայն չկար: Չէր շարժվում:

Երբ բժիշկներն ու բուժքույրերը շտապ-շտապ հավաքվեցին հիվանդանոցի սենյակում, ես գիտեի, որ ինչ-որ բան շատ վատ է: Ամուսինս ու հայրս Հայդենին արագ տվեցին քահանայության օրհնություն, և Հայդենին շտապ տեղափոխեցին ինտենսիվ խնամքի բաժանմունք: Շուտով նրան ախտորոշեցին հազվադեպ հանդիպող սրտի անբավարարություն: Մեկը մյուսի ետևից նա ենթարկվեց սրտի մի քանի վիրահատության:

Քահանայության օրհնության հրաշալի զորության, ծոմի և աղոթքների շնորհիվ Հայդենը, հաղթահարելով ամեն ինչ՝ ապրեց: Մենք ցնծության մեջ էինք՝ տուն բերելով մեր որդուն և միասին նոր կյանք սկսելով:

Հայդենն անսահման ուրախություն բերեց մեր կյանք: Մենք գուրգուրում ու փայփայում էինք նրան: Բայց ժամանակի հետ ես սկսեցի անհանգստանալ՝ չլինի թե հիվանդությունը կրկին զարգանա: Թեև մասնագետները վստահեցրել էին մեզ, որ նա, ի վերջո, վերականգնվելու է, սակայն համառ մտահոգությունները շարունակվում էին, երբ փորձում էի օգնել որդուս:

Ամուսինս ու ես ուսումնասիրում էինք, որպեսզի հնարավոր ամեն ինչ իմանայինք Հայդենի հիվանդության մասին: Մենք բժիշկների ասած բոլոր բաներն արել էինք: Սակայն առաջընթաց չկար:

Ես հոգնած ու հիասթափված էի: Ես աղերսում էի իմ Երկնային Հորը, որպեսզի օգներ ինձ գտնել մեկին, ով կարող էր օգնել Հայդենին, բայց օգնություն չեղավ: Հայդենի վիճակը վատթարացավ: Նրա մոտ սկսվեցին սուր նոպաներ: Մենք սարսափած էինք: Մեզ թվաց, որ կորցնում ենք նրան:

Մի ուշ գիշեր, ես արթուն էի և պատասխաններ էի որոնում: Ես նամակ գրեցի Հայդենին: Ես ասացի, թե որքան շատ եմ նրան սիրում, և որքան ջանք եմ ես թափում, որպեսզի թեթևացնեմ նրա կյանքը: Ես խոստացա, որ իմ կյանքի օրերը կանցկացնեմ՝ փորձելով գտնել նրան անհրաժեշտ օգնությունը:

Հիասթափությունն ու անորոշությունը այդ պահին համակեցին ինձ: Ես ծնկի իջա և հարցրեցի իմ Երկնային Հորը. «Ինչո՞ւ»: Ես մտածեցի, որ Նա ուղարկել էր Հայդենին ինձ, որովհետև գիտեր, որ ես երբեք չէի դադարի օգնել իմ որդուն: Ուրեմն, ինչո՞ւ ես չէի ստանում որևէ պատասխան: Յուրաքանչյուր նոր բժիշկը և յուրաքանչյուր նոր բուժումն ինչո՞ւ էր կանգնում մի նոր պատնեշի առաջ: Երկնային Հայրը չէ՞ր սիրում Հայդենին:

Ես երբեք չեմ մոռանա այդ պահը: Հանկարծ սիրո մի համապարփակ զգացում համակեց ինձ: Բառեր, որոնք իմը չէին, մտան իմ մտքի մեջ. «Ջերլին, ինչո՞ւ է քեզ թվում, որ դու նրան ավելի շատ ես սիրում, քան ես»:

Ես սառեցի: Ժամանակը լուռ դադար առավ: Արցունքները ողողեցին դեմքս, ոչ թե հիասթափությունից, ինչպես նախկինում, այլ հույսի, հասկացողության և սիրո շնորհիվ:

Այդ պահին ամեն ինչ փոխվեց: Սիրտս փափկեց: Հարցերս փոխվեցին: Ես հիմա հասկանում եմ, որ իմ Երկնային Հայրը սիրում է Հայդենին կատարյալ սիրով: Հեյդենն այստեղ էր ուղարկվել այն մարմնով, որը համապատասխանում է իր կարիքներին, աճի և ուսուցանվելու իր հնարավորություններին: Նա ունի իր յուրահատուկ ունակություններն ու մարտահրավերները, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ես սկսել եմ հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող երեխաները թանկ են և Երկնային Հոր սիրելի երեխաներն են, ովքեր հատուկ առաքելություն ունեն այստեղ՝ երկրի վրա:

Ամուսինս ու ես մշտապես ստանում ենք պատասխաններ և օրհնություններ, բայց դրանք գալիս են Տիրոջ ժամանակին, ոչ թե՝ մեր: Մենք առաջնորդվեցինք՝ գտնելով ճիշտ գրքեր, բուժումներ, դպրոցներ և ուսուցիչներ, որպեսզի օգնեինք Հայդենին հաջողության հասնել այս մահկանացու կյանքում: Մենք աշխատում ենք գտնել այն ուղին, որը մեր Երկնային Հայրն է նախատեսել Հայդենի համար, ոչ թե այն ճանապարհը, որը մենք ենք նրան ցանկանում: Մենք անում ենք, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք Հայդենին բացահայտել իր աստվածային ներուժը և ապրել այնպես, ինչպես իր Երկնային Հայրն է ծրագրել իր համար: Երկնային Հոր ծրագրի մասին մեր պատկերացումն այժմ այնքան պարզ է, որ մենք հասկանում ենք, որ Հայդենը մերը լինելուց առաջ սկզբում Նրանն է եղել: