2019
Նորացման զգացում
Ապրիլ 2019


Նորացման զգացում

Հեղինակն ապրում է Տեխասում, ԱՄՆ:

Էստոնիա

Նկար
Feeling New

«Ես անակնկալ ունեմ»,- ասաց Էման (մայրը), երբ դպրոցից վերցնում էր Ռազմուսին: Նրանք միասին քայլեցին գունագեղ շենքերով շրջապատված նեղ փողոցներով:

«Իմ սիրած ուտե՞ստը՝ Ռոսոլջե՞ն»: Ռազմուսը լիահույս փորձում էր կռահել: Նրանք այդ ուտեստը հենց անցյալ շաբաթ էին կերել իր յոթերորդ տարեդարձին: Բայց նա կարող էր ավելի շատ ուտել ճակնդեղով ու կարտոֆիլով աղցանը թթու ծովախեցգետնով:

Էման ժպտալով տարուբերեց գլուխը: «Այսօր առավոտյան ավտոբուսում հանդիպեցի երկու երիտասարդ կանանց: Միսիոներներին: Նրանք այսօր կայցելեն մեզ իրենց եկեղեցու մասին պատմելու համար»:

Ռազմուսը հետաքրքրությամբ նայեց: Նա մինչ այդ երբեք չէր հանդիպել միսիոներների:

Նա իր ննջասենյակում խաղում էր հրշեջ բեռնատարի հետ, երբ միսիոներները եկան: «Tere: Tere: Բարև Ձեզ», ողջունելով Էմային նրանք ներս մտան: Միսիոներները հանեցին իրենց ծանր երկարաճիտ կոշիկները և հագան տան հողաթափերը, որոնք Էման պատրաստել էր այցելուների համար: Էման առաջնորդեց նրանց նստել նարնջագույն թախտին: Ռազմուսը կանգնած էր մնացել դռան ետևում:

Բարձրահասակ քույրը նկատեց Ռազմուսին և ժպտաց: Նրա սև անվանապիտակի վրա գրված էր Õde Craig (Քույր Քրեյգ): «Մայրիկդ մեզ ասաց, որ վերջերս ծննդյանդ օրն է եղել», - ասաց նա: «Մենք քեզ մի բան ենք բերել»: Նա մի փոքր բացիկ մեկնեց նրան: Ռազմուսը մոտիկից նայեց:

Այնտեղ մի տղամարդու նկար էր: Նա սպիտակ հագուստով էր և նրա ձեռքը մեկնված էր:

«Գիտե՞ս, թե ով է նա»,- հարցրեց Քույր Քրեյգը:

Ռազմուսը չգիտեր այդ մարդու անունը: Նա այս նկարը երբեք չէր տեսել: Բայց տղամարդը շատ բարի և զորավոր էր երևում: «Կարծում եմ, նա թագավոր է»,- ասաց Ռազմուսը:

Միսիոներները երկուսն էլ ժպտացին: «Այո: Ճիշտ է: Նա Թագավորների Թագավորն է: Նրա անունը Հիսուս Քրիստոս է»: Քույր Քրեյգը հանեց մի կապույտ կազմով գիրք: «Եվ սա գիրք է, որն ուսուցանում է Նրա մասին՝ Mormoni Raamat: Մորմոնի Գիրքը»:

Ռազմուսը և Էման սկսեցին կարդալ Մորմոնի Գիրքն ամեն օր, նախքան Ռազմուսի դպրոց գնալը: Դպրոցի ժամերին Ռազմուսը դասարանով գնում էր բնության զբոսանքների, իսկ հետո քնում էին։ Դպրոցից հետո Էման ու Ռազմուսը հաճախ էին հանդիպում միսիոներների հետ: Նրանք կիսվում էին միսիոներների հետ Մորմոնի Գրքից իրենց կարդացած թեմաներով: Երբեմն Էման կերակրում էր բոլորին կրինգելով՝ դարչինե հյուսված հացով: Հանգստյան օրերին Ռազմուսն ու Էման հեծանիվ էին վարում կամ զբոսախնջույք կազմակերպում լողափին: Երբեմն նրանք երկար զբոսանքի էին դուրս գալիս անտառում, կամ իրենց սիրած գետի երկայնքով:

Այդ անտառային զբոսանքներից մեկի ժամանակ Էման ասաց նրան, որ ցանկանում է մկրտվել: Ռազմուսը ծիծաղեց: Միսիոներները խնդրել էին Էմային աղոթել, որ իմանա, թե արդյոք պետք է մկրտվեր: Հնչեց այնպես, որ նա ստացել էր պատասխանը:

«Եվ ես գիտեմ, թե որտեղ եմ մկրտվելու», - ասաց նա ժպիտով: Կարո՞ղ ես գուշակել»:

Ռազմուսը մտածեց մկրտության թեմայով միսիոներների դասի մասին: Նրանք մի նկար ցուցադրեցին, որտեղ պատկերված էին Հիսուսը և Հովհաննես Մկրտիչը գետի մեջ …

«Գե՜տը»,- բացականչեց նա: «Մեր սիրած գետը»:

Մեկ շաբաթ անց Ռազմուսը գետափի մոտ էր միսիոներների և Եկեղեցու որոշ մարդկանց հետ: Էման պատրաստ էր մկրտվելու: Նա ամբողջությամբ սուզվեց ջրի մեջ, ճիշտ ինչպես Հիսուսն էր արել: Երբ դուրս եկավ, նա ժպտում էր: Ռազմուսը ցանկանում էր հավերժ հիշել այս պահը՝ կապույտ ջուրը, կանաչ խոտի երեսին ճերմակ վայրի ծաղիկները և իր մոր ժպիտը:

Դրանից հետո, երբ բոլորն ուտում էին միսիոներների բերած թխվածքաբլիթները, Ռազմուսը մայրիկին հարցրեց, թե ի՞նչ զգացումներ է առաջացնում մկրտությունը:

«Հրաշալի»,- ասաց նա: «Ես ուզում էի ընդմիշտ գետում մնալ: Ես այնքան նորացած էի ինձ զգում»: Մայրը նրան ամուր գրկեց:

«Իմ հաջորդ ծննդյան օրը ես ցանկանում եմ մկրտվել, ճիշտ այնպես, ինչպես դու և Հիսուսը»,- ասաց Ռազմուսը: «Ես էլ եմ ցանկանում նորացած զգալ»: