2019
Զատիկի ավանդույթները Սուիզների ընտանիքում
Ապրիլ 2019


Զատիկի ավանդույթները Սուիզների ընտանիքում

Տոները միշտ էլ հրաշալի ժամանակ են ընտանիքների համար միասին հավաքվելու և ուրախ ժամանակ անցկացնելու, ծանոթությունները վերականգնելու ու մի քանի լավ հոգևոր դասեր սովորելու համար: Մեր ընտանիքի համար Զատիկը ավանդաբար եղել է այդ տոներից մեկը: Սուիզ տատիկի ստեղծագործական հմտությունները միշտ էլ ուրախություն և զարմանք են պատճառել նրա զավակներին ու թոռներին: Նա սկսում է ծրագրել նախորդ տարվա Զատիկի ընտանեկան միջոցառումից անմիջապես հետո: Ամբողջ տարին նա հավաքում է թխվածքներ և ընտանեկան ճաշատեսակներ պատրաստելիս օգտագործվող ձվերի կճեպները: Նա զգուշությամբ կտրում է յուրաքանչյուր ձվի ծայրը և թափահարելով հանում է ձվի պարունակությունը, այդպիսով համարյա անվնաս պահելով ձվի կճեպը:

Երբ մոտենում է Զատիկը, ձվի կճեպները լցվում են փայլուն թղթերով և պատվում են գունավոր փաթեթավորման թղթերով: Թոռները սիրում են օգնել այդ ընթացքում, միաժամանակ գունավորելով խաշած ձվերը: Հիմա նրանք պատրաստ են փաթեթավորել պլաստիկ ձվերը, որոնք պարունակում են անակնկալներ և ներկած իսկական խաշած ձվեր:

Ընտանեկան հավաքույթը սովորաբար տեղի է ունենում Զատիկին նախորդող շաբաթ օրը: Զատիկի տոնակատարության համար մենք միասին հավաքվում ենք մեր տանը: Նախքան ճաշկերույթը, ժամանակ ենք տրամադրում հոգևոր մտքին, ինչպես նաև մեր երախտագիտությունն ենք արտահայտում մեր օրհնությունների և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար:

Տատիկի պատրաստած համեղ կերակուրները սպասում են ճաշասենյակում: Մեր ճաշացանկում ընդգրկված են՝ խոզապուխտ, կարտոֆիլով սալաթ, լոլիկի մածուկով խաշած լոբի, թարմ փոքրիկ բուլկիներ և տարբեր տեսակի աղցաններ: Աղանդերի համար մատուցվում են թխվածքաբլիթներ և պաղպաղակով բրաունի, որից հետո սկսվում է իսկական ուրախությունը: Սկզբում տան ետնաբակում թոռնիկները խաղում են մի խաղ, որի ժամանակ նրանք փնտրում են ձվերը: Ամենափոքրերին տրվում է 30 վայրկյան, որից հետո միանում են մյուսները՝ գտնելով թաքնված ձվերը և ծառերին կախված անակնկալները: Իսկ տան առջևի բակը թատերաբեմ է դառնում «ավագ երեխաների» համար, որտեղ նրանք փնտրում են ձվերը, որին երբեմն մասնակցում է նաև տատիկը: Փայլուն թղթերով լցված ձվերը, մեծ քանակությամբ պլաստիկ ձվերը և իսկական ձվերը թաքցված են այնտեղ: Տրվում է ազդանշանը և խառնաշփոթը սկսվում է: Նպատակն է հավաքել որքան հնարավոր է շատ ձվեր, այդ ամբողջ ընթացքում փորձելով զարմացնել բոլորին փոքրիկ գավաթի վրա դրված փշրված փայլուն թղթերով ձվով: Նույնիսկ փոքր երեխաներն են փորձում մտնել այս խաղի մեջ: Մեծ մրցանակը պլաստիկե ձուն է, որը պարունակում է 20 դոլար:

Այնուհետև միջոցառումը կրկին տեղափոխվում է ետնաբակ, որտեղ պապիկը թամբել է իր բեռնակիր այծերից երկուսը, որ փոքր երեխաները վարեն: Քաշի առավելագույն սահմանը 27 կգ է, ուստի երբեմն հիասթափության առիթ է նրանց համար, ովքեր մեծացել են անցյալ տարվա ընթացքում: Վարողների արձագանքը տատանվում է փորձառու վարողների ոգևորությունից մինչև «հանեք ինձ սրա վրայից» արտահայտությունը երկչոտ փոքրիկների կողմից:

Ի՜նչ օրհնություն է ընտանիքը: Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ հավերժական կյանքում միավորման հույս է տալիս մեր ընտանիքի անդամների հետ: Համոզված եմ, որ ապագայի մի որոշակի ժամանակակետում վարագույրի այն կողմից քնքշությամբ ու սիրով ետ կնայենք այս փորձառություններին: Հետաքրքիր է, արդյո՞ք երկնքում կլինեն ձու և փայլուն թղթեր: