2019
Քաղցր ազնվություն
Ապրիլ 2019


Քաղցր ազնվություն

Հեղինակն ապրում է Կոլորադոյում (ԱՄՆ):

«Բարին գործէք» (Բ Կորնթացիս 13.7):

Նկար

«Խնդրում եմ հետևես եղբորդ»,- ասաց մայրս: «Ես ու հայրդ գնում ենք օգնելու մեկին, ով հիվանդ է»:

Ես մեր փոքրիկ տան հատակն էի ավլում, նայեցի վերև ու գլխով արեցի: Մայրս Սփոփող Միության նախագահն էր և հաճախ էր գնում մեր ծխի քույրերին այցելության:

«Շնորհակալություն, Արլին»,- ասաց մայրս, համբուրելով գլուխս: Ջոնը քնել է: Սեղանին հացի խմորն է բարձրանում: Խնդրում եմ, ձեռք չտաս:

Դռնից ես հետևում էի, թե հայրս ու մայրս ինչպես են սայլով հեռանում փոշոտ ճանապարհով: Ես հպարտ էի, որ մայրս վստահել էր ինձ:

Երբ ավլեցի խոհանոցը, կանգ առա նայելու հացի խմորին: Չէի կարող համբերել մինչև մայրս կթխեր հացը երեկոյան: Սովորաբար մենք ուտում էինք թարմ հացը տանը պատրաստված ջեմով: Բայց մեր ջեմը դեռ երեք ամիս առաջ արդեն վերջացել էր:

Ջե՜մ: Այդ միտքը քաղց առաջացրեց ինձ մոտ, ես ցանկանում էի քաղցր մի բան ուտել: Ես նայեցի շաքարավազի ամանին, որը պահարանի վերևում էր: Ես գիտեի, որ մայրս պահում էր դա, որպեսզի ջեմ եփեր:

Բայց որքան շատ էի մտածում շաքարավազի մասին, այնքան քաղցն ուժեղանում էր: Վերջապես, ես մոտեցրի աթոռը պահարանին և ձգվեցի դեպի այդ տարան: Մատներս միայն քսվեցին շաքարավազի ամանին: Հրելով ես մոտեցրի այն պահարանի եզրին:

Եվ տարան սահեց ու պահարանից վայր ընկավ: Ես փորձեցի բռնել, բայց այն շրխկոցով ընկավ ուղիղ հացի խմորի մեջ: Շաքարավազը թափվեց հացի, սեղանի և հատակի վրա:

«Օ՜, ոչ»: Ես աղաղակեցի: Իմ ձայնից արթնացավ եղբայրս: Նա սկսեց լացել: Ես նույնպես ուզում էի լաց լինել: Ի՞նչ կասեր մայրիկս տեսնելով այս խառնաշփոթը:

Երբ հանգստացրեցի եղբորս, ես ջանքեր գործադրեցի, որպեսզի մաքրեմ շաքարավազը: Ես հանեցի տարան հացի խմորի միջից և լվացի: Ես սրբեցի շաքարավազը սեղանից և հատակից: Սակայն ոչինչ չէի կարող անել, որպեսզի շաքարավազը հեռացնեի հացի խմորի միջից:

Ես մտածեցի տարան պահարանում իր տեղը դնելու մասին: Գուցե մայրս չնկատեր, որ այն դատարկ է: Բայց ես գիտեի, որ դա ճիշտ չէր: Այդպիսով, ես դրեցի տարան սեղանին և սպասեցի մայրիկիս ու հայրիկիս վերադարձին:

Երբ նրանք տուն եկան, մայրս անմիջապես նկատեց շաքարավազի տարան:

Ես խորը շունչ քաշեցի: «Ես պարզապես ուզում էի համտեսել շաքարավազը: Բայց ես գցեցի տարան պահարանից: Ես փորձեցի մաքրել, բայց չկարողացա հեռացնել այն հացի խմորի միջից»: Խոսքերը դուրս էին գալիս իմ բերանից, մինչ հայացքս ուղղված էր հատակին:

Մայրս լուռ էր մի պահ:

«Ներիր ինձ»,- շշնջացի ես:

Մայրս շունչ քաշեց: «Դե լավ, կարծում եմ այսօրվա հացը չափից քիչ ավել քաղցր կլինի»,- ասաց նա: Ես վերև նայեցի: Նա ժպտաց ինձ: «Շնորհակալություն, որ պատմեցիր մեզ, թե ինչ է պատահել»:

Այդ օրը, քաղցրահամ հացն ուտելիս, մայրս, հայրս ու ես խոսեցինք ազնվության մասին:

«Մենք բոլորս շատ սխալներ ենք անում կյանքում»,- ասաց հայրիկս: Բայց երբ ազնիվ ենք և փորձում ենք ապաշխարել, Երկնային Հայրը և Հիսուսը երջանիկ են: Մենք միշտ կօրհնվենք ազնիվ լինելու համար, նույնիսկ երբ սկզբում դա դժվար է թվում:

Ես դեռ տխուր էի շաքարավազը թափելու պատճառով: Ես գիտեի, որ այս տարի մենք բավականաչափ ջեմ չէինք ունենա իմ սխալի պատճառով: Բայց ուրախ էի, որ ճիշտն էի ասել: Դա մի այնպիսի քաղցր զգացում էր, որ շաքարի ոչ մի քանակություն չէր կարող առաջացնել: