2019
Ես ինչպես խաղաղություն գտա Քրիստոսում
Ապրիլ 2019


ՈւԿՐԱԻՆԱ ՄԻՍԻԱՅԻ ԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ես ինչպես խաղաղություն գտա Քրիստոսում

Աստծո մասին ես լսել եմ իմ ընտանիքի անդամներից՝ իմ հորից ու մորից: Երբ ես այցելում էի տատիկիս, լսում էի, թե նա ինչպես էր կարդում Աստվածաշունչը: Մայրս հանդիմանում էր տատիկիս Աստծուն հավատալու համար: Այդ ժամանակ հավատացյալները վախենում էին բացահայտ մասնակցել եկեղեցու ժողովներին: Տանը մայրս զգուշությամբ էր խոսում Աստծո գոյության մասին:

Երբ ես մեծացա, հեռացա ծնողական տնից և տեղափոխվեցի ուրիշ քաղաք: Երբեմն գնում էի ուղղափառ եկեղեցի, քանի որ Աստծո հետ հաղորդակցվելու կարիք ունեի: Ես նայում էի սրբապատկերներին, մոմ էի վառում և մտածում, որ դա է Երկնային Հոր հետ շփվելու ուղին:

Քսաներորդ դարի 90-ականների վերջերին մեր կյանքը լի էր տագնապով ու անորոշությամբ: Այդ տարիներն ուղեկցվում էր հասարակական կառուցվածքի քայքայումով, որը մենք զգում էին մեզ վրա: Երկրում տիրում էր տնտեսական ճգնաժամը: Մենք կորցնում էինք սովորական հասարակական կապերը, աշխատանքը, սահմանադրական երաշխավորությունը և ներքին խաղաղությունը:

1997 թվականին, ձմեռային մի երեկո Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներն այցելեցին մեզ: Նրանք իրենց վկայությունը բերեցին այն մասին, որ Հիսուս Քրիստոսն ապրում է ու սիրում է մեզ: Ես ջերմություն ու խաղաղություն զգացի իմ սրտում:

Միսիոներների միջոցով ես ստացա իմ սեփական վկայությունը, որ Հիուսը Քրիստոսն է, և արձագանքեցի Տիրոջ հրավերին. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28):

Ընտանեկան խնդիրները, ֆինանսական անապահով վիճակը, իմ հիվանդությունը, ինչպես նաև իմ զավակների առողջական խնդիրները, մեծ լարվածություն էին առաջացրել իմ կյանքում: Եվ ես ապավինեցի Տիրոջը իմ կյանքում հավասարակշռություն գտնելու որոնումներում:

Հիսուսն առաջնորդեց ինձ փոթորկալից իրադարձությունների միջով, որոնք մոլեգնում էին արտաքին աշխարհում: Երբեմն փորձությունները շատ ծանր էին թվում ինձ: Սակայն ես մենակ չէի, քանի որ Տերը իմ կողքին էր:

Երբ ես աջակցություն էի փնտրում սուրբ գրություններում, գտա մի պատմություն Տիրոջ և Նրա աշակերտների մասին, ովքեր հայտնվել էին ծովային փոթորկի մեջ: «Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։ Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք: Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր: Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ» (Մարկոս 4.37–39):

Ես գիտեմ, որ Քրիստոսը զորություն ունի հանդարտեցնելու ցանկացած փոթորիկ թե՛ ծովում, թե՛ մեր կյանքում: Հիսուսն ամեն ինչ արեց, որ հանգստացնի Իր սիրելի աշակերտներին:

Տերն ինձ ուսուցանել է ձգտել հանգստության՝ ներքին հանգստության: Ապագայի մասին ունեցած մտորումների ու տագնապների, ինչպես նաև անցյալի հուշերի մեջ տեղ չկա հանգստի ու խաղաղության համար: Անհանգստությունների և հուզական ցնցումների հորձանուտում այնքան շատ պատճառներ կան չներելու, վիրավորվելու և ուրիշներին դատելու համար: Երբ մեր հոգին հանգստանա, մենք կտեսնենք, որ այդ ամենն անցողիկ է:

Իր խաչելությունից կարճ ժամանակ առաջ Հիսուսն Իր խաղաղությունը թողեց մեզ որպես պարգև. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» (Հովհաննես 14.27):

Քրիստոսի խաղաղությունը ստանալու համար մենք պետք է ներքին հանգստություն ունենանք: Այդ ժամանակ մենք բաց կլինենք Աստծո կամքը, Աստծո խոսքը և Աստծո սերն ընդունելու համար: Հանգստության մեջ մեր վստահությունն աճում է Տիրոջ հանդեպ: Հանգստության մեջ մենք կարող ենք անկեղծ լինել, չնայած դա կարող է հանգեցնել հիասթափության: Հանգստության մեջ մենք կարող ենք ապաշխարել: Հանգստության և ապաշխարության մեջ մեր սրտերը լցված են Սուրբ Հոգով և Աստծո անսահման սիրով: Իսկ հետո գալիս է խաղաղությունը: Խաղաղությունը, որը Հիսուսն է թողել մեզ:

Ես գիտեմ, որ Հոգու խաղաղությունը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսից: Ես գիտեմ, որ Քրիստոսը կարող է հանդարտեցնել բոլոր փոթորիկները, որոնք բարձրանում են մեր կյանքում: Ես գիտեմ, որ փոթորկից հետո հրաշալի խաղաղություն է տիրում: Ես գիտեմ, որ սրտի խաղաղությունն ու ներդաշնակությունը գալիս են Աստծո հանդեպ հավատքի միջոցով: